6-րդ դասարանցիների ուսումնական հմտությունների ուսումնասիրություն

Աշխատանքի արդյունքների  ընդհանուր վերլուծություն. նկատառումներ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են հեղինակային կրթական ծրագրեր, որոնք ներառում են սովորողի ուսումնական գործունեության արդյունքների և առաջադիմության, ինչպես նաև կրթական ծրագրի կազմակերպման արդյունավետության գնահատման ցուցանիշների, գործիքների,  արդյունքների գրանցման ձևաթերթիկների մշակումն ու ներդրումը: Կրթահամալիրի գնահատման ծառայությունը ուսումնական տարվա վերջում` ամառային ուսումնական ճամբարի ընթացքում, իրականացրեց միջին դպրոցի առաջին աստիճանի (5-6-րդ դասարաններ) ծրագիրն ավարտող սովորողների` Նոր դպրոցի, Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի դպրոցի 6-րդ դասարանցիների ուսումնական հմտությունների ուսումնասիրություն։ Ուզում եմ խոսել մայրենի լեզվից ստուգման արդյունքների մասին։

Որպեսզի կատարված ուսումնասիրությունը ավելի հասկանալի դառնա, նպատակահարմար եմ համարում դիտարկումից առաջ ներկայացնել առաջադրանքը:

Ներկայացում. «Գրեք ձեր անունը, ազգանունը, բլոգի հասցեն: 3-5 նախադասությամբ ներկայացրեք ձեր բլոգը. բաժինները, ամենահետաքրքիր նյութը, ամենակարդացված նյութը և այլն»: Սովորողները հիմնականում կարողացել են մի քանի նախադասությամբ ներկայացնել իրենց բլոգները, պատասխանները հրապարակելու հմտություններին տիրապետում են. պետական չափորոշչի պահանջը կատարվում է. սովորողները մայրենի լեզվով մտքերը պարզ և հակիրճ արտահայտել կարողանում են: Սակայն նրանք դժվարացել են առանձնացնել ամենահետաքրքիր նյութը, ամենակարդացված նյութը:   

Հոդված. «Պատմեք` ինչը ինչպես եք սովորում` ինքնուրույն, համացանցից, գրքերից, ընկերներից, ուսուցիչներից-ուսումնական պարապմունքներից։ Հոդվածը վերնագրեք, տեղադրեք  Ձեր բլոգում, հղումը գրեք այս էջի «Կարծիքներ» բաժնում»:

Ամենայն հավանականությամբ, սովորողներին խանգարել է «հոդված» բառը: Ստացված տեքստերն ամբողջական չեն: Կոպիտ ուղղագրական-կետադրական սխալներ չկան:

Ընթերցում. «Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է: Ներկայացված է 2 պատմվածք (հատված) գրքից: Կարդա ժամացույցով։ Գրանցիր` քանի րոպեում կարդացիր 2 պատմվածքը»:

Սովորողների կարդալու միջին տևողությունը՝  3-8 րոպե է։ Պատասխաններից երևում է, որ սովորողները ամենաշատը այս առաջադրանքն են ոգևորված կատարել։ Ներկայացված պատմվածքների ժամացույցով կարդալն ու գրանցելը թեև աշխուժություն էր մտցրել առաջադրանքի կատարման ընթացքի մեջ, սակայն պիտի փաստենք,  որ,  ըստ էության, ընթերցանության միջին արագությունը մեծ չէ։ Սովորողների ընթերցանության արագության տարբերությունը ցույց է տալիս, որ հնարավոր չէ դասարանում միաժամանակ կազմակերպել սովորողների ընթերցում-քննարկում աշխատանքը, շատ սովորողներ չեն հասցնի հետևել աշխատանքին: Իսկ աշխատանքի շարունակությունը` տեքստի հետ աշխատանքը (ընտրել հատված, փոխադրել, վերաբերմունք արտահայտել), նույն ոգևորությամբ չի արվել։ Մեր սովորողները տեքստի հետ աշխատում են այնպես, ինչպես ուզում են` հիմնականում հաշվի չառնելով տեքստին ներկայացվող պահանջները: Փաստենք, որ նրանք դեռ պետք է հաղթահարեն տրված տեքստը մինչև վերջ կարդալու-հասկանալու, բովանդակությունը, բանավոր և գրավոր վերապատմելու խնդիրը:  Այդ պատճառով պետական չափորոշչի «հասկանա տարբեր բարդության, համեմատաբար ծավալուն գրավոր տեքստեր» պահանջի կատարումը գնահատել հիմնականում չկարողացնաք։ 

Լուսաբանում. «2 ժամվա ընթացքում պատրաստեք տեսանյութեր մայրենի լեզվից ստուգման մասին` քննարկելով առաջադրանքների բովանդակությունը, պատմվածքները, պատմելով, թե ինչպես կատարեցիք, ներկայացնելով ձեր վերաբերմունքը։ Ֆիլմը պիտի ունենա վերնագիր, տեղեկություններ աշխատանքային խմբի մասին (ո´վ և ինչպե´ս է մասնակցել տեսանյութի ստեղծմանը): Տեսանյութերը տեղադրեք դպրոցի ենթակայքում»: Այս առաջադրանքով ստուգվում էր ոչ միայն «գրավոր կամ բանավոր ներկայացնել առօրյա կյանքից որևէ իրադարձություն, դիպված» չափորոշչային պահանջի կատարումը, այլ նաև մեր կրթական ծրագրով անհրաժեշտ մեդիահմտություններ։ Կրտսեր դպրոցի մեր սովորողները, որ կարողանում են ներկայացնել իրենց բլոգները, ակնհայտ է, որ տիրապետում են ենթակայքում և բլոգներում պատասխանները հրապարակելու հմտություններին (փաստորեն, այս մեդիահմտությունները հասանելի են բոլորին. սա, իսկապես լուրջ ձեռքբերում է), լուսաբանման պահանջող աշխատանքը համարյա չեն կատարել կամ ստեղծել են տեխնիկական թերություններով և բացթողումներով նյութ, չեն ապահովել աշխատանքի ստեղծականությունը։ Ակնհայտ է, որ այս աշխատանքի համար մեդիահմտությունները բավարար չեն: Բացակայում են հետաքրքիր տրամաբանված սյուժեն և մեդիակատարումը:

Եզրակացություն

Պատումի ամբողջականության և ստեղծականության պակասը, հետաքրքիր տրամաբանված սյուժեի բացակայությունը և մեդիակատարման ցածր որակը թույլ են տալիս նկատելու, որ մենք հիմնականում գործ ունենք երկու տիպի դժվարությունների հետ՝  տեքստի հետ աշխատելու և գրագետ մեդիանյութ պատրաստելու:

Խնդիրները, կարծես թե, ներկայացրինք: Զուգահեռ փորձեմ նաև դրանց լուծմանն ուղղված պահանջներ ձևակերպել:

Եթե տեքստի հետ աշխատելը դժվար գործ է, ապա գրագետ մեդիանյութ ստեղծելը  շատ ավելի բարդ գործընթաց է: Դա ապահովելու համար կրթական և առարկայական ծրագրի պահանջն ու ուսուցչի վերաբերմունքը, թերևս, բավարար չեն։ Սովորողն ու դասավանդողը նախ համապատասխան գործիքներն ու ծրագրերը պիտի ունենան, դրանք օգտագործելու հմտությունները մշակեն։ Դրանից հետո պիտի հիշենք նաև, որ մեդիակրթությունը ոչ միայն տեխնիկական կրթությունն է՝ համակարգչային հմտություններ ու համապատասխան ծրագրերի իմացություն և այլն, այլև մեդիագրագիտություն է, այն է՝  մեդիայի մատուցած տեղեկությունները քննադատորեն ընկալել, ստեղծագործական հմտությունները խթանել, ստեղծականության ու հետաքրքիր տրամաբանված սյուժե ապահովել: Լուսանկարելը, տեսագրելը, համակարգչային այլևայլ ծրագրերի տիրապետելը չի կարող և չպետք է ինքնանպատակ լինի: Այն հարկավոր է ոչ թե նրա համար, որ մարդիկ պարզապես դառնան մեդիայի բերած տեղեկատվության կլանողներ ու սպառողներ, այլ նաև կարողանան մեդիայի միջոցով  արտահայտել իրենց կարծիքն ու քննադատական վերաբերմունքը, դառնան սոցիալապես ակտիվ, ձեռք բերեն նոր գիտելիքներ և փորձառություն, խթանեն ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը:

Միանգամայն հասկանալի է՝  դրանք հեշտ լուծվող խնդիրներ չեն և պահանջում են համբերատար, նպատակաուղղված ու կարևորը՝  համատեղ ու միասնական աշխատանք:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский