Իրավաբանական գրագրության մշակույթի ձևավորումը հանրակրթական ուսումնական հաստատություններում

«Իրավագիտություն» առարկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) դասավանդվող ընտրովի առարկաներից է, այն ուսուցան­վում է 10-րդ և 11-րդ դասարաններում։ Առարկան իրավունքի դասավանդման խորացված կուրս է, որի հիմնական նպատակը իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացու ձևավորումն է։ Իրավագիտակցությունը, լինելով հասարա­կա­կան գի­տակ­ցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարա­կութ­յան հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրա­վուն­քի և իրավական երևույթների վերաբերյալ։ Հայտնի է, որ իրավագիտակցությունը հսկայական դեր է խաղում հասարակական կյանքում և իրավագիտակից քաղաքացի դաստիարակելը ամուր պետականություն ստեղծելու կարևոր պայմաններից է: Կրթահամալիրի սովորողների իրավագիտակցության բարձրացման գործում մեծ դեր է խաղում նաև «Խաղարկային դատարան» ակումբը, որը հնարավորություն է ընձեռում իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքները կիրառության մեջ դնել, կատարել իրավական բնույթի տարբեր վերլուծություններ և այլն:

Ստորև կանդրադառնամ իրավաբանական գրագրության մշակույթի և մասնավորա­պես՝ IRAC կոչվող մեթոդաբանության՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնե­լու նպատակահարմարության հարցին, որն անմիջական կապ ունի իրավագիտակից և իր մեջ իրավական մշակույթ կրող քաղաքացի կրթելու գործում:

Հայտնի է, որ իրավաբանի մասնագիտական գործունեությունը շատ հաճախ պահանջում է իրականացնել իրավական վերլուծություն և դրա արդյունքներին տալ գրավոր ձևակերպում: Այս գործունեությունը պահանջում է որոշակի գիտելիքների և հմտությունների առկայություն: Նշված գիտելիքները հաղորդելու և հմտությունները ձևավորելու համար հատուկ դասընթաց է մշակված, որն ակտիվորեն կիառվում է միջազգային մի շարք առաջատար բուհերում. խոսքը իրավաբանական գրագրության (legal writing) մասին է: Այն տարբեր անվանումներով ներառված է ԱՄՆ բոլոր իրավաբանական դպրոցների կրթական ծրագրերում և նպատակ է հետապնդում ապագա իրավաբանների մեջ ձևավորել իրավաբանական փաստաթղթերի մշակման, իրավական վերլուծությունների կատարման և փաստարկների համակարգման հմտություններ: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում և այլ երկներոմ իրավաբանների շրջանում անցկացված հարցումներն անառարկելիորեն վկայում են, որ լավ իրավաբանին բնութագրող առաջին հատկությունը գրագետ գրելու կարողությունն է:

Վերոհիշյալ դասընթացի նպատակն է սովորողի մոտ ձևավորել իրավաբա­նա­կան գրագրության և փաստաթղթաշրջանառության տեխնիկայի և կանոնների օգտագործման հմտություններ, որպեսզի նա կարողանա պարզ, հստակ և առավե­լա­գույնս ճշգրիտ ու կոնկրետ արտահայտել իր մտքերը գրավոր և բանավոր կերպով, ամեն եզրակացություն հիմնավորել իրավական նշանակություն ունեցող փաստա­կան հանգամանքներով, ինչպես նաև կարողանա վկայակոչել հարաբերությունը կար­գա­վո­րող իրավական ակտերը, դրանց համապատասխան նորմերը` պահպանելով իրավաբանական գրագրության տեխնիկայի և փաստաթղթաշրջանառության ընդհանուր կանոնները:

Գուցե զարմանալի թվա, սակայն հայրենական իրավագիտության կրթական ծրագրերում գրելու հմտությունների ձևավորմանն ուղղված հատուկ դասընթաց մինչ վերջերս նախատեսված չի եղել։  Սա Հայաստանում նոր զարգացող երևույթ է, և դեռևս որոշ փորձեր են արվում իրավաբանական գրագրությունը որպես փորձարարական դասընթաց ներդնելու պետական որոշ բուհերում. նշված դասընթացը մշակվել է հայ և օտարազգի մի շարք իրավաբանների կողմից՝ հիմքում դնելով միջազգային առաջատար փորձը: Այս համատեքստում կցանկանամ անդրադառնալ իրավավերլու­ծա­կան ունիվերսալ մի մեթոդի, որն ի հայտ է եկել վերլուծության և գրության ընդհանուր իրավական մոդելի բազմադարյա զարգացման արդյունքում, խոսքը, այսպես կոչված, IRAC համակարգի մասին է, որն արդեն ապացուցել է իր կենսունակությունը մայրցամաքային իրավական կառուցակարգերում:

IRAC բառն անգլերեն հապավում է: Այն կազմված է այդ գրավերլուծական համակարգային միավորի տարրերի անվանումների առաջին տառերից՝

Issue – հարցադրում կամ խնդիր, 
Rule -  կանոն,
Analysis (մեկ այլ վարկածով՝ Application) – վերլուծություն (կիրառում),
Conclusion – հետևություն կամ եզրահանգում:

Այս համակարգի միջոցով հնարավոր է գրել իրավաբանական բնույթի ամենատարբեր փաստաթղթեր՝ սկսած սովորական հայցադիմումից մինչև վճռաբեկ դատարանի որոշումներ:

Մեծապես կարևորելով կրթահամալիրի սովորողների՝ իրավաբանական բնույթի գրագետ տեքստեր կազմելու ունակությունների և հմտությունների զարգացումը՝ իմ կողմից որոշ փորձեր են արվել նշված դասընթացը որոշակի չափով ներդնելու ուղղությամբ, մասնավորապես՝ «Խաղարկային դատարան»  ակումբի և «Իրավագիտություն»  դասընթացի շրջանակներում ուսումնասիրել ենք նշված համակարգը և փորձել խաղարկային դատարանին ներկայացվող հայցադիմումը գրել՝ օգտվելով IRAC համակարգից. պետք է փաստել, որ սովորողները որոշակի հաջողություններ արդեն իսկ գրանցել են. որպես օրինակ՝ կարող ենք նշել Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորողների կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ նույն կրթահամալիր ՊՈԱԿ-ի՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի: Ինչպես արդեն նշվեց, սույն հայցադիմումը գրելիս սովորողներն օգտվել են վերոհիշյալ համակարգից: Նշեմ նաև, որ խաղարկային դատարանի վերջին երկու դատական գործերի շրջանակներում դատարանի կողմից ընդունված վճիռներն ու մի քանի որոշումները նույնպես գրվել են այդ համակարգի օգնությամբ:Կարևոր եմ համարում գալիք ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրում աստիճանա­բար կիրառության մեջ դնելը այս օգտակար համակարգը, ինչպես նաև իրավաբանական գրագրությունն ամբողջ ծավալով՝ հույս ունենալով, որ սովորողները և ինչո՞ւ ոչ՝ նաև դասավանդողները, իրենց պատրաստակամությունը կհայտնեն յուրացնելու այն և հարկ եղած դեպքում կիրառելու:

Համեմատության համար նշեմ, որ իրավաբանական գրագրությունը և մասնավորապես՝ IRAC համակարգը՝ որպես դասընթաց, ներառված չէ հայաստանյան բուհերի գերակշիռ մասում, իսկ մի քանի առաջատար բուհեր, ինչպես վերևում արդեն նշել եմ, միայն առաջին քայլերն են ձեռնարկում իրենց մոտ ներդնելու համար. այս համատեքստում, բնականաբար, հանրակթարական ուսումնական հաստատություն­նե­րի մասին խոսելն ավելորդ կլինի:

Կից ներկայացնում եմ IRAC համակարգով կազմված փաստաթղթի օրինակ, որը վերցված է «Իրավաբանական գիր և վերլուծություն»  ուսումնական ձեռնարկից:

Օգտակար գրականություն

  1. «Իրավաբանական գիր և վերլուծություն»  (ուսումնական ձեռնարկ):
  2. http://armenianlegal.info/archives/168
  3. Moliterno & Lederer, AN INTRODUCTION TO LAW, LAW STUDY AND THE LAWYER’S ROLE (2d ed. Carolina Academic Press 2004):
  4. http://en.wikipedia.org/wiki/Legal_writing
  5. http://en.wikipedia.org/wiki/IRAC
  6. http://www.law.cuny.edu/legal-writing/students/strategies-techniques/irac-crracc/irac-crracc-2.html
  7. http://www.lawschoolsurvival.org/index.php/legal-writing/the-irac-method
  8. http://www.tsu.edu/pdffiles/academics/law/life/support/IRAC.pdf
  9. http://www.csun.edu/~kkd61657/brief.pdf
  10. http://www.lawnerds.com/guide/irac.html
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский