Առցանց դասի կազմակերպումը 5-6-րդ դասարաններում
Primary tabs
Առցանց դասի կազմակերպումը կատարվում է մի քանի փուլերով:
Առաջին փուլ
Առցանց քննարկվող նյութի՝ հեքիաթի, պատմվածքի, բնագիտական այլ բովանդակության նյութի ընթերցանության հանձնարարում:
Առցանց քննարկման կարող է դրվել դասերի ընթացքում անցած որևէ ստեղծագործություն՝ վերցված հենց 5-6 –րդ դասարանցիների համար նախատեսված Ընթերցարանից: Բացի այդ՝ սվորողները կարող են առաջարկել իրենց հետաքրքրած տեքստը, կարող են իրենց հուզող թեման ընտրել, այդ թեմային վերաբերող հետաքրքիր տեքստ կամ տեքստեր քննարկել, հարցադրումներ անել: Առցանց դասի համար նյութ ընտրելիս հաշվի ենք առնում կրթահամալիրի ուսումնական տոնացույցը. Օրինակ, եթե աղայանական օրեր են կրթահամալիրում, կարելի է առացանց դաս կազմակերպել Աղայանի հեքիաթներից որևէ մեկի, կամ Աղայանին վերաբերող նյութերի վերաբերյալ:
Էկոտուրի օրերին ավելի նախընտրելի են բնագիտական, բնապահպանական թեմաները:
Երկրորդ փուլ
Ենթակայքում դրվում է առցանց քննարկում: Նշվում է ստեղծագործության անվանումը, կամ առաջադրվում է թեման: Երեխաները գրում են իրենց կարծիքները:
Սկսվում է քննարկումը: Յուրաքնչյուր սովորող ձևակերպում է իր ասելիքը , մեկը պատասխանում է կամ լրացում է գրում,մյուսը հակադրվում է, և քննարկումն
ինքնակազմակերպվում է: Ուսուցիչը մասնակիցներից մեկն է, ով նաև անհրաժեշտության դեպքում ուղղորդում է՝ թույլ չտալով, որ թեմայից շեղվեն:
Ուսուցիչը կարող է կազմել հարցեր և քննարկելիս սովորողները նաև այդ հարցերին են պատասխանում: Բացի այդ՝ սովորողները իրենք ևս կարող են միմյանց հարցեր տալ կամ համաձայն չլինել մյուսների կարծիքի հետ: Ավելի արդյունավետ է, երբ առցանց քննարկումն արվում է նշված ժամին, նշված ժամանակահատվածում: Եթե սովորողները գիտեն, որ մեկ ժամ քննարկում է լինելու, իրենք այդ մեկ ժամվա ընթացքում գրում են կարծիքներ, նաև ծանոթանում են մյուսների կարծիքներին: Տեսնելով իրենց ընկերների գրածները՝ նրանց մոտ հարցեր են առաջանում, ու քննարկումն այդպես ավելի բուռն է ստացվում: Իսկ եթե կայքում միաժամանակ քննարկումը չի լինում, սովորողները դա ընկալում են որպես պարտականություն և ընդամենը մի կարծիք են գրում, որ ցույց տան , թե արել են հանձնարարությունը: Որպեսզի հետաքրքիր քննարկում ծավալվի, ուսուցիչը ևս պարտավոր է մասնակցել քննարկմանը:
Երրորդ փուլ
Երբ արդեն վերջացել է առցանց քննարկումը, դասի ժամանակ կարդում են գրված կարծիքները և ուղղում սխալները, խմբագրում: Սովորողն ինքն է ուղղում իր, նաև իր ընկերոջ արած սխալները:
Ի՞նչ կարևորություն ունեն առացանց դասերը:
Կարծում եմ, որ ուսուցման մեջ շատ կարևոր են առցանց դասերը: Առցանց դասին կամ քննարկմանը մասնակցելու համար սովորողն առաջին հերթին պետք է ծանոթ լինի քննարկվող թեմային, այլ կերպ ասած, կարդա հեքիաթը, պատմությունը և այլն: Բացի այդ՝ մի դասի ընթացքում հնարավոր չէ լսել բոլոր սովորողներին, իսկ առցանց դասը թույլ է տալիս լսել յուրաքանչյուրի կարծիքը, քննարկել, տալ հարցեր և ստանալ պատասխաններ: Իսկ քննարկումը նպաստում է, որ սովորողն ավելի լավ պատկերացնի իր կարդացածը, իսկ կարծիք հայտնելը զարգացնում է նրա մտածողությունը:
Առցանց դասին կարող են մասնակցել նաև այլ մարդիկ, սովորողներ, ովքեր կրթահամալիրից չեն: Մեր կազմակերպած առցանց դասերից մեկին մասնակցեց մեկը, ով մեր սովորողը չէր: Ճիշտ է, կարծիքը գրված էր ռուսերենով, բայց այն փաստը, որ մեր գրածները կարդում են, ուրախալի էր:
Մեր կազմակերպած առցանց դասերը տեղադրված են Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքի <<Առցանց ուսուցման կազմակերպում>> էջում:
Որպես կանոն՝ առցանց քննարկումը կազմակերպում և վարում է ուսուցիչը, բայց մենք որոշեցինք առցանց քննարկում կազմակերպել, որը կվարեր սովորողը՝ Մարիա Պախուցկայան: Մարիայի հետ ընտրեցինք քննարկվելիք նյութը՝ Ղ.Աղայանի «Անահիտը», քանի որ կրթահամալիրում սկսվել էին աղայանական օրերը: Այնուհետև մտածեցինք մի քանի հարց և, ի վերջո, ենթակայքում դրեցինք առցանց քննարկումը: Այս քննարկումը մյուսներից տարբերվեց նրանով, որ ուսուցչի փոխարեն սովորողն էր հարցեր տալիս: Իհարկե, սա դեռ առաջին փորձն էր. կարծում եմ մյուսներն ավելի արդյունավետ և հաջողված կլինեն:
Ստորև ներկայացնում եմ տարվա ընթացքում մեր արած առցանց դասերը.
Լուիսա Մեյ Էլքոթ «Փոքրիկ տիկիններ»
Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
Հովհաննես Թումանյան «Անգին քարը»
- Բացվել է 2124 անգամ