Դիտարկումներն ու չափումները զարգացման միջոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք»  ծրագիրը նպատակաուղղված է սովորողների կարողությունների և հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, սեփական փորձի միջոցով նորը «հայտնաբերելուն», հայտնաբերածը կիրառելուն:  Ամեն ինչ ձեռք է բերվում սեփական փորձի, գործունեության, աշխատանքի միջոցով: Դիտարկումը, զննումը, համեմատումը այն կարևոր հմտություններն են, որոնք ձեռք բերելով` սովորողը դառնում է ինքնուրույն, պրպտող, ինքնաբավ և ինքնուրույն:

Կարելի է ասել՝ դիտարկումներն ու զննումներն երեխայի զարգացման հիմքն են:

Դրանք նպաստում են՝

  • Ուշադրության կենտրոնացմանը
  • Համեմատություն կատարելու կարողության զարգացմանը
  • Չափումներ կատարելու և արդյունքները գրանցելու հմտության ձևավորմանը և զարգացմանը
  • Չափման գործիքներից օգտվելու կարողության զարգացմանը
  • Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչու ոչ, այդ վերաբերմունքը մյուսներին փոխանցելու կարողության ձևավորմանը և զարգացմանը:

Մեդիայի շնորհիվ դիտարկումներն ավելի տեսանելի են դառնում: Սովորողները դիտարկվող նյութի յուրաքանչյուր փոփոխություն ֆիքսում են ֆոտոապարատով,  համադրում են ստեղծված նկարներն ու ֆիլմերը, զննում են, համեմատում, ուսումնասիրում, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ են հավաքում, և ընթացքն ավելի  տեսանելի և հասկանալի է դառնում:
Ես կփորձեմ պատմել, թե ինչպիսի դիտարկումներ ենք արել 5տարեկանների հետ:
Գարնան սկզբին հետևում էինք մեր բակի ծառերի փոփոխությանը: Ինչպես են բողբոջները մեծանում, տռզում, պայթում, ծաղկաթերթերը  թափվում, փոքրիկ ցոգոլները մեծանում:  Խոշորացույցով ուսումնասիրել ենք բողբոջների կառուցվածքը, տերևները, մեր ձեռքերի գծերը: Սովորողների մոտ սովորություն է դարձել գործիքով բակ իջնելը:
Պատկերացրեք  5-6 տարեկան երեխան խոշորացույցը ձեռքին՝ զբոսնում է այգում և դիտարկում հողը, քարը, բույսերը, մանր կենդանիները... Հիմա կասեք՝ ի՞նչ է տալիս այդ զբոսանքը նրան:   Գարնան առաջին օրվանից սկսած՝ դիտումները բացահայտման, ճանաչողության հրաշալի աղբյուր են: Իսկական իմացումի հրճվանք՝ լի զարմանքով, հրճվանքով, հայտնագործություններով:   Ամեն մեկն իր հետաքրքրություններն է բավարարում:
Մայրիկների տոնի ժամանակ հետևեցինք, թե ինչպես են սպիտակ մեխակները գունավորվում և գունավորված մեխակները նվիրեցինք նրանց:

Զատկական ծեսի ընթացքում հետևում էինք մեր ցանած ածիկների աճին, հետո համեմատեցինք և չափեցինք մեր դպրոցի բոլոր ածիկները:
Հետևում ենք նաև մեր տնկած ծառերի, ծաղիկների, ցանած դդումների ու լոբիների ծիլերի փոփոխություններին:
Քանի որ դիտարկման արդյունքում ստեղծված նյութերը շատ էին, մեր դասարանական բլոգում ստեղծեցինք «Ուսումնասիրում ենք» բաժինը: Այստեղ կարող եք գտնել Փոքրիկ բնագետները ուսումնասիրում են, Չափում և հաշվում ենք մեր դպրոցի ածիկները, Չափում ենք մեր հասակներն ու կշռվում, Ուռա, մեր բակի մրգերը մեծանում են և էլի շատ նմանատիպ նյութեր, որոնք դիտելով կհասկանաք, թե ինչպիսի վարպետությամբ ենք արձանագրում յուրաքանչյուր ուսումնասիրություն:
Շատ արդյունավետ են նաև այդ դիտարկումների և զննումների ընթացքում կատարվող չափումներն ու համեմատությունները:
Այդ դիտարկումների շնորհիվ նրանք ծանոթացան նոր գործիքների՝ խոշորացույց, կշեռք, քանոն, մետր, հասակաչափ, նաև ՝ թիզ, մատնաչափ, ոտնաչափ հասկացությունների հետ:
Մեր հետազոտական աշխատանքները շարունակական են, հետագա դիտարկումներին կարող եք ծանոթանալ մեր բլոգում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский