Մի մուլտիմեդիա նախագիծ
Primary tabs
Համակարգիչը մեր տան անփոխարինելի գործիքն է, առանց որի չենք պատկերացնում մեր օրը: Տղաս, որը 3,5 տարեկան է, վաղուց է սկսել հետաքրքրվել համակարգչով: Ես՝ որպես ծնող, միշտ անհանգստացել եմ, թե ինչ է դիտում իմ երեխան: Հիմնական դժվարությունը լեզուն է եղել՝ ֆիլմին զուգընթաց մեր բացատրությունները, թարգմանությունները միշտ չէ, որ հարմար և տեղին են լինում:
Այդ պատճառով, դեռ անցյալ տարվանից մտածում էի հայերեն մուլտֆիլմեր պատրաստելու մասին, սակայն միշտ ինչ-որ բան խանգարում էր՝ ժամանակը չէր բավականացնում, չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, համակարգչով նկարելը այնքան էլ լավ չէր ստացվում և այլն:
Այս տարի սկսեցի դասավանդել Արհեստագործական ավագ դպրոցում և Քոլեջում` կրթահամալիրի ՏՏ մասնագետների հետ ղեկավարելով «Համակարգիչների շահագործում» խումբը:
Դասավանդման աշխատանքը բաժանել էինք երեք մասի՝ ցանցային ադմինիստրացիա, համակարգիչների սպասարկում և ծրագրային ուսուցում: Վերջինը ես եմ դասավանդում: Որոշել էի, որ այս տարի մեր աշխատանքը այնպիսին պետք է լինի, որ ունենանք վերջնական՝ պատրաստի արդյունք: Ու այդ ժամանակ հիշեցի հայերեն մուլտֆիլմերի մասին:
Արհեստագործական ավագ դպրոցի «Համակարգիչների շահագործում» խմբի սովորողների և Քոլեջի ուսանողների հետ սկսել ենք իրականացնել «Անիմացիոն և կենդանի մուլտֆիլմեր փոքրերի համար» նախագիծը: Նախագծի նպատակը որակյալ, հետաքրքիր և գույներով հագեցած հեքիաթներից՝ հայերեն լեզվով անիմացիոն մուլտֆիլմերի ստեղծումն է:
Սկզբում թվում էր, թե նախագծի իրականացումը բավականին հեշտ պետք է լինի, սակայն աշխատանքը սկսելուն պես հասկացա, որ սպասվում է ծավալուն և բավականին բարդ աշխատանք:
Նախագծի առաջին՝ առավել հեշտ և սովորողներին քիչ թե շատ ծանոթ մասի իրականացումը կազմված է մի քանի փուլերից.
- Սովորողները պետք է պատկերացում կազմեին անիմացիաների, նրա տեսակների, շարժական և անշարժ նկարների որակների, ֆորմատների, օգտագործման հմտությունների մասին: Այս փուլի իրականացման համար հիմնականում օգտվել ենք համացանցային ռեսուրսներից։
- կրթահամալիրի օրացույցով ամենամոտը խնկոյանական օրերն էին, այդ պատճառով սովորողները հանձնարարություն ստացան՝ համացանցում տեղեկություն որոնել Աթաբեկ Խնկոյանի մասին, կարդալ նրա առակները։
- Պարզ անիմացիաների ստեղծում։ Այս փուլում օգտվեցինք ամենահասարակ նկարչական ծրագրերից՝ յուրաքանչյուր կադր և շարժում նկարելով առանձին, ապա մոնտաժային ծրագրի օգնությամբ կադրերի արագ անցումներով ստանում ենք մուլտֆիլմ: Սովորողները նկարում են համակարգչով, ինչը բավականին դժվարացնում է աշխատանքը, քանի որ ոչ բոլորն են կարողանում լավ աշխատել մկնիկով:
Այս փուլում սովորողների աշխատանքը անհատական է, որպեսզի յուրաքանչյուրը պատրաստի իրենը, ցույց տա իր ստեղծագործական կարողությունները, փորձի իր ուժերը: Քննարկման արդյունքում որոշեցինք նախնական, փորձնական փուլի համար վերցնել «Ագռավն ու աղվեսը» և «Ճպուռն ու մրջյունը» առակները։ - Ձայնագրությունների փուլ։ Հիմա աշխատում ենք այս փուլում: Սկզբում որոշել էինք, որ սովորողները կարդալու են հենց Խնկոյանի ստեղծագործությունների բնագրերը՝ առանց փոփոխության, բայց հետո, տեսնելով նկարները, հաջորդական անցումները, մտածեցինք, որ հետաքրքիր կլինի, եթե սովորողները ոչ թե կարդան կամ անգիր ասեն, այլ վերապատմեն այնպես, ինչպես հասկացել են կամ պատկերացնում են: Այսինքն՝ ստեղծեն առակի սեփական տարբերակը՝ Խնկոյանի մոտիվներով։
Կարծում եմ՝ այսպես ավելի հետաքրքիր կլինի։ Մյուս կողմից իրենց հերթին փոքրիկներն էլ ավելի լավ կհասկանան, կենդանի պատում կլսեն: Ձայնագրություններն անում ենք մեր ուժերով՝ հիմնականում հեռախոսների ձայնագրման ծրագրերով, ինչը բարձր որակ չի ապահովում: Արդեն պայմանավորվել ենք կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի հետ, մեր հետագա աշխատանքներն ավելի որակյալ ու պրոֆեսիոնալ դարձնելու համար արդեն կաշխատենք այլ կերպ:
Նախագծի հետագա՝ ավելի բարդ փուլի իրականացումը, նախատեսվում է անել ավելի պրոֆեսիոնալ մակարդակով: Դրա համար արդեն սկսել ենք անիմացիաներ պատրաստելու Macromedia Flash ծրագրի ուսումնասիրությունները՝ տեղադրումը համակարգչում, ճիշտ և գրագետ օգտագործումը, հնարավորությունների և գործիքների ուսումնասիրումը և այլն:
Զարմացա, երբ միջին դպրոցի սովորողները, համակարգչումս տեսնելով ավագ դպրոցի սովորողների և քոլեջի ուսանողների կիսատ աշխատանքները, ցանկություն հայտնեցին մասնակցել նախագծին:
Կարծում էի, որ դա նրանց չի հետաքրքրի: Բայց պարզվեց, որ սխալվում եմ. 7-րդ և 9-րդ դասարանի սովորողների «Մեդիատեխնոլոգիա» առարկայի իմ խումբը մեծ խանդավառությամբ է մասնակցում այս նախագծին: Ավագ դպրոցի սովորողները հաճույքով են անում այս աշխատանքը, քանի որ իրենց բավականին մեծ են համարում ու հաճույք են ստանում այն մտքից, որ իրենք աշխատում են փոքրերի համար, որ իրենց աշխատանքները կարող են հետաքրքիր և անհրաժեշտ լինել նաև ուրիշներին:
- Բացվել է 2508 անգամ