Ծրագրային մտորումներ
Primary tabs
«Մեդիատեխնոլոգիա» առարկայի դասավանդման համեմատաբար «երիտասարդ» փորձ ունեմ: Անցյալ տարի դասավանդում էի կրթահամալիրի ավագ դպրոցում, սովորողներին ծանոթացնում էի համակարգչային նոր ծրագրերի հետ ու նկատեցի, որ մեծ մասը չի տիրապետում համակարգչի շահագործման տարրական կանոններին, փոքրիկ խնդիրների լուծման հմտություններին: Հասկացա, որ եթե ցանկանում ենք ունենալ ժամանակակից մարդ, ում առօրյայի ու գործունեության անբաժան մաս են կազմում թվային միջոցները, ապա պիտի սկսենք փոքրերից:
Կարևոր է սովորողների՝ համակարգիչների ճիշտ և անվտանգ շահագործումը, առօրյայում հանդիպող խնդիրների պատճառները հասկանալը և սեփական ուժերով դրանք լուծելու փորձերը: Իսկ դրան հասնելու համար սովորողները չպետք է բավարարվեն միայն դասաժամին տրվող հմտություններով և կարողություններով, այլ պիտի ստացած գիտելիքները գործածեն, լինեն ուսումնասիրող, ստեղծագործ, շատ ժամանակ հատկացնեն ինքնակրթությանը։
Այս տարի «Մեդիատեխնոլոգիա» առարկայի ծրագրի մեջ կատարվեց փոփոխություն՝ համակարգչային ծրագրերի ուսուցմանը զուգահեռ ներառվեց նաև համակարգչային շահագործման դասընթացը:
Դասընթացները տվեցին ցանկալի արդյունքներ: Սովորողներին հատկապես շատ հետաքրքրեցին իրենց անհատական նոթբուք-նեթբուքերի անվտանգ շահագործման հմտությունները, համակարգչի կառուցվածքը, ֆորմատավորումը և ծրագրային ապահովումը:
5-6 դասարանների սովորողները, հիմնականում, ունեին միևնույն տեխնիկական գիտելիքները, այդ պատճառով բոլոր այն 5-6 դասարաններում, որտեղ դասավանդում եմ, սկսեցի միևնույն թեմաներից՝ ընդհանուր տեղեկություններ համակարգչի, կրիչների, ինտերնետի, թվային ինֆորմացիայի և դրանց անվտանգ շահագործման մասին, օպերացիոն համակարգերը և դրանց զարգացման պատմությունը, տիպերը և առանձնահատկությունները, թվային ինֆորմացիա՝ տեսակները և բնութագրիչները, ֆորմատները, առանձնահատկությունները: Սովորողներին ծանոթացրի փոխարկիչներին, նոթբուք-նեթբուքների և սովորական համակարգիչների առանձնահատկություններին:
Յուրաքանչյուր թեմա անցնելիս սովորողները ստանում էին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև այդ ամենը ցուցադրվում էր կոնկրետ օրինակների վրա, շատ էինք օգտվում համացանցից: Դասերի ընթացքում սովորողները հնարավորություն էին ունենում տեսնելու, շոշափելու, փորձարկելու ստացված հմտությունները: Խաղերի միջոցով և հենց իրական համակարգչի ներքին պանելը ուսումնասիրելը սովորողներին հիացնում էր, ոգևորում: Փորձում էինք կոտրել կարծրատիպերը՝ չես հասկանում, ավելի լավ է ձեռք չտաս: Կրիչների մասին անցնելիս սովորում էինք նաև դրանց պաշտպանությունը, վիրուսներից մաքրումը ու այդ ամենն անում էինք հենց իրենց կրիչների վրա:
Ծրագիրը հաջողում էր հիմնականում երկու պատճառով՝
• գործիքները հետաքրքիր էին, հասանելի, գործնական աշխատանքը արդյունավետ էր և գրավիչ
• սովորողներն անձնապես շահագրգռված էին, քանի որ բոլորը համակարգիչ կամ նոթբուք-նեթբուք ունեին:
Կատարված ծրագրային փոփոխությունը միջին դպրոցում առաջ բերեց մի փոքր դժվարություն՝ սովորողները չէին տիրապետում համակարգիչների անվտանգ շահագործման և սպասարկման նույնիսկ մինիմալ գիտելիքներին: Այդ պատճառով 7-9-րդ դասարաններում նախատեսված ծրագրի մեջ կատարեցի փոփոխություն՝ արագացված կերպով անցանք նաև 5-6-րդ դասարաններում նախատեսվող ծրագրի համարյա բոլոր կետերը: Միջին դպրոցի սովորողները ամենաշատը հետաքրքրվեցին համակարգչի ֆորմատավորմամբ և ծրագրային ապահովմամբ: Սովորողները մեծ էին, ավելի ունակ, և դասընթացն արագ յուրացրին: Դրան օգնեց նաև հեռավար ուսուցումը: Սովորողներից շատերը վերցնում էին սկավառակները, փորձում, եթե ինչ-որ բան չէր ստացվում՝ էլեկտրոնային նամակների միջոցով, հեռախոսազանգերով միասին էինք անում: Ձեռբերում եմ համարում նաև այն, որ Linux օպերացիոն համակարգը ներկայացնելուց հետո սովորողների մոտ հետաքրքրություն առաջացավ, և ոմանք Windows-ին զուգահեռ հետազոտում և օգտագործում են Ubuntu համակարգը: Միջին դպրոցում սովորողները շատ հետաքրքրվեցին նաև ռեգիստրներով և նրանցով կատարվող փոփոխություններով, հնարքներով: Փորձում էինք յուրաքանչյուր ձեռք բերված հմտություն կիրառել հենց տեղում. շարունակում-օգտագործում էին տանը, ապա ներկայացնում իրենց կատարած աշխատանքը, գրում ձեռքբերումների և անհաջողությունների մասին:
Ուսումնասիրել ենք նաև ինտերնետային ցանցերը, կոնկրետ օրինակների վրա տեսել տարբերությունները: Ինֆորմացիա ենք հավաքել IANA ընկերության մասին, ուսումնասիրել պատմությունը, նրանց աշխատաոճը:
Կարևոր եմ համարում նաև բլոգների զարգացման հետ տարվող աշխատանքը: Միջին դպրոցի բոլոր սովորողները ունեն բլոգներ, սպասարկում են դրանք: 5-6-րդ դասարաններում ավելի թռուցիկ, իսկ 7-9-րդ դասարաններում մանրամասն ուսումնասիրեցինք բլոգները, հնարավորությունները, սպասարկման կանոնները: Այժմ բոլոր սովորողները ոչ միայն պատկերացնում են, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում բլոգը, ինչպիսի վիրտուալ տարածք է այն և ինչպես պետք է այն կիրառվի, այլև սպասարկում են այն: Բլոգը սովորողի համար ուսումնական տարածք է, տեղեկտվություն ստանալու և հաղորդելու, սեփական մտքերն ու աշխատանքները այլոց հետ կիսելու, տարածելու միջոց:
Ուսումնասիրեցինք նաև սոցցանցերը, նրանց կանոնները և տարբերությունները:
Ծրագրային փաթեթներ անցնելիս այս տարի նոր մեթոդ եմ փորձել ՝ աշխատել առանց պարտադիր տնային աշխատանքների: Ուզում էի, որ սովորած ծրագրերը օգտագործեն այլ առարկաներից առաջադրանքներ կատարելիս: Ես պարտավորվել էի նայել բոլորի բլոգները՝ գոնե շաբաթը մեկ անգամ և գնահատել ըստ այնտեղ տեղադրված նյութերի ծրագրային նորարարության, հմտությունների: Սկզբում դժվար էր. սովորողները փորձում էին շրջանցել առաջադրանքները, բայց հետո, տեսնելով, որ ես ստուգում եմ կատարած աշխատանքը և նշում՝ կիրառվե՞լ է արդյոք այն, ինչ անցել ենք, սկսեցին աշխատել: Հիմա այնքան են ոգևորվում, որ նույնիսկ առանց կոնկրետ առաջադրանքի կիրառում են սովորածը, ուղարկում ինձ ու պարտադրում, որ գնահատեմ:
Ծրագրային փաթեթներից ամենածավալունը Photoshop ծրագիրն է: Սկզբում թվում էր, որ ինչ է եղել՝ մի քանի գործիքներ են, կսովորենք: Բայց դասերի ընթացքում, յուրաքանչյուր գործիք անցնելիս, փորձում եմ այնպես անել, որ իրենք զարմանան տվյալ գործիքի հնարավորությունների վրա: Սովորողները սովորում էին ինտերնետային ստանդարտ նկարներից ստանալ հետաքրքրիր, իրենց ոճն ու ցանկությունները արտահայտող նկարներ: Սովորում էինք ստանալ փոքրիկ անիմացիոն ֆիլմեր, որոնց թեման ընտրում էին իրենք՝ սովորողները: Աշխատում էի չսահմանափակել նրանց ցանկությունները և նախասիրությունները: Photoshop ծրագիրը տալիս է լայն հնարավորություններ նկարների հետ աշխատելիս, ուսումնական և այլ նյութեր պատրաստելիս: Աշխատել ենք նաև փոքրիկ անիմացիաներ՝ շարժական նկարներ և տեսանյութեր ստանալ:
Այս տարի դասավանդելիս մեծ նշանակություն էի տալիս նաև ցանցային նեթիկային: Սովորողները ծանոթացան նեթիկայի կանոններին, կիրառեցինք այն բլոգներում և սոցցանցերում: Հասկացան, որ իրական կյանքում կիրառվող օրենքներից և կանոններից շատերը օգտագործվում են նաև վիրտուալ կյանքում, որ իրենք կարող են պատասխանատվություն կրել իրենց յուրաքանչյուր գործողության և գրածի համար: Բացատրեցի գրագողության նշանակությունը և պատասխանատվությունը: Կարծում եմ, որ սա նույնպես կարևոր է:
Այս տարի ավելի կհստակենք յուրաքանչյուր դասարան ավարտող սովորողի մեդիագիտելիքների պարտադիր սանդղակը։ Կարելի է առանձնացնել կոնկրետ գիտելիքների աղյուսակ, օրինակ՝ ֆիլմ պատրաստել (կարևոր չէ, թե սովորողն ինչ ծրագրով դա կանի), աշխատանք տեքստի հետ (Word, Libre Office Text Redactor) և այլն։ Սա կհեշտացնի աշխատանքը կոնկրետ դասարաններում, կբացառի թեմայի կրկնությունը:
Աշխատանքը մի քիչ դժվարանում է այլ դպրոցներից եկած սովորողների հետ, որոնք չունեն բավարար մեդիահմտություններ: Նրանց հետ պետք է իրականացնել լրացուցիչ կրթության արագացված դասընթաց։ Սա ենթադրում է փոփոխություններ մեդիատեխնոլոգիայի ծրագրում, կազմակերպման նոր՝ ինտերակտիվ մոտեցումներ։
Բոլոր սովորողների՝ անհատական նոթբուք-նեթբուքերի առկայությունը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը. սովորողները կկարողանան տեղում փորձել, ոչ թե դիտողի կարգավիճակում լինել: Դասարանում իրականացվող նախագծերի վրա աշխատանքը հնարավորություն կտա տեղում ստանալ առաջացող հարցերի պատասխանները, միասին հաղթահարել դժվարությունները, տեղում փորձարկել, գտնել:
- Բացվել է 1913 անգամ