Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք

Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական նախագծերի ամենասպասված փուլը ճամբարն է, որի մասնակիցները ամենամյա էկոլոգիական ստուգատեսի հաղթողներն են։ Էկոլոգիական ստուգատեսը, այսպիսով, էկոլոգիական նախագծի ամփոփումն է: Էկոտուրի մասնակիցները, մինչ այդ, ընտրում են առաջարկված թեմաներից և կատարում են ուսումնական, հետազոտական, գործնական աշխատանքներ: Այդ աշխատանքները ներկայացնում-ցուցադրում են մրցութային փուլի ժամանակ՝ հանձնաժողովի և մյուս մասնակիցների ներկայությամբ:

Կարևոր է, որ ընտրված թեմաները ունենան հասարակական հնչեղություն, նաև նշանակալից արդյունքներ։ Այս տարվա էկոտուրը, օրինակ, հատկանշական է նրանով, որ հաղթող թիմի աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ հանձնաժողովի անդամներից մեկը հայց ձևակերպեց և ուղարկեց դատարան: Դա Լոռու մարզի  թիմի աշխատանքն էր, որը վերաբերում է Դեբեդ գետի պոչամբարին: Ճիշտ է, դեռ հարցին վերջնական լուծում տրված չէ, բայց ընթացքի մեջ է: 
Այսպիսով, Էկոտուրը ոչ միայն խնդիրների մասին խոսելու, այլև դրանց լուծումները առաջարկելու, գործնականում իրագործելու և հանրությանը ներկայացնելու ստուգատես է:Եվ արդյունքների վեջնական ամփոփումը հաղթող թիմերը իրականացնում են Էկոտուրի ճամբարների ժամանակ: Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ: Կրթական փոխանակումները, միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Դրանք կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան լուծման կարոտ որոշակի էկոլոգիական խնդիրներ, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:
Այս տարվա ճամբարը «Զիկատար»  բնապահպանական կենտրոնում կազմակերպվեց Բնապահապանության նախարարության աջակցությամբ: Ուսումնական նախագծերի, անտառում ճանաչողական զբոսանքներ իրականացնելու համար հիանալի վայր  էր:Սակայն տարածքը ամենամոտ Կողբ գյուղից գտնվում էր 10կմ, իսկ Մշկեվանք եկեղեցուց՝ 12 կմ հեռավորության վրա: Ու հեռավորության մեծության պատճառով չկարողացանք իրականացնել արշավներ դեպի գյուղ և եկեղեցի: Հաջորդ անգամ  ճամբարային վայրը ընտրելիս հարկավոր է հաշվի առնել  նաև այդ հանգամանքը:
Էկոտուր 2014-ի հաղթողների ճամբարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Ճամբարը կարող է լինել վրանային-արշավախմբային, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկում, ամերիկյան CENN ընկերության կազմակերպած էկոճամբարների հետ համատեղ և այլն:

Ճամբարի նպատակն է.

  • վեր հանել տվյալ վայրում առկա էկոլոգիական խնդիրները, մասնակիցներին ծանոթացնել տեղի պատմական արժեքների հետ, առկա խնդիրների համար որոնել լուծման ուղիներ, երիտասարդության շրջանում տարածել էկոմտածելակերպ, սերմանել կայուն զարգացման գաղափար և ապրել բնության հետ ներդաշնակ
  • մասնակիցներին տալ գործնական էկոլոգիական գիտելիքներ
  • զարգացնել արշավականի հմտություններ
  • տեղանքում կողմորոշվելու կարողություններ մշակել
  • տալ  տարածքի էկոլոգիական վիճակի գնահատականը
  • կատարել բարեկարգման, պարտիզպանական աշխատանքներ
  • մշակել և իրականացնել էկոնախագծեր։

Խնդիրները

  • գտնել ճամբարի հովանավորների, միջազգային կազմակերպությունների, որոնք  կազմակերպում են նմանատիպ ճամբարներ
  • համագործակցություն ստեղծել ամերիկյան CENN կազմակերպության հետ, որը աշխարհում հայտնի է էկոճամբարների կազմակերպմամբ (կազմակերպության գրասենյակներից մեկը գտնվում է Թբիլիսիում, որի ղեկավարի հետ կապ եմ հաստատել, ուղարկել եմ Էկոտուր 2014- ի ծրագիրը և առաջարկել համագործակցել ճամբարի կազմակերպման հարցում)
  • առցանց ուսումնասիրել արշավախմբային ճամբարների համար հարմար վայրերը
  • նախապես այցելել մի քանի վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել ճամբարը, ստեղծել տեղանքի հայրենագիտական և էկոլոգիական քարտեզները
  • սովորողների հետ ստեղծել գովազդային հոլովակներ:

 Արդյունքում

  • հնգօրյա  ուսումնական, հայրենագիտական, էկոլոգիական ճամբար
  • ուսումնական նախագծերի իրականացում
  • պարբերաբար հրապարակումներ էկոտուրի բլոգում, Կրթահամալիրի կայքում
  • ուսումնական մեդիափաթեթի ստեղծում
  • միջազգային ճամբարի աշխարհագրության ընդլայնում։

Էկոտուր հանրակրթական ստուգատեսի շրջանակներում երկու տարի շարունակ կազմակերպվել են էկոճամբարներ Հայստանի տարբեր վայրերում: Էկոտուր 2012-ի հաղթողները մասնակցեցին Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգիսի կիրճում կազմակերպված Էկոճամաբրին: Էկոտուր 2013-ը առանձնահատուկ էր նրանով, որ ճամբարը կազմակերպվեց երկու մասով՝ Բյուրականի սկաուտական ճամբարը և Զիկատար բնապահպանական կենտրոնում միջազգային ճամբարը: Այս ճամբարներին մասնակցել են մոտ 100 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից, Թբիլիսիից:
Յուրաքանչյուր տարվա փորձը հնարավորություն է տալիս հաջորդ տարում շտկելու բաղթողումները: Էկոտուրն, անկասկած, լայն հեռանկարներ ունի։

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский