Մեդիակրթությունը 1-4-րդ դասարաններում

Դասավանդում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում: Ինչ տվեց մեդիակրթությունն ինձ, իմ սովորողներին, ծնողին  այս չորս տարիների ընթացքում: Մեդիակրթությունը հնարավորություն տվեց արդյունավետ կազմակերպելու սովորողների ուսումնական գործունեությունը, ուսուցանվող նյութը դարձնելու ավելի կենդանի ու գրավիչ: Իմ խնդիրն է մեդիայի միջոցով սովորողներին փոխանցել հիմնական հմտություններ ու գիտելիքներ, զարգացնել նրանց նախասիրությունները  ողջ ուսումնական գործունեության ընթացքում, որն իրականացվում է մեդիագործիքների ամենօրյա օգտագործմամբ: Այս  չորս տարիների  ուսումնական գործունեության ընթացքում սովորողների կողմից ստեղծվեցին բազմաթիվ մեդիանյութեր՝ մեդիաբացիկներ, աուդիոգրքեր, ֆիլմեր, կարաոկեներ, հոլովակներ, ընթերցարաններ և այլն:

Հակիրճ ներկայացնեմ մեր գործունեության զարգացման ողջ ընթացքը՝ սկսած առաջին դասարանից:
Առաջին դասարանից սկսած՝ ֆոտոխցիկը դարձավ մեր ուսումնական գործընթացի անբաժանելի մասը: Սկզբում ֆոտոխցիկը հիմնականում օգտագործում էի ես: Թողարկեցի ֆոտոշարքեր՝ լուսաբանելով մեր ուսումնական տարբեր գործունեությունների ընթացքը. Խեցեգործությունը առաջին դասարանում,

ուսումնական ճամփորդություններ, բակային նախագծեր՝ ծառատունկ, միջավայրի մաքրում, ծննդյան տոներ, ծեսեր և այլն: Առաջին դասարանում մեդիան  իրականացվում էր համակարգչային լաբորատորիայում: Մեդիայի մուտքը նպաստեց, որ մատիտին, ջրաներկին ավելանար ևս մի գործիք՝ էլեկտրոնային վրձինը, որն  ավելի գունեղ ու գրավիչ դարձրեց սովորողների աշխատանքը: Բանավոր ուսուցման փուլում՝ հենց առաջին օրվանից, սկսեցինք  աշխատել Paint-նկարչական ծրագրով, երբ սովորողները պատմում են իրենց մասին՝ նկարագրելով ու բնութագրելով, նկարում են իրենց սիրելի հերոսների դիմանկարները, գույների և պատկերների միջոցով արտահայտում իրենց վառ երևակայությունը :
Իմ մասին Սովորող՝ Ամիրխանյան Անահիտ, միջավայրը՝ բակը, թաղը, դպրոցը, դասարանը:
Ավելի ուշ՝ գրաճանաչության շրջանում, արդեն նկարեցինք պատկերներ, գրեցինք համապատասխան տառը, բառը: Երկրորդ կիսամյակում իմ օգնությամբ մեր նկարներին կցեցինք  երաժշտություն, ձայնագրություն, և ստացվեց էլեկտրոնային խոսող բացիկ: Վրձնից մինչև էլեկտրոնային վրձին
 Քանի որ բերանացի գիտեինք մի շարք բանաստեղծություններ ու հեքիաթներ, տեխնոլոգիան ու մեդիան միացնելով, ունեցանք մեդիահեքիաթ՝ «Անհաղթ աքլորը»,որը շատ լավ ուսումնական նյութ է այդ տարիքի երեխաների համար:

 Տարեգիրք-ֆիլմը և Դասարանական օրացույցն էլ կամփոփեն մեր առաջին դասարանի գործունեությունը:

Մեդիան կրթության լաբորատորիա
2-րդ տարի

Երկրորդ տարում համակարգչային լաբորատորիայից անցում կատարեցինք  ՏՀՏ-դասարան-լաբորատորիայի, որտեղ ավելացան թվային միջոցները` ֆոտոխցիկը, ձայնագրիչը, Էլեկտրոնային գրատախտակը` միացված համացանցին: Ակտիվ կիրառության մեջ մտավ Էլեկտրոնային փոստի գործածումը, որն արդյունավետ էր հատկապես հեռավար ուսուցում կազմակերպելու ժամանակ: Երկրորդ դասարանում աշխատանքի կազմակերպումը փոխվեց, ու դասարանը դարձավ աշխատանքային լաբորատորիա:  Էլեկտրոնային գրատախտակի մուտքը դասարան սովորողներին  ոգևորեց և ուսուցումը դարձրեց էլ ավելի մատչելի  ու արդյունավետ: Էլեկտրոնային գրատախտակի գործիքներով պատրաստված smart նյութերն ավելի պատկերավոր, հետաքրքիր դարձրին ուսումնական գործընթացը: Համակարգչային ծրագրերի ամենօրյա յուրացումն ու կիրառումը, դասարանում անհատապես աշխատելու՝ մուտքագրելու, նկարելու, կրթահամալիրի մյուս ենթակայքերում թողարկված ուսումնական նյութերի դիտումը և մեդիագործիքների  առկայությունը սովորողին դարձրին  ավելի  մեդիահմուտ: Երկրորդ դասարանում Ֆոտոխցիկը դարձավ սովորողի ձեռքին հրաշալի միջոց՝ լուսաբանելու մեր գործունեությունը, ստեղծելու ֆոտոշարքեր, տեսանյութեր` ուսումնական ֆիլմեր: Աշխատեցինք հետևյալ ծրագրերով`Paint,Word, PowerPoint, Movie maker:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ հղումներից, որտեղ մանրամասն ներկայացրել եմ երկրորդ դասարանում կատարված մեր ուսումնական գործընթացը:

Մայիսյան հավաք   Մեդիադասեր

Երկրորդ դասարանում ստեղծած նյութեր.

Ընթերցարաններ՝

Զատիկն ու ձվիկը , Լուսինն ու շնիկը, Տեղեկատվական գրքույկ, Ռոդարիական ընթերցարան

Մեդիանյութերը՝

Հարցազրույց տիեզերքի մասին,  Թզուկը, Անտեսանելի բառեր-Ռոդարի, Մեր առօրյան , Տեխնոլոգիա - հաշվետվություն, Իմ մոլորակը,Պար, Բնագիտական փորձ,  

Մեդիան կրթության լաբորատորիա
3-րդ տարի

Երրորդ դասարանում մեդիաաշխարհը մեր առջև բաց էր իր ողջ հնարավորություններով ու հմայքով: Մեր դասարանի յուրաքանչյուր սովորող դարձավ թողարկիչ, իսկ կայքը՝ ուսումնական տարածք, որտեղ թողարկվեցին մեր ստեղծած մեդիանյութերը՝ ֆիլմերը, աուդիոգրքերը, կրթահամալիրի երգերի կարաոկեները՝ Ուրախ անգլերեն, Օր պար, ճոր պար պրեզենտացիաները:

  Կայքը դարձավ նյութերի պահոց: Կրթահամալիրում իրականացվող ամենամյա ստուգատեսների ու օլիմպիադաների, տոների ու ծեսերի, փառատոների և Հանրակթական Դիջիթեքյան  նախագծերի  իրականացման ընթացքում ձայնագրիչը ներառվեց նաև ընտանիքում:  Սովորողները ձայնագրեցին իրենց տատիկ-պապիկների խոսքը, որը զարգացավ ու դարձավ նախագիծ, որն էլ շարունակեցինք նաև չորրորդ դասարանում: Ձայնագրման պրոցեսը ավելի հետաքրքիր  դարձավ, երբ սկսեցինք պատրաստվել երաժշտական փառատոնին, որը որոշված  է կրթահամալիրի տոնացույցով, և այցելեցինք կրթահամալիրի ձայնագրման ստուդիա: Մեծ հրճվանք ու ոգևորություն էր  մեզ համար ձայնագրել մեր հորինած երգերը

Պատմում են փոքրիկները, Կենդանի տոհմածառ:

Մեդիան կրթության լաբորատորիա
4-րդ տարի

Չորրորդ դասարանում աշխատեցինք անհատական նեթբուք-նոթբուքերով: Ուսումնական  գրքերի փոխարեն այս տարի սովորողները սկսեցին աշխատել թվայնացված գրքերով, իսկ պայուսակի փոխարեն դպրոց եկան նոր գործիքով: Նոր գործիքի մուտքն իր հետ բերեց դասի նոր կազմակերպում՝ խմբային on-line աշխատանքների կատարում՝ առցանց դասեր, քննարկումներ, կայքում աշխատելու և նյութերը հենց դասարանից թողարկելու հնարավորություն: Թղթային առաջադրանքներին փոխարինեց էլեկտրոնայինը: Ամեն սովորող իր անհատական համակարգչի մեջ ստեղծեց թղթապանակների շարք, որտեղ հավաքվում են թե՛ տանը, թե՛ դասարանում կատարված աշխատանքները: Այս տարի մեր սովորողների համակարգչային հմտություններին ավելացան ֆլեշ ծրագրերի ուսուցում(Artwaver, Phot flash maker ), համակարգչային նկարչական նոր ծրագրեր, որոնց յուրացումից հետո ստեղծեցինք  մեդիաբացիկների և ֆլեշ բացիկների շարք, ուրախ օտար լեզվից նյութեր՝  Здравствуй утро:

Դասարանական բլոգ

Այս տարի ուսումնական նյութերի  վիրտուալ պահոց դարձավ դասարանական բլոգը, որտեղ յուրաքանչյուր սովորող ունի իր բաժինը, որտեղ գրանցվում է թողարկված նյութերի քանակը, որն էլ տարեվերջում դառնալու է տվյալ սովորողի մեկ տարվա ուսումնական գործունեության էլեկտրոնային հաշվետվությունը: Դասարանական բլոգը դարձավ կենդանի, գործող ուսումնական տարածք, որի հեղինակները սովորողներն են, որը բաց է ծնողի, հասարակության համար:

Live@Edu- էլեկտրոնային փոստ

Սովորողները դեռ առաջին դասարանից  ունեին անհատական էլեկտրոնային հասցեներ: Այս տարի փոխվեց օգտագործման ձևը: Սովորողների համար հաղորդակցման այս վիրտուալ միջոցը գործում է անընդհատ, շաբաթվա բոլոր օրերին և արձակուրդի ողջ ընթացքում, այսինքն կրթությունը դառնում է անընդհատ: Սա գտնված հաղորդակցման ձև է այն դեպքերում, երբ սովորողը դասերից  բացակայում է հիվանդության պատճառով կամ գտնվում է քաղաքից դուրս: Պարտադիր չէ սպասել հաջորդ ուսումնական օրվան և ստանալ հաջորդ առաջադրանքը կամ հուզող հարցերի պատասխանները: Շատ հարմար է գործածել էլեկտրոնային փոստը, երբ տրվում է խմբային առաջադրանք, և սովորողները միմյանց հետ հաստատում են նամակագրական կապ և իրար փոխանցում իրենց մասով հանձնարարված առաջադրանքները: Էլեկտրոնային փոստն իր մեջ ունի նաև օրացույց բաժինը, որի միջոցով յուրաքանչյուր սովորողի հասցեին են ուղարկվում այդ օրվա տնային առաջադրանքները: Ե՛վ  սովորողը, և՛ ծնողը կարող են մեկ օր առաջ տեսնել հաջորդ օրվա անելիքները ու աշխատանքի համառոտ նկարագրությունը:

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский