Ռոդարին ուսումնական գործունեության մեջ
Primary tabs
Կարծում եմ՝Ռոդարի անունը շատ-շատերին է ծանոթ, բայց, այնուամենայնիվ, ներկայացնեմ:
Հայտնի իտալացի մանկագիր և լրագրող Ջանի Ռոդարին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 23-ին Հյուսիսային Իտալիայի մի փոքրիկ քաղաքում: Նա հայտնի է իր մանկական հեքիաթներով ու պատմվածքներով, որոնք աչքի են ընկնում վառ երևակայությամբ, անսպասելի ընթացքով ու լուծումների բազմազանությամբ, ինչպես նաև դրանց հիմքի վրա նկարահանված մուլտֆիլմերով: Նրա բազմաթիվ հեքիաթներ ու պատմվածքներ թարգմանվել են հայերեն և հրապարակված են նաև կրթահամալիրի «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրում, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, կրթահամալիրի ենթակայքերում, դասավանդողների, սովորողների բլոգներում:
Իհարկե, Ռոդարիի պատմվածքները, հեքիաթները, ինչպես նաև ոտանավորները շատ լավ, բարձրաճաշակ, հետաքրքիր, գրավիչ, ստեղծական, միտքը խթանող գրական նյութեր են, որոնք կրտսեր դպրոցականի համար ընթերցանության լավագույն նյութ են, բայց հոդվածը նրա «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքին է ուղղված:
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրագործվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը սովորողի (կրտսեր դպրոցականի) գործունեության բոլոր ձևերի փոխկապակացված ուսուցումն է որպես մեկ նախագիծ, թեմա, դաս, պարապմունք: Գործունեության բոլոր ձևերի հիմքում առաջնայինը ստեղծականությունն է, ստեղծագործական երևակայության զարգացումը: Ուսումնական նախագծերը սահմանված և հրապարակված են կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Ապրիլի 23-ից 30-ը կրթահամալիրում հայտարարված էր ռոդարիական շաբաթ, բայց դա չի նշանակում, որ Ռոդարի կարդալը, թարգմանելը, ռոդարիական հնարքներով աշխատելը միայն այդ օրերի անելիքն է: Ռոդարին (որպես մեթոդ, ստեղծագործական հնարքների մի ողջ զինանոց) անընդհատ է, ամենուր:
«Բառին ազատ տիրապետելը՝ բոլորին» նշանաբանը
լավ, դիմացկուն ժողովրդավարական հնչեղություն ունի:
Ոչ նրա համար, որ բոլորը արվետագետներ դառնան,
այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի:
Ջ. Ռոդարի
Կարևորելով ստեղծագործական երևակայության դերը՝ Ռոդարին այն խթանելու հնարների զինանոց է մշակել: Նրա մանկավարժական մտքերը, դիտարկումները արձանագրված են «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքում:
«Ստեղծագործական երևակայության քերականության» հիմքում դրված է այն պարզ գաղափարը, որ ստեղծագործական երևակայությունը մի քանի աչքի ընկնող անհատների մենաշնորհը չէ, որ դրանով բոլորն են օժտված:
Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք:
Ջ. Ռոդարի
Ստեղծագործական հնարքների կիրառումը ուսումնական գործունեության տարբեր ձևերի ընթացքում
Ուսուցման առաջին օրերից կարևորվում է երեխայի ազատ, անկաշկանդ արտահայտվելու, հաղորդակցվելու, շփվելու խնդիրը, որոնց լուծումը դիտարկվում է առաջնային՝ երեխային դպրոցին հարմարվելու (ադապտացիա) ընթացքում: Ռոդարին պնդում է, որ երեխաների հետ պետք է խոսել ինչպես չափահասների հետ, նրանց հնարավորինս մեծ ինքնուրույնություն, սեփական «եսը» զարգացնելու ասպարեզ տալ:
Պատմելը, նկարելը, ծեփելը, խաղալը, գրելը ստեղծագործական աշխատանքներ են: Ստեղծագործելը, հորինելը, երևակայելը մի առանձին գործունեություն չէ, այն ամբողջական է, և ինչով էլ զբաղված լինի սովորողը, և որ դասարանում էլ լինի, ստեղծականությունն առաջնային է ու կարևոր:
Կրտսեր դպրոցականի ուսումնական գործունեությունը հաստատված է ըստ ուսումնական պլանի: Ուսումնական գործունեության ձևերը փոխկապակցված են միմյանց և գործում են միմյանց փոխլրացնելու կամ շարունակելու սկզբունքով: Սովորողի սովորելու գործընթացը շարունակական է՝ հիմքում ունենալով ստեղծականության գաղափարը:
Ռոդարին ու մեդիան
Տարանջատել մեկը մյուսից՝ կնշանակի կրթությունը դիտարկել առանց մեդիայի ընձեռած հնարավորությունների: Սովորողները մեդիահմտություններին տիրապետում են աստիճանաբար՝ տարեցտարի ավելի հմտանալով մեդիաաշխարհում, ծանոթանալով նոր ծրագրերի, ավելի հմտանալով իմացածներում: Իրենց մեդիահմտությունները տեսանելի են իրենց աշխատանքներում՝ ստեղծած էլեկտրոնային ընթերցարանները, տարբեր ֆիլմերը, նկարաշարերն ու ֆոտոշարքերը:
Ենթակայքի սպասարկումը (նյութի թողարկումը, առցանց քննարկմանը մասնակցելը) նույնպես մեդիահմտություն է, որը ստեղծագործական աշխատանքը (ոչ միայն) դարձնում է հրապարակային: Մեդիան նպաստում է ստեղծագործական հմտությունների զարգացմանը:
Ռոդարիական կամ ստեղծագործական հնարքների (Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն») ուսումնասիրումը թողնելով ընթերցողին, պատմեմ մեր փորձի ու վերջին մի քանի տարիների ունեցած արդյունքների ու դիտարկումների հիման վրա արված եզրահանգումների մասին:
Եվ այսպես, ստեղծականությունն ամեն ինչի հիմքում է:
Գոյություն ունի մեկ առարկա՝ կյանքը, իրականությունը, որը բոլոր տեսանկյուններից է դիտարկվում՝ իր ողջ բազմազանությամբ՝ սկսած միասին լինելու հմտությունից, այն բանի ըմբռնումից, թե միասին ինչպե՞ս է պետք ապրել ու աշխատել: Այսպիսի դպրոցում երեխան արդեն մշակույթը և ուրիշ արժեքներ «սպառող չէ», այլ՝ դրանց «արարողը»:
Ջ. Ռոդարի
Էլեկտրոնային ընթերցարանների կամ ռոդարիկների ստեղծում
Էլեկտրոնային ընթերցարաններ (ռոդարիկներ) սովորողների հետ ստեղծվում են առաջին դասարանից սկսած: Իհարկե, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տարբեր են առաջադրվող խնդիրները, պահանջվող հմտությունները:
Էլեկտրոնային ընթերցարանները բաժանվում են հիմնականում երկու խմբի՝
- Դասարանական կամ խմբային
- Անհատական:
Եթե առաջին և երկրորդ դասարաններում հիմնականում ուսուցիչն է ստեղծված աշխատանքները վերջնական տեսքի բերում, ապա հաջորդ դասարաններում սովորողներն իրենք են հանդես գալիս իրենց հեղինակային ռոդարիական ընթերցարաններով:
Ընթերցարանները կարող են ստեղծվել որևէ հնարքով որևէ թեմայի շուրջ կամ գրական նյութի հիմքի վրա: Ընթերցարանների (ռոդարիկների) համար հումք կարող են հանդիսանալ՝
- Ժողովրդական հեքիաթները
- Առած-ասացվածքները
- Շուտասելուկները
- Գովքերը, խաղիկները և այլն:
Ահա ստեղծված ընթերցարաններից մի քանի նմուշներ՝ Այ, քեզ քաղաք, Ծաղկագովքեր, Խաղիկներ, Աշնանային ընթերցարան, Ձմեռոտ ընթերցարան:
Առած-ասացվածքներն ու շուտասելուկները շատ լավ հումք են հանդիսանում ստեղծագործական աշխատանքի համար: Նախ՝ դրանք ծավալով փոքր են և արագ են մտապահվում սովորողի կողմից, բացի այդ տալիս են իրենցով ստեղծագործաբար աշխատելու լայն հնարավորություն:
Շուտասելուկների հորինումը շատ հետաքրքիր աշխատանք է: Տրված մի խումբ բառերի տարբեր դասավորումներով ամեն անգամ ստանում ենք նոր իմաստ ունեցող միտք, որը փորձում էինք խաղի, թատրոնի միջոցով ցույց տալ:
Հորինելու աշխատանքը սովորողների ամենասիրելի աշխատանքներից է, քանզի պրոցեսն է հետաքրքիր, անկանխատեսելի, ու միշտ կա սպասումը: Իսկ արդյունքը միշտ ոգևորող է:
Հեքիաթից (հեքիաթներից) մինչև մեդիա-երաժշտական ներկայացում
Գաղտնիք չէ, որ երեխաները սիրում են հեքիաթը միշտ լսել այնպես, ինչպես կա: Հեքիաթն առանց փոփոխելու պատմելը (բերանացի իմանալը) կարևոր է նրանով, որ երեխային նյութը փոխանցվում է առանց լեզվական կաղապարները փոխելու, իսկ թումանյանական, աղայանական, խնկոյական (դասական ստեղծագործություններ) լեզվամտածողությունն ու ոճը նույնությամբ փոխանցելը երեխայի լեզվամտածողության զարգացման նուրբ ու զգայուն շրջանում շատ կարևոր է:
Եվ միայն, շատ ծանոթ հեքիաթի հետ կարելի է սկսել աշխատել ռոդարիական հնարքներով: Հեղինակն իր գրքում մանրամասն ներկայացնում է մի շարք մեթոդներ (հեքիաթի աղավաղում, «շուռ տված» հեքիաթներ և այլն), որոնք կարելի է նույնությամբ կիրառել, համադրել, կամ դրանց հիմքի վրա ստանալ նոր հնարք (ներ):
Երեխայի համար հեքիաթը խաղի պես լուրջ գործ է.
Դա նրան պետք է կողմնորոշվելու, իրեն ուսումնասիրելու,
իր հնարավորությունները չափելու, գնահատելու համար:
Ջ. Ռոդարի
Ծիտը + Անբան Հուռին + Կիկոսի մահը = երաժշտական մեդիաներկայացում
Թումանյանական հեքիաթների աղավաղումից ու շիլափլավից ստացանք երաժշտական մեդիաներկայացում:
Երրորդ դասարանում արդեն շատ լավ ծանոթ էինք Թումանյանի «Ծիտը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը» հեքիաթներին: Դրանք կարդալուց, քննարկելուց, խաղալուց հետո որոշեցինք այդ հեքիաթներից ստանալ հեքիաթ՝ ժամանակակից տարբերակով: Քննարկեցինք, քննարկեցինք, ընտրեցինք վերը նշված երեք հեքիաթների հերոսներին, որովհետև նրանք ընդհանուր մի սովորություն ունեին հեքիաթում՝ երգում էին, ունեին համապատասխան խոսքեր: Առանձնացրինք, մտածեցինք ժամանակակից կերպարներ դարձնելու մասին: Դե, եթե ժամանակակից են, ուրեմն երգի խոսքերն ու երաժշտությունը «ժամանակակից» դարձնելու անհրաժեշտությունն առաջ եկավ:
Եվ այսպես. քայլ 1
Հերոսների խոսքերը վերցրինք և, պահպանելով լեզվական կառույցը, յուրաքանչյուր սովորող առաջարկեց իր տարբերակը: Այդ տարբերակների համադրումից էլ դուրս բերվեց վերջնական տարբերակը:
Ծիտը |
Ծիտը |
Ծընգըլը-մընգըլը, ծիվ-ծիվ, |
Ծընգըլը-մընգըլը, ծիվ-ծիվ, |
Փուշիկ տվի, լոշիկ առա, |
Բարև տվի, արև առա, |
Լոշիկ տվի, գառնուկ առա, |
Արև տվի, գլուխ առա, |
Գառնուկ տվի, հարսիկ առա, |
Գլուխ տվի, անուն առա, |
Հարսիկ տվի, սազիկ առա, |
Անուն առա, մարդուկ դառա, |
Սազիկ առա, աշուղ դառա, |
Ծընգըլը-մընգըլը, ծիվ-ծիվ, |
Ծընգըլը-մընգըլը, ծիվ-ծիվ, |
|
Քայլ 2
Երաժշտական ոճի ու երաժշտության ընտրությունը կատարեցինք միասին, մեզ նաև օգնում էր մեր երաժշտության մասնագետը:
Քայլ 3
Ձայնագրումը կատարեցինք կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:
Քայլ 4
Երաժշտական համարի բեմականացում, կերպարների, հագուստի որոշում:
Այս աշխատանքին ներգրավված էին դասարանի բոլոր սովորողները: Այն բացի ստեղծագործական երևակայության զարգացման խնդիրը լուծելուց, սովորողների մոտ նպաստեց համագործակցության, ակտիվ քննարկումների, պրպտումների, տարբեր առաջարկներով հանդես գալու կարողությունների զարգացմանը. Հեքիաթախառը ռեպ:
Մաթեմատիկական պատմություններ
Դժվար է ստեղծագործական երևակայության տրամաբանության ու պարզ,
առանց մակդիրի տրամաբանության գործողության դաշտերի միջև սահման դնելը:
Ջ. Ռոդարի
Ռոդարիի ստեղծագործությունների ընթերցումից հետո դրանց հետ իրականացվող աշխատանքները նույնպես բազմազան են ու տարատեսակ: Հարց-պատմություններ կամ մաթեմատիկական պատմություններ հորինեցինք Ջանի Ռոդարիի «Մեկ և յոթ» հեքիաթը ընթերցելուց հետո: Մինչ հորինելը՝ ստեղծեցինք հեքիաթի աուդիոտարբերակը: Ստեղծագործության գաղափարի վերլուծությունը շատ հետաքրքիր ստացվեց՝ ինչո՞ւ մեկ և յոթ: Առցանց քննարկման ընթացքում սովորողները փորձեցին պատմությունից դուրս բերել պատասխանը: Ստեղծված պատմությունները հրապարակվեցին բլոգում:
Բացի վերը նշված պատմություններից հորինում ենք խնդիրներ, որոնք իրենց բովանդակությամբ հետաքրքիր ու անսպասելի են, և որոնց պատասխանները սովորողից պահանջում են երևակայություն և անսպասելի լուծումներ գտնելու հմտություն:
Մեր ընթերցած վերջին ռոդարիական պատմությունը «Ցրված տղա Ջովանիի պատմությունն» է: Այն ընթերցեցինք ընդհատված ընթերցանության մեթոդով՝ առցանց քննարկմամբ:
Մայիսի 17-ին ռոդարիական ստուգատեսի ամփոփումն է, սակայն ռոդարիական նախագծերը շարունակական են:
- Բացվել է 6447 անգամ