Գունանկարչություն. ուսուցման կազմակերպում և իրականացում
Primary tabs
Գունանկարչությունը, լինելով կերպարվեստի համակարգի կարևորագույն և առանցքային գործոններից մեկը, իր վրա է վերցնում սովորողին բազային գիտելիքներով զինելու, կատարողական վարպետությունը զարգացնելու և կատարելագործվելու առաքելությունը:
Առարկայական արվեստանոցային համակարգը, որը գործում է գեղարվեստի ավագ դպրոցում, հնարավորություն է տալիս գունանկարի արվեստանոցում ստեղծելու յուրօրինակ մի միջավայր, որտեղ տեղ են գտնում գունանկարին վերաբերող բոլոր տեսակի պայմաններն ու միջոցները: Արվեստանոցը կահավորված է բարձորակ նկարակալներով, հարմարավետ սեղաններով, ներկապնակների աթոռակներով, համացանցին միացված համակարգիչով, հագեցած է բնօրինակից նկարչությանն ուղղված զանազան կենցաղային իրերով և առարկաներով, ինչպես նաև արհեստական մրգերով և բանջարեղենով, տարագույն կտորներով և այլ նյութերով:
Ուսուցումը կազմակերպվում է՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները, քանի որ դասարաններում սովորում են զանազան պատրաստվածությամբ և նախասիրություններով աշակերտներ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են տարբեր բուհերի հետ: Այդ պատճառով ուսուցման առանցքը թե՛ անհատական է և թե՛ ընդհանուր: Ընդհանուրի մեջ ներառվում են գունատեսության վերաբերյալ բազային գիտելիքները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով, տեմպերայով, պաստելով և այլ ներկերով ու նյութերով աշխատելու կարողությունները, որոնք փորձարկվում են ինչպես գունատեսական վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքների ժամանակ: Մշակվել են խնդիրներ անալիտիկ գունաբաժանումներով, դեկորատիվ-սինթետիկ մտածողությամբ, գունապատկերային փոխակերպումներով` դարձնելով բնօրինակից նկարչությունն առավել վերլուծական և ստեղծագործական:
Նմուշ-օրինակները կամ ինտերնետային տարբերակները կողմնորոշում և հասկանալի են դարձնում որոշ կերպարային և մտահայեցողական վարժությունների կատարումը, ինչը սկզբնական շրջանում նպաստում է սովորողի ազատ և վստահ գործելուն :
Առաջադրանքներում բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից կարևորվում է հմտությունների շարունակականությունը և կատարողական վարպետության ավելացումը, քանզի առանց կատարողական վարպետության դժվար է ակնկալել ցանկալի արդյունք:
Ըստ սովորողի ընտրած բաժնի (դիզայն կամ կերպարվեստ) փոփոխվում է գունանյութը և առաջադրանքների բարդությունը: Եթե դիզայն, մոդելավորում և նախագծում բաժնում շեշտը դրվում է ջրային նյութերի (ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ) և դրանցով նկարելու տեխնիկայի կատարելագործման վրա, ապա կերպարվեստ բաժնում ջրային նյութերին ավելանում է յուղաներկը:
Նատյուրմորտներ նկարելու ժամանակ, երբ կատարման նյութը ջրաներկն է, անհրաժեշտ է պահպանել նյութին բնորոշ թափանցիկությունը, և շերտերի հյութեղությունը, որով առանձնանում է այդ նյութը: Գուաշը, տեմպերան և ակրիլը բնորոշվում են թանձր գույներով և վրձնահարվածների հստակությամբ: Պահպանելով գունածավալային ճշգրիտ գծանկարը՝ այդ նյութերով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների:
Գունավոր մատիտներով, պաստելներով նկարելը շատ է օգնում սկզբնական շրջանում հատկապես նրանց, ով առավել ընկալունակ է գծանկարի և գրաֆիկական միջոցներով նկարելու առումով: Այդ դեպքում անցումը այլ տեխնիկաների դառնում է առավել դյուրին և ընկալելի:
Որոշ առաջադրանքներում կիրառվում են խառը տեխնիկաներ, որոնք օգնում են առանձին առարկաների մակերևույթները առավել տպավորիչ դարձնելուն: Ողջ տեխնիկական-կատարողական զինանոցը հղկվում և կատարելագործվում է անհատական համառ և հետևողական աշխատանքով: Մեծ նշանակություն ունի ուսանողի նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, առանց որի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:
Կարևոր դեր ունի աշխատանքը պլեներում, որտեղ բնությունը իր առավել թրթռունությամբ նպաստում է ներկապնակի հարստացմանը: Այստեղ կիրառվում են զանազան տեխնիկաներ և նյութեր` ցանկալի արդյունի հասնելու համար:
Խրախուսվում և ղեկավարվում են ակտիվ սովորողների ինքնուրույն նախաձեռնությունները` միջավայրի գեղարվեստական միջամտության և կազմակերպման աշխատանքներում (Գեղարվեստի դպրոցում և կրթահամալիրի տարբեր օղակներում կատարվել են ինտերիերի և էքստերիերի, տոնական միջոցառումների ձևավորումներ): Առանձին սովորողների օրինակելի և հաջողված աշխատանքները խրախուսական կարգով ցուցադրվում են առանձին ցուցահանդեսներով:
Առավել կայացած սովորողներ իրենց աշխատանքներով մասնակցում են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսներին:
Տարբեր երկրներից ժամանող արվեստագետների արդեն ավանդույթ դարձած շնորհանդեսները կարևոր դերակատարություն ունեն սովորողների ստեղծագործական խոհանոցը հարստացնելու և նորանոր գաղափարներով լիցքավորվելու գործում:
Կատարված աշխատանքները թվայնացվում են և առանձնացվում անհատական համակարգչային թղթապանակներում՝ առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելով կատարված ողջ աշխատանքը:
- Բացվել է 2516 անգամ