«Վարսավիրական արվեստ»
Primary tabs
Հայտնի ասացվածք է. «Մարդուն դիմավորում են արտաքինին համապատասխան, ճանապարհում՝ խելքին»։ Ոչ ոք չի կարող ասել, որ միայն հրապուրիչ արտաքինը՝ առանց խելքի, կարող է ինչ-որ հարց լուծել, բայց, միևնույնն է, մարդու հետ ծանոթությունը սկսվում է դրանից։ Բացի այդ, դա նաև մարդու բնավորության, հակումների, ճաշակի մասին է խոսում։
Յուրաքանչյուր մարդու համար խնամված ու իրավիճակին համապատասխան հարդարված տեսքը առաջին «այցեքարտն» է, ուր էլ որ գնա։ Ահա թե ինչ կարևոր է վարսահարդարի մասնագիտությունը։
Մեր սովորողները լավ գիտեն դա։
Այստեղ նրանք նախ ծանոթանում են վարսահարդարման պատմությանը, օգտագործվող գործիքներին, սարքավորումներին, մազերի խնամքի միջոցներին ու նյութերին: Բայց ուսումնական ծրագրում ամենակարևորն, իհարկե, գործնական աշխատանքն է, որի ժամանակ սովորողները կոնկրետ օգտագործում են ձեշք բերված կարողությունները, ջանում դրանք դարձնել հմտություններ։
Այս տարի կարողացել ենք ձեռք բերել նոր գործիքներ վարսահարդարման մեջ օգտագործելու համար:
Մասնագիտական կրթության մեջ, ինչ խոսք, ամենակարևորը արտադրական պրակտիկայի կազմակերպումն է։ Արդեն 2 տարի է, ինչ սովորողները հնարավորություն ունեն դասերից դուրս հաճախել գեղեցկության սրահներ և իրենց ստացած գիտելիքներն օգտագործել այնտեղ:
Գործնական դասերի ժամանակ էլ ուսուցումը կազմակերպվում է խմբային աշխատանքների միջոցով, հաճախ կազմակերպվում է մրցություն խմբերի միջև, այնուհետև գնահատվում է լավագույնը:
Վարսահարդարի մասնագիտության մեջ շատ կարևոր է արագ աշխատելու կարողությունը, ուստի հնարավոր չէ գերագնահատել փորձառության դերը։ Սովորողը որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո կարողանում է ավելի արագ աշխատել, նա պետք է որոշակի ժամանակի մեջ կարողանա ավարտել իր աշխատանքը:
Ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ ու հետաքրքիր է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ։ Սովորողները իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գրքերից բացի որոնում են նաև համացանցում։ Ծագող հարցերը փորձում ենք լուծել, պարզաբանել արհեստանոցում։
Շատ ենք կարևորում նաև ստեղծագործական մոտեցումը։ Սովորողները նախ ուսումնասիրում են համացանցում վարսահարդարման ոլորտում նորաձևության միտումները, ապա փորձում ենք միասին ստանալ նորաձև սանրվածքներ:
Սանրվածքի ձևի, մազերի գույնի ընտրությունը նույնպես կարևոր է և կախված է ոչ միայն նորաձևության միտումներից, այլ նաև կոնկրետ մարդու արտաքինից, դեմքի ձևից, բնավորությունից, ճաշակից։ Սա նույնպես գիտելիք է, որը պետք է փոխանցել սովորողներին ոչ միայն որպես ապագա մասնագետներ, որը պետք է կարողանա ճիշտ խորհուրդ տալ հաճախորդին սանրվածքն ընտրելիս այլ նաև երիտասարդներ, որոնք պիտի ուշադիր լինեն նաև սեփական արտաքինի նկատմամբ։
Առաջարկություն
Ուսուցումն ավելի ստեղծագործական և գործնական հիմքերի վրա դնելու առումով, կարծում եմ, շատ օգտակար կլինի կրթահամալիրում նորաձևության ցուցադրումների կազմակերպումը։ Այս դեպքում հնարավոր կլինի կազմակերպել երկու՝ կարի և վարսահարդարման բաժինների սովորողների համագործակցությունը. Մի բաժնում հագուստներ կնախագծեն ու կկարեն, մյուսում՝ դրանց համապատասխան սանրվածքներ կմտածեն ու կիրականացնեն։
- Բացվել է 2856 անգամ