Ճամբարը`որպես ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս

(Արհեստագործական դպրոց)

Կրթություն` դասարանի ու ժամանակի սահմաններից դուրս, ամեն օր և ամեն տեղ, ուր կարելի է միմյանց հետ շփվել, փոխանցել կյանքի ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները... Սա է Ճամբարային առօրյայի թերևս ամենամեծ առավելությունը, որն արդեն քանի տարի է` կրթահամալիրը տալիս է իր սովորողներին ու դասավանդողներին:

Կրթական ծրագրով հաստատված առարկաների ու ընդունված մեթոդների հիմնական նպատակն, ի վերջո ,մեկն է` տալ սովորողին անհրաժեշտ գիտելիքներ` առօրյա կյանքում կողմնորոշվելու, ճիշտ ընտրություն կատարելու և իր հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար: Ճամբարը դպրոցից դուրս, բայց` միևնույն ժամանակ դպրոցի հետ, առօրյա կյանքը ապրելու, ամենօրյա ընտրություն կատարելու ևինքնուրույն որոշումներ կայացնելու լավագույն հնարավորությունն է: Ոգին և միտքը մարզելուց բացի ճամբարները նաև հրաշալի հնարավորություն են սովորողների ֆիզիկական պատրաստվածությունը բարձացնելու համար, հատկապես ամռանը` նորաբաց լողավազաններում: Սա ևս շատ կարևոր խնդիր է մեր երկրում, որտեղ ամենօրյա մարզումն ու հարգանքը սեփական մարմնի նկատմամբ, ավա՜ղ, ամենևին էլ առաջնային տեղ չեն զբաղեցնում:
Կրթահամալիրի` ամեն օր սովորելու, ձանձրալի ու միապաղաղ օրերը գործով լցնելու առաջարկը գրկաբաց ընդունվեց գրեթե բոլորի կողմից: Սովորողներն այնքան էին ոգևորված ճամբարական առօրյայով, որ շատ դեպքերում դժվարությամբ էին տուն գնում: Ճամբարային ամեն ժամը հարուստ էր խաղերով և դասերով, որոնք կազմակերպվում էին նոր` սովորողին գրավող ու առանց գրատախտակի ուսուցանող ձևերով: Մեկ խմբում էին միավորվում տարբեր դասարանների կամ կրթահամալիրի տարբեր դպրոցների աշակերտներ, իսկ ուսուցիչների և աշակերտների համար ստեղծվում էր ոչ պաշտոնական միջավայրում միմյանց հետ շփվելու նոր հնարավորություն: Ճամբարականները հնարավորություն ունեին նաև ազատ ժամանակ իրենց ուսումնահետազոտական աշխատանքներով զբաղվելու, ներգրավվելու մարզական մրցումներում ու մշակութային միջոցառումներում: Այդ միջոցառումները հնարավորություն տվեցին սովորողներին ավելի մոտիկից ճանաչելու միմյանց ու մտերմանալու։ Իսկ հայրենագիտական ճամփորդությունները դարձան ճամբարի բաղկացուցիչ մասը:
Սովորողների աշնանային, ձմեռային արձակուրդների ժամանակ​ /հոկտեմբերի 22-28, դեկտեմբերի17-28/

կրթահամալիրի սովորողները մասնակցեցին ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, ուխտագնացությունների: Արհեստների ավագ դպրոցի սովորողները եղան Վայոց ձորի Խնձորուտ,Մարտիրոս գյուղերում, ուր իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքը ներկայացրին տեղի դպրոցի սովորողներին: 

Հետաքրքիր է, որ ճամփորդության ընթացքում շրջապատող աշխարհը ամեն օր միասին զննելուց ու ընկալելուց բացի սովորողները նաևսկսում են ուսումնասիրել դասավանդողներին, կարծիքներ են հայտնում, վստահում են ու դառնում ընկերներ:

Ճամբարականների համար կազմակերպված հայրենագիտական ճամփորդությունները շատերին հնարավորություն տվեցին նաևնոր բարձունքներ հաղթահարել , առաջին անգամ լինել Արցախում և մասնակցել օլիմպիական աշնանային ճամբարին:

Տարեցտարի կազմակերպվող այս «տոների» արդյունքում, կարելի է փաստել, որ ճամբարներն արդեն դարձել են ուսումնական ծրագրի բաղկացուցիչ, ընդ որում` սպասված ու սիրված մաս, դասավանդողներն էլ այժմ ավելի հմուտ են ճամբարի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու և նոր ծրագրեր իրագործելու հարցում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский