Ուսումնական օրացույց, ռոդարիական շաբաթ

«Երեխայի ստեղծագործելը առաջին տեղում պետք է  լինի` անկախ նրա գործունեության ձևից՝ կլինի այն նկարչություն, երաժշտություն, պլաստիկա, թատրոն, խաղ, մարզանք, գիտելիք, աշխատանք:  Երեխան մշակույթ և արժեքներ սպառող չէ, այլ ստեղծող»: (Ջ. Ռոդարի)

Ռոդարիական օրերին երեխաները անընդհատ ստեղծագործում էին: Խաղալով ռոդարիական հնարքներով ու այդ հնարքները դնելով  ցանկացած գործունեության հիմքում` տեսնում էի, որ  նպաստում եմ սովորողներիս մտքի, ստեղծագործական երևակայության, խոսքի զարգացմանը, շփվելու ունակությանը և միջանձնային հարաբերությունները կարգավորելու հմտությանը: Խոսքը երեխայի ընդհանուր զարգացման խթանն է:  Սովորողների լեզվական ունակությունների, գրավոր ու բանավոր խոսքի և տրամաբանական մտածողության զարգացումը ծրագրի հիմնական նպատակներից մեկն է:  Ռոդարիական օրերը սկսեցինք հին խաղերից, հարցերով ու պատասխաններով գրությունների խաղից:  Այս խաղը մեծ ոգևորություն առաջացրեց, սովորողներին հատկապես դուր եկավ խմբային աշխատանքը, այդ աշխատանքի արդյունքում ստեղծված փոքրիկ պատմվածքները և համագործակցության մթնոլորտում աշխատելը:
Գրավոր խոսքը զարգացնելու համար մեր առաջին առցանց քննարկումն արեցինք, կարդացինք «Ալիսա-գլորիկ»  հեքիաթը և  «Կարծիք» բաժնում գրեցինք մեկնաբանություններ: Հաջորդ օրը դասարանում բացեցինք մեկնաբանությունները ու սկսեցինք միասին խմբագրել կարծիքները, սովորողները սկսեցին նկատել մեկը մյուսի սխալները, և ուղղեցինք բոլոր վրիպումներն ու սխալները: Հետո «Ալիսա-գլորիկ»-ը  գլորվեց ու հասավ խոհանոց:  Տեխնոլոգիայի ժամին պատրաստեցինք Ալիսա-գլորիկներ ու սկսեցինք հորինել տարբեր պատմություններ, նյութը մեզ հնարավորություն տվեց զարգացնել բանավոր խոսքը, տեխնիկական հմտությունները, գրավոր նկարագրի և հմտության տիրապետումը, նկարագրել ու բնութագրել մեր հերոսին, վերլուծել կերպարը:

Ամեն երեխա հեքիաթասաց դառնալու, աուդիոգրքի հեղինակ դառնալու, հեքիաթով «խաղալու» հնարավորություն է ունենում: Ռոդարիի «Ծիածան»  բանաստեղծությունը սովորելիս ամեն երեխայի հանձնարարեցի  նկարել բանաստեղծության տարբեր տողեր ու տեսարաններ  և նկատեցի, որ մի քանի ամիսների ընթացքում սովորողներն ավելի լավ են տիրապետում  paint ծրագրին. նկարներն ավելի պարզ էին, գեղեցիկ ու ստեղծական:

Ռոդարիի «Երկիր, որտեղ ամեն ինչ կլոր էր»  հեքիաթը կարդացինք մաս առ մաս՝ ընդհատված ընթերցանության մեթոդով: Սա մեր երկրորդ առցանց քննարկումն էր, կարծում եմ՝ սա ավելի ստացված քննարկում էր, որովհետև արդեն ունեինք մուտքագրելու կարողություն և հմտություն: Տեխնոլոգիայի ժամին նկարեցինք երկիր, որտեղ ամեն ինչ կլոր էր:
Այսպիսով՝ հարկ է նշել, որ ծրագրում ներառված այս բաղադրիչն արդարացված է: Այն զարգացնում է խոսքի մշակույթը, ստեղծագործելու հմտությունը, շփման կարողությունները և տեխնոլոգիական գիտելիքները:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский