Թղթե թատրոնը որպես ուսումնական թատրոնի գործունեության ձև

 

Թղթե թատրոնը ծագել է Անգլիայում 18-19 –րդ դարերում: Անգլիացիներն այն անվանում են «Խաղալիքի թատրոն»՝ “Toy Theatre”, կերպարները նրանք պատրաստում էին ստվարաթղթից: Լոնդոնյան հայտնի  խաղերի արտադրողները որպես արտադրանք ընտրեցին խաղալիքի կամ թղթե թատրոնի տարբերակը: Այդ շրջանում պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ նկարչական ձևավորման համար նրանք դիմում էին Վրաստանի բեմանկարիչներին: Թղթե թատրոնի մեծ սիրահարներ էին նկարիչ Պաբլո Պիկասոն, գրողներ Օսկար Ուայլդը, Ռոբերտ Լուիս  Ստիվենսոնը, մանկագիրներ Հանս Քրիստիան Անդերսենը և Լուիս Քերոլը և թատրոնի ու  կինոյի ռեժիսոր Ինգմար Բերգմանը, որը նաև իր ֆիլմերում անդրադարձ է արել թղթե թատրոնին:

 Թղթե թատրոնը ինքնադրսևորման և ստեղծագործական մտքի ազատ որոնումները իրականություն դարձնելու լավագույն ձև է, որը անպայման պետք է օգտագործվի հանրակրթության մեջ: Մենք դա հասկացանք, երբ կատարեցինք առաջին փորձը: Սա ուսումնական համատեղ նախագիծ էր, որը  նաև կունենա շարունակական բնույթ: Բացի դերասան սովորողներից՝ թղթե կերպարների ստեղծմանը մասնակցում էին  նաև Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-դիզայներ սովորողները: Կերպարների ստեղծման ընթացքում դերասանները ներկայացնում էին իրենց պատկերացումները, դիզայներ-նկարիչները` իրենց երևակայությամբ էին պատկերացնում: Քննարկում էին իրար հետ ու հմտություններ փոխանակում:

 Թղթե թատրոնի օգնությամբ կարելի է ստանալ շատ ծանոթ ստեղծագործությունների այլընտրանքային բեմադրություններ: Այն պահանջում է կերպարը ստեղծելու շնորհ, զարգացնում է կերպարային մտածողություն, իսկ դերասանների համար սա մի նոր ու հետաքրքիր ժանր է, քանի որ այս դեպքում պետք է աշխատել մատներով, կերպարի հետևում՝ շնչավորելով կերպարին: Իհարկե, պահանջվում է մատների ճկունություն և դինամիկա: Համատեղ նախագծի շրջանակում ստեղծեցինք երկու աշխատանք՝ Հ. Թումանյանի «Կիկոսի մահը» և Ե. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» :

Թղթե թատրոնը, որպես ուսումնական թատրոնի գործունեության ձև, մի հետաքրքրաշարժ դիդակտիկ խաղ է, որը խրախուսում, զարգացնում է գեղարվեստական մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, երևակայական տարածքն ու ժամանակը, կերպարային մտածողությունը, ստեղծագործական համարձակությունը: Շատ ուսանելի և կիրառելի է նաև կրտսեր դպրոցներում՝ որպես ուսումնական պարապմունքի մոդել, որը ունի նաև իր հոգեբանական և թերապևտիկ առավելություններ: Նախագիծը կունենա շարունակական բնույթ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում:

Թղթե թատրոն  Հ. Թումանյան  «Կիկոսի մահը»Ե.Չարենց  «Էմալե պրոֆիլը Ձեր»

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский