Տնկարանը որպես ուսումնական տարածք

Երբ ասում ենք տնկարան կամ տնկարանի ստեղծում կրտսեր դպրոցում, մտածում ենք , որ դրա ստեղծումը բավականին լուրջ աշխատանք է, ուսուցչից և սովորողից պահանջում է խնամք, հետևողականություն, բնագիտական,  բուսաբուծության վերաբերյալ  գիտելիքներ, և կրտսեր դպրոցականի հետ այդ գործը գլուխ բերելը առաջին հայացքից թվում է անհնարին, անիրագործելի կամ դժվար իրագործելի, բայց դա միայն առաջին հայացքից: Բավական է ստեղծել համապատասխան միջավայր, դասարան լաբորատորիան դիտարկել որպես բնագիտական լաբորատորիա կամ տնկարանի փոքրիկ մոդել, և կտեսնենք, թե ինչպես են 7-8 տարեկանները դառնում «բնագետներ», ինչպես են սկսում հետազոտել, ուսումնասիրել հողը, բույսերը, խնամում և իրենց կենսափորձի հիման վրա անում որոշակի եզրահանգումներ: Ո՞վ ասաց, որ  կրտսեր դպրոցականը չի կարող լուրջ, հետևողական աշխատանք անել. նա մեծերի պես կամ մեծերից լավ ու հետևողական է անում իր աշխատանքը:

Բնագիտական գործունեությունը (տնկարանի ստեղծումը)՝ որպես ուսումնական աշխատանք

Մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներում առաջին դասարանից (նախակրթարանից) սկսած՝ յուրաքանչյուր սովորող դասարանում կամ բակում ունի իր ծաղիկը, ծառը կամ թուփը: Բնագիտական գործունեությունը կրտսեր դպրոցում պայմանականորեն բաժանված է փուլերի և ուսուցման ընթացքում պահպանվում է պարզից բարդ (հեշտից դժվար) սկզբունքը: Եթե առաջին դասարանում կամ նախակրթարանում  առաջնային է սեփական բույս ունենալը և խնամելը, ապա ավելի բարձր դասարաններում առաջնային խնդիր է դառնում տեղեկատվական տարբեր աղբյուրներից  բույսերի մասին տեղեկություններ դուրս բերելը, բույսերի աճին հետևելը, արդյունքները գրանցելը: Սովորողը առաջին դասարանում (նախակրթարանում) բերում է ծաղկի կտրոնը, դնում ջրի, ավազի, հողի  մեջ և հետևում արմատակալելուն: Հետևում է, թե որ միջավայրում է   կտրոնը ավելի շուտ արմատ տալիս: Արմատակալելուց հետո տեղափոխում է հողով ծաղկամանի մեջ և խնամում բույսը: Ավելի բարձր դասարաններում տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելը ավելի մատչելի է դառնում, ավելի շատ մեդիագործիքների են տիրապետում, ծնողներից, տատիկ-պապիկներից (ովքեր հատկապես ունեն այգիներ) խորհուրդներ են հարցնում, հարցազրույցներ վարում բույսերի, դրանց խնամքի վերաբերյալ: Արված հարցազրույցները, պատրաստված նյութերը  ռադիոլուրի, ֆիլմերի, ֆոտոպատումների տեսքով կարող են հրապարակվել կայքէջերում:

Նախապատմություն

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

«Դպրոցական բակը` պարտեզ» նախագծի իրականացումն էինք սկսել: Ի՞նչ եմ ասում, դեռ գարուն էլ չէր, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, մենք տնկում էինք: Ցանում էինք ղափամայի ծեսին օգտագործված դդումների սերմերը: Դասարանում  դդմի սերմերը ցանեցինք մեկանգամյա օգտագործման բաժակների մեջ: Ջրում էինք, խնամում: Ամեն օր դիտարկում էինք, ստուգում՝ ծլել է, թե`ոչ: Հայտնվեցին առաջին ծիլերը, մեծացան, բաժակը փոքր էր նրանց համար, այդ պատճառով էլ տարանք բակում տնկելու դդմի սածիլները: Քանի որ եղանակը ցուրտ էր, վրան դրեցինք ապակյա տարաներ` ստեղծելով ջերմոցային  վիճակ: Հենց այստեղից էլ հղացավ միտքը՝ ստեղծել տնկարան:

Ի՞նչ է տնկարանը

Տնկարանը մի տեղ է, որտեղ աճեցնում, բազմացնում են բույսեր, ծառեր, ծաղիկներ բանջարեղեն և այլն: Դա կարող է լինել նաև ջերմոցային փոքրիկ տարածք:
Տնկարանի ստեղծման խնդիրն է սովորողի մոտ զարգացնել ուսումնասիրելու, հետազոտելու, երևույթները հետևելու, դիտարկելու, տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, ինքնուրույն և խմբով աշխատելու, գեղեցիկը տեսնելու և ստեղծելու, բնությունը պահպանելու, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու կարողությունների զարգացումը:

Ինչպե՞ս ստեղծել տնկարան գարնան սկզբին

Երբ դեռ արևը այնքան էլ ուժեղ չի ջերմացնում, որ բույսերը կարողանան աճել,  կարող ենք ստեղծել փոքրիկ ջերմոց-տնկարան: Առաջարկում եմ, որ ջերմոցը լինի մոմլաթից և ունենա ոռոգման փոքրիկ համակարգ: Տնկարանում կարող ենք աճեցնել բանջարեղեն, ծաղիկներ, ծառեր՝ դպրոցի բակը ձևավորելու, դպրոցը իրական պարտեզ դարձնելու  համար: Անհրաժեշտ է նաև, որ տնկարանի հողը լինի պարարտացված:
Մեր տնկարանի առաջին բույսերը դդումների սածիլներն էին, որոնք ցրտահարվեցին: Երբ դդմի սածիլները մեծացան, այն տարաները, որոնցով ծածկել էինք, խանգարում էին սածիլների աճին, եղանակն էլ բավականին տաք էր, hանեցիք տարաները, հաջորդ օրը եղանակը ցրտեց, և դդումները ցրտահարվեցին, սովորողները տխրել էին:

Հետո ցանել ենք արևածաղկի սերմեր, դրանք արդեն ծլել են: Մինչ սերմերը հողի մեջ դնելը համացանցից դուրս բերեցինք անհրաժեշտ տեղեկություններ, թե ինչպես պետք է սերմերը դնենք հողի մեջ:  Արևածաղկի տնկիները կարող ենք տեղափոխել այգու տարբեր հատվածներ: Որպես նախագծի հաջորդ քայլ՝ պատրաստվում ենք տարբեր ծաղիկների սերմեր ցանել, ստանալ ծաղկի սածիլներ և դպրոցի բակը դարձնել ծաղկաստան:
Այս աշխատանքը շարունակական է , արդյունքը կտեսնենք մեկ-երկու ամիս անց:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский