Նոր ռադիոն ուսումնական նոր նախագիծ
Primary tabs
Նոր ռադիոն ուսումնական նախագիծ է, որն արդեն շուրջ մեկ տարի է` իրագործվում է Նոր դպրոցում. նախաձեռնողները հենց իրենք՝ սովորողներն են: Մինչ ռադիոյի` որպես առանձին բաժին լինելը, մեր գործունեությունը բազմազան է եղել` ռադիոթատրոն, հարցազրույցներ, շնորհավորանքներ, տեսածի, լսածի, զգացածի արձանագրում: Բայց ռադիոն, որպես հետևողական լեզվական գործունեություն, դպրոցում նորույթ է: Այն ուսուցման նոր ձև է` բազմակողմանի, շատ բնագավառներ ընդգրկող` նոր ոճով ու թարմությամբ: Այն ավելի շոշափելի է դարձնում մեր դպրոցի առօրյան, աշխուժություն է մտցնում դպրոցական կյանքում`թարմացնելով ուսումնական գործունեությունը: Ռադիոն nor.mskh.am ենթակայքի մի կարևոր բաժինն է, որն առանձին ձայնային հնարավորոթյուններով ներկայացնում է ամենօրյա անցուդարձը, նորությունները, լրագրողական դիտակի ներքո ցույց է տալիս դպրոցի սովորողներին, դասավանդողներին ու ծնողներին: Այն նաև այն հարթակն է, տարածքը, որտեղ երեխաները պատմում են դպրոցի այս կամ այն ծրագրի մասին,փորձում են ներկայացնել դրանց նկատմամամբ մեր դպրոցի, հասարակության կարծիքը, տեսակետը: Նոր ռադիոն ունի իր հիմնական հաղորդաշարը.
· Լրատվական ծառայություն- Այս շարքը ներկայացնում է Նոր դպրոցի ու կրթահամալիրի լրատվությունը, անցուդարձը
· Դիմանկար- Ամեն անգամ ներկայացնում ենք մի մարդու, որը մեր կողքին է,մեր դասընկերն է, մեր ուսուցիչն է, մեր ծնողը, մեր դպրոցի մոտ ապրող բնակիչ
· Ռադիոթատրոն- Սա մի լավ հնարավորություն է ներկայացնելու մեր գրականության հետաքրքիր ու կարևոր գործերը, օգնում է նաև երեխաներին կարդալ՝ այն ներկայացնելու համար կամ լսելով՝ ծանոթանալ ստեղծագործությանը:
· Մշակութային կյանք- Այս շարքում ներկայացնում ենք թե մեր դպրոցի, թե դպրոցից դուրս տեղի ունեցած մշակութային այն նորոթյունները, որոնց ականատես են դարձել կամ մասնակցել մեր սովորողները: Այս շարքի ընթացքում հիշում ենք նաև մեր երախտավորներին:
· Ծննդյան տոներ- Ամեն հաղորդում սկսում ենք շնորհավորանքներով` առանձնացնելով բոլոր նրանց, ովքեր ծնվել են հաղորդմանը նախորդող տասն օրերի ընթացքում. Սա դիմանկարի նման չէ, այլ ուղղակի փոքրիկ տեղեկատվություն է, թե դպրոցի հոբելյարներն ովքեր են, ու ինչպես են սովորողները շնորհավորում նրանց:
· Երաժշտություն- Ամեն մի հաղորդաշար ուղեկցվում է երաժշտությամբ, որն համապատասխանում է տվյալ թեմային: Այն ընտրվում է զգուշորեն, խնամքով, պիտի լինի բարձրաոճ և որակյալ, որի ընթացքում էլ ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը:
· Գիտեք, որ- Այս հաղորդաշարը մի քիչ ուշ մտավ մեր հաղորդման մեջ: Սովորողները պատմում են աշխարհում տեղի ունեցած զարմանալի, հետաքրքիր իրադարձությունների մասին: Այստեղ արդեն գործ ունենք փնտրտող, շատ բան իմանալ ցանկացող, իմացածը դիմացինին հայտնող մարդու հետ:
· 8-րդ հրաշալիք- Պատմում են թե հին ժամանակների, թե այժմյա ճարտարապետական շինությունների, կոթողների մասին:
Հաղորդումների ժամանակ պատմում ենք մեր մասին, ծանոթացնում մեր նորեկներին, ուսուցիչներին, իրազեկ դարձնում ունկնդրին կրթահամալիրյան տոնացույցով տեղի ունեցող միջոցառումներին, հարցազրույցներ ենք վարում տարբեր մասնագիտության տեր մարդկանց (ծնողներ, հյուրեր) հետ:
Ռադիոհաղորդման նպատակը ոչ միայն երեխաների լրագրողական հմտությունները զարգացնելն է, այլ նաև նրանց ինքնադրսևորվելու, ներկայանալու ու ներկայացնելու հնարավորություն տալը: Նոր ռադիոն մի նոր խթան է` երեխաների աշխարհայացքի ընդլայնման` հանրակրթական ծրագրից դուրս գիտելիք փնտրելու, ընկալելու ու ներկայացնելու իրենց տարեկիցներին:
Ասեմ, որ երեխաները հմտացել են իրենց գործում: Բացի հիմնական հաղորդումներից՝ ունենք mini ռադիոներ, որոնք առանձին շարքեր են և հանդես են գալիս մի հաղորդման կերպով: Այս կեպը օգնում է ավելի շատ հաղորդումներ ունենալ ու ամսվա ընթացքում մի քանի անգամ եթեր դուրս գալ:
Այսքանով չենք բավարարվում. ընթացքում լինում են նոր շարքեր: Ամեն մի նոր նախաձեռնություն ընդունում ենք ոգևորությամբ: Նոր ռադիոյին իրենց հաղորդումներով միանում են բոլոր դասարանները. նաև նրանք, որոնց նախասիրությունը լրագրությունը չէ: Այս գործունեության իրականացնողներն են`
· 5-6-րդ դասարանցիներ
· Հաղորդումներին մասնակցում են բոլորը` նախակրթարանից մինչ 6-րդցիներ
Աշխատանքային գործիքներ`
· Ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգիչ` համացանցին միշտ միացած
Հաղորդումները հեռարձակվում են ամիսը 2-3 անգամ` մինչև 30 րոպե տևողությամբ:
Նոր ռադիոն ունի հաղորդավարներ, ովքեր բացում են հաղորդումը, ներկայացնում նյութերն ու դրանց հեղինակներին ու ամփոփում;
Ամեն անգամ հաղորդավարները լինում են տարբեր. դա ոգևորում է սովորողներին:
Ռադիոն ունի իր պատասխանատուները` Նոր ռադիոյի տնօրենն է Մարգարիտ Հարությունյանը, խորհրդատուն՝ կրթահամալիրի info.mskh-ի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը
- Բացվել է 2146 անգամ