Նախագծային ուսուցում. «Վիկտոր Համբարձումյան»
Primary tabs
(Աշխատանքը կատարվել է 5-րդ դասարանցիների հետ)
Այս տարվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր մակարդակներում նոթբուք/նեթբուքը ուսումնական անհրաժեշտ գործիք է անլար համացանցով ապահովված դասարանում։ Տարվա երկրորդ նորությունը նախագծային ուսուցման կարևորումն է։ Այսպիսով փոխվում են նաև դասավանդման ձևերն ու ուսուցման եղանակները: Համացանցն ու ծրագրերը ենթադրում են նոր ուղիներ ու լայն հնարավորություններ` ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու-հետազոտելու, ինքնաարտահայտվելու համար:
Նախ՝ դասարանում փորձեցինք հասկանալ, թե ինչ է նախագիծը, երբ են նախագիծ անում, և վերջում ինչ, ինչպիսի արդյունք կարող ենք ունենալ (ինչ ենք ակնկալում): Սովորողներին ծանոթացրի ուսումնական օրացույցին, առանձնացրինք «Վիլյամ Սարոյան» և «Վիկտոր Համբարձումյան», քանի որ երկուսն էլ ծնվել են սեպտեմբերին: Զրույցի միջոցով ճշտեցինք՝ որչափով են ճանաչում նրանց: Կարդացի Զորի Բալայանի «Մեծ երրորդություն» հոդվածի այն մասը, որտեղ երևում է մեծ հայրենասեր աստղագետը: Ոգևորվեցին, ուրախացան ու…
Ուզում ենք ավելին իմանալ:
Ձևակերպեցինք անելիքները.
Նպատակը՝ Մեդիափաթեթի ստեղծում (ուսումնական ֆիլմեր)
Ուսումնասիրության նյութերը
- Վիկտոր Համբարձումյանի կյանքը, գործունեությունը
- Համբարձումյանի հուշերը. Կյանքի դրվագներ
- Համբարձումյանի «Կտակը» և «Խոսք ուսուցիչներին»
- Բյուրականի աստղադիտարանը, տուն-թանգարանը, շրջակա տարածքը
- Վիկտոր Համբարձումյանի անվան փողոցը
- Վիկտոր Համբարձումյանի հետքերով (վայրեր, որտեղ եղել է նա)
- Վիկտոր Համբարձումյանի արձանը, կիսանդրին։
Աշխատանքի ուղղությունները՝
- ուսումնական նյութեր
- լրագրողական ուսումնասիրություն Բյուրականում, նրա անունը կրող փողոցում, մեր շրջապատում՝ հարցազրույցներ, տեսանյութեր
- առցանց քննարկում, վերլուծություն
- «Կյանքի դրվագներ» հուշագրության վերլուծություն, տեսագրում
- Այցելություն Բյուրականի աստղադիտարան, տուն-թանգարան (լրագրողական ուսումնասիրություն)
Գործիքներ` ձայնագրիչ, ֆոտոխցիկ, նոթբուք` համացանցին միացված։
Արդյունքում կլուծվեն ուսումնական հետևյալ խնդիրները.
- ճանաչողություն գիտական աշխարհի մարդկանց
- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ հմտացում
- գրավոր խոսքի մշակում
- ընթերցանության նյութի իմաստի ընկալում
- բառարաններից օգտվելու հմտություն
- մարդկային ընկերական հարաբերությունների հաստատում (փոխզիջում, փոխօգնություն, համագործակցություն, ընդհանուր գործի համար պատասխանատվություն)
Աշխատանքի ձևերը՝ անհատական, խմբովի, զույգ-զույգ։
Համացանցը փորփրելով, որոշակի տեղեկություններ հավաքելով՝ ուսումնական նյութեր (1, 2, 3, 4, 5, 6) պատրաստելուց հետո, իբր պատահաբար կանգ առանք «Կյանքի դրվագներ» գործի վրա: Հանձնարարվեց կարդալ, թվարկել դեպքերի հաջորդականությունը (մյուս դասարանում նյութը բաժանեցինք հատվածների, վերնագրեցինք՝ հիմնավորելով յուրաքանչյուր վերնագիրը): Հաջորդ դասին սովորողները բաժանվեցին 2-3 հոգանոց խմբերի և ըստ ցանկության՝ ամեն մի խումբ ընտրեց իր համար մի մաս: Խմբերը պարտավորվեցին իրենց ընտրած տեքստը համառոտել և ստացված նյութը իրար մեջ բաժանելով՝ լավ սովորել: Ասեմ, որ նրբորեն էր կատարվում այդ աշխատանքը. թույլ սովորողին առանց նեղացնելու, ծույլին էլ համոզելով հանձնարարվում էր համեմատաբար փոքր մաս: Ընկերոջ մասը կարդում էր խմբի ուժեղը, բացատրում, կրկնել տալիս։ Սովորեցինք, կարդացինք ու անցանք ձայնագրության:
Հետաքրքիր աշխատանք կատարեցինք «Վայրեր, որտեղ եղել է աստղագետը» թեմայով: Ասեմ, որ այս աշխատանքը սովորողին ստիպեց ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել նյութը: Դուրս հանվեցին այդ վայրերի անունները, և սկսեցինք հետաքրքիր տեղեկություններ հավաքել դրանց մասին: Քարտեզի վրա գտանք գյուղերն ու քաղաքները, աշխարհագրական դիրքը… Ովքեր եղել էին այդ վայրերում, պատմեցին իրենց տեսածի ու լսածի մասին, որից հետո անցանք որոնողական աշխատանքի: Թեև արդյունքում եղան տարբեր որակի նյութեր (1, 2, 3), բայց սովորողները բավականին աշխատեցին ու, բնականաբար, շատ ու շատ բան իմացան:
Աշխատանք՝ «Կտակը»
Նախ՝ ինչ է կտակը: Փոքր զրույցից հետո բառարանի օգնությամբ դուրս հանվեց բառի բացատրությունը: Կարդացինք գիտնականի կտակը, անծանոթ բառերը բացատրեցինք, որից հետո առցանց դասի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչու է մեծ աստղագետը կտակել հենց հայոց լեզուն: Գնացինք դեպի Մաշտոց՝ գրերի գյուտ, Հայաստանի քաղաքական վիճակ, Վռամշապուհ թագավոր, Սահակ Պարթև: Համեմատեցինք 4-5-րդ դարերը այժմյան քաղաքական դրության հետ. համադրեցինք, ու դարձավ ակնհայտ, թե ինչու էր հայոց լեզուն կտակում մեր մեծ աստղագետը։
Հետո կարդացինք, քննարկեցինք հայոց լեզվի մասին հայազգի մեծերի խոսքերը: Ձայնագրվեցին շատերը, բայց պատրաստեցինք մեկ նյութ:
Բյուրականի աստղադիտարանը
Ճամփորդության մեկնելուց առաջ գծեցինք երթուղին: http://www.findarmenia.com/ կայքից օգտվելով ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերը, գտանք՝ որ մարզերով է անցնում Երևան-Բյուրական ավտոճանապարհը: Խորհրդակցեցինք հայրենագիտության ուսուցչի՝ Իվետա Ջանազյանի հետ, որից հետո smart ծրագրով բացատրեցինք մեր անցնելիք ճանապարհը և քարտեզագրեցինք:
Սկսվեցին քննարկումները: Հստակեցվեց, որ Բյուրականի աստղադիտարանի ճամփորդությունը բաղկացած է լինելու երեք մասից:
1. սովորողները ծանոթանում են աստղադիտարանի գեղատեսիլ տարածքին, աստղադիտարանի գլխավոր լաբորատոր շենքին, որի առջև տեղադրված է Վիկտոր Համբարձումյանի արձանը: Գլխավոր շենքի մոտակայքում են գտնվում նաև աստղադիտարանի երկու փոքր դիտակների աշտարակները.
2. այցելում են Վ. Համբարձումյանի տուն- թանգարան.
3. Էքսկուրսիայի վերջում՝ երրորդ մասում, կատարվում է այցելություն աստղադիտարանի ամենամեծ՝ 2,6 մետրանոց աստղադիտակի աշտարակ: Այնտեղ, դիտակը տեսնելուց բացի, ցուցադրվում է ուսումնական- ճանաչողական ֆիլմ:
Ասեմ, որ ճամփորդությունը հաջող անցավ, կետ առ կետ կատարվեց նախատեսվածն ամբողջությամբ: Դեռ ավելին՝ եղանք նաև Ամբերդում:
Հարցազրույցներ վերցրինք տեղի բնակիչներից. շատ էին սիրում Վիկտոր Համբարձումյանին, բոլորը սիրով էին խոսում նրա մասին: Ճամփորդության մասին շատ աշխատանքներ (1, 2, 3) ներկայացրին սովորողները, իսկ առանձին ֆիլմերով ներկայացրին աստղադիտարանը, և տուն-թանգարանը:
Տեղեկություններ հավաքեցինք կիսանդրու և նրա քանդակագործ Տարիել Հակոբյանի մասին:
Ավելացնենք, որ Բյուրականի աստղադիտարանը 2013 թ-ից համարվում է ՀՀ ազգային արժեք:
Ծննդյան օրը շտապեցինք Վիկտոր Համբարձումյանի փողոց: Ուզում էինք աշխարհահռչակ մարդու անունը կրող փողոցում բնակվող մարդկանց շնորհավորել ու հիշեցնել նրանց աստղագետի ծննդյան օրը: Ակնկալում էինք նաև նրա ժամանակակիցներից հետաքրքիր պատմություններ լսել: Պատկերացրեք, որ հարցազրույցներից փախչողներ գրեթե չեղան, իսկ որքան ջերմ, որքան սիրով ու կարոտով էին խոսում նրա մասին: Հարցազրույցները (1, 2, 3,) հետաքրքիր ու որակյալ ստացվեցին:
Նախագծի ավարտին լուծել էինք մեր առջև դրված խնդիրները, հասել նպատակին։ Հինգերորդ դասարանի սովորողները, ում հետ կատարվում էին աշխատանքները, ոգևորված էին, հպարտ՝ կարևոր գործ կատարողի ինքնավստահությամբ։
- Բացվել է 7478 անգամ