Կրթական ծրագրի տարածում, ներկայացում

Հեղինակ: 

Մեր կրթական ծրագիրը հասանելի պետք էլ ինի ոչ միայն սեբաստացուն, այլ նաև այն մարդկանց, ովքեր բացարձակապես անտեղյակ են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր գործունեությանն ու միջավայրին: Մեր կրթահամալիրում գործունեություն ծավալող յուրաքանչյուր մարդ` դասավանդող, թե սովորող, ակամայից մեր ծրագրի կրողն է, որի համար այս միջավայրում ամեն բան հարազատ է, սովորական և լիարժեք: Առարկայական ծրագրերից զատ, մեր ծրագրի անխախտելի մասն են նաև առավոտյան և ուրբաթյան մեդիապարապմունքները, ծեսերը, ստուգատեսներ, ուսումնական և հայրենագիտական ճամփորդությունները, կայքը, մեդիաօլիմպիադաները,  մեդիագրադարանը, ակումբները, մեդիան, մարզական հավաքները, որոնք  դարձել են կրթահամալիրյան «տերմիններ», որոնք մեր առօրյայի, կյանքի կարևոր բաղկացուցիչներ են:

Ծրագրի ամեն կրող պետք է կարողանա նաև այն տարածել: Տարածել` նպատակային` մատչելի դարձնելով այն յուրաքանչյուր անհատի:  Տեղեկատվական թերթիկները, կլոր սեղանները, գովազդային հոլովակները, իհարկե շատ կարևոր են, բայց պետք է կենդանի շփում:

Ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ տեղեկատվական թերթիկներ բաժանում, սիրում եմ խոսել իմ կրթահամալիրի մասին, պատմել նրա առանձնահատկությունները, յուրօրինակությունները: Ու ամեն անգամ ոգևորվում եմ մարդկանց վերաբերմունքից, երբ նրանք սկսում են պատկերացում կազմել մեր մասին: Նրանց աչքերը փայլում են, ուզում են ավելին իմանալ, նույնիսկ երբեմն չեն հավատում, որ այս ամենը ապրում ու գործում է իրենց կողքին:

«Դասարան անիվների վրա»  նախագծի մի քանի օրինակներ` http://b4.mskh.am/node/2751,

http://b4.mskh.am/node/5470,   http://b4.mskh.am/node/5885:

Այս օրերին մեր կյանքի անբաժան մասն է դարձել համացանցը, այդ թվում`սոցիալական ցանցերը, որոք բազմահազար օգտատերեր ունեն: Սոցիալական ցանցերով յուրաքանչյուր ինֆորմացիայի տարածում հասնում է նշանակետին: Կրթահամալիրը ունի իր էջերը սոցիալական ցանցերում. Դպրոց-պարտեզն իր էջն ունի Facebook սոց. ցանցում: Այն ամեն օր թարմացվում է մեր առօրյայի, գործունեության մասին պատմող նյութերով: Այդ նյութերը տարածվում են նաև մեր անձնական էջերով, որոնք հասանելի են մեր սովորողներին, ծնողներին, ոչ կրթահամալիրային ընկերներին:

Ինձ համար շատ կարևոր է, որ կրթահամալիրը չի սահմանափակվում իր տարածքով, իր քաղաքով, այլ տարածվում է Հայաստանով մեկ: 

Կլոր սեղանների ընթացքում մենք ներկայացնում ենք կրթահամալիրային վերոհիշյալ «տերմինների»  նշանակությունները, ծանոթացնում ենք մեր միջավայրին ներսից,  որից հետո նրանց մոտ առաջանում է ցանկություն տեսնել այդ ամենն իրականում, ծանոթանալ ավելի մոտիկից և ընկերանալ կրթահամիրի հետ: Կլոր սեղանները տալիս են իրենց արդյունքները: Դրանց արդյունքում մենք ձեռք ենք բերում գործընկերներ, մեդիօլիմպիադաներին, ստուգատեսներին ակտիվ մասնակցով սովորողներ:

Մարզերում ապրող սովորողները  մեծ մասամբ ունեն սահմանափակ հնարավորություներ դրսևորելու իրենց կարողությունները, հետաքրքրությունները, ու մեր շփման արդյունքում նրանք սկսում են մեդիան կիրառել նպատակային` որպես ուսումնական գործիք: Բազմաթիվ սովորողներ մարզերում օգտվում են մեր մեդիագրադարանից, փորձում են մասնակցություն ունենալ մեր ստուգատեսներին : Եվ դա որոշակի ռիթմ է հաղորդում նրանց կյանքին, որը կարծում եմ ձեռքբերում է:

Որպես օրինակ կուզեի ներկայացնել Շիրակի մարզի Առափի գյուղի դպրոցի բլոգը, որը մենք միասին ստեղծեցինք կլոր սեղանի ընթացքում, ներկայացրեցինք վարման կանոնները, իսկ հիմա սովորողներից մի քանիսը վարում են այն:

Էջմիածնի 4-րդ դպրոցում կլոր սեղանից հետո ունեցանք Դիջիթեք 2013-ի բազմաթիվ հայտեր, այդ թվում նաև խրախուսական և գլխավոր մրցանակներ:

Մենք պատրաստվում ենք նոր կլոր սեղանների, որոնք պետք է միտված լինեն հենց այս գաղափարին: Մեր ծրագիրն ամենքինն է, քանի որ այն ներառում է մեդիան, հեռահար ուսուցումը: Հաջորդ կլոր սեղանների համար  կարծում եմ պետք է ներկայացնել ոչ միայն մեր կայքը, ստուգատեսները, գրադարանը, այլև մի քանի ծրագրեր, որոնցով կարող են սովորողները աշխատել և ներկայանալ, օրինակ` մեդիաօլիմպիադաներին:

Վերջերս  ՀՀ ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչության կողմից կազմակերպվող ուսումնական հաստատություններում կրթական գործունեության ուսումնասիրությունների շրջանակներում եղա Վայոց ձորի Եղեգիս գյուղի դպրոցում: Այնտեղ հանդիպեցի անտարբերության ուսուման նկատմամբ և իրենց ներկայացրի մեր մեդիաօլիմպիադայի կայքը: Բոլոր դասավանդողները զարմացել էին` ինչպիսի հետաքրքրությամբ են սովորողները կարդում առաջադրանքները, քննարկում: Դիտեցինք մի քանի ֆիլմեր, պատմեցի` ինչպես կարելի է դրանք պատրաստել ու հասկացա, որ նրանք մեծ սիրով կաշխատեն այդ ուղղությամբ: Միայն թե նրանց պետք է ուղորդել: Այդ պատճառով Դպրոց-պարտեզը որոշել է հաջորդ կլոր սեղանը հենց այդ դպրոցում իրականացնել և եթե հնարավոր լինի նրանց նաև մեզ մոտ հյուրընկալել: Մենք մեզ հետ կտանենք նաև անհրաժեշտ ծրագրերն ու կներկայացնենք դրանք` հետագայում ակնկալելով սովորողների ակտիվ մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին:

Սեբաստացի լինելը պատիվ է: Այն հարկավոր  է  կրել  ու  տարածել  սիրով  և  մեծ պատասխանատվությամբ:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский