Կրկին ընթերցանության նախագծերի մասին
Primary tabs
Նախագծային հարցադրումներ: Ինչո՞ւ նախագծային, ո՞րն է տարբերությունը...
Սկսենք. ինչո՞վ է նախագծային հարցը տարբերվում սովորական հարցադրումից ու ինչո՞ւ պետական դասագրքերի հարցերը չեն կարող դառնալ նախագծային: Դասագրքեր. այստեղ հարցադրումները մեծ մասով ենթադրում են հիշողության ստուգում, տրված նյութի վերապատմում, անգիր կամ պաթետիկ թեմայով շարադրություն գրելու առաջադրանք ( տես գրականության, հայոց լեզվի դասագրքերի հարցադրումների գերակշիռ մասը): Նման հարցադրումները որևէ կերպ չեն կարող դրվել նախագծի հիմքում: Ինչո՞ւ, որովհետև ոչնչացնում են գիտնականին, իսկ նախագծային աշխատանքը գիտնական է նախագծում: Հարցադրումների համար կարևոր է հետևյալ սկզբունքների պահպանումը։
- Գրավիչ, հետաքրքիր լինեն սովորողի համար։
- Պարունակեն խորհրդավորության, ինտրիգի երանգներ։
- Սովորողը տեսնի, որ ինքը կարող է դառնալ բացահայտող։
- Սովորողին դրդեն մտածելու։
- Անպայման սեփական կարծիք պահանջվի. սակայն այդ սեփական կարծիքը ձևակերպել՝ օգտվելով եղած փաստերից, աղբյուրներից։
- Ձևավորեն քննադատական մտածողություն։
- Մղեն որոնելու, գտնելու, հակադրվելու, համեմատելու, զուգահեռներ անցկացնելու։
- Մտածելու, ստեղծելու, գտնելու միջավայր ստեղծեն։
- Նպաստեն, մղեն աշխատանքում տեխնիկական միջոցների կիրառմանը։
- Նպաստեն, մղեն աշխատանքը ներկայանալի դարձնելուն, տարածելուն, ճանաչվելուն։
- Նպաստեն, մղեն օտար լեզու կիրառելուն։
- Այլոց փորձի ուսումնասիրման խթան լինեն։
Երբ սովորողին «ստիպում ես» զբաղվել մի բանով, գտնել մի հարցի պատասխան, որն իրեն չի հետաքրքրում, մարդը քեզ մի պարզ հարց է տալիս. «Բայց ինչո՞ւ է դա ինձ պետք»: Իհարկե, այս հարցին կարող ես պատասխանել վերացարկված, կարդացածդ գրականությունից որոշակի հատվածների ցիտմամբ՝ նպատակ ունենալով քո զարգացածությամբ հաղթել դիմացինին, փաստել, որ կիրթ մարդու համար պարզապես անհրաժեշտ է իմանալ դա: Երբ ես էի պատանի, նման պատասխանը, եթե ինձ չէր էլ գոհացնում (հիմա դժվարանում եմ կոնկրետ մտքերս, զգացողություններս հիշել), հաստատ համոզում էր, ու ես սովորում էի, որ կիրթ լինեի, կամ ընդդիմանում ու չէի սովորում՝ ասելով. «Ոչինչ, ես անկիրթ էլ ինձ վատ չեմ զգում»: Բայց այսօրվա պրագմատիկ պատանուն նման պատասխանով չես համոզի. մարդն ապրում է իրական կյանքում, տեսնում կյանքի դժվարությունները ու արդեն վաղ տարիքից ուզում ինքնահաստատվել, գտնել իր ուղին՝ ապրել: Արդեն պատասխանդ էլ պիտի պրագմատիկ լինի՝ կարճ ու հիմնավորված: Հարցադրումը պետք է կյանքի հետ կապվի. սովորողը հնարավորություն ունենա անցյալի հերոսի գործունեությունն ուսումնասիրելով՝ կապել, զուգահեռներ անցկացնել մերօրյա հերոսների հետ, գտնել ժամանակակից հերոսներ, խոսել «հերոսականություն» հասկացության մասին, դիտարկել այդ հասկացությունն, ասենք, 18-րդ դարում և հիմա, ժամանակակից մարդու աչքերով, ու 21-րդ դարի իրականության միջով անցկացնել անցյալում հերոս անվանվող անհատին, ընդունել մարդու հերոսությունը՝ ընդգծելով սխալներն ու աչք չփակելով իրական փաստերի վրա և այլն:
Ներկայացնենք երկու տեսակի հարցադրում.
1. Չարենցի հանճարն ու այդ հանճարի ուժը։ - 2. Ասում են, որ Չարենցը հանճա՞ր է. համաձա՞յն եք՝ ինչո՞ւ, ո՞ր սկզբունքով, ի՞նչ հիմնավորմամբ։
1. Կրակոտ քնարական հերոսուհին Չարենցի պոեզիայում։ - 2. Ի՞նչ ասել է քնարական հերոսուհի, դիպո՞ւկ ձևակերպում է, ինչո՞վ է Չարենցի հերոսուհին նման քեզ։
1. Ներկայացրու մեծ գրողի կյանքը։ - 2. Գտիր հակասություններ գրողի խոսքի և գործի միջև. ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում։
Առաջին հարցադրումներում հիմնականում վերապատմման ենթակա նյութ է. արդեն նախապես տրվող կլիշեներով` հանճար է, մեծ գրող է, կրակոտ է... Ներկայացրու՝ այսինքն` վերապատմիր, գրիր կամ ասա մի բան, որ լինի հենց այն, ինչ ես ուզում եմ. այս հարցադրումները նախապես պատասխան են պարտադրում: Երկրորդ հարցադրումները մղում են մտածելու, հակադրվելու, համոզելու, ուսումնասիրելու, վիճելու: Առաջին դեպքում (եզակի դեպքերը չենք դիտարկում) ունենում ենք ակնկալված ու շաբլոն պատասխան, որը կոչված է մեկ անգամ ևս հաստատելու արդեն եղած մտքերը, արված վերլուծությունները, անկախ նրանից` դրանք հնացած են, թե ոչ, հիմնավո՞ր են... Երկրորդ դեպքում ունենում ենք անկանխատեսելի արդյունք: Հենց այստեղ պետք է քաջ լինել. ո՞վ ասաց, որ սովորողի կարծիքը պետք է նման լինի դասավանդողի կարծիքին, համընկնի այլոց հետ. պետք է պատրաստ լինել, ընդունել նոր միտքը, գնահատել միտքն ու աշխատանքը և ոչ թե համապատասխանությունը ընդունված կարծիքին` քո կամ այլոց: Հնարավոր է՝ որոնման ճանապարհին սովորողը գտնի մի նյութ, որ դասավանդողին անհայտ է եղել, հնչեցնի մի անուն, որ չի լսել, ներկայացնի մի փաստ, որն անտեսվել է. դասավանդողը պետք է պատրաստ լինի ընդունելու իր չիմացած նորը, ավելին՝ ուրախ լինի գործընկերային հարաբերությունների համար: Պարզ է, որ անհնար է կարդալ ու իմանալ ամեն ինչ. և այն մարդը, ով մտածում է, թե ամեն ինչ գիտի, բավականին վտանգավոր կարող է լինել սովորողների համար:
Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է ստեղծագործողն ու ստեղծողը, հայտնագործողն ու մտածողը. կարևորը եղածը, բնածինն ապրեցնելն է ու խրախուսելը, մարդու մեջ գիտնականին, հայտնագործողին տեսնելն ու հարգելը: Հակադրվելն ու բանավիճելը, բայց հարգելն ու ընդունելը: Հենց հարցադրումները կարող են բանավեճ հրահրել՝ բանավիճային միջավայրի ստեղծումը նույնպես շատ կարևոր է նախագծային աշխատանքի համար: Բանավեճը, որին ներկայացվում, ցուցադրվում են արդեն արված աշխատաքներ՝ նյութեր, ֆիլմեր, արդեն իսկ հետաքրքիր գործընթաց է, որի համար արժե չարչարվել, և որին պատրաստվելիս կարող են նոր մտքեր ծագել, նոր նախագծեր ծնվել:
Նախագծային հարցադրումներն առանձին վերցված հետաքրքիր, մտածողության զարգացմանը, նյութի որոնմանը և այլ՝ վերը նշված, ուղղվածություն կարող են ունենալ, սակայն դրանք հետաքրքիր են ամբողջության մեջ: Հարցերը նախագծի իրականացման ճանապարհին ուղղորդիչներ են. դրանք ոչ թե ուղղորդում են մտածել այնպես, ինչպես ուզում է դասավանդողը, դասագիրքը, այլ՝ բարձրացնում, մատնանշում պրոբլեմային, վիճահարույց հարցադրումներ, ցույց տալիս, որ չլուծված խնդիր կա, քննարկում հրահրում ու օգնում գտնելու բանալին: Հարցադրումներն օգնում են հստակեցնել պահանջները՝ ի՞նչ ենք ակնկալում սովորողից, ի՞նչ նախագիծ, ինչպիսի՞ տեսքով:
Հարցադրումների մասում ևս «թաքնված վտանգ» կա, ու պետք է պատրաստ լինել ընդունելու. սովորողը կարող է աշխատանքի ընթացքում ասել, որ այս հարցադրումն այս մասում անիմաստ է համարում՝ հիմնավորելով իր հայտարարությունը: Ես-ից վերացարկվելու ու նախագծային աշխատանքի մոդելը լավ պատկերացնելու դեպքում առաջ քաշված դիտարկումները գնահատում ես օբյեկտիվորեն ու հաճախ հասկանում, որ սովորողը ճիշտ է՝ կոնկրետ իր աշխատանքի դեպքում մատնանշվածն ավելորդ է՝ մարդն այլ՝ քո չնախատեսած ուղղությամբ է զարգացրել աշխատանքը: Հնարավոր է, որ շատ հարցադրումներ, նյութեր, որոնք կարելի էր ներառել նախագծում, չեն ներառվել. այստեղ էլ ոչ մի վարկաբեկող բան չկա՝ նախագիծն աշխատանք է և´ սովորողի, և´ դասավանդողի համար. սովորում ես աշխատելով:
Նախագծերն իրենց տեսակներով բազմազան են. դրանց մասին կխոսեմ հաջորդ նյութում: Այստեղ միայն նշեմ, որ, բնականաբար, կան նախագծեր, որոնց հարցադրումը հենց անվանման մեջ է, և այլ փակագծեր բացված չեն, կան նախագծեր, որտեղ տրված են երեք-չորս առանցքային հարցադրումներ, կան նախագծեր, որոնք քայլ առ քայլ զարգացնում են աշխատանքը՝ սրանք ավելի երկարաժամկետ նախագծեր են:
Ժամանակակից մանկավարժության մեջ նախագծային աշխատանքն անվանում են ապագայի ուղղվածություն. առանցքային բնորոշում է: Նախագիծը չի կարող հիմնվել միայն անցյալի ստեղծած արժեքների՝ այսպես ասած՝ դասականության վրա, որովհետև այն կենդանի մեխանիզմ է, որը ղեկավարում-իրականացնում են կենդանի, մերօրյա մարդիկ՝ սովորող, դասավանդող, բնականաբար, ներկան չի կարող բացակա լինել նախագծում: Հասարակական կյանքը, ժամանակակից մարդու կենցաղն ու արժեհամակարգը, անհանգստություններն ու դիտարկումները, առօրյան ու ապրումը պետք է ինչ-ինչ մասով տեղ գտնեն նախագծում: Անցյալը, ներկան ու ապագան պետք է փոխկապակցվեն, գիրքը չկտրվի իրականությունից, դասը՝ կյանքից, մարդը՝ հայրենիքից: Երբ կտրվում է այդ թելը, կրթությունը դառնում է ինքնանպատակ, ինչ-որ մի բան, որ չգիտես, թե ում է ուղղված, ով է իրականացնում և ինչո՞ւ: Հաճելի է, երբ ինքդ ես նախագծում. այդպես քեզ հարմար է ապրել՝ գիտես, թե որ մասում է խոհանոցը, որում՝ ննջասենյակը, միաժամանակ գիտես, որ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք հենց դու պիտի անես՝ միայն դու՝ ոչ մեկը քո տեղը գումար չի աշխատի, խնայի, նախագծի, ընտրի...
- Բացվել է 3072 անգամ