12-րդ դասարանցու համար շտեմարանային միֆը համառորեն ապրեցնում ենք… Ինչո՞ւ

Դասավանդողի դիտարկումներ

Մաս I. Շտեմարան (ակնարկ)

Պարզ է, շտեմարանային միֆի ապրեցումն ու կենսունակությունը շատերին է ձեռնտու։ Շատերին, բայց ոչ սովորողին, որի անունից էլ համառորեն խոսում ու սնում, կենդանի ենք պահում միֆը:

12-րդ դասարանի սովորողի անունից խոսելն ու շտեմարանային-կրկնուսուցային բիզնես պարտադրելը վերջին քսանամյակում խիստ կանոնակարգվել, կրթական նորմ է դարձել: Ինչ-ինչ բաներ հիշում ու դրանց անդրադառնում ենք բուհական քննություններից առաջ, երբ դարձյալ շահարկման, բիզնեսի խնդիր է լուծվում: Փոքր-ինչ աղմուկ, մի քանի սուր, կոնկրետ դիտարկում ու հիմնականում ծածկադմփոց՝ ոչինչ չասող, տարեցտարի ծամծվող բառեր ու նույնություն: Անընդհատ դոփում ենք հենց նույն տեղում. այլընտրանք չկա, սողոսկելն անհնար է. հարցադրումը հստակ է՝ սա է, չես ուզում, հեռացիր: Ե՛վ հեռանում են, և՛ մնում են, սակայն հեռացող-մնացողի շահերի պաշտպանությունը կամ դրանց շահարկումը, ոչ էլ արտագաղթի պաշտոնական տվյալները ներկայացնելու միտում ունեմ…

Մնացողի ու շտեմարանային ճահճացման մասին խոսենք։ Ոչ մեկը չի հարցնում՝ պատանի, իսկ դու ինչ ես ուզում, ուր ես նայում, ինչու, քեզ ինչ է պետք և ինչպես: Մեր չիրականացած երազանքներն ու այդ երազանքների միֆը փաթաթում ենք պատանու վզին ու քաշում-քաշում: Ծնող, դասավանդող-դասախոս, չինովնիկ. ահա շահառուները:

Ծնողի շահառուությունը անմեղսունակ է թվում՝ պետք է երեխան պարապի, որ ընդունվի, դպրոցն այդքան գիտելիք չի տալիս: Կրթական միջավայրը, սեփական երեխայի կրթական գործընթացն իրենից 10-12 տարի համառորեն օտարած ծնողը դրան անդրադառնում է շատ հաճախ բուհական քննությունից մեկ-երկու տարի առաջ միայն: Կրթության պոտենցիալ պատվիրատու ծնողը դառնում է կրկնուսուցման իրական պատվիրատու: Սկսում է ներշնչել իր երեխային կրկնուսուցման պարտադիրության միֆն արդեն Միջին դպրոցից: Կրկնուսաուցման արդյունքը քննության հանձնումն է. հետոյի ու գիտելիքի մնայունության մասին քննությունից հետո հաճախ են մոռանում, քննությունից առաջ՝ անընդհատ կրկնում:

Բուհերում զարմանում են՝ սերունդն անգրագետ է ու թույլ… դպրոցը վատն է… Անդրադարձ չի արվում, որ այսօրվա անգրագետ ուսանողը դեռ երեկվա շատ գրագետ դիմորդն է եղել, որով հիացել է կրկնուսույց գործընկերս, ազգականս: Հռետորական հարց՝ ո՞ւր են կորչում կրկնուսույցների մոտ պարապող գրագետ դիմորդները… Հենց դրան անդրադառնան, կպարզվի, որ ինչ-որ կարևոր բան հենց հիմքում սխալ է. գուցե ոչ թե անհատներին փնովենք, այլ՝ համակարգին անդրադառնանք:

Ուսուցիչները, որոնք հանրակրթական դպրոցի ստեղծողն ու իրականացնողն են (կամ պիտի լինեին), նույնպես զարմացած են: Զարմանքը հատկապես սաստկանում է, երբ աբիտուրենտ անվանվող սովորողը կողքի դպրոցից է լինում կամ ոչ այնքան սիրելի գործընկերոջ աշակերտը: Ուսուցիչները նույնպես զարմանում են՝ սերունդն անգրագետ է ու թույլ… դպրոցը վատն է: Ու պարապում են մեկ, ցանկալի է, երկու տարի, ասում, որ հիասքանչ արդյունք են տալիս, բայց, չգիտես ինչու, բուհում դարձյալ դժգոհ են: Ուսուցիչը 10-12 տարի իրենից օտարում է կրթական գործընթացն ու վերջում զարմանում… Իրականում այդ զարմանքը ձեռնտու է՝ ուսուցիչն ապրել է ուզում:

Ուսուցիչն ուզում է, բայց դասախոսն էլ է ուզում, շտեմարան գրողն էլ, պաշտոնատար անձն էլ… Ուզում, ուզում են, ու ուզվոր կրթական բիզնեսի կուռ ու անքակտելի համակարգ է ստեղծվում: Հիմքում սեփական շահն է և կրթությունը շահի գործիք դարձնելը: Մեղադրենք, բայց ո՞ւմ մեղադրենք. մարդիկ ապրել են ուզում. մարդկանց մեղադրելն արդարացի, օգտակար չի լինի: Համակերպվենք, բայց ինչպե՞ս։ Այդ սովորողները հենց մեր երեխաներն են, մարդ են: Կրկնուսուցման միֆը կապրի, որովհետև սոված է ու հաց է փնտրում: Ամեն սովածի հետ (սովածը պոտենցյալ շահառուն է) միֆը վերածնվում է: Համակարգային լուծում է պետք՝ հացի խնդրի, կրթական գործի կազմակերպման, քննություն-շտեմարանի… Լուծում, որի հիմքում ու կենտրոնում մարդն է՝ սովորող, դասավանդող, ծնող: Կրթական գործընթացը կարող է նաև փոխշահավետ ու եկամտաբեր գործընթաց լինել, բայց ոչ տնավարության ու կիսատության մթնոլորտում: Կենտրոնում սովորողն է. այ, էստեղ պետք է հիշենք պետական կրթական չափորոշիչներում նշված որակները, որոնք պետք է ունենա սովորողը (հիշեցիք):

Կենտրոնում սովորողն է՝ սովորողի՝ մեր երկրի ապագան կերտողի շահը, մյուս բոլոր շահերը ստորադասվում են: Եթե հստակ դրվեն հարցադրումները, թե ում ենք սովորեցնում ու որ դարաշրջանում, ինչ ենք սովորեցնում և ինչպես, ինչու ենք սովորեցնում ու ինչ ակնկալում, հստակ կհասկանանք, թե ինչ ենք ստուգում և ում ենք ստուգում: Կրթական գործընթացը չենք մասնատի ու բաղադրիչներին ստիպենք անձրևորդի պես իրարից անկախ գոյատևել: Համակարգային լուծումն իրականում ամենափոխշահավետն է: Հնարավորություն կտրվի ոչ թե 20-30 մարդու գումար վաստակել, x թվով մարդկանց՝ աշակերտ «ճարել», այլ՝ աշխատելու ու վաստակելու քաղաքակիրթ, արդարացի, նաև՝ տրամաբանորեն ընկալելի հնարավորություն: Քննություններից առաջ չեն հայտնվի գաղտնի շտեմարանագիրներ-հարցաթերթիկ կազմողներ, որոնց մասին չես էլ լսել քննությունից առաջ. չես տեսել այդ մարդկանց մանկավարժական մոտեցումները, դիտարկումներն ու մշակումները: Բիզնեսը արդարացի լինելու կանոններ էլ ունի: Դաշտը կբացվի, զարգացման ու առաջընթացի հնարավորություն կստեղծվի:

Մաս II. Իմ փորձից

12-րդ դասարան, սովորողներ, ծեծված արտահայտություններ՝ զբաղված ենք, սա որոշիչ տարի է, քիթ սրբելու ժամանակ չկա… Զանգ կրթահամալիրի տնօրենից ու հեռուստանախագծի մասնակցելու առաջարկ: Առաջարկում եմ սովորողներին. ակտիվ արձագանքում են 12-րդ դասարանցիները: Առաջարկում եմ հիմնավորել. ստանում եմ կտրուկ ու կոնկրետ հիմնավորումներ, քննարկում է սկսվում: Երբ շտեմարանային միֆը ցրվում է, առաջին պլան է մղվում սովորողի իրական պահանջմունքն ու իրական անհանգստությունը: Պարզվում է, որ սովորողներն ուզում են փորձել իրենց՝ իրենց խոսքը, միտքը, այլ միջավայրում, ուզում են հնարավորություն ստանալ երևալու ու կենտրոնում լինելու, հնչում են նաև այլ հիմնավորումներ: Այս շարքում կառանձնացնեմ մասնագիտական փորձառությունը, որը սովորողները շատ են կարևորում. նախ՝ հնարավորություն է իրականում ու տեսանելի գործում կողմնորոշվել՝ մասնագիտական կողմնորոշում է, որոշել, թե նախապես ընտրած մասնագիտությունը հարմար է իրենց թե ոչ: Դժվարություններ ու անհրաժեշտ հմտություններ, խնդիրներ ու նոր գաղափարներ, կրթություն և իրական աշխատանք, աշխատանքի տեղավորվելու, իրական պատվիրատուի պահանջներին համապատասխանելու և դրանք բողոքարկել-քննարկելու իրական հնարավորություն: Հենց այս խնդիրներն են ընկած իրական սովորողի իրական պահանջմունքների հիմքում: Սովորողները պատրաստ են սովորել, ժամանակ հատկացնել ու աշխատել հենց այն նախագծերի վրա, որոնք կօգնեն իրենց մասնագիտորեն կողմնորոշվելուն, իրական աշխատանք հեռանկար ու հնարավորություն կստեղծեն, հնարավորություն կտան աշխատելու գործող մասնագետների հետ ու համապատասխան մասնագիտական միջավայրում: Վերը նշածս բոլոր եզրահանգումներն արել եմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ սովորողները մասնակցում էին հեռուստահաղորդումների և պատրաստվում դրանց՝ իրականացնելով անհատական նախագծեր:

«Մարդկային գործոն» հաղորդաշարին հյուրընկալվելուց առաջ սովորողներն ուսումնասիրում են: Որպես օրինակ առանձնացրել եմ մի քանի աշխատանք՝ «Սեռական դաստիարակություն դպրոցում» (Մերի Շարոյան), «Սեռական դաստիարակություն...» (Անի Մեհրաբյան), «Ուսուցիչ և ոչ միայն» (Վիտալի Գրիգորյան), «Սեռակրթություն» (Ավետիս Հարությունյան)։ 

Մասնագիտական փորձառության, դրա կարևորության, իրենց տպավորությունների մասին սովորողները գրում են, նյութերը տարածում սոցցանցերում. առանձնացրել եմ որոշակի հատվածներ մի քանի նյութից։ 

Մերի Շարոյան, 12-րդ դասարան. «Հաղորդման նախորդ երեկոյան սկսեց սթրեսը, առաջին անգամ` պրոֆեսիոնալ հեռուսատեսությունում: Իհարկե, դրանից առաջ հաղորդում էի վարել կրթահամալիրի TV mskh նախագծի շրջանակներում, որի անձնակազմի պրոֆեսիոնալության վրա չեմ կասկածում, բայց այնտեղ ինձ ճանաչում էին, ես ճանաչում էի, սխալվելը սարսափելի չէր: Սկսվեց ամենաիսկական հիստերիան, և միայն ընկեր Մարգարիտի հետ հեռախոսազրույցը օգնեց հանգստանալ…
Դա առաջին անգամ էր:
Երկրորդ հաղորդման մեջ նկարահանվելու առաջարկն ավելի անսպասելի էր: Բայց հիստերիա չեղավ: Որոշակի փորձի առկայությունը շատ բան է փոխում: Կազմեցի թեմաների ցանկը, որոնց մասին ցանկանում էի խոսել (չնայած` չստացվեց դրանց մեծ մասին անդրադառնալ, նորմալ է): Որոշակի փորձն արդեն ցույց է տալիս, հեռուստատեսություն գնալիս ինչ հագնես, ինչպես մազերդ հարդարես և այլն:
Որոշակի փորձը օգնում է սովորողին ավելի կազմակերպված հանդես գալուն, սովորեցնում ավելի ներկայանալի լինելուն: Նաև` պարզապես շատ հետաքրքիր է»
Ամբողջը՝ «Լուսաստղում»:

Գրում է Ավետիս Հարությունյանը,12-րդ դասարան. «Լրագրող դառնալու համար հարկավոր է տեղեկացված լինել ամեն ինչից: Շատ մեծ դեր ունի լրագրողական պրակտիկան, իսկ թե ինչպես է այն անցկացվում, եթե անցկացվում է իհարկե, գաղտնիք է երևի: Եթե մտադիր ես ապագայում լրագրող դառնալ, պետք է քայլերդ ավելի շուտ «դասակարգել» և փորձել այդ ոլորտին մոտիկից ծանոթանալ: Ահա այդպիսի հնարավորություններից օգտվելով՝ կարելի է կայանալ լրագրողական ոլորտում: Միշտ, երբ որևէ հեռուստահաղորդմանը, որպես հանդիսատես էի մասնակցում, մտածում էի, թե երբ կգա այն ժամանակը, որ ես լինեմ բանախոսի դերում: Եվ այդ ժամանակը եկել է. հիմա կրթահամալիրիս շրջանակներում բազմիցս մասնակցել եմ տարբեր հեռուստաալիքների հաղորդաշարին՝ որպես բանախոս: Սա այլընտրանքային ուսուցում է, ուսուցման մի նրբություն կամ գաղտնիք, որի արդյունքում դու ստանում ես ավելին, քան երբևէ: Կրթահամալիրային նախագծերը բավական օգտակար են բոլորի համար: «Լուսաստղ» ամսագրի «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շնորհիվ ճանաչել եմ շատ գրողների և լրագրողների, շփվել եմ, հայտնել տեսակետներս, փորձել արտահայտել ուրույն կարծիքս, շատ բաներ սովորել»: Ամբողջը՝ «Լուսաստղում։

Վիտալի Գրիգորյան,12-րդ դասարան. «Յուրաքանաչյուր ապագա մասնագետ գոնե մեկ անգամ պետք է գտնվի այն միջավայրում, որտեղ ենթադրում է, որ պետք է ստեղծի և ապրի։ Ինչպես գիտեք, ես պատրաստվում եմ լրագրող դառնալ և հաղորդումների մասնակցելը, հեռուստաընկերություններ գնալն ինձ համար շատ կարևոր փորձառություն է։ Դա ինձ օգնում է ավելի մանրամասն ուսումնասիրել իմ մասնագիտությունը, ծանոթանալ այդ ոլորտում աշխատող մասնագետների հետ, տեսնել բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին չէի էլ մտածել։ Կարծում եմ՝ նման փորձառությունը խիստ կարևոր է, օգտակար: Հեռուստահաղորդման մասնակցությունը ոչ միայն քո խոսքի, տվյալ հարցադրման շուրջ աշխատելու կոնկրետ և հստակ խթան է, այլև՝ քեզ, քո հաստատությունը ներկայացնելու, ներկայանալու, չվախենալու լավագույն հնարավորություն: Շնորհակալ եմ նման հնարավորություն տալու համար»: Ամբողջը՝ «Լուսաստղում»:

Աղբյուրը՝ Մարգարիտ Սարգսյանի բլոգ

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский