Դասավանդողի դերը սովորողի ինքնագնահատականի ձևավորման մեջ

Հեղինակ: 

Ինքնագնահատականը կարևոր դեր ունի ցանկացած տարիքում: Այն մեր սեփական կարողությունների և հնարավորությունների գնահատականն է: Ինքնագնահատականը շատ զգայուն հոգեբանական համակարգ է, որը, տարբեր գործոններից կախված, փոփոխվում է: Ինքնագնահատականի վրա ազդող հիմնական գործոնները խառնվածքը, ընտանիքը և շրջապատն են: Իրականությունից անհամապատասխան իջեցված կամ բարձրացված ինքնագնահատականը բացասաբար է ազդում մարդու վարքի, գործունեության տարբեր կողմերի վրա: Բոլոր բարդույթների հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը։ Ադեկվատ ինքնագնահատականի համար պետք է զարգացած լինի ինքնագիտակցությունը։ Ոչ ադեկվատ ինքնագնահատկանի դեպքում մարդու մեջ առաջանում է թերարժեքության բարդույթ, որն էլ իր հերթին տարբեր դրսևորումներ է ստանում: Ինքնահաստատման ցանկությունը անընդհատ հետապնդում է նրան, քանի որ մարդու ինքնիրականացման պահանջմունքն անկատար է մնում: Անհատը կարող է ագրեսիվ դառնալ շրջապատի հանդեպ և իրեն հաստատված զգալու համար ընտրել ֆիզիկական ուժով ազդելու տարբերակը: Շատերի մոտ ենք մեր շրջապատում հանդիպում առաջինը լինելու ձգտումը, որը ոչ այլ ինչ է, քան «Ես»-ի զարգացման ընթացքում տրավմայի դրսևորում:

Վերջերս առաջին դասարանում Հ.-ն հարվածել էր իր ընկերոջն այն պատճառով, որ դասարանում առկա բոլոր բարձր աթոռները զբաղված են եղել և մնացել են միայն ցածրերը: Հ-ն, ունենալով առաջինը և բոլորից բարձրը լինելու ձգտում, չի ցանկացել ցածր աթոռին նստել, ինչի համար էլ հարվածել է իր ընկերոջը: Տվյալ պարագայում ցածր աթոռը իրեն վիզուալ փոքրացնում է, որը ենթագիտակցորեն ազդում է նաև իր սեփական անձի ընկալմանը:

 Որպեսզի անհատի ինքնագնահատականը ադեկվատ լինի, նա պետք է մեծանա այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր կարող են ոչ միայն իրեն գովել հաջողությունների համար, այլև քննադատել սխալների համար: Սակայն շատ ծնողներ և դասավանդողներ երկու դեպքում էլ չափազանցություններ են թույլ տալիս, և անհատի մոտ այդպես էլ չի ձևավորվում ադեկվատ ինքնագնահատական: Թե՛ գովասանքը, և թե՛ նախատինքը պետք է պատճառաբանված, կոնկրետ և տեսանելի լինեն: Ընդհանրացումները, ինչպիսիք են «Դու միշտ ուշանում ես, սխալվում ես, այս սխալն ես անում» և այլն, մարդուն տրամադրում են սեփական անձի դեմ՝ չթողնելով տեսնել այդ նույն անձի դրական կողմերը:

Չորրորդ դասարանում սովորող Ա-ի ծնողի հետ զրույցում ծնողը բողոքում էր, որ իր տղան չի կարողանում կարդալ, ստիպում է, որ մայրն իր փոխարեն ընթերցի հեքիաթներն ու պատմվածքները: Ընդ որում, մայրը բազմիցս կրկնում էր, որ Ա-ն միշտ դժվարանում է և չի կարողանում երկու տողից ավելի կարդալ: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ այդ նույն արտահայտությունը մայրն անում է իր տղայի և այլ մարդկանց ներկայությամբ ևս: Երբ նմանատիպ արտայատությունները հանվեցին մոր բառապաշարից, ավելացավ իրավիճակային գովասանքը, իսկ նկատողություններն արվեցին տեղին և տեսանելի ձևով, Ա-ն դարձավ ավելի ինքնուրույն, ընթերցանությունն էլ՝ հաճելի:

 Ինչպես գիտենք, մարդն առաջին  անգամ  իրեն սկսում է ճանաչել 3 տարեկան հասակում, իսկ դեռահասության շրջանում մարդու «Ես»-ը վերագնահատման և վերաձևավորման փուլ  է անցնում: Հատկապես դեռահասների ինքնագնահատականը անկայուն է և շատ հաճախ է փոփոխությունների ենթարկվում: Այս տարիքում կարևորվում է շրջապատի կարծիքը, և դեռահասները ցանկանում են իմանալ՝ ինչ են իրենց  մասին մտածում:

Ավագ դպրոցում սովորող մի աղջիկ անընդհատ փոփոխում էր իր ընկերներին և ամեն անգամ փորձում նմանվել նրան, ով տվյալ պահին իր ընկերն էր համարվում: Նրա ընկերներից մեկը նույնսիկ բողոքեց այդ փաստից, քանի որ իրեն դուր չէր գալիս, որ իր նման հագնվում են, անում են այն, ինչ ինքն է անում, սիրում կամ չեն սիրում այն երգիչներին, ում ինքն է սիրում: Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ այդ աղջիկը պարզապես դեռ չի բացահայտել իրեն, չի ճանաչում իր ուժեղ կողմերը և սեփական «Ես»-ը փորձում է գտնել այլոց մեջ: 

Որպես կանոն, որքան բարձր են սովորողի հաջողությունները ուսման մեջ, այնքան բարձր է նրա ինքնագնահատականը: Այդ իսկ պատճառով դասավանդողների դերը մեծ է սովորողների ինքնագնահատականի ձևավորման գործընթացում: Դասավանդողները պետք է օգնեն, որպեսզի սովորողները բացահայտեն իրենց սեփական Ես-ը, իրենց կարողությունները, հնարավորությունները, թերություններն ու առավելությունները: Դասավանդողի մի խոսքը բավական է, որպեսզի սովորողին երկինք բարձրացնի և հակառակը: Դասավանդողը պետք է օգնի, որպեսզի սովորողը կարողանա ճիշտ գնահատել իր հաջողություններն ու անհաջողությունները: Եթե նկատում ենք, որ սովորողն ունի ցածր ինքնագնահատական, պետք է փորձենք նրա թեկուզ ամենաչնչին հաջողության մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ սա նրա սեփական ջանքերի արդյունքն է: Բայց սա չի նշանակում, որ պետք է կեղծել. խոսքը իրական հաջողության մասին է:
Հաճախ սովորողների արած կամ չարածները քննարկվում են ոչ թե առավելությունները դուրս բերելով, այլ շեշտը թերությունների վրա դնելով, և եթե սովորողի մոտ առկա է թեկուզ աննշան անինքնավստահություն, ապա այս մեթոդը ևս մեկ պատճառ է սեփական «անկարողությունը» տեսնելու համար: Անհրաժեշտ է նախ գնահատել այն փաստը, որ սովորողը աշխատել է, հետո նոր թողնել, որպեսզի նա ինքը գտնի իր բացթողումները: Այս կերպ շահագրգռում ենք սովորողին, որպեսզի հաջորդ անգամ ևս ցանկություն ունենա աշխատելու: Սովորողի մոտ պետք է զարգացնել սեփական անձի հանդեպ հետաքրքրություն, իր մասին մտածելու, խոսելու, օբյեկտիվորեն գնահատելու կարողություն:

Մի աղջիկ իր «Ես»-ի մասին գրելիս բացահայտեց, որ իր մեջ կարծես ապրում է մի քանի «Ես» ու թվում է՝ նրանք միշտ պայքարի մեջ են: Սակայն, ունենալով բավական կայուն պատկերացում սեփական անձի, ցանկությունների և դրական ու բացասական կողմերի մասին, նույն այդ իր աշխատանքում նա նկատեց և ընդգծեց իր իրական «Ես» պատկերը: Սա «Ես»-ի վերաձևավորման փուլի ապացույց է:

Դասավանդողը պետք է ոչ թե իր գերակայությունն ապացուցի սովորողին, այլ բացահայտի սովորողի իրական և դրական կողմերը:Մյուս կողմից, դասավանդողն ինքն էլ չպետք է կոնֆլիկտներ ունենա իր սեփական «Ես»-ի հետ, քանի որ թերարժեք և անինքնավստահ դասավանդողն առիթը բաց չի թողնի սովորողի միջոցով իր սեփական գերակայությունը ցույց տալ և նման կերպ բավարարել իր ինքնիրացման պահանջմունքը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский