Էկոնախագիծ՝ «Մեր միջավայրը` մեր ձեռքերով»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2012թ. աշխատանքների բովանդակություն» ցանկում առանձնացված է հետևյալ բաժինը.

Էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում

 - Ամենամյա բաց էկոտուրի կազմակերպում

- Ավագ դպրոցի համար էկոլոգիայի հանրակրթական դասընթացի մշակում և ներկայացում

 - Քաղաքացիական ակտիվության և հայրենաշինության խթանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով

 - «Հայաստանի արգելոցները» նախագծի մշակում և իրականացում

 - Սևանի ազգային պարկի հետ գործընկերության հաստատում։

Ուրախությամբ, հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ էկոկրթության ծրագրերի զարգացման նշված բոլոր կետերն այսօր իրականություն են...

Թվարկվածից առանձնացնելով «Քաղաքացիական ակտիվության և հայրենաշինության խթանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով» կետը` իրականացնում ենք «Մեր միջավայրը` մե՛ր ձեռքերով» նախագիծը:

Կարևոր է էկոլոգիական կրթությունը «Մարդ-հասարակություն-շրջակա միջավայր» համակարգում: Չէ՞ որ 21-րդ դարում Երկիր մոլորակը հայտնվել է ծայրահեղ ճգնաժամային վիճակում` ռեսուրսների, էներգիայի գերօգտագործման և տեղեկատվության ոչ խելամիտ կիրառման հետևանքով: Արդյունքում խախտվել են կենսոլորտի ինքնակազմակերպման, ինքնակարգավորման, ինքնակառավարման, ինքնավերականգնման բոլոր հատկանիշները...
Կրթական ոլորտը և նրա զարգացման կառավարումը չափազանց կարևոր են էկոլոգիական խնդիրները լուծելու համար:

Էկոլոգիական  անընդմեջ կրթության համակարգի առաջին աստիճանը նախադպրոցական կրթությունն է: Հենց նախադպրոցական տարիքում են դրվում մարդու աշխարհայացքի հիմքերը, ձևավորվում է նրա վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ:

Առավել ակտիվանում է էկոկրթության պրոցեսը կրտսեր դպրոցում. սովորողները տիրապետում են պարտեզային աշխատանքների գործիքներին, տեսնում են խնդիրները, գտնում լուծումները:

 Ավագ դպրոցում Էկոլոգիան մեր ծրագրային առարկան է, էկոդաստիարակությունը, էկոմտածողությունը, ուրախ ենք՝ մերը:

 Մեր աչքը սուր է, մեր ձեռքը՝ հոգատար ու անխոնջ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էկոկրթությունը, էկոդաստիարակությունը մշտական-շարունակական երևույթ է: Էկոդասեր, էկոգիտելիքներ, էկոնպատակներ... Էկոխնդիրներ, էկոգործունեություն, էկոարդյունքներ... Էկոմրցույթներ, էկոկապեր... Այսպես,  կրթահամալիրում ապրիլի 26-30-ը անցկացված թվով 3-րդ Հանրակրթական Էկոտուր-2013 մրցույթն արդեն ուներ միջազգային բնույթ, նախորդ տարիների համեմատությամբ՝ մասնակիցների կրկնակի թիվ:

Ունենք էկոլոգիական լավ ավանդույթներ, մասնակցել ենք տարբեր միջազգային ծրագրերի: Մեր վաղեմի գործընկերն է նորվեգական SPARE/ԷՌՕԴԾ (Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) կրթական նախագիծը:

Մեծ է կրթահամալիրի կողմից պարբերաբար իրականացվող, մեկը մյուսին լրացնող ուսումնական նախագծերի, միջոցառումների, ճամփորդությունների շրջանակը, «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած ու կազմակերպվելիք ճամփորդությունները. «Բարձունքի նվաճում», «Ստեփանավանյան պլեներ», նախագիծ Բնապահապանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ, «Էկոտուր», «Ձոն», «Արտ-Թբիլիսի», «Խմելու ջրի օգտագործում», «Էկոնախագիծ Լիտվայի հետ»... Այսպիսով՝ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ փորձում ենք մտածել միասին և էկոլոգիական տարբեր խնդիրների լուծումը համարում հնարավոր, հասանելի:

Այս ամենի կողքին կարևորում ենք մեր արտաքին կերպարը, միջավայրը, ուր ապրում ենք, աշխատում, ստեղծում, սովորում ու սովորեցնում: Ունենք նախագծեր, որոնք արդեն իրականություն են և նախագծեր, որ իրագործվում են, կիրագործվեն ուսումնական ճամբարի ընթացքում:

«Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագիծն ունի նաև որոշակի ուղղություններ. դրանցից ամենամեծը «Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագիծն է՝ յուրաքանչյուրինս ու բոլորինս: Համալիրի բոլոր օղակներում տանտիրոջ բծախնդրությամբ հոգում ենք մեր հոգսերը, շրջապատը դարձնում հնարավորինս խնամված: Ժամանակ առ ժամանակ պարտադիր «դուրս ենք նայում ցանկապատից»:

Գեղարվեստի ավագ դպրոցում ձևավորվել է մշտապես հետևողական, անտրտունջ, հաճույքով, սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվության զգացումով աշխատող սովորողների մի խումբ, որի անդամներն արդեն ունեն գործիքներից օգտվելու հմտություններ, աշխատանքի անհրաժեշտ հերթականությունը գնահատելու ձիրք, շրջապատում խնդիրը տեսնելու ցանկություն և կարողություն, այն անձամբ լուծելու, չկարողանալու դեպքում` կարող մարմնին (մի քանի անգամ` հարևան համատիրությանը, թաղապետարանին) դիմելու կարողություն, իսկ վերջում` իրենց աշխատանքի բոլոր երանգները լուսաբանելու հմտություն:

Այսօր արդեն սովորական երևույթ է աշխատանքային գործիքները ճիշտ օգտագործելը, մեկմեկու խորհուրդ տալը կամ նկատողություն անելը:

Որպես կանոն, մենք աշխատանքը սկսում ենք առավոտյան 8-ին. 7:30-ից սկսում եմ զանգերս. ոչ մի անգամ չի ստացվել այնպես, որ հարկավոր լինի ինչ-որ մեկին քնից արթնացնել: Ուրեմն՝...

Գեղարվեստի ավագ դպրոցի աշխատանքային խումբն ունի անուն, որ ժամանակ առ ժամանակ Զավենը բարձրաձայնում է. «Կամավորների ջոկատ՝ Արծիվներ»: Ժպտում ենք, ոգևորվում, եթե հոգնած ենք՝ ձգվում:Աշխատում ենք կատակելով, մրսածին հագուստ առաջարկելով, հոգնածին նստել հրամայելով, շատ հաճախ էլ՝ երգելով:

Ձեռքբերում եմ համարում նաև ծնողների ներգրավվածությունը (լիարժեք կողմ են մեր մոտեցումներին. Երեմի մայրիկը մեզ ապահովում է ձեռնոցներով, Անիի հայրիկը կհովանավորի մեր հաջորդ ուսումնական ճամփորդությունը…):

Ապրիլի 24-ի ծառատունկին մեզ հետ աշխատեցին, ապա ծառեր տնկեցին Զավենի ու Մերուժանի ծնողները:  Թող որ նրանք՝ ծիլի նման, քարն էլ ճեղքեն...  Կարևոր օրը մենք կարևոր գործ արեցինք ու մեզ կարևոր զգացինք...

Մշտական կապ ունենք բնապահպանական կազմակերպությունների, բնապահպանական կենտրոնի հետ, կշարունակենք մասնակցել Ամերիկյան համալսարանի դասերին, նրա կողմից կազմակերպվելիք ճամփորդություններին:

Մեծ հոգսերը չենք կարող հոգալ ինքնուրույն: Արդեն երկրորդ անգամն է՝ դիմել ենք Երևանի քաղաքապետին՝  կրթահամալիրի տարբեր օղակները միմյանց կապող ներթաղային ճանապարհները բարեկարգելու, անմխիթար, արդեն վտանգավոր վիճակում գտնվող երկար աստիճանները վերանորոգելու, տարածքում աղբամաններ տեղադրելու, շրջապատում գտնվող դալաններում նկարելու խնդրանքով.  Նախապես կազմակերպել ենք ստորագրահավաք, հավաքել ենք թվով 439 ստորագրություն:

Հարցը բարձրաձայնել ենք «Կենդանի մատյան» հաղորդաշարում: Նամակն անպատասխան թողնելը զարմանալի համարելով՝ ապրիլի 17-ին այն երկրորդ անգամ առձեռն հանձնեցի քաղաքապետարանի նամակների բաժին: Բացատրեցին, որ քաղաքապետարանի կայքում նշված [email protected] հասցեն նոր է սկսել գործել: 1 ամսվա ընթացքում կստանանք պատասխան:

«Մեր միջավայրը` մե՛ր ձեռքերով...» նախագիծն էլի ունի ուղղություններ, որ իրագործվում են ու ասելիք ունեն: Դրանցից մեկն անվանել ենք «Երկրորդային ռեսուրսների օգտագործում»: Այդ մասին են պատմում «Մի տոնածառի պատմություն» և «Հին անվադողերը՝ սեղան, աթոռներ» ֆիլմերը:

Նախագծի մյուս ուղղությունն անվանել ենք «Միջավայրի գեղագիտական միջամտություն»: Համապատասխան աշխատանքներն են՝ «Գեղագիտական միջամտություն դպրոցի ներսում» և «Միջավայրի գեղագիտական միջամտություն» ֆիլմերը:

«Մեր միջավայրը` մեր ձեռքերով» էկոնախագիծն աշխատում է, ֆոտոշարերի, ֆիլմերի տեսքով պարբերաբար լուսաբանվում:

«Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը նախատեսված ձևով իրականացրինք և ունենք բոլորին ի տես բծախնդրորեն ստեղծված պարտեզ.

* կենդանի պրոպագանդա դպրոցում, ընտանիքում, թաղամասում, համայնքում

* դաստիարակված, ստեղծող թիմ

* հաջողություն

* ընթացքում նախագծին կմիանա աղբը տեսակավորելու, թափոնների երկրորդային օգտագործման, կոմպոստի պատրաստման խնդիրը. կառաջարկենք լուծումներ

Գեղարվեստի ավագ դպրոցը «Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագիծն իրագործելու համար Էկոտուր-2013-ում արժանացավ Հատուկ մրցանակի՝ դեպի Արցախ՝ Դադիվանք,  ուսումնական ճամփորդության:

Ունենք մաքուրը տեսնելու պահանջ, մեր սկսածը շարունակելու հնարավորինս արագ տեմպի անհրաժեշտության գիտակցում: «Սեբաստիա» պարտեզի Գեղարվեստի թևը կձևավորենք մենք` Գեղարվեստի ավագ դպրոցի սովորող-դասավանդող թիմով:»

Գեղարվեստի դպրոցում իրականացվող «Մեր միջավայրը` մե՛ր ձեռքերով...» նախագիծը ներառում է գործունեության հետևյալ տիպերը. էկոգործունեություն, էկոկապեր, սեմինարներ, կոնֆերանսներ, էկոճամփորդություններ`Բնության գրկում, բնության հետ, բնության համար... սկզբունքով, Էկոտուրի ստեղծում, տարածում, ընդլայնում, էկոսկզբունքների փոխանցում ընտանիք...

Հետագա ծրագրերը. էլի էկոդասեր, էկոճամփորդություններ, էկոկապեր, էկոմրցույթներ...

Գեղեցիկը պահանջե՛նք, ստեղծե՛նք, ունենա՛նք... 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский