Ընթերցանությունն առաջին դասարանում

Ընթերցանությունն անկախ տարիքից և ժամանակաշրջանից կարևոր է յուրաքանչյուր գրագետ և կիրթ մարդու համար: Երեխայի մոտ ընթերցանության մշակույթը զարգանում է նաև դպրոցում: Այստեղ է, որ նա սովորում է ճիշտ, գրագետ կարդալ ու, որ պակաս կարևոր չէ, կարդացած նյութը հասկանալ: Երեխան կյանքի ընթացքում ընթերցում է տարբեր նյութեր` գիրք, թերթ, հոդված, համակարգչում ներկայացված որևէ այլ նյութ, որոնց համար միշտ էլ պետք են ընթեցելու հմտություններ:

Առաջին դասարանում տառաճանաչության փուլն ավարտելուց հետո սկսում ենք ընթերցանության փուլը: Մինչ ընթերցանության փուլին հասնելը մենք ընթերցում էինք նկարների միջոցով: Նկարում էինք բառը, հաշվում էինք , թե քանի տառ կա բառի մեջ և տառերի փոխարեն դնում էինք զանազան պայմանական նշաններ: Այդ մեթոդը սովորողների մոտ զարգացրեց  բառը լսելու և վերարտադրելու, հեգելու կարողությունը:
Երբ տառաճանաչ դարձանք, շարունակեցինք նույն մեթոդով աշխատել, բայց պայմանական նշանները փոխարինեցինք տառերով, հետո վանկերով, վանկերը՝ բառերով, բառակապակցություններով, փոքրիկ ասիկներով և այլն: Վանկերն ու բառերը արտասանում էինք ծափերով, դոփերով, խաղերով, կամաց- կամաց արագացնելով…
Որպեսզի երեխաներն ընթերցել սիրեն, հարկավոր է ընթերցվող նյութը գրավիչ , պատկերավոր և մատչելի ներկայացնել: Այդ պատճառով ես և իմ սովորողները  որոշեցինք ստեղծել աուդիոգրքեր և ընթերցարան (վերջինիս հիմքում Աղայանի բանաստեղծություններն են): Երբ սովորողն ինքն է ստեղծում ընթերցելու նյութը, ավելի հաճույքով է սկսում ընթերցել, և նրա մոտ արագ վերանում են ընթերցանության հետ կապված բոլոր դժվարությունները:
Այժմ արդեն ընթերցում ենք տեքստեր, տեքստը բաժանում ենք հատվածների, նոր սկիզբ և ավարտ ենք ստեղծում տեքստի համար, գտնում ենք կարևոր նախադասությունը, բանալի բառը և այլն:
Այժմ էլ շարունակում ենք նկարել մեր սովորած յուրաքանչյուր  հեքիաթ ու բանաստեղծություն: Նկարում ենք թե՛ նկարչական ծրագրով, թե՛ գուաշներով ու ջրաներկերով: Ստեղծագործությունները նկարում ենք դրվագ առ դրվագ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք գործողության ընթացքը, սյուժեն:
Այս աշխատանքի շնորհիվ սովորողը ստեղծագործությունը իմաստային հատվածների է բաժանում և նկարների միջոցով բանաստեղծության ամբողջ պատկերն է ստանում: Այսպիսի աշխատանք կատարելիս զարգանում է սովորողի երևակայությունը, մտածելու կարողությունը, ստեղծագործությունն  ընկալելու և ներկայացնելու կարողությունը:

Աղայանական  ընթերցարան ու  աուդիոգրքեր

Ընթերցարան ստեղծելուց առաջ, կարդացինք Ղ. Աղայանի մանկական բանաստեղծությունները, խաղացինք-խաղացինք մինչև բերանացի արեցինք : Այնուհետև բաժանեցինք հատվածների և համակարգչային նկարչական ծրագրերի օգնությամբ նկարեցիք:
Երկրորդ փուլում բանաստեղծությունը բաժանեցինք նախադասությունների, գտանք բառակապակցությունները, հետո առանձնացրինք բառերը: Բառերը վանկատելով սկսեցինք արտասանել: Արտասանելու ընթացքում սկսեցինք հորինել և որոշեցինք մեր ընթերցարանը   ստեղծել աղայանական բառերով, մեր հորինած փոքրիկ ասիկներով և բանաստեղծություններով:
Երբ նկարներն ու բանաստեղծությունները պատրաստ էին, սկսվեցին մուտքագրման աշխատանքները: Սովորողները համապատասխանեցրին բանաստեղծությունները նկարների հետ և  հերթով ընթերցելով մուտքագրեցին նկարների վրա:
Հաջորդ փուլում ձայնագրեցինք երկու բանաստեղծություն և նույն նկարների միջոցով մոնտաժային ծրագրով աուդիոգիրք ստեղծեցինք:

Սովորողները ձայանագրեցին բանաստեղծությունները, նկարչական ծրագրով նկարներ նկարեցին, իսկ ես մոնտաժային ծրագրի օգնությամբ աուդիոգրքեր պատրաստեցի: Հերթով ձայնագրեցի սովորողներին, հետո լսեցինք բոլորին: Իր արտասանությունը լսելով` սովորողը շատ արագ նկատում է իր արտասանական թերությունները և ուղղում դրանք: Ընտրեցինք ձայնագրությունը և մոնտաժային աշխատանքը սկսեցի, որից հետո ձայնի և նկարաշարերի ճիշտ համադրությամբ ստեղծեցի էլեկտրոնային փոքրիկ գիրք:
Ինչպես իմ բոլոր նյութերը, աուդիոգիրքն ու աղայանական ընթերցարանը ևս տեղադրել եմ իմ բլոգում և հուսով եմ, որ  դրանք պիտանի կլինեն իմ գործընկերներին և սովորողներին:
Բացի Աղայանի բանաստեղծությունները մենք ունեք մի քանի աուդիոգիրք Թումանյանի և այլ գրողների  ստեղծագործություններով, որոնք ևս ստեղծվել են վերը նշված եղանակով:

Ծիտիկի օրորքը

Ծիտը

Ճպուռն ու մրջյունը

Առաջին ձյունը

Փիսոն

Շունը

Կոնֆետի անձրևը

Ճամփորդները պատմում է Արևիկը

Սևուկ ուլիկը պատմում է Մ. Դավիթը

Աշխատանքի արդյունքում`

  • ՏՀՏ միջոցները գործածելու ընթացքում սովորողը ձեռք է բերում նոր հմտություններ (ձայնագրում է ձայնագրիչով, նկարում է paint ծրագրով, պահպանում է  նկարը)
  • Սովորողն ընթերցում է ոչ միայն իր ստեղծած նյութը, այլև դասարանում ստեղծած բոլոր նյութերն ու ֆիլմերը
  • Սովորողն ինքն է ստեղծում իր գիրքը, որի շնորհիվ սկսում է գնահատել և կարևորել ընթերցանությունը, և ընթերցանությունը դառնում է նպատակաուղղված և հաճելի գործունեություն
  • Զարգանում է սովորողի երևակայությունը, մտածելու և ստեղծելու կարողությունը, խոսքը,աշխատել սիրելու, ինքնադրսևորվելու կարողությունները:

Ընթերցարանին կից կներկայացնեմ «Մենք մեդիագետ ենք» ֆիմը, որտեղ էլ երևում է, թե սովորողն ինչպես է ստեղծել ընթերցարանն ու աուդիոգիրքը:
«Մենք մեդիագետ ենք» նյութը իմ և Հիմնական դպրոցում փորձառություն անցնող` Թամարա Մարիմյանի համատեղ աշխատանքն է:

 

                                                          

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский