Ես մեդիագետ եմ. SMART NOTEBOOK ծրագրի գործիքները
Primary tabs
1991 թվականին SMART տեխնոլոգիաներ ընկերությունը ստեղծեց SMART գրատախտակ, որն իրենից ներկայացում է համակարգչին միացված սենսորային էկրան: Այն բոլոր գործողությունները, որոնք կարելի է կատարել համակարգչի վրա, կարելի է կատարել էլեկտրոնային գրատախտակին: Իսկ ուսումնական նյութեր ստեղծելու համար օգնության եկավ Smart Notebook ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստեղծել աուդիո և տեսադասեր: Smart Notebook ծրագիրը ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում սովորողին, այլ նաև ներգրավում ինտերակտիվ ուսումնական պարապմունքին: Smart գրատախտակի վերաբերյալ իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ` նրա ազդեցությունը, ինչպես մեծ , այնպես էլ կրտսեր տարիքի երեխաների վրա: Շատ հաճախ լսում ենք, որ էլեկտրոնային գրատախտակը վատ է անդրադառնում տեսողության վրա, երեխայի մոտ կախվածություն է առաջանում: Հետազոտությունները փաստում են, որ օրվա ընթացքում 30-40 րոպեն բավական է էլեկտրոնային գրատախտակով աշխատելու համար: Ավելի նպատակահարմար է էլեկտրոնային գրատախտակով աշխատել 20-20 րոպե տևողությամբ՝ 1-1,5 ժամվա տարբերությամբ:
Մեր դասարանում երեխաներն այս ծրագիրը շատ են սիրում, առավել ևս նրա ֆունկցիոնալ գործիքները:
Մատիտներ
Այս գործիքների օգնությամբ երեխաները կարողանում են ընտրել իրենց ցանկացած գույնի, տեսակի մատիտը և աշխատել:
Երեխաները շատ են սիրում այս գործիքը, քանի որ դրա օգնությամբ կարողանում են տարբեր երկրաչափական պատկերներ ստանալ և մյուս գործիքի օգնությամբ գունավորել:
Նոր էջ ստեղծել, ջնջել այն
Երեխաներն աշխատանքի ընթացքում կարողանում են նոր էջեր ստեղծել, ամեն էջում անհատական աշխատել և համեմատել: Կարողանում են ջնջել ցանկացած էջը:
Ջնջոց
Երևի թե ամենահաճախ գործածվող գործիքը: Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր չափի ջնջոցներով:
Մուտքագրելու նշան
Երեխաներս այս գործիքին պայմանականորեն անվանել են «Մուտքագրելու նշան»: Քանի որ արդեն տառաճանաչ են և կարողանում են մուտքագրել, այս գործիքից շատ հաճախ են օգտվում:
Smart Notebook ծրագրով սկսել ենք աշխատել՝ սկսած սեպտեմբեր ամսից: Առաջին մի քանի օրվա ընթացքում միայն խաղեր էինք խաղում, որտեղ անհրաժեշտ էր միայն պատկերները տեղաշարժել: Նպատակադրված չէի ծանոթացնում գործիքների հետ, քանի որ զուգահեռաբար ուսումնասիրում էինք Paint ծրագիրը: Մեկ-երկու շաբաթ անց երեխաներն իրենք համեմատելով երկու ծրագրերը՝ որոշակի նմանություններ և տարբերություններ գտան: Իրենք «բացահայտեցին» մատիտի տարատեսակները, էջեր ավելացնելը և այլն: Այս ծրագիրը հեշտ մուտք գործեց մեր դասարան, քանի որ ամեն երեխա հնարավորություն ունի էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ տեսնել ընկերոջ արածը : Քանի որ մեր դասարանում երեխաներից շատերը ձախլիկ են, դժվարությամբ են աշխատում համակարգչով, իսկ էլեկտրոնային գրատախտակը հնարավորություն տվեց նրանց զարգացնել մատների մանր մոտորիկան: Այժմ երեխաները շատ լավ աշխատում են, իրենք են միացնում և անջատում էլեկտրոնային գրատախտակը, գիտեն, որ անջատելուց հետո առնվազը մեկ ժամ չի կարելի միացնել (քանի որ լամպը պիտի հանգստանա) և հաճախ միմյանց նկատողություն են անում,ինքնուրույն բացում են ծրագիրը, միմյանց մաթեմատիկական խաղեր առաջադրում, մուտքագրում, սովորեցնում մեկը մյուսին:
- Բացվել է 4314 անգամ