Գիտելիքը նախ և առաջ կիրառելի հմտություն է

Հանրակրթական առարկաներն ու դասընթացները շատ հաճախ գրավիչ չեն սովորողների համար: Դրա հիմնական պատճառը կարող է այն հանգամանքը լինել, որ դասագրքերում և օժանդակ գրականության մեջ առկա տեղեկությունները սովորողին փոխանցում են միայն ակադեմիական գիտելիքներ, որոնք շատ հաճախ, եթե ոչ միշտ, կտրված են իրականությունից: Սովորողը չի տեսնում այդ գիտելիքի և  իր կյանքի միջև տրամաբանական կապ: Այս պարագան բացասաբար է անդրադառնում նրա ուսուցման և առաջադիմության վրա: Սովորողը սկսում է նոր հետաքրքրություններ որոնել դպրոցից դուրս՝ ավելի կտրվելով ուսումնական գործընթացից:

Ինչպե՞ս ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր:

Հանրակրթության, ուսումնական գործընթացի կազմակերպման և դասավանդման մեջ առավել կարևոր է, որ դասընթացը և նրա արդյունքում սովորողների կուտակած գիտելիքները կտրված չլինեն իրականությունից: Իսկ ինչ ասել է «իրականությունից կտրված գիտելիք»: Նման խնդրի բախվում են գրեթե բոլոր հանրակրթական առարկաները: Անդրադառնանք «Պատմություն» առարկային: Որքան էլ հետաքրքիր լինի այս առարկան, կարող է վանել սովորողին, եթե մատուցվի որպես զուտ ժամանակագրություն:

«Պատմությունը դասեր է տալիս մեզ անցյալից, բայց այն չի սովորեցնում, այլ պատժում է դասը վատ սովորելու համար»:  Ն.Մ. Կարամզին

Ի՞նչ ասել է «պատմության դասեր»:

 Պատմությունը ուսումնասիրում է հասարակության անցած էտապները, սակայն, ուսումնասիրելով անցյալը, մենք կարողանում ենք հասկանալ ներկան և կանխատեսել ապագան: Պատմության մեջ գործում են մի շարք օրինաչափություններ, որոնք կրկնվում են ժամանակ առ ժամանակ, աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքակրթությունների պատմության մեջ:

Պատմության դասավանդումը դառնում է ավելի գրավիչ, երբ առարկան մատուցվում է այս ձևաչափով՝ մղելով սովորողներին խորամուխ լինելու հասարակության անցյալ էտապները, հասկանալու դրանցում տեղ գտած օրինաչափ գործընթացները, համեմատելու ու համադրելու տարբեր քաղաքակրթությունների պատմությունները, ինչպես նաև ավելի խորությամբ ընկալելու ներկան ու ապագան:

Այդ նպատակին են ծառայում անհատական հետազոտական աշխատանքները, որոնք միտված են սովորողի մեջ զարգացնելու հետազոտություն կատարողի հմտությունը: Այս մեթոդի շնորհիվ սովորողը կարողանում է համեմատել ու համադրել տարբեր աղբյուրներում միևնույն իրադարձության վերաբերյալ առկա տեղեկությունները, տարբերել անաչառ մոտեցումը կողմնակալից, և, որ ամենակարևորն է, եզրակացության գալ, շարադրել սեփական տեսակետը տվյալ խնդրի շուրջ:

Պատմության դասավանդման նման մեթոդը առավել արդյունավետ կիրառվում է Ավագ դպրոց-վարժարանում, հատկապես պատմության խորացված խմբերում: 2012-2013 թթ. այս մեթոդի կիրառման շնորհիվ արդեն ունենք բավական մեծ թվով սովորողներ, ովքեր կատարում են անհատական հետազոտական աշխատանքներ, դրանք հրապարակում իրենց անձնական և «Հեռադիտակ» ուսումնական բլոգում: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский