Վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հարաբերությունները 1989-1991 թթ.

Սկիզբը՝ Դպիր-72-ում

Անդրադառնանք վրաց-հարավօսեթական հարաբերություններին: Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիան և նրա բնակիչներին Վրաստանի քաղաքական վերնախավը ընկալում էր որպես Վրաստանի տարածքի վրա բնակվող նորեկների, և նրանց ինքնավարության պահանջները ավելի անհիմն էին հնչում, քան աբխազներինը: Քննության առնվող ժամանակահատվածում անգամ Հարավային Օսեթիա տեղանունը վրացալեզու գրականությունից սկսեց դուրս մղվել, և դրա փոխարեն գործածվում էր Սամաչաբլո (სამაჩაბლო- Մաչաբելիների կալվածք՝ վրաց ավատատերերի ընտանիքի անվան հիման վրա, ովքեր, ըստ վրացական աղբյուրների, այս տարածքների տերերն են եղել- Ա.Զ): Շրջանառության մեջ էր դրվել նաև Շիդա Քարթլի (Ներքին Քարթլի) տեղանունը:

1988 թ. նոյեմբերին Վրաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող օրենք, որով վրացերենը համարվում էր միակ պաշտոնական լեզուն Վրաստանի ԽՍՀ տարածքում: Այս օրենքով, փաստացի Հարավային Օսեթիայի ժողովուրդը, որ հիմնականում կրթությունը ստացել էր ռուսաց լեզվով, զրկվում էր այդ լեզուն պաշտոնական միջավայրում գործածելու իրավունքից: Նման որոշման ընդունումը, բնականաբար, ամբողջ Հարավային Օսեթիայի ինքնավարության տարածքում առաջացրեց դժգոհությունների ալիք, քանզի դա նրանց կողմից դիտարկվում էր որպես սեփական ազգային իրավունքների ոտնահարման փորձ: Ինքնավարություն սկսեցին ներմուծել մեծ թվով տպագրական մեքենաներ` վրացերեն տառատեսակով, որի հիմնական նպատակն էր այստեղ զարկ տալ վրացալեզու տպագրությանը: Հատկանշական է, որ մինչև լեզվի մասին օրենքի ընդունումը, երբ այս նախագիծն ակտիվորեն քննարկվում էր մամուլում, «Գրական Վրաստան» թերթում լույս տեսավ ոմն Թ. Կվանչիլաշվիլիի հոդվածը: Այս հոդվածը Վրաստանի ԽՍՀ-ի ազգային փոքրամասնությունների մոտ իսկական շոկ առաջացրեց: Թ. Կվանչիլաշվիլին կոչ էր անում սահմանափակել Վրաստանի ԽՍՀ-ում բնակվող այլազգիների ծնելիությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել երկրի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխությունից:[1] Նման հոդվածի տպագրությունը այն էլ «Գրական Վրաստանի» պես հեղինակավոր թերթում, երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ առաջացրեց լուրջ մտավախություն: Դա նշանակում էր, որ Վրաստանի մտավորականության ու ազգային շարժման ղեկավարների մի զգալի հատված հարում էր այս տեսակետին, և որպես երկրում բնակվող ազգային փոքրամասնության խնդրի լուծում դիտարկվում էր նաև վերոնշյալ տարբերակը:

Թբիլիսիի՝ 1989 թ. ապրիլի 9-ի իրադարձությունները Վրաստանի ազգային շարժման մեջ բեկումնային նշանակություն ունեցան: Նախ՝ ազգային շարժման ղեկավարների, հատկապես Գամսախուրդիայի հեղինակությունը կտրուկ բարձրացավ, ավելի սրվեցին ու ագրեսիվ բնույթ ստացան հակախորհրդային տրամադրությունները: Հատկանշական է, որ այս իրադարձություններից հետո այլազգիների ու ինքնավարությունների հանդեպ վերաբերմունքը Վրաստանում ստացավ մեծապետական շովունիզմի բնույթ:

Վրաց-հարավօսեթական հակամարտության ր առիթը Հարավային Օսեթիայի ազգային ֆորումի (Ադամին Նխաս) առաջնորդ Ա. Չոչիևի նամակն էր, որում նա իր բարոյական աջակցությունն էր հայտնում Աբխազիայի ազգային ֆորումին: 1989 թ. ապրիլի 4-ին այս նամակը հրատարակվեց աբխազական մամուլում: Ինչպես նշում է Ա. Չիբիրովը, այս նամակը նախատեսված չէր հրապարակման համար և մամուլում տպագրվել է առանց հեղինակի թույլատրության:[2] Որոշ ժամանակ այս նամակը ուշադրության չարժանացավ վրաց ազգային շարժման ղեկավարների կողմից: Դա տրամաբանական էր, քանզի այդ օրերին Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները թույլ չէին տալիս ուշադրություն դարձնել հարևան ինքնավարություններում դեպքերի զարգացմանը: Սակայն մայիսի 5-ին այս նամակը հրապարակվեց «Գրական Վրաստան» թերթի էջերում:[3] Այս նամակի մեջ վրացիներին հատկապես դուր չէր եկել այն արտահայտությունը, որ Ա. Չոչիևը, վրացիներին անվանելով «եղբայրական ժողովուրդ», «եղբայր» բառը վերցրել էր չակերտների մեջ: Վրացական մամուլում և լրատվամիջոցներում սկսեցին հրապարակվել խիստ քննադատություններ՝ ուղղված ոչ միայն Ա. Չոչիևի, այլև ամբողջ օսեթ ժողովրդի հասցեին:

1989 թ. մայիսի 26-ին Վրաստանի Կոմկուսի կենտկոմը հայտարարեց համաժողովրդական տոնակատարության օր` Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 61-րդ տարելիցի առթիվ: Բոլոր ինքնավարություններին հանձնարարվեց քաղաքներում կախել Վրաստանի առաջին հանրապետության մենշևիկյան կառավարության եռագույն դրոշը: Հարավային Օսեթիայի ինքնավարությունը հրաժարվեց կատարել այս պահանջը՝ հիմնավորելով, որ 1918 թ. Վրաստանի առաջին հանրապետությունը ճանաչում չի ստացել Հարավային Օսեթիայի կողմից, և այդ հողի վրա տեղի է ունեցել բախում երկու երկրների միջև:[4]

Այս քայլը հակաօսեթական նոր հիստերիա բարձրացրեց վրացական մամուլում: Կրկին հնչեցին կոչեր` Հարավօսեթական ինքնավարության վերացման պահանջով: Ավելին, մամուլում «Հարավային Օսեթիա» անվան փոխարեն ավելի հաճախ սկսեցին գործածել «Սամաչաբլո» և «Շիդա Քարթլի» տեղանվանումները, ինչը, բնականաբար, ավելի էր սրում իրավիճակը և վիրավորում էր օսեթների ազգային ինքնասիրությունը: Այդ նույն շրջանում Վրաստանի ԽՍՀ սահմանադրության մեջ սկսեցին կատարվել փոփոխություններ, որոնք Հարավային Օսեթիայի ինքնավարության մեջ կատարում էին տարածքային ու վարչական փոփոխություններ:[5] Այս ամենը, անշուշտ, արվում էր ինքնավարության էթնիկական պատկերը փոփոխելու համար: Վրաստանը նպատակ էր հետապնդում առաջիկայում վերացնել ինքնավարությունը: Վրացական մամուլում սկսեցին կոչեր հնչել ինքնավարությունը վերացնելու և օսեթներին Վրաստանի պատմական հողերից վտարելու մասին:[6] Սեպտեմբերի 14-ին Էրեդվի գյուղում (Ցխինվալիի շրջան) վրացական ազգային շարժման ղեկավարների նախաձեռնությամբ անցկացված մասսայական հավաքի ժամանակ Հելսինկյան միության առաջնորդ Զ. Գամսախուրդիան հայտարարեց նոյեմբերի 23-ին Ցխինվալիում 200-300 հազարանոց ցույց անցկացնելու մտադրության մասին:[7]

Այդ օրերին իրավիճակը Հարավային Օսեթիայում նույնպես լարված էր: Ցխինվալիում ընթանում էին գործադուլներ, որոնք ուղղված էին ինքնավարության կոմունիստական իշխանությունների դեմ: Ինքնավարությունում առկա այս վիճակը օգտագործվեց Վրաստանի ազգային շարժման ղեկավարների կողմից: Նրանք լուրեր տարածեցին, որ Հարավային Օսեթիայում ներքաղաքական իրավիճակի սրումը տեղի է ունենում ազգային պատկանելիության հողի վրա, ոտնահարվում են հատկապես ազգությամբ վրացի բնակչության իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Նման հայտարարությունները, անշուշտ, նպատակ էին հետապնդում արդարացնելու Վրաստանի քաղաքականությունը Հարավային Օսեթիայի հանդեպ և մեղքը բարդելու օսեթական ազգայնամոլության վրա:

Այսպիսի իրավիճակում 1989 թ. նոյեմբերի 9-ին ցուցարարները Ցխինվալիում շրջափակեցին Հարավային Օսեթիայի շրջանային կոմիտեի շենքը և ղեկավարությունից պահանջեցին անցկացնել շրջանային խորհրդի պատգամավորների արտահերթ ընտրություն: Նույն օրը տեղի ունեցավ շրջկոմի նիստը, որի ժամանակ Հարավային Օսեթիայի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղարը՝ Ա. Թեխոևը, հրաժարական տվեց: Նոյեմբերի 10-ին կայացած Հարավային Օսեթիայի շրջկոմի ժողովրդական պատգամավորների XX գումարման Խորհրդի XII արտահերթ նիստն ընդունեց որոշում` Հարավային Օսեթիայի ինքնավար մարզը վերափոխել ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության: Խորհուրդը խնդրանքով դիմում է Վրաստանի ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` վերանայելու Հարավային Օսեթիային ինքնավար սոցիալիստական հանրապետության կարգավիճակ տալու հարցը:[8]

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած Գերագույն Խորհրդի նիստը Հարավային Օսեթիայի շրջկոմի այս որոշումը համարեց հակասահմանադրական: Այն հակասում էր Վրաստանի ԽՍՀ Սահմանադրության 155-րդ կետի 10-րդ հոդվածին և ընդունվել էր Հարավային Օսեթիայի ազգային ճակատի հակաօրինական ճնշման ներքո:[9] Ինքնավարությունում առկա դրությունը ուսումնասիրելու համար Վրաստանի Գերագույն Խորհրդի կողմից ստեղծվեց հատուկ հանձնախումբ:

Նոյեմբերի 10-ի որոշումից հետո Վրաստանի կոմունիստական իշխանությունները սկսեցին խրախուսել Զ. Գամսախուրդիային ու նրա թիմակիցներին՝ ավելի մեծ մասնակցություն ունենալու Հարավային Օսեթիայում ստեղծված իրադրությանը: Վրաստանի ազգային շարժման ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ հայտարարություններով, որ պատրաստվում են նոյեմբերի 23-ին Ցխինվալիում անցկացնել խաղաղ երթ` ուղղված նոյեմբերի 10-ի որոշման դեմ: Այստեղ հարկ է նշել, որ Ցխինվալիի ու Թբիլիսիի միջև գոյություն ունեցող լարված փոխհարաբերությունները լիովին բացառում էին խաղաղ երթի անցկացումը: Վրաստանի ազգային շարժման առաջնորդները բազմիցս նշել էին, որ Հարավային Օսեթիայում իրավիճակը բավական լարված է հենց ազգային ինքնության հողի վրա: Այնպես որ, նման իրավիճակում խաղաղ երթի անցկացման մասին հայտարարությունը կարելի է որակել կա՛մ որպես ինքնասպանություն, կա՛մ էթնիկական հակամարտության հրահրման բացահայտ փորձ: Նոյեմբերի 21-ին Հարավային Օսեթիա ժամանեց Վրաստանի «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Նոդար Նատաձեն: Հանդիպում ունենալով ինքնավարության մի շարք ղեկավարների, ինչպես նաև Հարավային Օսեթիայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ՝ նա պահանջում էր լուրեր տարածել նոյեմբերի 23-ին նախատեսվող ցույցի մասին: Նատաձեն, նույնիսկ պահանջեց այդ մասին հայտարարություն տպել մամուլում:[10] Բնականաբար, նրա պահանջները մերժվեցին:

Ականատեսների վկայությամբ, 1989 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 11-ին, Թբիլիսիից և հարակից շրջաններից դեպի Ցխինվալի շարժվեց մարդատար մեքենաներից ու ավտոբուսներից կազմված հսկայական մի շարասյուն: Տարբեր աղբյուրների հիման վրա կարելի է եզրակացնել, որ դեպի Ցխինվալի շարժվողների թիվը տատանվում էր 20 հազարից մինչև 30 հազարի միջև: Վրացական Աղբյուրները այդ թիվը հասցնում են մինչև 50 հազարի: Մեքենաների շարասյունը ձգվում էր երկու կիլոմետրի վրա: Քաղաքի մուտքի մոտ, խաղաղ երթի մասնակիցներին սպասում էր օսեթ երիտասարդներից կազմված կենդանի շղթան, որ փակել էր դեպի Ցխինվալի տանող ճանապարհը: Այնտեղ էր նաև Հարավային Օսեթիայի տեղական ոստիկանությունը և Ներքին զորքերի 8-րդ գունդը: Քաղաք մտնելիս հանդիպեցին համառ դիմադրության: Ստեղծված իրավիճակը պարզելու համար, «Ադամոն Նխասի» և Վրաստանի պատվիրակության միջև, որի կազմում էին Զ. Գամսախուրդիան, Ի. Ծերեթելին, Ի. Բատիաշվիլին, Ա. Բակրաձեն, Ռ. Միկաբերիձեն, Ռ. Գվենցաձեն, Գ. Չանտուրաին, Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գ. Գումբարիձեն, Վրաստանի ներքին գործերի նախարար Շոթա Գորգոձեն, 00:35-ին սկսվեցին բանակցություններ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն, որ յուրաքանչյուր կողմից 300 հոգի պետք է հավաքվեն Ցխինվալիի կենտրոնական համերգասրահում` միջոցառման կազմակերպման համար: Օսեթական կողմը պահանջ ներկայացրեց, ըստ որի վրացական պատվիրակությունը պետք է օսեթների կողմից զննում անցներ, որպեսզի բացառեին զենքով մարդկանց մուտքը քաղաք: Այս պահանջը վրացիները համարեցին սեփական արժանապատվությունից վեր: Նոյեմբերի 24-ին վրաց ցուցարարների շարասյունը, չկարողանալով կոտրել դիմադրությունը, ետ շարժվեց դեպի Թբիլիսի: Սակայն, որոշ ցուցարարներ տեղակայվեցին քաղաքին հարակից շրջաններում և փակեցին դեպի քաղաք տանող ճանապարհները:

Տեղի ունեցածը տարբեր գնահատական ստացավ Վրաստանի ազգային շարժման առաջնորդների կողմից: Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Գիա Չանտուրիան, «Գրական Վրաստան» թերթին տված հարցազրույցում հայտարարեց.  «Տեղի ունեցավ շատ տհաճ իրադարձություն: Իմ կարծիքով, նման խայտառակություն երբեք չէինք տեսել…. Ամեն ինչ անհրաժեշտ է իր անունով կոչել: Մենք պետք է հստակ տարբերակենք քաղաքական պայքարը պատերազմից: Մենք պարտավոր էինք իմանալ, որ Ցխինվալիում նման մասշտաբի միջոցառում անցկացնելու անհրաժեշտություն չկար: Այն, ինչ պատահել է, ամոթալի է: Մոտ 28 հազար վրացիներ վերադարձան Թբիլիսի»։[11]

Ցխինվալի մտնելու անհաջող փորձը չկոտրեց վրացիներին: Մասնակիցների մի մասը վերադարձավ Թբիլիսի, մյուս մասն էլ ապաստանեց Գորի-Ցխինվալի մայրուղու երկայնքով տեղակայված գյուղերում` Էրեդվի, Թամարաշենի, Աչաբեթի, Կեխվի և այլն: Նրանց գործունեության արդյունքում դեպի Հարավային Օսեթիա տանող հաղորդակցության ճանապարհները շրջափակման ենթարկվեցին:

1989 թ. նոյեմբերի 28-ին Ցխինվալի ուղարկվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ազգամիջյան հարաբերությունների քարտուղարության պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսորներ Կ. Ձագալովն ու Մ. Իսաևը: Նրանք, Մոսկվայի հանձնարարությամբ, պետք է փորձեին հասկանալ ստեղծված իրավիճակը: Պատվիրակությունը մեկ շաբաթ անց վերադարձավ Մոսկվա: Կրեմլն այս անգամ ևս անուշադրության մատնեց ստեղծված իրավիճակը, և որևէ գործնական քայլ չձեռնարկեց դրությունը մեղմելու համար:

Այսպիսով, վրաց-հարավօրսեթական հարաբերություններում առաջացած լարվածության առաջին ալիքը հնարավոր եղավ հանդարտեցնել 1990 թ. գարնանը: Դրանից հետո Վրաստանում սկսեց այսպես կոչված «օրենսդրական հակամարտությունների» ժամանակահատվածը: Մեկը մյուսի հետևից վերանայվում էին ԽՍՀՄ օրենքները և համապատասխանեցվում երկրում առկա քաղաքական իրադրությանը: 1990թ. մարտի 9-ին Վրաստանի ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց որոշում` «Պետական ինքնիշխանության պաշտպանության երաշխիքների մասին», որտեղ ասվում էր. «Վրաստանի Խորհրդային Հանրապետության Գերագույն Խորհուրդը հաստատում է, որ 1921թ. փետրվարին խորհրդային զորքերի մուտքը Վրաստանի տարածք իրավական տեսանկյունից հանդիսանում է ռազմական միջամտություն և Վրաստանի տարածքի բռնագրավում` գործող իշխանությունը տապալելու և խորհրդային կարգեր հաստատելու համար: Խորհրդային Ռուսաստանի կողմից այս քայլը հանդիսանում է միջազգային հանցագործություն»:[12] 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ընդունեց` «Խորհրդային պետությունների՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու կարգի մասին» օրինագիծը, որտեղ նշվում էր՝ եթե խորհրդային պետությունը որոշում է կայացնում դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ապա նրա ղեկավարման ներքո գտնվող ինքնավարությունները պետք իրենք որոշեն ԽՍՀՄ-ի կազմում իրենց մնալ-չմնալու հարցը:[13]

Այս փոփոխությունների ֆոնի վրա, 1990 թ. սեպտեմբերի 20-ին Հարավային Օսեթիայի ժողովրդական դեպուտատների շրջանային խորհրդի XVI նստաշրջանը Հարավային Օսեթիայի ինքնավարությունը հռչակեց Հարավային Օսեթիայի Դեմոկրատական Խորհրդային Հանրապետություն: Նրանք կոչով դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին` Հարավային Օսեթիայի Դեմոկրատական Խորհրդային Հանրապետությունը՝ որպես ինքնուրույն պետություն, ընդգրկելու միության կազմի մեջ: Ընդունվեց նաև անկախության հռչակագիրը, որում Հարավային Օսեթիայի Դեմոկրատական Խորհրդային Հանրապետության տարածքում այսուհետև օրինական համարվում էր ԽՍՀՄ սահմանադրությունը:

Այս քայլը, բանականաբար, չէր կարող անարձագանք մնալ Թբիլիսիի կողմից: Սեպտեմբերի 21-ին Վրաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց որոշում` հակասահմանադրական ճանաչել Հարավային Օսեթիայի կարգավիճակի մասին փոփոխությունը, և հանձնարարվում էր Հարավային Օսեթիայի ժողովրդական դեպուտատների խորհրդին չեղյալ համարել այդ որոշումն ու նպաստել երկրի տարածքում ԽՍՀՄ ու ՎԽՍՀ հանրապետությունների սահմանադրությունների անարգել իրականացմանը:[14] «Օրենսդրական հակամարտությունների» ժամանակահատվածը որակական նոր փուլ թևակոխեց, երբ 1990 թ հոկտեմբերի 28-ին Վրաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցավ Զ. Գամսախուրդիայի ղեկավարած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» բլոկը: Գամսախուրդիան դարձավ Գերագույն Խորհրդի նախագահ: Գամսախուրդիան և նրա ղեկավարած ուժերը մեկ անգամ չէ, որ հայտարարել էին իրենց բացասական վերաբերմունքի մասին Վրաստանի ԽՍՀ տարածքում գոյություն ունեցող ինքնավարությունների հանդեպ: Տրամաբանական է, որ այժմ՝ գալով իշխանության, նրանք իրենց գաղափարների իրականացման համար գործնական հող ստացան: Նոյեմբերի 22-ին Վրաստանի Գերագույն Խորհուրդը, հակասահմանադրական ճանաչելով Հարավային Օսեթիայի ժողովրդական դեպուտատների խորհրդի ինքնավարության կարգավիճակի փոփոխության մասին որոշումը, միաժամանակ կոչ էր անում ինքնավարության բոլոր բնակիչներին ցուցաբերել քաղաքական զգոնություն և չմասնակցել դեկտեմբերին անցկացվելիք Հարավային Օսեթիայի Ժողովրդական դեպուտատների խորհրդի ընտրություններին:[15]

Դեկտեմբերի 9-ին Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ Կոմկուսը ամբողջովին հեղինակազրկվել է և չի տիրապետում երկրի քաղաքական իրավիճակին: Դեպուտատների խորհրդի 64 մանդատներից 20-ը բաժին հասան «Ադամոն Նխասին», իսկ վերջինիս աջակցող «Երիտասարդական բլոկը» ստացավ 15 մանդատ: Հարավային Օսեթիայի Ժողովրդական դեպուտատների խորհուրդն իր առաջին նիստում նախագահ ընտրեց Թորեզ Կուլումբեկովին:

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի Հարավային Օսեթիան ամբողջությամբ դուրս էր գալիս Վրաստանի իշխանության տակից, Գամսախուրդիան որոշեց գնալ վճռական քայլի: 1990 թ. դեկտեմբերի 11-ին Վրաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց որոշում` լուծարել Հարավային Օսեթիայի ինքնավարությունը և նրա տարածքը բաժանել սահմանակից պրեֆեկտուրաների միջև:[16] Գամսախուրդիան Ցխինվալիի և Ջավայի շրջաններում հայտարարեց արտակարգ դրություն և պարետային ժամ: Այս տարածքների ընտրությունը պատահական չէր, որովհետև նրանց մեջ չէին մտնում Հարավային Օսեթիայի վրացաբնակ գյուղերը: Փաստորեն, Գամսախուրդիան իրեն տալիս էր գործողությունների ազատություն՝ հնարավորություն ունենալով օգտագործելու քաղաքական ու զինվորական իշխանությունը` Հարավային Օսեթիային ծնկի բերելու և ազգային փոքրամասնությունների հանդեպ ունեցած իր ծրագրերը իրականացնելու համար: Դեկտեմբերի 12-ին ինքնաձիգից արձակված փամփուշտներից Ցխինվալիում մահացան երեք մարդ: Որոշ տվյալների համաձայն մահացածներից երեքն էլ վրացի էին, մյուս աղբյուրները հաղորդում էին, որ մահացածների թվում եղել են երկու օսեթ, մեկ վրացի: Աղբյուրները հաղորդում էին, որ մահացածների մեջ է եղել նաև Գամսախուրդիայի թիկնազորի մի անդամ:

Դեկտեմբերի 13-ին Հարավային Օսեթիայի Խորհրդային Հանրապետության Գերագույն Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ դիմում էր ԽՍՀՄ դեպուտատների չորրորդ նստաշրջանին` անօրինական ճանաչելու Վրաստանի ԽՍՀ որոշումը` Հարավային Օսեթիայի ինքնավարության վերացման և նրա տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Բացի այդ՝ կոչ էր արվում ճանաչելու Հարավային Օսեթիայի Խորհրդային Հանրապետությունը՝ որպես Խորհրդային Միության սուբյեկտ և նոր միութենական պայմանագրի ստորագրման օբյեկտ։ 1991 թվականի հունվարի 5-ին վրացական ոստիկանությունը Ցխինվալի մտնելու առաջին փորձն արեց: Սակայն քաղաքի այն բնակիչները, ովքեր հիշում էին 1989 թ. նոյեմբերի 23-ի իրադարձությունները, դուրս եկան ոստիկանությանը ընդառաջ և կարողացան կանխել նրանց առաջխաղացումը: Նույն օրը՝ հունվարի 5-ին, Մոսկվայից հրաման ստացվեց` չարգելել վրաց ոստիկանների մուտքը Հարավային Օսեթիա: Այս որոշումը ընդունվել էր ԽՍՀՄ ներքին զորքերի նախարար Բ.Կ. Պուգովի կողմից, իհարկե Գորբաչովի հետ համաձայնեցնելով: Դրան հաջորդեց հունվարի 7-ի ԽՍՀՄ Նախագահի հրամանագիրը` «Վրաստանի ԽՍՀ-ի կողմից 1990 թ. դեկտեմբերին ընդունված որոշ օրենսդրական ակտերի կապակցությամբ»:[17] Այս հրամանագրով հակասահմանադրական էր ճանաչվում Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի ինքնավար մարզի լուծարման մասին դեկտեմբերի 11-ին ընդունված որոշումը: Վրացական իշխանություններին հրամայվում էր եռօրյա ժամկետում Հարավային Օսեթիայի տարածքից դուրս բերել բոլոր զորքերը, բացառությամբ ԽՍՀՄ ներքին զորքերի:[18] Այս երկու իրարամերժ ու հակասական որոշումների ընդունումը ցույց է տալիս, որ Կրեմլը չէր կարող համարժեք գնահատական տալ ու կարգավորել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այդ ժամանակ արդեն Ցխինվալի մուտք էին գործել երեք հազար վրացի ոստիկան և մոտ այդքան էլ Վրաստանի ազգային շարժման ներկայացուցիչներ: Ցխինվալիի կապը արտաքին աշխարհի հետ կտվեց, փակվեցին քաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհները: Արդեն հունվարի 7-ի երեկոյան վրացի ոստիկանները, զենք գտնելու պատրվակով, մտնում էին հասարակ քաղաքացիների բնակարանները, օդ էին կրակում` քաղաքում ստեղծելով սարսափի մթնոլորտ: Կարճ ժամանակահատվածում վրացի ոստիկաններին հաջողվեց գրավել Գործկոմի, Շրջկոմի շենքերը, Կենտրոնական փոստը, Հանրային գրադարանը, թալանվեցին ու ջարդուփշուր արվեցին թատրոնի շենքը, խանութներ և հասարակական նշանակության այլ շենքեր, որոնք գտնվում էին քաղաքի կենտրոնում: Ժամը 16-ի դրությամբ, վրաց ոստիկանների կողմից ձերբակալվել էին յոթ օսեթ քաղաքացիներ զենք պահելու կասկածանքով: Ահա այս իրադարձություններով էլ սկսվեց 1989-1992 թթ. վրաց-հարավօսեթական հակամարտության նոր փուլը:

Հունվարի 7-ի երեկոյան Մ.Գորբաչովի կողմից ստորագրվեց «Վրաստանի ԽՍՀ-ի կողմից 1990 թ. դեկտեմբերին ընդունված որոշ օրենսդրական ակտերի կապակցությամբ»  հրամանագիրը: Սակայն վրացական կողմը հրաժարվեց կատարել հրամանագրից բխող պահանջները: Այսպիսով, հունվարի 14-ին Վրաստանի ՆԳՆ նախարար Դ. Խաբուլիանին ԽՍՀՄ ՆԳՆ զինված ստորաբաժանումներին արգելեց ուղեկցել դեպի Ցխինվալի ուղևորվող պարենամթերքով բեռնված մեքենաները, որոնք անցնում էին վրացական գյուղերով: Այնուհետև, փետրվարի 1-ին «Վրաստանի էներգետիկների անկախ միությունը», որը մինչ այդ շատ քչերին էր հայտնի, պահանջեց դադարեցնել Ցխինվալիի և Ջավայի շրջանի էներգամատակարարումը: Ռուսական մամուլի հաղորդմամբ Ցխինվալիի ծերանոցում ապրող 29 մեծահասակներ ցրտահարությունից մահացան: Քաղաքի ծննդատանը էլեկտրականության բացակայության պատճառով մահացան 8 նորածիններ:[19] Զբաղեցնելով շրջակա բարձունքները` վրացական զորքերը սկսեցին ռմբակոծել քաղաքը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ, ավերվում էին բնակելի տներ ու շինություններ:

Ստեղծված իրադրության պայմաններում, հունվարի 18-ին Հարավային Օսեթիայի Ժողովրդական դեպուտատների խորհուրդը խնդրանքով դիմեց ԽՍՀՄ նախագահին` ավելի վճռական քայլերի գնալու հունվարի 7-ի հրամանագրից բխող դրույթներն իրականացնելու և Հարավային Օսեթիայում հետագա արյունահեղությունը կասեցնելու համար:[20] Կրեմլի որոշմամբ իրավիճակը ուսումնասիրելու համար տարածաշրջան ուղարկվեց հատուկ հանձնաժողով: 1990թ փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Ա. Լուկյանովը դիմեց Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Զ. Գամսախուրդիային՝ կոչ անելով նրան Ցխինվալիից դուրս բերել վրացական ոստիկանության ուժերն ու զինված խմբավորումները, դադարեցնել քաղաքի շրջափակումն ու վերականգնել էներգամատակարարումը:[21] Փետրվարի 25-ին Ա. Լուկյանովին ուղղված իր պատասխան նամակում Գամսախուրդիան համաձայնություն հայտնեց բանակցություններ սկսել Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների հետ, պայմանով, որ միաժամանակ արդյունավետ միջոցներ կկիրառվեն «օսեթ գրոհայինների գործունեության դադարեցման համար և արտակարգ իրադրություն հայտարարված տարածքներում կապահովվի լիարժեք անվտանգություն»:[22] Այսպիսով՝ Մոսկվայի միջամտությամբ վրացական ոստիկանության ուժերն ու զինված խմբավորումները սկսեցին լքել քաղաքը:

Հատկանշական է, որ 1991 թ. մարտի 23-ին կայացավ ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ Բ. Ելցինի և Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Զ. Գամսախուրդիայի հանդիպումը: Հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն և ստորագրվեց արձանագրություն, որը նախատեսում էր ապրիլ ամսվա ընթացքում նախապատրաստել երկու պետությունների միջև միջպետական համաձայնագրի ստորագրումը: Արձանագրության մեջ կարևոր տեղ էր հատկացվում Հարավային Օսեթիայում առաջացած իրավիճակի կարգավորման խնդրին:[23] Այս արձանագրությամբ Գամսախուրդիան իրեն ավելի վստահ սկսեց զգալ իր հետագա գործողությունների մեջ: Արձանագրության մեջ նախատեսվում էր համատեղ ոստիկանական ջոկատի ստեղծում, որը պետք է զինաթափ աներ Հարավային Օսեթիայում առկա զինված բոլոր ապօրինի խմբավորումները: Արձանագրության այս կետը իրավական առումով անթույլատրելի էր, քանզի Վրաստանը հակամարտության կողմ էր, եթե ոչ հրահրող, և չէր կարող անաչառ որոշում ընդունել կամ կարգավորել ստեղծված հակամարտությունը: Այս արձանագրությունը առաջացրեց օսեթների արդարացի դժգոհությունը, քանզի նրանք համոզված էին, որ ազգային հարցերում իր ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող Գամսախուրդիան չի կարող կարգավորել առկա խնդիրը: 1991 թ. ապրիլի 27-ին Վրաստանի արդեն նորանկախ հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց որոշում` Ցխինվալիի և Կորնիսի շրջանների վերացման և դրանք Գորիի շրջանին միացնելու մասին: Նշենք, որ այս երկու շրջաններն էլ Հարավային Օսեթիայի ինքնավարության մասն էին կազմում: Դրանից հետո Հարավային Օսեթիայի իշխանությունների քայլերը մի տեսակ հոգեվարք էին հիշեցնում: Նրանք մայիսի 4-ին ընդունեցինորոշում` 1990 թ. սեպտեմբերի 20-ի որոշումը` Հարավային Օսեթիայի ինքնավարությունը լ Հարավային Օսեթիայի Խորհրդային Դեմոկրատական Հանրապետության վերափոխելու մասին ճանաչել ուժը կորցրած:[24]

Իր հերթին, հոգեվարքի մեջ էր նաև Խորհրդային Միությունը: Կայսրության գոյության քաղաքական հիմքերը խարխլում էր ՌԽՖՍՀ-ի Գերագույն Խորհուրդը, որը Բ. Ելցինի գլխավորությամբ, դիմադրում էր ԽՍՀՄ ղեկավարությանը: Այս պայմաններում, երբ կայսրության առանձին պետություններ արդեն իրենց հռչակել էին ինքնավար ու անկախ, Հարավային Օսեթիայի հետագա ճակատագիրը հուզում էր միայն նրա բնակչությանը: Առկա իրավիճակում Հարավային Օսեթիայի իշխանությունների առաջ դրված էր բավական ծանր խնդիր: Նախ՝ անհրաժեշտ էր կանխել մասսայական արտագաղթը երկրից: Այն կանխելու համար միակ միջոցը բնակչության անվտանգության ապահովումն էր Վրաստանի և Գամսախուրդիայի օրեցօր ահագնացող վտանգից: 1991 թ. սեպտեմբերի 1-ին Հարավային Օսեթիայի կառավարության կողմից կրկին քննության դրվեց երկրի ինքնավարության հարցը: Ժողովրդական պատգամավորների խորհուրդը կրկին որոշեց բեկանել մայիսի 4-ի որոշումը, վերադառնալ ինքնավարության կարգավիճակին: Դրա հետ մեկտեղ, ընդունվեց որոշում` դիմել ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդին՝ քննության առնելու Հարավային Օսեթիան Ռուսաստանին միացնելու հարցը: Նոյեմբերի 1-ին ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված որոշումով կոչ էր արվում Վրաստանի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` Հարավային Օսեթիայի իրավիճակի կարգավորման համար: Սակայն այդ ժամանակ Գամսախուրդիան և նրա թիմակիցները պայքարում էին սեփական իշխանության պահպանման համար:

Թբիլիսյան հեղաշրջման նախօրեին, Նովո-Օգարևում Բ.Ելցինի, Լ. Կրավչուկի և Վ. Շուշկեվիչի միջև կայացրած որոշման համաձայն, ԽՍՀՄ-ը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալուց: Այս իրավիճակում Հարավային Օսեթիայի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հրապարակվեց Հարավային Օսեթիայի անկախության հռչակագիրը: Անկախության հանրաքվեի անցկացման օր նշանակվեց 1992 թ. հունվարի 19-ը:[25]




[1] კვანჩილაშვილი თ., რა მოხდება შემდეგ? // ლიტერატურული საქართველო, 30 სექტემბერი, 1988. 

[2] Чибиров А. Л., Взаимоотношения Грузии и Южной Осетии в 1988-1992 гг., (по материалам периодической печати), Владикавказ 2010. С 14.

[3] ძვირფასო მეგობრებო აფხაზეთის // ლიტერატურული საქართველო, 5 მაისი 1989.  

[4] Заключение комиссии по расследованию обстоятельств, происшедших 23 ноября 1989г. и последующий период. Х111 сессия Совета Народных Депутатов Юго- Осетинской Автономной Области // Южная Осетия, 1990, 13 июня. 

[5] Նույն տեղում:

[6] “Отступать нельзя” // Зарья востока, 10. 09.1989. 

[7] Заключение комиссии по расследованию обстоятельств….., նույն տեղում:

[8] Տե՛ս. Региональные конфликты в Грузии - Юго-Осетинская автономная область, Абхазская АССР (1989 - 2005) Сборник политико-правовых актов. Тбилиси, 2005. С.13 / / Конфликты в Абхазии и Южной Осетии. Сборник документов 1989-2006 гг.,   С. 65.

[9] Ведомости Верховного Совета Грузинской ССР. 1989. № 11., С 141-142:  

[10] Чибиров А.Л. Начальный период грузино-осетинского противостояния 1988-1989гг (по материалам грузинской прессы) // Южная Осетия: современное состояние и перспективы. Изд-во РГГУ. Москва.2010. 

[11] “ინტერვიუში ლიდერი ეროვნულ დემოკრატიული პარტია საქართველოს გია ჭანტურია” //ლიტერატურული საქართველო, 1 დეკემბერი, 1989 .

[12] Ведомости Верховного Совета Грузинской ССР. 1990. № 3, с. 38-40.

[13] “О порядке выхода союзных республик из состава СССР” // Правда, 05.04. 1990 г. 

[14] Ведомости Верховного Совета Грузинской ССР. 1990. № 9. С. 29-30.

[15] Ведомости Верховного Совета Республики Грузия. 1990; № 11. С. 148-149.

[16] Ведомости Верховного Совета Республики Грузия. 1990; № 11. С 150-152.  

[17] Указ Президента СССР М.С. Горбачева «О некоторых законодательных актах, принятых в декабре 1990 года в Грузинской СССР» // Правда, 09.01. 1991. 

[18] Նույն տեղում:

[19] Очирова, Т. Джиошвили Д. Южная Осетия: братоубийство // Литературная Россия, 08.02.1991. 

[20] Южная Осетия – навеки с Россией. Историко-правовое обоснование вхождения Республики Южная Осетия в состав России. Сборник документов и материалов. М., 2004. С. 62

[21] Постановление Верховного Совета СССР о положении в Юго-Осетинской автономной области и мерах по стабилизации обстановки в регионе “ // Известия, 20.02.1991. 

[22] “Ответ Гамсахурдиа” // Известия, 25.02.1991. 

[23] “Протокол о встрече и переговорах Председателя Верховного Совета Российской Советской Федеративной Социалистической республики и Председателя Верховного Совета Республики Грузия” // Вестник Грузии, 26.03.1991. 

[24] Южная Осетия – навеки с Россией. Историко-правовое обоснование вхождения Республики Южная Осетия в состав России. Сборник документов и материалов. М., 2004., С 83-84.

[25] Чиров А. Л. Взаимоотношения Грузии и Южной Осетии в 1988-1992 гг….., с. 101.

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский