Նախագիծը` ուսուցման մեթոդ
Primary tabs
«Այս մեթոդի հանրաճանաչության հետ կապված` մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել նրա շատ սահմանումներին։ Սակայն դրանք բոլորը հանգում են են այն հիմնավորմանը, որ ուսումնական նախագիծը սովորողներ-խաղակիցների միասնական ուսումնաճանաչողական, ստեղծական կամ խաղային գործունեությունն է, որն ունի ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ, որոնք ուղղված են նախագծի սովորողների համար նշանակալից ինչ-որ խնդրի լուծման ընդհանուր արդյունքի հասնելուն»: Մ. Յու. Բուխարկինա
Սովորողի համար նախագիծը ստեղծագործական ներուժի առավելագույն բացահայտման հնարավորություն է: Այն գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել թե անհատապես, թե խմբում, փորձել իր ուժերը, ներդնել գիտելիքները, օգուտ բերել, հրապարակել արդյունքը:Այն ուղղված է իրենց՝ սովորողների կողմից ձևակերպված հետաքրքիր խնդրի լուծմանը:
Գործունեության արդյունքը՝ որպես խնդրի լուծման գտնված ձև, ունի գործնական բնույթ և կարևոր է իրենց՝ բացահայտողների համար:
Իսկ ուսուցչի համար ուսումնական նախագիծը զարգացման ինտեգրատիվ ուսուցողական միջոց է, ուսուցում և դաստիարակություն, որոնք էլ թույլատրում են մշակել և զարգացնել նախագծման հատուկ հմտություններ, կարողություններ` նպատակասլացություն, գործունեության պլանավորում, խոհածություն, ինքնավերլուծություն, ներկայացում և ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության փնտրտուք, ակադեմիական գիտելիքների գործնական կիրառում, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծական գործունեություն:
Հեղինակներից շատերը, ովքեր տալիս են նախագծի սահմանումը, առանձնացնում են ուսուցման այս մեթոդի մի շարք բնորոշ առանձնահատկություններ. նախ և առաջ` խնդրի առկայությունը, որը պետք է լուծել նախագծի վրա աշխատելու ընթացքում, ընդ որում խնդիրը նախագծի հեղինակի համար պետք է ունենա անհատական կարևոր բնույթ և դրդի նրան լուծումներ որոնել:
Նախագիծը անպայման պետք է ունենա հստակ, իրականանալի նպատակներ: Առավել ընդհանուր իմաստով նախագծի նպատակը միշտ բուն խնդրի լուծումն է, սակայն յուրաքանչյուր դեպքում այդ որոշումը կարող է ունենալ սեփական, բացառիկ մարմնավորում: Այդ մարմնավորումը նախագծի արդյունքն է, որը ստեղծվում է հեղինակի կողմից աշխատանքի ընթացքում և դառնում նախագծի խնդրի լուծման արդյունք:Այսպիսով, խնդրի հստակեցումը, նպատակի ձևակերպումը և նախագծի արդյունքի մտահայեցական նկարագրի ստեղծումը նախագծի առաջին բնորոշ առանձնահատկություններն են:
Նախագծի ևս մեկ տարբերությունը աշխատանքի նախնական պլանավորումն է: Ողջ այդ ճանապարհը` սկսած խնդրի հստակեցումից մինչև նախագծի նպատակի իրականացումը, անհրաժեշտ է բաժանել առանձին փուլերի, գտնել ռեսուրսներ, մշակել յուրաքանչյուր փուլի իրականացման համար նշված ժամկետով աշխատանքի մանրամասն գրաֆիկ:
Որպես կանոն` նախագծի աշխատանքի պլանի իրականացումը կապված է գրականության և այլ տեղեկատվական աղբյուրների, տեղեկատվության ընտրության, տարբեր փորձարարությունների, փորձերի անցկացման, հետազոտությունների, հարցումների, վերլուծությունների, ստացված տվյալների ամփոփման, ինչպես նաև հետևությունների ձևակերպման և այդ հիմքի վրա նախագծի խնդրի լուծման սեփական տեսանկյուն ձևավորելու հետ:
Նախագիծը անպայման պիտի ունենա գրավոր մաս` աշխատանքի ընթացքի հաշվետվությունը, որում նկարագրվում են աշխատանքի բոլոր փուլերը, առաջացած խնդիրներն ու դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում են տեղեկատվությունը, կատարված դիտարկումներն ու փորձարարությունները, ամփոփվում են արդյունքները, արվում հետևություններ, պարզաբանվում նախագծի հեռանկարները:
Նախագծի պարտադիր պայման է նրա հրապարակային պաշտպանությունը` աշխատանքի արդյունքների ցուցադրությունը (презентация), որի ընթացքում հեղինակը ոչ միայն պատմում է աշխատանքի ընթացքի մասին և ներկայացնում արդյունքները, այլև ցուցադրում է նախագծի խնդրի լուծման սեփական փորձն ու գիտելիքները, ձեռք բերած իրավասությունը:
Իր էությամբ ուսուցման նախագծային մեթոդը նման է զարգացնող ուսուցմանը, որի դեպքում իրականացվում է նպատակասլաց ուսումնական գործընթաց: Սովորողը, լինելով այդ գործունեության լիարժեք գործող մարդ, գիտակցորեն նպատակներ է դնում է և ստեղծագործաբար հասնում դրանց:
Հատված «Ի՞նչ է ուսումնական նախագիծը» գրքից
- Բացվել է 6215 անգամ