Խմբային նախագծի կազմակերպում

Ինչպես հայտնի է, նախագծերը լինում են անհատական և խմբային: Այժմ կդիտարկենք խմբային նախագիծը և անհատական ու խմբային նախագծերի առանձնահատկությունները: Խմբային նախագիծը թույլ է տալիս լուծել ինչպես մի շարք ուսումնական, այնպես էլ հատուկ դաստիարակչական խնդիրներ: Բացի դրանից՝ խմբային նախագծի իրականացումն իրենից դժավարություն է ներկայացնում հենց դասավանդողի համար:Առաջին կարևոր և հիմնական դժվարությունը նախագիծն իրականացնող խմբի ձևավորումն է: Իդեալական խմբի անդամները պիտի լինեն ակտիվ, ինքնուրույն և պատասխանատու անձինք: Նրանք պետք է լինեն գաղափարներով հարուստ, բանիմաց, անընդհատ պրպտող, փնտրող, հետազոտող: Սովորողները պիտի կարողանան համագործակցել, ցուցաբերել ճկունություն և սկզբունքայնություն, հարգեն դիմացինի կարծիքը և հարկ եղած դեպքում հաստատակամորեն պնդեն իրենց կարծիքը, իսկ փոխզիջման գնան հանուն ընդհանուր նպատակի: Մի պահ նույնիսկ դժվար է պատկերացնել իրական դպրոցական իրավիճակ, որտեղ կարելի է իրագործել վերը նշված բոլոր պայմանները: Բայց եթե սովորողները նախագծեր իրականացնեն հինգերորդ դասարանից սկսած, ապա ութ-իններորդ դասարաններում նրանք կկարողանան աշխատել խմբային նախագծերի վրա առանց դժվարությունների:

Խմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:

Խմբային նախագծերը նպատակահարմար է իրականացնել, երբ դասարանում կարիք կա ձևավորելու «կոլեկտիվ» հասկացությունը, երեխաներին սովորեցնելու համագործակցել միմյանց հետ: Սակայն խմբային աշխատանքի ժամանակ ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունենում ակտիվ և հավասար մասնակցություն ցուցաբերելու աշխատանքի բոլոր փուլերում: Միշտ էլ ինչ-որ մեկը կատարում է հիմնական աշխատանքը, իսկ մյուսը՝ անցնում երկրորդ պլան: Այդ իսկ պատճառով խմբային նախագծերի հետ համատեղ սովորողները պետք է իրենց ուժերը փորձեն նաև անհատական նախագծերում:

Խմբային և անհատական նախագծերի առանձնահատկությունները

Աշխատանքի տեսակը

Դրական կողմեր

Բացասական կողմեր

Խմբային նախագիծ

  • Ձևավորվում է համագործակցելու, Ճկունություն ցուցաբերելու, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելու, հանուն ընդհանուր նպատակի փոխզիջման գնալու կարողությունները:
  • Նախագիծը կարող է ավելի խորը և բազմակողմանի իրականացվել:
  • Թույլ է տալիս աշխատանքի բաժանում կատարել, և խմբի յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնս ցուցաբերել իր հմտությունները այն աշխատանքում, որը նա շատ լավ է կարողանում կատարել:
  • Խմբային աշխատանքը անվտանգ և համապատասխան միջավայր է ստեղծում անինքնավստահ և անհանգիստ երեխաների համար: Այն նպաստում է ձևավորելու ճիշտ փոխհարաբերություններ այդ երեխաների և նրանց հասակակիցների միջև, որի արդյունքում բարձրանում է ինքնագնահատականը:
  • Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերելու՝ դիտարկելով մյուսների կատարած աշխատանքը և ավելի արդյունավետ լինելու ուսումնական պրոցեսում:
  • Առանձին սովորողներ հնարավորություն են ստանում ակտիվություն չցուցաբերելու և մնալու խմբի ակտիվ անդամների ստվերի տակ:
  • Առանձին սովորողների մոտ լիովին չի ձևավորվում պատասխանատվության զգացում խմբային աշխատանքի ընթացքի և ակնկալվող արդյունքի համար:
  • Դժվար է կազմակերպել և կոորդինացնել աշխատանքը:
  • Դժվար է յուրաքանչյուր սովորողի կատարած ներդրումը գնահատել:

Անհատական նախագիծ

  • Նախագծի հեղինակը ավելի լիարժեք և բազմակողմանի է ուսումնասիրում նախագիծն աշխատանքի բոլոր փուլերում:
  • Զարգանում է նախաձեռնելու հմտությունը, պատասխանատվության զգացումը, ակտիվությունը:
  • Նախագծի թեման կարող է առավելագույնս համապատասխանել սովորողի նախասիրություններին:
  • Նախագծի ընթացքն ու արդյունքը կախված են հեղինակից:
  • Վերջնական գնահատումն ավելի լիարժեք է արտացոլում կատարված աշխատանքի որակը:
  • Համագործակցելու գործոնը բացակայում է:
  • Հնարավորություն չի տալիս ուրիշների կատարած աշխատանքից փորձ ձեռք բերել:
  • Աշխատանքն ավելի աշխատատար և պատասխանատու է իրականացման բոլոր փուլերում:

Թարգմանություն-փոխադրություն ռուսերենից 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский