Նախագծային գործունեության իմ փորձից
Primary tabs
Նախագիծն սկսվում է թեմայի (անձ, իրադարձություն, երևույթ) ուսումնասիրությունից. ի՞նչ գիտենք դրա մասին, ի՞նչ կա համացանցում, ինչքանո՞վ է այն առնչվում (կամ կարող է, միգուցե նաև պետք է առնչվի) մեզ հետ, և ի՞նչն է պակասում: Այս փուլում արդեն նշմարվում են այն ուղղությունները, որոնցով պիտի աշխատեն սովորողները՝ խմբային կամ անհատապես: Արդյունքում մշակվում է նախագծի ծրագիրը:
Սովորողները ծանոթանում են ծրագրին և ընտրում նախագծի այն առաջադրանքը, որն իրենց ավելի շատ հետաքրքրեց, ոգևորեց, ինչի վրա հաճույքով կաշխատեն: Ինքնըստինքյան ձևավորվում են խմբեր՝ ըստ ընտրած թեմայի. պատահում է նաև, որ որևէ աշխատանք ստանձնում է միայն մեկ հոգի: Աշխատանքային խմբերը կազմված են. սկսվում է աշխատանքի առաջին փուլը:
Առաջին փուլը ընթացք է ստանում դասարանում: Այդպես ավելի հեշտ է, քանի որ ուսուցիչն ընթացքում հետևում է աշխատանքներին և իր համար հետևություն անում, թե որ սովորողն է ավելի համակարգված, ուղղորդված աշխատում, ով է թերանում (երբեմն նաև ծուլանում), ով է դժվարանում, ինչ խնդրի առաջ է կանգնում: Դասի ընթացքում հունի մեջ ընկնելով՝ սովորողների համար պարզ է դառնում, թե տանն ինչպես պետք է շարունակեն աշխատանքը:
Երկրորդ փուլը նախնական հաշվետվությունն է: Երկու-երեք օր հետազոտական աշխատանքներից հետո յուրաքանչյուր խումբ դասարանում իր ընկերներին ներկայացնում է կատարած աշխատանքը՝ ուղղությունը, ընթացքը, դժվարությունները, ձեռք բերած գիտելիքներն ու լրացուցիչ հմտությունները, և ցուցադրում է պատրաստած նյութը: Դասարանային քննարկման ժամանակ նշվում են հաջողված կետերը, թերի կողմերը, հստակեցվում են դրանց շտկման ձևերը:
Երրորդ փուլում խմբերը, հաշվի առնելով ընդհանուր քննարկման արդյունքները, վերանայում են իրենց աշխատանքները՝ դրանք դարձնելով հնարավորինս ամբողջական, գրագետ, ներկայանալի:
«Վիկտոր Համբարձումյան» նախագիծը իրականացվեց հենց այս փուլերով, արդյունքները հրապարակվեցին սովորողների բլոգներում, Միջին դպրոցի ենթակայքում (1, 2, 3, 4, 5, 6, 7): Եղավ նաև պրեզենտացիա կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» լաբորատորիայի բացման ժամանակ:
Հ.Գ. Սովորողների հետ նախագծային գործունեության մասին զրուցելիս պարզեցի, որ նրանք հաճույքով են մասնակցում նախագծային աշխատանքներին, քանի որ այն փոխում է դասի միատոն ընթացքը, անընդհատ բացահայտելու հնարավորություն է տալիս, բայց գրեթե բոլորը նշում էին մեկ բացասական գիծ. քանի որ բոլոր առարկաներն անդրադառնում են տվյալ նախագծին, սովորողները մի տեսակ խեղդվում են հանձնարարությունների, տեղեկատվության այդ խիտ հոսքից:
- Բացվել է 1370 անգամ