Ուսուցումը «Ասպետ» ռազմամարզական ճամբարում
Primary tabs
«ՆԶՊ» առարկայի պետական չափորոշիչը սահմանում է առարկայի դասավանդման երկու հիմնական նպատակ.
1.Ավագ դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է պատրաստվի այն մտքին, որ զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար, և ինքը պետք է լինի ֆիզիկապես կոփված, մտավոր ու հոգևոր ներուժով, բարոյական վեհ արժանիքներով օժտված անձնավորություն, ունենա անհրաժեշտ ռազմագիտական նվազագույն գիտելիքներ ու ունակություններ:
2.Դպրոցներում «ՆԶՊ» առարկայի դասավանդումը պատանիներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ ռազմական գիտելիքներ ստանալու և ծառայության զորակոչվելիս հեշտությամբ յուրացնելու նորակոչիկների պատրաստության ծրագրին ու դրանք լավագույնս կիրառելու զինվորական ծառայության ժամանակ:
Սրանց երկուսի հիմքում էլ ընկած է նույն գաղափարը` հնարավորինս լավ նախապատրաստել սովորողին զինվորական ծառայության:
«ՆԶՊ» առարկայի դասընթացով զինվորական ծառայության անցնելու գործընթացը բաղկացած է հետևյալ մասերից.
- ՀՀ զինված ուժերի և ռազմարվեստի պատմություն
- մարտավարական հիմունքներ
- կրակային պատրաստություն
- համազորային կանոնադրություններ
- շարային պատրաստություն
- ռազմական տեղագրություն
- միջազգային մարդասիրական իրավունք
- առաջին բուժօգնություն
Վերոհիշյալ բաժինները առանձին-առանձին կամ մի քանիսը միասին յուրացվում են դասարանային պայմաններում, որտեղ ապահովվում են միայն տեսական գիտելիքներ, բայց կարող են իրականացվել նաև ռազմամարզական ճամբարներում, որտեղ գիտելիքները ավելի գործնական ու կիրառելի են:
Նմանատիպ ուսուցում կազմակերպելու լավագույն հնարավորություններ է ընձեռում «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Ճամբարային գործունեությունը նաև հրաշալի միջոց է սովորողին գործնականում զինվորական ծառայության նախապատրաստելու:
«Ասպետ» ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ-ում` անմիջապես գործող զորամասի տարածքում, որը լավագույն հնարավորությունն է ծանոթանալու զինվորականի առօրյային: ՀՀ զինված ուժերի մասին սովորողները հնարավորություն են ստանում տեղեկանալու անմիջապես զորանոցի տարածքում, որտեղ յուրաքանչյուր զորամասում կա դրա մասին պատմող, պաստառներով հագեցած անկյուն: Բացի այդ, ճամբարի ծրագրով նախատեսված են հատուկ դասընթացներ, որոնք նպաստում են պատմության ավելի մանրամասն ուսումնասիրմանը: Առավել տպավորիչ է, երբ զինված ուժերի պատմության մասին խոսում են արցախյան պատերազմի մասնակիցները: Յուրաքանչյուր երեկո ցուցադրվում են պատմավավերագրական ֆիլմեր: Ճամբարի ծրագրում նախատեսված է փեինթբոլ խաղը, որը մարտական արվեստ ուսուցանելու լավագույն միջոց է: Փեինթբոլը՝ որպես ռազմական ուսուցողական խաղ, ներառված է մի շարք կրթական համակարգերում: Շատ դեպքերում այն օգտագործվում է որպես մարզական միջոցառում:
Ապագա զինվորների նախապատրաստման կարևորագույն կետերից մեկը կրակային պատրաստությունն է: Այս գործընթացը «Ասպետ» ճամբարում կազմակերպվում է երեք փուլով: Նախ՝ կազմակերպվում է տեսական դասընթաց, ապա՝ ներակայացվում են ինքնաձիգից կրակելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները, տարբեր իրավիճակներում այն ճիշտ գործածելը, հնարավորինս երկար պահպանելը: Սովորողները մանրամասն ծանոթանում են զենքի առանձին մասերին ու այն արագ քանդելուն:
Երկրորդ փուլում սովորողները նշանառություն ձեռք բերելու համար կրակում են օդամղիչ ատրճանակից, յուրաքանչյուր սովորող` 5 փամփուշտ: Վերջին փուլում սովորողները հնարավորություն են ստանում կրակելու իրական զենքից` 2 անգամ, նախնական և վերջնական արդյունքներ գրանցելով:
«Ասպետ» ճամբարում շարային պատրաստությանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Յուրաքանչյուր օրվա ծրագրում ներառված են շարային պատրաստության դասաժամեր, որոնք անց են կացվում իրական շարահրապարակում: Յուրաքանչյուր հավաքի ժամանակ ճամբարի բացման ու փակման արարողություններին մասնակիցները հնարավորություն են ունենում շարային քայլվածքով հանդիսավոր երթի ներակայանալ պատվավոր հյուրերի առաջ:
Անցկացվող դասընթացներից առանձնահատուկ տեղ են գրավում հատուկ մասնագետների, արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելուն ուղղված հատուկ դասընթացները, որոնք իրենց մեջ ներառում են առաջին բուժօգնությունը, ճիշտ վարքագիծը պատերազմական գործողությունների ու վթարների ժամանակ:
Ճամբարի մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու համար յուրաքանչյուր օր կազմակերպվում են մարմնամարզական միջոցառումներ: Ճամբարի ծրագրում անց են կացվում անհատական ու թիմային մարզական մրցումներ (վոլեյբոլ, ֆուտբոլ, պարանի ձգում, վազք, ծանրաքարի հրում, ձեռքի ուժ, ձգումներ պտտաձողի վրա):
Ճամբարային առօրյան շատ քիչ է տարբերվում իրական զինվորի առօրյայից, ինչը զինվորական կյանքին նախապատրաստվելու և զինվորական կյանքը ճանաչելու լավագույն հնարավորությունն է։ Դա չի կարող տալ ոչ մի տեսկան դասընթաց: Բացի այդ, շատ կարևոր է, որ միևնույն տարիքի սովորողները թեկուզ ոչ տևական ժամանակահատվածում ապրում, սնվում, սովորում եմ միասնին` գիշերելով իրական զորանոցներում: Միգուցե տարիներ անց հենց ճամբարում իրար հանդիպած սովորողները միևնույն զորամասում ուս ուսի տված միասին պաշտպանեն մեր երկրի սահմանները:
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։
- Բացվել է 2603 անգամ