Նախագծային մեթոդ - ինքնարտահայտվելու հնարավորություն

Նախագծային մեթոդն աշխարհում

Նախագծային մեթոդը մանկավարժությանր մեջ այդքան էլ նոր չէ. hամարվում է, որ այն սկիզբ է առել անցյալ դարի քսանական թվականներին ԱՄՆ-ում: Անվանվում էր նաև պրոբլեմների ուսումնասիրման մեթոդ, որը կապվում էր, նախ և առաջ, մարդասիրական խնդիրների ուսումնասիրման հետ: Այս մեթոդը մշակել են ամերիկացի փիլիսոփա, մանկավարժ Ջոն Դյուին և նրա աշակերտ Վ. Խ. Կիլպատրիկը:

Դյուին առաջարկում էր ուսուցման հիմքում դնել սովորողի ակտիվությունը՝ հիմնվելով սովորողի նպատակային գործունեության և անհատական հետաքրքրությունների վրա: Կարևոր է սովորողներին ցույց տալ իրենց անձնական շահագրգռվածությունը գիտելիք ստանալու գործընթացում. գիտելիք, որը կարող է և պետք է կիրառվի կյանքում: Ուսուցիչը կարող է հուշել տեղեկատվության նոր աղբյուրներ կամ պարզապես անհրաժեշտ ուղղությամբ տանել աշակերտի միտքը: Արդյունքում սովորողները պետք է ինքնուրույն, համատեղ ջանքերով հաղթահարեն դժվարությունը՝ օգտագործելով տարբեր առարկաներից համապատասխան գիտելիքը, հմտությունը՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար:
Դյուին գրում է. «Երեխան կրկնում է մարդկության ճանաչողության ուղին, գիտելիքի յուրացումը սպոնտան, անկառավարելի գործընթաց է. երեխան յուրացնում է նյութը ոչ թե լսելով կամ ընկալելով զգայական համակարգով, այլ երբ զգում է այդ գիտելիքի կարիքը և յուրացման գործընթացի ակտիվ մասնակից է»:

Դյուին կրթության հաջողության գրավական է համարում.

  • Ուսումնական նյութի պրոբլեմականացումը
  • Երեխայի ակտիվությունը
  • Կրթության կապը երեխայի կյանքի, խաղի, աշխատանքի հետ:

Պրոբլեմային իրավիճակ ստեղծելու մեթոդական հնարքներ.

  • ուսուցիչը երեխաների համար ստեղծում է հակասական իրավիճակ և ինքնուրույն ելքեր որոնելու հնարավորություն տալիս.
  • ներկայացնում է նույն խնդրի շուրջ եղած տարբեր վարկածներ.
  • առաջարկում է երևույթը դիտարկել տարբեր տեսանկյուններից.
  • ստեղծում է այնպիսի դաշտ, որտեղ կլինեն համեմատություններ, ընդհանրացումներ, եզրահանգումներ, հարցադրումներ.
  • տալիս է պրոբլեմային առաջադրանքներ։

Տարիների ընթացքում նախագծային մեթոդն ունեցավ զարգացման և անկման փուլեր:1905թ ռուս մանկավարժ Շացկին սկսեց լրջորեն զբաղվել այս մեթոդի ձևակերպումներով ու փորձարկումներով:

Ավելի ուշ՝ 1931թ., Խորհրդային Միությունում այս մեթոդը դատապարտվեց և արգելվեց:
Եվրոպական երկրներում էլ նախագծային մեթոդը տարերային զարգացում ունեցավ: Այժմ աշխարհում այս մեթոդին կրկին սկսել են լուրջ ուշադրություն դարձնել։ Հիմնական ձևակերպումը հետևյալն է. «Գիտեմ, թե ինչի համար է ինձ պետք այն, ինչ ես սովորում եմ, որտեղ և ինչպես կարող եմ գործածել»:

Նախագծերի մեթոդ անհատական կամ խմբային (համաշխարհային պրակտիկայում երկու սովորողից ավելի չի նշվում) աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում: Հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը: Ենթադրում է հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:

Համարվում է, որ այս մեթոդով աշխատող ուսուցիչը բարձր որակավորում ունեցող մասնագետ է և հմուտ մանկավարժ:

Նախագծային մեթոդով աշխատանքի իմ փորձից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը կիրառվում է վաղուց: Այս մեթոդն ընկած է մեր ուսուցման կազմակերպման հիմքում, այն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ, որոնող սովորող և անընդհատ կարդացող-մտածող- սովորող  ուսուցիչ: Նախագծային մեթոդի կիրառման, արդյունքների, դժվարությունների մասին յուրաքանչյուրն իր փորձը և պատկերացումներն ունի, ուզում եմ խոսել գրականության և նախագծային մեթոդի իմ փորձի մասին:

Ինչն եմ կարևորում

Առաջարկվող թեման պետք է անպայման հետաքրքրի սովորողին։ 
Սովորողը պետք է ոչ միայն թեմայի ընտրության հնարավորություն ունենա, այլև ինքն առաջարկի իրեն հետաքրքրող թեման։

  • Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորողի անհատական աճը
  • Կատարման գրագիտությունը, աշխատանքի կուլտուրան
  • Խոսքի մշակույթի ամենօրյա վարժանքը
  • Օտար լեզուների կիրառումը
  • Նյութ որոնելու, անհրաժեշտը գտնելու, վերհանելու հմտությունը
  • Փաստերը համադրելու, վերլուծելու, օբյեկտիվ գնահատական տալու, սեփական կարծիք արտահայտելու, փաստարկելու, հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները
  • Իր ասածը՝ իր վարկածը, մինչև վերջ տանելու, հիմնավորելու կարողությունը
  • Աշխատանքը հրապարակելի տեսքի բերելու, ներկայացնելու հմտությունը
  • Աշխատանքը բլոգում ու բլոգով ներկայացնելը, համացանցում տարածելը՝ հասարակությանը բաց համակարգում ու բաց համակարգով ներկայանալը:

Ինչ աշխատանքային գործիքներ, նյութեր են անհրաժեշտ նման աշխատանք իրականացնելու համար.

  • Սովորողի անհատական համակարգիչ (սա պարտադիր պահանջ է)
  • Ինտերնետ
  • Էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ
  • Պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ՝ աշխատանքի վերջնական արդյունքը՝ ցուցադրելու համար:

Ի՞նչ դժվարությունների եմ հանդիպել։ Իբրև ամենամեծ դժվարություն կարող եմ նշել`  սովորողները չունեն անհատական համակարգիչներ:

Ինչպե՞ս եմ աշխատում

Ուսումնական ծրագիրն ու տոնացույցը աշխատանքային ուղղորդիչներն են: Նախ` ինքս եմ սկսում կարդալ ու ուսումնասիրել՝ փորձելով այնպիսի հարցադրումներ կազմել, որոնք կլինեն և որոնողական, և հետազոտական, և թարգմանական տարրեր պարունակեն, դրդեն մտածելու, սեփական կարծիք արտահայտելու: Տես այստեղ`

Նման առաջադրանքները դառնում են նաև մեր շուրջտարյա մեդիօլիմպիադաների նախագծեր։
Սովորողներին նախ դրդում եմ կարդալու. ընթերցանությունն ինքնին շատ եմ կարևորում: Եթե կարդացել ես նյութը, ծանոթ ես տվյալ հեղինակի ստեղծագործություններին, միայն այդ դեպքում կարող ես կողմնորոշվել, թե որ թեմայի շուրջ աշխատել: Լինում են դեպքեր, երբ հենց սովորողների ընթերցանության փուլում հնչում են այնպիսի հարցադրումներ, ակնարկներ, որոնց չէի էլ անդրադարձել, միանգամից նոր հարցադրում է ձևակեպվում: Լինում են նաև դեպքեր, երբ սովորողն ինքն է իր աշխատանքի թեման ձևակերպում:

Աշխատանքային փուլում դպրոց-տուն հասկացություններն իրականում չեն տարանջատվում՝ սովորողը աշխատում է և´ դպրոցում, և´ տանը: Իրականում աշխատանքի հիմնական մասը սկսում է դպրոցից. սովորողը սկսում է կարդալ, ինչ-ինչ հարցեր, հակակրանքներ, համակրանքներ,  ասելիք է առաջանում, ուզում է տեղում արտահայտել, քննարկել, իրենը պնդել: Աշխատանքը շատ հաճախ սկսում է անհամաձայնությունից՝ ընկերներին, աշխարհին ինչ-որ բան ապացուցելու ցանկությունից: Կարևորում եմ հետաքրքրությունը, երբ մարդ սկսում է հետաքրքրվել, սկսում է նաև աշխատել: Երբ մարդ չի հետաքրքրվում, աշխատանքն էլ անհետաքրքիր է լինում: Մնում է արթնացնել, գտնել, հաճախ շատ խորը թաքնված կամ արթնանալու, տեղից շարժվելու չհակված այդ հետաքրքրությունը: Աշխատանքային փուլը և դրա ժամանակացույցը խիստ անհատական են. լինում են սովորողներ, որոնք տրված ժամանակաատվածում կարդում են տվյալ գրողի ստեղծագործությունների մեծ մասը և երկու նախագիծ իրականացնում: Նախագծային աշխատանքի համար կարևորում եմ ինչպես ընթացքը, այնպես էլ արդյունքը: Հաճախ նյութի նախնական տարբերակը մի քանի անգամ փոփոխության է ենթարկվում. ուղղորդում եմ սովորողին, թե էլ ինչ ավելացնի, որ հարցին անդրադառնա, որ աղբյուրը վերանայի, որն է աշխատանքի թույլ կողմը, որ միտքն ինչպես ձևակերպի, ինչպես աշխատի իր տեքստի ոճական, քերականական սխալների վրա:

Արդյունքի մասին

Մարդու աշխատանքն ինքնին կարևոր է և գնահատելի, թափած ջանքը՝ ուշադրության արժանի: Արդյունքը խիստ անհատական է և իր տեսակի մեջ յուրաքանչյուրինը` հետաքրքիր, եթե, իհարկե, կա ջանք: Աշխատանքի ընթացքում են սովորում. նախագծային աշխատանքը հենց սովորելու գործնական հնարավորություն է: Հնարավորություն, որը կարող է տանել դեպի նոր բացահայտում: Արդյունքում կարևորում եմ փաստարկված սեփական կարծիքը, անկեղծությունն ու կենդանի խոսքը, նյութերի գրագետ օգտագործումը (համապատասխան հղումներ, ծանոթագրություններ), փաստերի համադրման հմտությունը, այնպիսի նյութի ստեղծումը, որի շատ մասեր հայերեն թարգմանություն չեն ունեցել և թարգմանել է սովորողը: Արդյունքում կարևորում եմ նաև աշխատանքի գրագետ, տեսանելի, ընթեռնելի ներկայացումն ուսումնական բլոգում՝ լսարանին: Ապրանքային տեսքի առումով վերջնական արդյունքները տարբեր են` մեդիափաթեթ, ֆիլմ, հոդված, քննարկում, ներկայացում, հանդիպում ժամանակակցի հետ….

Ինչ է տալիս նման աշխատանքը սովորողին

Սովորողին սովորելու իրական հնարավորություն է տալիս: Սովորելու՝ բավարարելով սեփական հետաքրքրությունները, ելնելով սեփական շահից, մտավոր հնարավորություններից: Սովորողին հնարավորություն է տալիս վայելելու ուսուցման ընթացքը, իրեն հայտնի ու կարևորված զգալու, ուզում է ջանքեր ներդնել ու ուղիներ փնտրել ավելի ընթերցված լինելու համար: Սովորել` տեսնելով սովորածի արդյունքը, հասկանալով, թե ինչու է սովորում:

Ինչ է տալի նման աշխատանքը դասավանդողին

Դասավանդողին հնարավորություն է տալիս չքարանալու. նա ամեն տարի նոր զարգացումների ու փոփոխվող աշխարհի նոր տեմպի տակ վերընկալում, վերանայում է ինչ-ինչ գրական ստեղծագործություններ, ինքն էլ կարդում է, հետազոտություն անում, գտնում նոր նյութեր, ծանոթանում նոր զարգացումների: Անընդհատ փնտրել ու կարդալ, որովհետև հաճախ նաև պատվերային պահանջներ են հնչում. «Ինձ այնպիսի առաջադրանք տվեք, որ ճապոնական գրականությունից լինի, արձակ լինի, ինձ հետաքրքրի, մարդկային վախերի մասին լինի»: Ու էսպես հաճախ. մարդն այդ պահին ինչ-որ ապրումների մեջ է, ինչ-ինչ հարցերի պատասխան է փնտրում կամ կոնկրետ հետաքրքրություն ունի, ինչո՞ւ զրկել մարդուն հաճույքով ու իր շահերից բխող կրթություն ստանալու հնարավորությունից: Մարդակենտրոն կրթությունը շատ մարդկային ու կոնկրետ ջանքեր է պահանջում: Հնարավորություն է տալիս նաև հիանալու, ուրախանալու իր սաների հաջողություններով՝ մտքի թռիչքով, սրությամբ, խոսքով:

Եզրահանգում, առաջարկ

Նախագծային աշխատանքը հետաքրքիր է, օգտակար և հեռանկարային, եթե ճիշտ է ընտրված թեման, ճիշտ է հաշվարկված ժամանակը՝ նախագծի աշխատանքի,  նախագծերի միջև դադարների: Դադարներ ասվածը շատ եմ կարևորում. նախագծից նախագիծ անցումը դժվար է,  մի նախագծից հետո դադար է անհրաժեշտ։ Դադար ասելով՝ անգործություն չենք հասկանում. ասենք՝ այլ նյութի ընթերցանություն, ուժերի գնահատման, նոր մտքի ծագման ընթացք: Նախագծային մեթոդի իրականացումն արդյունավետ եմ համարում, երբ խմբում կան 16-18 սովորող. այս դեպքում աշխատանքը վերահսկելի, կոնկրետ, նպատակային ու տեսանելի է, չի սահմանափակվում սենյակ-դասասենյակով: Նախագծային մեթոդի հեռանկարայնությունը նաև համագործակցության ու միջառարկայական սահմանների վերացման մեջ է. այս մասում դեռ անելիքներ ունենք:

Հաջորդ հոդվածում կներկայացնեմ սույն հարցի շուրջ իմ դիտարկումները, փորձն ու առաջարկները:

Օգտագործված մեդիա գրականություն.

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский