«Տիեզերք» ակումբի գործունեությունը, ձեռքբերումներն ու զարգացման միտումները
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2011 թ.-ի հոկտեմբեր ամսից ստեղծվել և իր գործունեությունն է ծավալում «Տիեզերք» ակումբը, որի նպատակն է խթանել սովորողների ճիշտ աշխարհընկալման ձևավորմանը:
Ակումբի գործունեության հիմնական շեշտը առայժմ դրվել է ուսուցողական պարապմունքների անցկացման վրա, որը կատարվում է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքում զետեղված նյութի հիման վրա պատրաստված հետաքրքրաշարժ պրեզենտացիաներով:
Պարապմունքներն իրենց բնույթով առանձնահատուկ են նրանով, որ դրանց ընթացքում կարևորագույն դերակատարում են ունենում սովորողները, որովհետև գիտելիքը չի տրվում որպես ինֆորմացիա, այլ աշակերտներն ակումբի ղեկավարից որոշ չափով ուղղորդվելով` իրենք են իրենց երևակայությամբ բացահայտում այն բոլոր օրինաչափությունները, որոնք դարերի ընթացքում` սկսած նախամարդուց, բացահայտել են իրենց ժամանակների ամենամեծ գիտնականները: Այսինքն՝ ակումբն իր առջև նպատակ չի դնում սովորեցնել տվյալ նյութը, այլ սովորեցնում է մտածել և սեփական եզրահանգումներն անել, որի վրա նոր կձևավորվեն գիտելիքները:
Ակումբի գործունեության կարևորագույն մաս են կազմում կինոլեկտորիումները: Կինոլեկտորիումների ընթացքում սովորողները դիտում են նախապես քննարկված նյութին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնց ընթացքում նրանց են ուղղվում բազմաթիվ հարցեր, և ծավալվում է բուռն քննարկում: Հաճախ հենց սովորողներն են կատարում նմանատիպ հարցադրումներ, որոնք շատ դեպքերում նոր մտքերի և հետևությունների հիմք են դառնում:
Ակումբը նաև միջավայր է ստեղծում սովորողների համար՝ կիրառելու ստացված գիտելիքները: Դրա վառ օրինակներից են ակումբի անդամների պատրաստած օդապարիկը և էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների նախագծերը:
Կարևորագույն գործառույթներից է դիտումների կազմակերպումն ակումբի աստղադիտակով, որոնց ընթացքում ակումբի անդամները սովորել են վարժ կերպով օգտագործել աստղադիտակը և պատրաստել բարձրորակ արեգակնային լուսազտիչներ:
Այս ամենի ամենակարևոր գնահատականը եղավ 2012 թ. սեպտեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Լեոնարդո Դա Վինչի» նորարարական մրցույթին ակումբի սաների զբաղեցրած պատվավոր 2-րդ հորիզոնականը, որին արժանացան «Ինքս ինձ ուսուցիչ» նախագծի համար:
Այս ամենից բացի՝ ակումբը կազմակերպել է ուսումնական ճամփորդություններ. անդամներից շատերը մասնակցել են Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին, ստեղծվել է ակումբի բլոգը, առցանց ֆիլմադարանը, որոնց միջոցով հնարավոր է եղել հանրապետության տարբեր շրջանների սովորողների նույնպես ներգրավել ակումբի գործունեության մեջ:
Առաջիկայում ծրագրված է աստղագիտության բաժինն ավարտել և անցում կատարել հրթիռաշինության և տիեզերանավաշինության բաժնին, որը ստացած գիտելիքների և նորարարական մտածողության կիրառման ամենալավ փորձադաշտը կլինի: Վերջինիս սկիզբը կդրվի հուլիս ամսին կազմակերպվելիք տիեզերագիտական ամառային դպրոցի ընթացքում:
- Բացվել է 1557 անգամ