Համերգների կազմակերպումը` որպես ուսումնական նախագիծ
Primary tabs
Արդյունքներ
2012 թվականի Աշնանային ամենամյա բաց հավաքին ներկայացրել էինք «Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ» հոդվածը (Դպիր, N 61):
Սույն հոդվածում կփորձենք ամփոփել կրթահամալիրի 2012-2013 թթ. ուսումնական տարվա համերգային գործունեության արդյունքները, ձեռքբերումները:
Անհերքելի է՝ 21-րդ դարում կյանքի ծանրաբեռնվածությունը, լարվածությունը, արագ տեմպը բացասաբար են անդրադառնում ժամանակակից մարդու և, առաջին հերթին, երեխաների նյարդային համակարգի վրան: Հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ որակի, ավելի ստույգ` անորակ երաժշտություն են նախընտրում քարոզել ռադիոն և հեռուստաընկերությունները: Այդ երաժշտությունն ուղղակի վնաս է առողջությանը, հետևաբար՝ և հոգուն: Այս առումով ժամանակակից երաժշտական դաստիարակությունը հատկապես ակտուալ է, թեև բարդ` կապված ժամանակակից մարդու հոգեբանության առանձնահատկությունների, մարդու` երաժշտարվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ: Արժեհամակարգի վերաիմաստավորման հակասական ու բարդագույն այս շրջանում անչափ կարևոր է մարդու երաժշտական ճաշակի ձևավորումը ճիշտ հիմքի վրա դնելը, բարձրաճաշակ երաժշտությամբ կրթելը:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս խնդիրը հաղթահարման փուլում է. դասապրոցեսում հնչող դասական երաժշտությունը, պարբերաբար կազմակերպվող համերգներն անընդհատ են: Ունկնդիրները կրթահամալիրի դասավանդողներն են, սովորողները, ծնողները: Կարճ ասած՝ յուրաքանչյուրը:
Կրթահամալիրում համերգների կազմակերպումն առանձին ուսումնական նախագիծ է, որն իրականացվում է դասավանդողների և սովորողների համագործակցության արդյունքում: Ցանկացած համերգի կազմակերպում (թե՛ ներկրթահամալիրային, թե՛արտակրթահամալիրային) պատասխանատու աշխատանք է, պահանջում է կազմակերպչական հմտություն, ակտիվություն, թիմային նախապատրաստական լուրջ, պատշաճ աշխատանք: Դրանք են՝
- տվյալ կատարողի (երգչախմբի, նվագախմբի) մասին տեղեկությունների փնտրում-հավաքում
- ստեղծագործությունների ուսումնասիրություն, ունկնդրում (դասարանական և անհատական)
- ֆիլմերի, տեսանյութերի, պրեզենտացիաների պատրաստում
- նվերների ընտրություն, ձևավորում
- ուսումնական հաստատության կայքում, սոցիալական ցանցերում, անհատական, դասարանական բլոգներում և այլ կայքերում համերգի հայտարարության տարածում և այլն:
Կատարողների զբաղվածությունից, համերգաշրջանների գործունեությունից կախված՝ համերգին պատրաստվելու համար երբեմն կարճ ժամանակ է տրամադրվում: Այս դեպքում, թերևս, հմուտ թիմը կկարողանա նախագիծը հնարավորինս վարպետորեն իրականացնել:
Կազմակերպման ընթացքում, բնականաբար, առաջանում են նաև դժվարություններ: Սակայն յուրաքանչյուր համերգ դժվարության հաղթահարում է և ձեռքբերում: Պարզապես, ճիշտ կազմակերպում է անհրաժեշտ: Այն դեպքում, երբ դասավանդողի կողմից ընտրված խմբի յուրաքանչյուր անդամ իրեն պատասխանատու է համարում, բարեխիղճ է, առանց այլևայլությունների, նախագիծը հաջողվում է:
Վերջին համերգներին ունեցած կարևորագույն ձեռքբերումներից է համերգային էթիկայի պահպանումը: Կրթահամալիրյան համերգների մուտքն ազատ է` առանց տոմսերի: Գործում է նախապես պարտադիր ցուցակագրվելու կարգը: Համերգասրահի մուտքը «հսկող» պատասխանատուները դիմավորում են հյուրերին, կատարում «ներկա-բացակա»-ն: Կարևոր ձեռքբերում է նաև համերգը ճիշտ ժամանակին սկսելը, ներքին կարգապահական կանոններին հետևելը (համերգի ընթացքում անջատել հեռախոսը, չխոսել, ելումուտ չանել, ստեղծագործության մասերի միջև չծափահարել):
Համերգի կազմակերպչական խմբի, ունկնդիրների կազմը փոփոխական է:
Կազմակերպչական խումբը համալրվել է նոր մարդկանցով, որոնք օգնում են ընտրել համապատասխան նվերներ, կազմակերպել փոքրիկ հյուրասիրություն:
Արդյունքում`կրթահամալիրում իրականացվող մշակութային-համերգային բնականոն գործունեությունն արդեն կենսակերպ է:
Այս ընթացքում կրթահամալիրի սովորողները, նրանց ծնողներն ու դասավանդողները մասնակցել են թե՛ կրթահամալիրում, թե՛ այլ համերգասրահներում կազմակերպվող նաև այլ համերգների.
Ø Հոկտեմբերի 22, ԵՊԿԵ, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Դեկտեմբերի 6, համերգ-հանդիպում Ռոբերտ Ամիրխանյանի հետ, «Սեբաստիա» համերգասրահ
Ø Դեկտեմբերի 24, ԵՊԿԵ,Համերգ-պրեմիերա, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Փետրվարի12, ԵՊԿԵ, Մեդիակենտրոն
Ø Փետրվարի 22, «Կադենցա» մենակատարների անսամբլ, «Սեբաստիա» համերգասրահ
Ø Մարտի 7, ԵՊԿԵ, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Մարտի 22, Ռոբերտ Ամիրխանյան, Սեդա Ամիր-Կարայան, «Սեբաստիա» համերգասրահ
Ø Մարտի 27, Ռոբերտ Ամիրխանյան, Մանկական խմբերգերի ժողովածու, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Ապրիլի 3, Մարտուն Իսրայելյան, 75, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Ապրիլի 15, Դպրոցականի ֆիլհարմոնիա, ԵՊԿԵ, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Ø Ապրիլի 24, Տիգրան Մանսուրյան, Ռեքվիեմ, Ասացվածք հոր համար, Արամ Խաչատրյան համերգասրահ
Ø Ապրիլի 26, «Անուշ» օեպրայի նոր բեմականացում, Գ. Սունդուկյան թատրոն
Ø Ապրիլի 29, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, Արամ Խաչատրյան համերգասրահ
Ø Ապրիլի 30, ԵՊԿԵ, համերգ՝ նվիրված ջազի միջազգային օրվան, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Կատարված աշխատանքի արդյունքը շատ կարևոր է. սովորողն ու դասավանդողը, տիրապետելով համերգային էթիկային, դառնում են կիրթ ու գիտակ ունկնդիր:
- Բացվել է 2701 անգամ