Ակումբային գործունեություն. բլոգը որպես դասավանդողի և սովորողի մեդիագործիք

Շուտով կրթահամալիրում կմեկնարկի  8-րդ մայիսյան հավաքը: Մինչ իմ հոդվածին անցնելը, որը հիմնականում լինելու է իմ մեկ տարվա գործունեություն ամփոփումը, ուզում եմ հիշեցնել  իմ մասնագիտությունը՝ երկրաբան-երկրաֆիզիկ-սեյսմոլոգ եմ: Այն բավականին օգնել է ինձ թե՛ կրթահամալիրում տարբեր առարկաներ դասավանդելիս (բնագիտություն, հայրենագիտություն, աշխարհագրություն, պատմություն), թե՛ ակումբ ղեկավարելիս (ղեկավարում եմ կրտսեր դպրոցի Հայրենագիտական ակումբը), թե՛ արշավային նախագծեր կազմակերպելիս  և դրանք իրականացնելիս (օինակ՝ «Բարձունքների հաղթահարում» նախագիծը):

Սկսեմ հայրենագիտական ակումբից…

Կրտսեր դպրոցի Հայրենագիտական ակումբում ընդգրկված է Նոր դպրոցի 5-6-րդ դասարանի  37 սովորող: Ակումբի անդամների հավաքը հիմնականում կրում է արշավային կամ առցանց քննարկումների բնույթ: Հայրենագիտական ակումբն արդեն մեկ տարի է ունի իր «մեդիագործիքը»՝  բլոգը, որն ավելի բովանդակալից է դարձրել ու հեշտացրել ակումբային գործունեությունը: Ամեն արշավից առաջ բլոգում առցանց քննարկում է կատարվում, իսկ մասնակիցներն էլ գրանցվում են առցանց քննարկման ժամանակ: Առցանց քննարկումն իր բովանդակությամբ հետևյալն է՝

  • Տեղեկություն տվյալ վայրի մասին՝  ով ինչ գիտի. կարող է հարցնել տան մեծերից.
  • Տվյալ վայրի գետի-գետակների մասին՝ որտեղից են սկիզբ առնում, որտեղ թափվում.
  • Մասնակցի գրանցում։

Հիմնականում այս հարցադրումներն են, բայց վերոհիշյալով էլ չենք սահմանափակվում:

Արշավից առաջ իրենց ունեցած ինֆորմացիան համեմատում են արշավի ընթացքում ստացած գիտելիքի հետ:   Յուրաքանչյուր արշավից հետո ակումբականները անհատական ներկայացնում են իրենց հաշվետվությունները, հաշվետու ֆիլմերը, հաշվետու ֆոտոշարքերը:

Ուսումնա-հետազոտական, հայրենագիտական ճամփորդությունները կրթահամալիրում ուսուցման արդյունավետ ձևերից են:

Բլոգում կան բաժիններ, որտեղ կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ արշավի ժամանակ տեղանքում կողմնորոշվելու, կարգ ու կանոնի, գրագետ արշավելու, առաջին բուժօգնության, անհրաժեշտ պարագաների, արշավային օրենքների, արշավախմբի անդամի մասնակցության տվյալների (այսինքն` որ սովորողը 1 տարվա մեջ քանի անգամ է արշավել և քանի բարձունք է հաղթահարել)  և այլնի մասին: Բլոգը դառնում է թղթապանակ-արխիվ, որտեղ մի «միջավայրում» են հավաքված դասավանդողի և սովորողի համատեղ նախագծերը, աշխատանքները, ֆիլմերը, ուսումնական նյութերը և այլն: Ավելացնեմ, որ Հայրենագիտական ակումբի բլոգը ուսումնական միջավայր է նաև կրտսեր դպրոցի (1-4 դասարաններ) սովորողների և դասավանդողների համար:

Բլոգի օգտագործումը նպաստում  է թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի ժամանակի ռացիոնալ օգտագորժմանը:

Մայիսյան 8-րդ հավաքին ակումբը ներկայանում է իր հաշվետու ֆիլմով:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский