«Կրթահամալիրը ծաղիկների մեջ» նախագիծ

Այս նախագիծն  իրականացնում են մի խումբ  սովորողներ, ովքեր հետաքրքրվում են բուսաբուծությամբ, հետազոտում են բույսերի տարբեր տեսակների բազմացման,  աճեցման, առանձնահատկությունները,  հանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:

Որպես հետազոտման առաջին մոդել ընտրել ենք մանուշակները: Ինչո՞ւ մանուշակներ.

· բազմանում են տերևներով, ինչը ֆինանսական տեսակետից մատչելի է

· ունեն շատ գեղեցիկ ծաղիկներ, ինչն էլ նպաստում է պահանջարկի մեծացմանը

· Ճիշտ խնամքի դեպքում ծաղկում են գրեթե ամբողջ տարին

· կան մանուշակների բազմաթիվ տեսակներ. սա մեծացնում է հետազոտման դաշտը

Ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ նույնպես առաջին հերթին անհրաժեշտ է  սիրով և հոգատարությամբ նվիրված աշխատել, «Շրջապատեք ծաղիկներին սիրով և հոգատարությամբ, այդ ժամանակ նրանք էլ կհայտնեն իրենց երախտագիտությունը՝ Ձեզ պարգևելով գույնզգույն, բազմատեսակ ծաղիկներ»: Ասում են, որ մանուշակները լավ չեն աճում վեճի և լարվածության մթնոլորտում. բարեբախտաբար այդ վարկածը մենք փորձարկել չենք կարողացել:

Նախապատրաստական փուլ: Նախ՝ սովորողները ուսումնասիրում են մանուշակի կառուցվածքը՝ տերևների դասավորությունը,  կենտրոնական և հավելյար հանգույցների կառուցվածքը, որից հետո կատարում են համապատասխան եզրակացություններ.

· Բույսի նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ է հեռացնել հավելյալ հանգույցները

· Ծաղկի տերևների ներքին հատվածի գունավորման շնորհիվ կարելի է մոտավորապես պատկերացում կազմել բույսի ծաղիկների գույնի  մասին. մուգ մանուշակագույն և թանաքագույն ծաղիկներով բույսերի տերևներն ունեն համապատասխան գունավորում

· Ձիգ և փարթամ տերևները առողջ բույսի խորհրդանիշ են

· Եթե երկար ժամանակ ծաղկի կոկոնները չեն բացվում (նույնիսկ եթե տերների տեսքը նորմալ է),  նշանակում է բույսի արմատային համակարգում զարգանում է նեխման պրոցես. անհրաժեշտ է բույսը «բժշկել»:

Նախագծի իրականացման վայրը  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Մայր դպրոցում գտնվող  բուսաբանական լաբորատորիան է: Սկզբնական փուլում ձեռք ենք բերել չորս  «մայր»  մանուշակ՝ խիտ և փարթամ տերևներով:

Փորձի ընթացքը

Նախ առանձնացրել ենք  «մայր» մանուշակներից բազմաթիվ կտրոններ և դրանք տեղավորել ենք հետևյալ կերպ.

· ջրի մեջ

· պլաստմասե տարաներում

· կավե ծաղկամաններում՝ լցված ոչ պարարտացված հող

· կավե ծաղկամաններում՝ լցված պեռլիտով հարուստ հող

· կավե ծաղկամաներում՝լցված պեռլիտով հարուստ հող, ծածկած պոլիեթիլենով

Բոլոր կտրոնները տեղադրվել են նույն ժամանակում, պահվել նույն սենյակային ջերմաստիճանում և ջրվել հավասարաչափ:

Փորձի արդյունքը

 Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի արագ արմատակալներ տալիս և աճում  են կավե ծաղկամաներում՝պեռլիտով հարուստ հողում տնկված և պոլիեթիլենով ծածկված մանուշակի տերևները:

Եզրակացություն:

Ինչո՞ւ է կավե տարաներում բույսն ավելի լավ աճում:

· Անհիշելի ժամանակներից մեր նախնիները ծաղկամաններ  պատրաստել են հիմնականում  կավից: Կավը բնական հումք է, որի շնորհիվ թթվածինը անարգել թափանցում է պատերից ներս  և բույսի արմատային համակարգը ստանում է նորմալ կենսագործունեության, արագ աճի համար անհրաժեշտ թթվածին: Որպեսզի սովորողները տեսնեն թթվածնի առկայության դեպքում աճի առավելությունը, կատարեցինք մեկ այլ փորձ: Ծղոտե և պլաստմասե  տարաներում ցանեցինք ցորենի հատիկներ և սկսեցինք խնամել նույն պայմաններում:  Ծղոտե տարայի  ածիկը աճեց ավելի փարթամ և խիտ արմատային համակարգով, քան պլաստմասե  տարայինը: Պարզ էր, որ պատճառը տարաների նյութային կառուցվածքն էր:

Ինչո՞ւ է պոլիէթիլենով ծածկված տարայում բույսը լավ աճում:

· Բույսի աճի համար կարևոր պայմանններ են ջուրն ու ջերմությունը: Պոլիեթիլենային ծածկույթի շնորհիվ թաղարում ավելի երկար են պահպանվում խոնավությունն և ջերմությունը: Ուրեմն մանուշակը խոնավասեր և ջերմասեր բույս է, եթե այդպիսի պայմաններում  լավ է աճում:

Այժմ հետազոտենք  բույսի աճը՝ կախված հողի բաղադրությունից:

· Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ այն հողում, որտեղ պարունակվում է պեռլիտի, տորֆի, ավազի որոշակի քանակություն, կտրոններն ավելի արագ են աճում, քանի որ տորֆը պահպանում է  խոնավությունը, որը շատ անհրաժեշտ է խոնավասեր մանուշակի համար: Ավազն ու պեռլիտը հողին տալիս են փխրունություն, որը նույնպես ապահովում է թթվածնի ավելի մեծ քանակի ներթափանցում:

· Հետազոտությունների ժամանակ մեզ համար զարմանալի բացահայտում էր նաև այն, որ մանուշակների համար  շատ օգտակար  են  նաև աշնանային արևի ուղիղ ճառագայթները: Բայց շոգ ամռանը պետք է մանուշակները տեղադրել լավ լուսավորված սենյակում, խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից: Չափից ավելի խոնավությունը և ցածր ջերմաստիճանը առաջացնում են սնկային հիվանդություններ, ընդ որում՝ հիվանդությունը արագ տարածվում է և վարակում ամբողջ բույսը: Ի՞նչու նշեցի ցածր ջերմաստիճանը, որովհետև արևի ճառագայթները ոչնչացնում են սնկերի միցելները, իսկ խոնավությունը բարենպաստ պայման է միցելների արագ զարգացման և սպորների տարածման համար:

Ըստ մեր կատարած փորձերի՝ աճի համար օպտիմալ ջերմաստիճանը 22-260C  , իսկ ծաղկի զուտ գոյատևման համար նորմալ կարելի համարել նաև 180C-ն:

Հանդիպող հիվանդությունների կանխարգելման մեթոդները (հիմնված մեր կատարած հետազոտությունների  և ստացած արդյունքների վրա )

· Եթե բույսը վարակված է սնկով, առաջին հերթին անհրաժեշտ է պակասեցնել խոնավությունը, հեռացնել վնասված տերևները, համոզվել, որ հանգույցը ախտահարված չէ և տեղադրել բույսը չափավոր արևոտ հատվածում, որովհետև արևի ճառագայթները ոչնչաչնում են սնկերի միցելները

· Եթե արմատային համակարգում սկսվել է նեխման պրոցեսը, անհրաժեշտ է կտրել, մաքրել վնասված հատվածները, բույսը 2-3  ժամ տեղադրել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ: Պարբերաբար (3-4 օրը մեկ) անհրաժեշտ է փոխել ջուրը, մինչև նոր, սպիտակ, առողջ արմատների առաջացումը: Այնուհետև կարելի է բույսը տնկել հողի մեջ:

· Եթե երկար ժամանակ բույսը չի ծաղկում, անհրաժեշտ է տալ լրացուցիչ սնունդ՝ ծաղկման համար նախատեսված պարարտանյութեր:

· Որպեսզի խուսափենք նեխման  պրոցեսի առաջացումից, ճիշտ է բույսը ջրել քիչ-քիչ, բայց հաճախակի:

Մեր ձեռքբերումները: Նախագծի սկզբում (սեպտեմբեր ամիս) մեր ձեռք բերած չորս մանուշակներից   այժմ (մայիս ամիս) ստացել ենք 20 հասուն բույս, 20 «փոքրիկ ձագուկներ» , 40 –ից ավելի տնկած տերևներ:

Կիրառելով թվարկված հմտությունները` սովորողները ձեռք են բերում մեծ պատասխանատվության զգացում. նրանց աշխատանքից է կախված մանուշակի աճն ու զարգացումը: Այդ ամենը գիտակցելով` նրանք դրսևորում են առավելագույն ուշադրություն և հոգատարություն, նաև մեծ համբերատարություն, արդյունքում ստանում ենք սովորողների ձեռքերով տնկված և խնամված ծաղիկներ, ինչն էլ ծննդյան տոներին և այլ առիթներով սիրով նվիրում ենք մեր ընկերներին, ուսուցիչներին, հյուրերին: Տեխնոլոգիական մեկ այլ նախագծով սովորողները իրենք են պատրաստում նաև կավե թաղարները: Կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, նյութը կամ ռեպորտաժը պատրաստվում, լուսաբանվում, տեղադրվում է կայքում:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский