Պետակա՞ն, թե՞ այլընտրանքային ծրագրեր…
Primary tabs
Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ մենք մեր սովորողների մոտ զարգացնում ենք կարևորագույն որակներ՝ ազատ մտածելու ու արտահայտվելու, նախաձեռնելու, մտացածն իրականացնելու, ակտիվորեն իր ջրջապատի վրա ներգործելու, տալիս ենք մեդիա - գիտելիքներ` ուսումնական գործունեության մեջ ավելի ազատ իրագործվելու: Այս շարքը կարող եմ էլի թվել: Տալի՞ս է հանրակրթական դպրոցն այս որակները: Չեմ ուզում համեմատել: Մեր կրթությունը տալիս է: Որո՞նք են պետական և մեր՝ այլընտրանքային ծրագրերի սկզբունքային տարբերությունները: Ինձ տեսանելի են մայրենի լեզվի ծրագրերը: Ուզում եմ այդ մասին խոսել: Կրթահամալիրը պետական հաստատություն է, և մեր ծրագրերը պարտավոր են և իհարկե իրականացնում են պետական չափորոշիչների պահանջները: Իսկ չափորոշիչներում կարևորվում է գրավոր և բանավոր խոսքին տիրապետելը: Տիրապետես այնպես, որ հասկանաս դիմացինի գրավոր և բանավոր խոսքը, ինքդ էլ հասկանալի լինես դիմացինի համար: Ըստ չափորոշչի՝ մայրենիի ուսուցումն ուղղված է նաև ստեղծագործական ունակություններդ դրսևորելուն և զարգացնելուն: Կարևոր շեշտադրումներ են: Կարծում եմ՝ բոլորիս էլ ծանոթ են «մեր ծրագիրը», «պետական ծրագիրը» և այս տիպի արտահայտություններ: Ի վերջո, ո՞րն է դրանց տարբերությունը: Եթե կան տարբերություններ, էական և սկզբունքայի՞ն են դրանք: Ես հիմա աշխատում եմ 5-6-րդ դասարաններում: Հասկանալի է, որ ուսումնասիրել եմ նաև պետական ծրագիրը:
5-րդ և 6-րդ դասարաններում պետական ծրագիրը ներկայանում է «Մայրենի լեզու» ինտեգրված ծրագրով, այսինքն` ընթերցանությունն ու լեզվական նյութը միաձույլ են հանդես գալիս: Որպես ընթերցանության նյութ` անցնում են հեքիաթներ, նմուշներ հին հայկական և հունական դիցաբանական զրույցներից և գրական մշակումներից, առակներ և նյութեր հայրենիքի, ընտանիքի, ընկերության, կենդանիների և այլնի մասին: Չեմ ուզում խոսել դասագրքերի հաջողված կամ անհաջող լինելու մասին: Միշտ կարող են լինել հաջող ընտրված նյութեր, հարցադրումների և առաջադրանքների մեջ կարող են լինել հետաքրքիր կամ գտնված մոտեցումներ: Բայց խոսքս դրա մասին չէ: Խոսքս մոտեցմանն է վերաբերում: Առանց իրական, ամբողջական, կենդանի լեզվագործունեություն ապահովելու ինչպե՞ս է հնարավոր լեզվին, գրավոր և բանավոր խոսքին տիրապետել: Իսկ կարո՞ղ է դասագիրքը ամբողջական լեզվագործունեություն ապահովել: Կարծում եմ, որ՝ ոչ:
Ինչպե՞ս է գործածվում մայրենին մեզ մոտ՝ կրթահամալիրում: Ուզում եմ բլոգների մասին խոսել: Ահա մի վիրտուալ տարածք, որտեղ կարող է սովորողն ինքնաարտահայտվել, դրսևորվել, ընթերցվել, գովաբանվել, մի խոսքով՝ ներկայանալ: Եվ դա լավագույն խթանն է սովորողին լեզվագործունեության մղելու: Սովորողն ունի ընթերցող և գրում է: Դիտում են իրեն, լսում են իր խոսքը, և ինքը ճիգ է անում ավելի հասկանալի և գրագետ խոսել:
Սա նշանակում է, որ սովորողը նյութեր, ֆիլմեր, ռադիոհաղորդումներ, նախագծեր է ներկայացնում, այսինքն` կարդում է, գրում, պատմում, նկարում ` գործածելով տարբեր աշխատանքային գործիքներ` ձայնագրիչ, ֆոտո-վիդեո խցիկ, համակարգիչ և այլն:
Ի՞նչ է ընթերցում սովորողը: Մեր սովորողի համար բաց են մեդիա-ընթերցասրահը՝ համացանցը՝ mskh.am կայքը` mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսները, ԶԼՄ-ները, էլեկտրոնային ամսագրերը՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի, սովորողի, մտավորականի, տարբեր գրողների բլոգները, տարբեր որոնողական համակարգերը, youtube-ը, կայքէջերը, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսները, ուսումնական TV.Mskh-ը… Եվ ամենակարևորը` ուսուցչի, ծրագրի հեղինակի, կրթահամալիրի տնօրենի կողմից խրախուսվում է այս ամենի գործածումը:
Ինչպե՞ս ենք կատարում լեզվական աշխատանքը: Ներկայացնեմ ամենաթարմ օրինակը: Ջաննի Ռոդարիի օրերին (մենք աշխատում ենք ուսունական օրացույցով, և մեզ մոտ ռոդարիական օրեր են) շատ երեխաներ թարգմանություններ արեցին: Ընտրել էի «Հեքիաթներ հեռախոսազանգով» գիրքը: Երեխաներից մեկն անգամ մուլտերի շարք ներկայացրեց: Այսինքն` երեխան և՛ ռուսերենից հայերեն էր թարգմանել նյութը, և՛ ձայնագրիչով ձայնագրվել էր, և՛ հատուկ ծրագրով մուլտֆիլմ պատրաստել: Կարծում եմ համաձայն եք ինձ հետ, որ թարգմանություն անելիս սովորողը ձեռք է բերում լեզվական որոշակի գիտելիքներ, որոշակի հմտություններ և կարողություններ: Իսկ աշխատանքի ընթացքում զարգանում է և՛ լեզվամտածողությունը, և՛ բառապաշարն է հարստանում, էլ չեմ ասում, որ երկու լեզվի հետ է շփվում:
Բանավոր խոսքի զարգացման հրաշալի հնարավորություն են տալիս ռադիոհաղորդումներն ու ուսումնական TV-ին, թատերական ներկայացումներն ու ռադիոներկայացումները: Համոզված եմ, որ այսպիսի լեզվագործունեություն ծավալող սովորողը չի կարող չտիրապետել մայրենի գրավոր և բանավոր խոսքին:
- Բացվել է 1401 անգամ