Դպրոցական կայքը սովորողին բովանդակության սպառողից դարձնում է բովանդակության ստեղծող

Հոդվածում տրվում է այն ուսումնական գործունեության ձևը, որը ներկայացրել եմ Մայքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչներ» միջազգային ծրագրին:  

Ներկայացվող ուսումնական գործունեության հոգեբանամանկավարժական հիմնավորվածությունը

Մայքրոսոֆթի «Գործընկերներ կրթական ցանցում» ծրագրում նշված են 21-րդ դարի կրթության հիմնական դրույթները, որոնցից ամենակարևորը համարվում է «Բովանդակության սպառողից` բովանդակության ստեղծող»-ը: Դասագրքերի տեքստերը, գեղարվեստական գրքերը, ֆիլմերը, էլեկտրոնային լրատվամիջոցները, ռադիոն, հեռուստատեսությունը և զանգվածային լրատվական այլ միջոցներն անընդհատ նորանոր բովանդակություն են առաջարկում սպառման համար` կարդացե՛ք, սա շատ հետաքրքիր է, լսե՛ք սա նորություն է, դիտե՛ք, այսպիսի բան երբեք չեք տեսել: Լինելով միայն սպառողի վիճակում՝ սովորողը դառնում է պասսիվ ու անտարբեր շրջապատի, իրական կյանքի նկատմամբ, ոչ նախաձեռնող: Լիովին այլ բան է մեր դպրոցական կայքը` «mskh.am»-ը: Սովորողին հնարավորություն է տրված ոչ միայն ընթերցելու, սպառելու ներկայացված բովանդակությունը, այլ նաև` ստեղծելու սեփականը: Եվ սովորողի ստեղծած տեքստն էլ ոչ միայն իր ուսուցիչն է կարդում, այլ նաև` տասնյակ ու հարյուրավոր այլ ընթերցողներ: Անձի, հատկապես դեռահասի հոգեբանական ճիշտ զարգացման համար էական նշանակություն ունի շրջապատում սեփական անձի կարևորությունը զգալը, ինքնահաստատման առաջին քայլերը կատարելը:

Ուսումնական գործունեության նախադրյալը

Այս ուսումնական գործունեության նախադրյալը «www.mskh.am –ի անգլերեն էջի ստեղծումը» երկարաժամկետ ու անընդհատ նախագիծն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը սովորողի ստեղծագործական աշխատանքի վիրտուալ տարածք է, որտեղ նրանք կարող են տարբեր լեզուներով տեքստեր ստեղծել: Ես անգլերեն էջի պատասխանատուն եմ, և իմ նպատակն է անգլերեն էջի բովանդակությունը, որքան հնարավոր է, մոտեցնել հայերեն էջի բովանդակությանը, որպեսզի օտարազգի ընթերցողները ճանաչեն մեզ, մեր հեղինակային մանկավարժությունը։ Բայց դա չէ իմ գլխավոր նպատակը: Եթե դա լիներ իմ գլխավոր նպատակը, ես անձամբ կթարգմանեի կայքի առաջին էջի բոլոր կրթական, նախագծային, տեղեկատվական հոդվածները, կամ էլ դպրոցի ղեկավարությունը կվարձեր մի արհեստավարժ թարգմանչի: Իմ գլխավոր նպատակն է սովորողների մեջ ձևավորել սեփական անգլերեն տեքստերը ստեղծելու կարողությունները:   

Ներկայացվող ուսումնական գործունեության կրթական միջավայրը

Դասարանն ունի Wi-Fi անլար ինտերնետի հասանելիություն և կահավորված է պրոյեկտորին միացված ուսուցչի անձնական համակարգիչով: Բոլոր (15-20) սովորողներն ունեն իրենց անձնական նոթբուք/նեթբուքները:

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Որպեսզի հասնեմ նպատակիս, ես պետք է որոշ նախապատրաստական աշխատանք անեմ: Սովորողներին ներկայացնում եմ առցանց բառարաններից՝  translate.google.ru;  translator.amlingvo-online.ru, ճիշտ օգտվելու ձևերը։ 

Նախքան թարգմանչական բուն աշխատանքին անցնելը՝ կազմակերպում եմ վերջին երեք օրերի ընթացքում կայքում հրապարակված կարևոր նյութերի քննարկումներ անգլերեն: Նյութերը հայերեն են, իսկ քննարկումները` անգլերեն: Այս ձևով սովորողները սկսում են խոսել այն թեմաների շուրջը, որոնք նրանք թարգմանելու են: Քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իր անձնական համակարգիչը, նրանք կարող են միևնույն ժամանակահատվածում կարդալ տարբեր տեքստեր և առաջարկել դրանք որպես թարգմանչական աշխատանք: Քննարկումից հետո սովորողներին տրվում է 5-7 րոպե, որպեսզի հայերեն կարծիքներ գրեն իրենց ընտրած և քննարկած նյութի համար: Հետո դասարանը բաժանվում է  3-4 աշխատանքային խմբերի: Աշխատանքային խմբերի քանակը հավասար է ընտրված տեքստերի քանակին: Յուրաքանչյուր խումբ ունի իր առաջատարը, ում անգլերենի իմացության մակարդակը ամենաբարձրն է խմբում: Առաջատարը սովորաբար աշխատում է  Microsoft Office ծրագրով, իսկ խմբի անդամները բացում են տարբեր առցանց բառարաններ և արագ օգնում են առաջատարին այս կամ այն դժվար ու անծանոթ բառը թարգմանել: Ես շրջում եմ դասարանում՝ մոտենալով այս կամ այն խմբին և ուղղում եմ նրանց արած լեզվական սխալները: Դասարանում աղմուկ կա, բայց դա անգլերեն նոր բովանդակություն ստեղծող սովորողների հաճելի դժժոցն է:

Ինձ ուղարկված տեքստերը խմբագրելուց հետո հրապարակում եմ դրանք կայքի անգլերեն էջում: Երբ տեքստերն արդեն հրապարակված են, սովորողներին 5-7 րոպե է տրվում` ընտրված և թարգմանված տեքստերին կարծիքներ գրելու համար: Նրանց համար դա դժվար չէ անելը, որովհետև լավ գիտեն տեքստի բովանդակությունը:

Կատարված թարգմանությունների գնահատումը

Յուրաքանչյուր տեքստի համար հատկացվում է առավելագույն 10 միավոր.
մասնակցությունը նախաթարգմանչական քննարկումներին` 0-2 միավոր

  • ճշգրիտ բառապաշարի համար` 0-3 միավոր
  • լեզվական ճիշտ կառուցվածքներ օգտագործելը`0-3 միավոր
  • լեզվի բնականությունը` 0-2 միավոր

Տեսաֆիլմը նկարահանել է 10-րդ դասարանի սովորող Անի Մանուկյանն իր i-phone բջջային հեռախոսով։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский