Հաշվում եմ… չափում եմ…
Primary tabs
Ուսուցում՝ կյանքով, կյանքի համար: Ինֆորմացիայի բանավոր հաղորդումը ինչ կարող է տալ սովորողին` առանց մտածելու անգիր անելու սովորությունից: Կրտսեր դպրոցում շատ կարևոր է մտածողության ձևավորումը: Սովորողը հմտություններ, կարողություններ ձեռք պիտի բերի շոշափելով, զննելով, ուսումնասիրելով, փորձելով, աշխատելով: Պետք է ոչ թե չոր սխոլաստիկ գիտելիք լցնել նրա ուղեղը, այլ դնել այն ամուր հիմքը, այն մանր թվացող մեծ քարերը, որի վրա նա ինքնուրույն կկառուցի՝ ինչ ուզում է, կկառուցի՝ հասկանալով:
Ես՝ որպես դասվար, որպես մարդ, որպես մայր, շատ կարևորում եմ սովորողի գործնականում չափելու, հաշվելու կարողությունը: Շատ կարևոր է, որ սովորողը հստակ պատկերացնի չափման ընթացքը և կարողանա ինքը չափել, չափել ինչպես ուզում է:
Առաջին դասարանում չափման միավորներով չենք չափում: Դրա պատճառը միայն այն չէ, որ նրանք դրան պատրաստ չեն, այլև չափելու, համեմատելու հմտության ձևավորումն է, այդ հասկացությունների ընկալումը: Աստիճանաբար կգնան դեպի միավոր:
Այդ նպատակով սկսում ենք՝
- չափել թզերով, քայլերով, մատներով, թևերով, ոտնաթաթով /այն ամենով, ինչ կա ձեռքի տակ/՝
- հաշվում ենք մեր ընտանիքի անդամների տարիքը
- չափում ենք սենյակների երկարությունն ու լայնությունը /սովորողի ոտնաթաթով, հայրիկի, մայրիկի ոտնաթաթերով/
- կշռում ենք մեր դպրոցի թղթի թափոնը
- չափում ենք մեր ցանած ածիկների բարձրությունը
- կշռվում ենք միասին և որոշում, թե ով է ամենածանրն ու ամենաթեթևը
Օրինակներն իրենք խոսում են արվածի մասին. մեկնաբանություններն ավելորդ են:
Չափել, հաշվել, կշռել, համեմատել՝ այս գործողությունները սովորողի մոտ ձևավորում և զարգացնում են տրամաբանական մտածողություն, կռահելու կարողություն, ձեռքբերած գիտելիքները և կարողությունները կիրառել կյանքում, զարգացնում են սովորողի դիտողականությունը, հիշողությունը, ուշադրությունը, հնարամտությունն ու ինքնուրույնությունը:
- Բացվել է 3165 անգամ