Հոգեբանության ընտրությամբ դասընթացի դերը սովորողի անհատականության ձևավորման գործում
Primary tabs
Փորձեք շատ պարզ հարց տալ տասներորդ դասարանի սովորողին` «Ո՞վ ես դու», և կպարզեք, որ նրանք իրենց սեփական անձը չեն ճանաչում և, բնականաբար, չեն կարող պատասխանել տրված հարցին: Դեռահասության ավարտին և վաղ պատանեկության շեմին առաջացած բազում հարցերին գումարվում է նաև «ես»-ի հիմնախնդիրը` ավելի մեծ խառնաշփոթ առաջացնելով: Հենց այստեղ է, որ հոգեբանությունը փորձում է այդ խառնաշփոթից ելք առաջարկել` դադարելով պարզապես դասընթաց լինելուց:
Հոգեբանության դասընթացը, որպես սովորողի ընտրությամբ գործունեություն, իր առջև դրել էր հետևյալ խնդիրները`
· օգնել սովորողներին ինքնաճանաչման գործընթացում
· նպաստել սովորողների անհատականության ձևավորմանը
· ծանոթացնել տարիքային փոփոխություններին և սովորեցնել գործ ունենալ առաջացած խնդիրների հետ
· հնարավորինս կիրառելի դարձնել ձեռք բերած գիտելիքները
· օգնել ճանաչել հույզերն ու գործ ունենալ դրանց հետ
· օգնել մասնագաիտական կողմնորոշման հարցում և այլն:
Ինչպես նկատեցիք, հոգեբանությունը՝ որպես ընտրությամբ գործունեության դասընթաց, առաջին պլան է մղում սովորողի անհատականությունը, անձնային որակների ձևավորումը, տարիքային խնդիրների և հարցերի պատասխանները գտնելը:
Դասընթացին տրամադրած շաբաթական երկու ժամը օգտագործվել են սովորողների ինքնարտահայտման, ինքնաճանաչման, ինքնաիրականացման նպատակով` օգտագործելով նաև ՏՏ միջոցները, կայքը, անձնական բլոգները: Այս բոլորի շնորհիվ է, որ ձևավորվում է անհատականություն, իսկ անհատականությունը ձևավորվում է միայն ձևավորված ինքնագիտակցության շնորհիվ: Եթե անձն ունի զարգացած ինքնագիտակցություն, նրա ինքնագնահատականն է ադեկվատ դառնում, սովորողներն սկսում են ավելի օբյեկտիվ իրենց կարողություններն ու հնարավորությունները գնահատել և ավելի ինքնավստահ են դառնում: Կարծում եմ՝ բոլոր դասավանդողներն էլ իրնեց դերն ունեն այս գործընթացում:
Դասընթացի ընթացքում շատ եմ կարևորել սովորողների վերլուծական միտքը, որևէ թեմայի շուրջ սեփական կարծիք ձևավորելն ու արտահայտելը, չխուսափելը իր մասին խոսելուց: Տարվա ընթացքում կիրառվել են բազում վարժություններ, խաղեր, ֆիլմեր, քննարկումներ, որոնք նպաստում են հենց այս որակների ձևավորմանը:
Աստիճանաբար «Ո՞վ ես դու» հարցը ստանում է իր պատասխանը, սովորողները կարողանում են ճանաչել իրենց, ինքնավերլուծություն անել, հասկանալ սեփական հույզերը, ցանկությունները և հենց իրենք են պատասխանում «Ո՞վ եմ ես» հարցին:
- Բացվել է 2060 անգամ