Երկարացված օրվա խմբի գործունեության կազմակերպում
Primary tabs
21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, մարդկանց կյանքի ռիթմի արագացումը չէր կարող ուղղակի, աննկատ անցնել ընտանիքի կողքով: Ինֆորմացիայի հեղեղը, աշխատանքի ծավալների մեծացումը բերում է նաև ժամանակի սղության և զբաղվածության շատացման: Ծնողներն ուղղակի չեն հասցնում հետևել երեխաների զարգացմանը, աճին, նրա կյանքում առաջացած խնդիրներին, մինչդեռ ձգտում են, որ երեխաները զարգացած, դաստիարակված, կիրթ լինեն:
Ես ընդամենը մի ամիս է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում որպես երկարօրյա խմբի դաստիարակ: Հասկանում եմ, որ դա մեծ ժամանակ չէ փորձ ձեռք բերելու և փորձը ներկայացնելու համար: Կաշխատեմ ներկայացնել իմ մտորումները, որոնք ծնվել են մի ամսվա աշխատանքի արդյունքում:
Նախ խոսեմ երկարօրյա խմբի դաստիարակի մասին: Նրա գործը մի քիչ ընտանեկան է, որովհետև այն ժամերին, որ երեխան տանը պիտի լինի, անց է կացնում դպրոցում: Հետևաբար խմբի դաստիարակի աշխատանքը առանձնահատուկ է: Երկարօրյա խմբի դաստիարակը պիտի լավ հոգեբան լինի, կարողանա սովորողի հետ ապրել, գործել, ընդունել սովորողին այնպիսին, ինչպիսին կա, ընդունել նրա սխալվելու, սեփական փորձով ապրելու իրավունքը:
Ես ամենից շատ կարևորում եմ սովորողի ինքնուրույնությունը: Սկսած ճաշի սեղանի սպասքադրումից մինչև հագուստ հանել -հագնելը, մեդիահմտությունները զարգացնելուց մինչև անձնային հարաբերությունները կարգավորելը: Դրան շատ նպաստում են խմբային աշխատանքները: Ես խմբի անդամներից մեկն եմ և սովորողների հետ անում եմ ամեն ինչ՝ դրանով ուղղորդում եմ, հուշում եմ իրենց անելիքները, միաժամանակ սովորողներն ինձ ավելի են վստահում: Խմբում փոխօգնությունը սովորեցնելու և սովորելու լավ միջոց է: Սովորողների գործունեությունը կազմակերպելիս ամեն ինչ անում եմ, որ այդպես լինի:
Երկարօրյա խմբի գործունեությունը սովորաբար դիտվում է որպես դասապատրաստում և վերջ: Այնինչ, դա բոլորովին էլ այդպես չէ:
Երկարօրյան զարգացնում է երեխային, կազմակերպում ֆիզիկական աճը, նպաստում նրա բազմակողմանի կրթությանը:
Սովորողները և թատրոն են խաղում, երաժշտական, մարզական, ազգային-բակային խաղեր են խաղում, նկարում են, ծեփում, օտար լեզուներով երգեր են սովորում: Բոլորը ինքնարտահայտման, ինքնաիրագործման, ինքնահաստատման հնարավորություն են ստանում: Հաճախ իրենց գործունեության կազմակերպիչը իրենք են լինում, և ես անպայման նպաստում եմ դրան, խրախուսում: Ոչ միայն մասնակցել եմ նրանց ուսումնական ճամփորդությանը, այլև փոքր նախագիծ ենք արել:
Բնագիտական աշխատանքեր ենք անում, մասնակցելու ենք նախակրթարանի հայտարարած բույսե պատեր ստեղծելու նախագծին:
Այլ նախագծեր էլ կան: Դրանք կլուսաբանվեն մեր կայքում:
Երկարօրյա խմբի գործունեությունը կարևոր է ոչ միայն ուսումնառության, այլև անձի կայացման համար, սովորողները ձեռք են բերում կարևորագույն որակներ ներդաշնակ զարգացման համար:
Երբեմն երկարօրյա խմբի գործունեությունը ստորադասվում է բուն ուսումնական գործընթացին: Այնինչ երկարօրյան իր առանձնահատուկ խնդիրներն ունի, որոնք պակաս կարևոր, հետաքրքիր և ուսումնական չեն:
- Բացվել է 2020 անգամ