Թուրքական դպրոցի մասին

Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ  ուսումնական արձակուրդի օրերին իրականացրին « Ստեղծողի մոբիլ դպրոց. մեր գրականության Վանը» նախագիծը, քայլեցին մեծերի ոտնահետքերով՝  Նարեկացի, Մահարի, Քուչակ, Չարենց, Արշիլ Գորկի… Տեսան նրանց  ծնունդ տված պատմամշակութային արժեքները, կարդացածն ու աչքով տեսածը համադրեցին, փորձեցին ծանոթանալ  նրանց ծնունդ տված միջավայրին, վերադարձան մի քիչ ուրիշ դարձած, նորից ու նորից վերընթերցելու, ավելի խորությամբ ուսումնասիրելու, նորից այնտեղ լինելու անխախտ որոշմամբ: Նախապես ծրագրված էր լինել նաև Վանի դպրոցներում, ծանոթանալ կրթական ծրագրերին ու սեփական աչքով տեսնել՝ ինչպիսի կրթական միջավայրում են սովորում հասակակիցները հարևան երկրում, պատմել նրանց մեր մասին: Այդ նպատակով եղանք Վանի Անատոլիական վարժարանում (Anadolu lisesi) և Վարագավանքի կրտսեր դպրոցում[1]:

Երբ փորձում էինք գտնել Անատոլիական դպրոցը, պարզվեց, որ միայն Վան քաղաքում դրանց թիվը հասնում է երեսունի: Ընտրեցինք այդ պահին մեզ ամենամոտ գտնվող դպրոցը, որ կառուցվել էր  2010 թվականին: Գեղեցիկ և խնամված բակ, ուր կանաչն ու ծաղիկները աչք էին շոյում: Մեզ սկզբում ընդունեց տնօրենը, հետո մեզ հետ էին փոխտնօրենն ու երկու ուսուցիչ: Անկեղծ ասած՝ զարմացած էինք. չգիտեմ էլ ինչու, չէինք սպասում  հենց այդպիսի դպրոց տեսնել: Ժամանակակից կահավորանքով լաբորատորիաներ, որտեղ սովորողները լինում են շաբաթը ընդամենը երկու անգամ, բոլոր դասասենյակներում՝ էլեկտրոնային գրատախտակներ, համակարգիչներ, յուրաքանչյուր դասարանում՝ երեսուն սովորող: Ու վախվորա՞ծ, թե՞ ամաչկոտ երեխաներ, որոնք ոչ մի վայրկյան չկանգնեցին մեր կողքին: Բոլորը միանման կապույտ համազգեստներով էին՝ յուրաքանչյուր դասարանում՝ 30 սովորող: Դպրոցի փոխտնօրենը  հանդիպման ժամանակ ասաց. «Մեզ մոտ անընդհատ սովորողների աճ է գրանցվում, որովհետև մեր կրթական ծրագրերում մեծ տեղ է տրվում դաստիարակությանը. մեր սովորողները մեծագույն հարգանք են ցուցաբերում իրենց ծնողների, ընտանիքի ու երկրի հանդեպ»: Ու հանկարծ՝  երաժշտություն. պարզվեց դասամիջոց ազդարարող «զանգն» էր, հետո իմացանք՝ երկրի հիմնը: Արդեն դրսում երեխաները կանգնեցին մեր կողքին, լուսանկարվեցին մեզ հետ:

Հետո եղանք Վարագավանքի կրտսեր դպրոցում, որտեղ արդեն եղել էինք մայիսին: Այս անգամ մեզ դիմավորեց նոր տնօրենն ու բոլորովին նոր ուսուցչական անձնակազմը: Տնօրենի խոսքից հասկացանք, որ փոփոխություններն ու նոր նշանակումներն այստեղ կատարվում են կրթական համակարգը համակարգողների կողմից. նոր տնօրենն այստեղ էր եկել Իզմիրից: Դպրոցում կար երկու դասարան: Մեկում սովորում էին առաջին և երկրորդ դասարանցիները, մյուսում՝ երրորդ և չորրորդ: Գյուղական դպրոց էր՝ իր առօրյայով:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝  Վանի բարձրագույն դպրոցում իմ հարցերն ուղղեցի բարձրագույն դպրոցի փոխտնօրենին, որը, ճիշտ է, փորձում էր իր իմացած ռուսերենով ներկայացնել իր դպրոցը, բայց ամեն ինչ հաստատ ապարդյուն կանցներ, եթե մեր կողքին չլիներ մեր ուղեկցորդը՝ պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դասախոս Մհերը:

Կրթական միջավայրը Թուրքիայում[2]

Թուրքիայի ժամանակակից կրթական համակարգը գործում է 1924 թվականից, երբ անկախության համար մղված պատերազմից հետո Մուստաֆա Աթաթուրքը հռչակեց նոր բարեփոխումները. փակվեցին կրոնական դպրոցները, բացվեցին աշխարհիկ դպրոցներ, կրտսեր դպրոցներում սովորելը դարձավ պարտադիր: Համակարգը կարգավորվում է պետության կողմից, որի միակ առաքելությունը երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունները որակյալ կադրերով ապահովելն է: Կրթական ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից՝            կրթության ազգային նախարարության և միջազգային ֆոնդի միջոցով:

Ժողովրդի համար Աթաթուրքի կատարած գործն այնքան մեծ է ու անփոխարինելի, որ նրա սկզբունքներն ուղեկցում են սովորողներին ուսումնառության բոլոր տարիներին: Երկրի բոլոր դպրոցների բոլոր դասարաններում կախված է նրա նկարը, իսկ դպրոցի պատերից մեկին ամրացված է նրա դիմում-կոչը երիտասարդությանը, իսկ կողքին՝ազգային հիմնը: Պետական կրթական համակարգն ունի 5 աստիճան՝ նախադպրոցական (3), կրտսեր (4), միջնակարգ (4), բարձրագույն դպրոց (լիցեյ՝առաջին և երկրորդ աստիճանով) (4)  և բուհ (4-6) :

Նախադպրոցական կրթությունը պարտադիր է մանկատների և գիշերօթիկներում սովորող երեխաների համար, ընտանիքներում դաստիարակվողները կարող են չհաճախել մանկապարտեզ, որտեղ սովորում են 3 տարի: Այստեղ պարտադիր են ուսուցողական խաղերը, ֆիզկուլտուրան, երգը, պարը, կարգապահական կանոններին վերաբերող դասերը: Տարվում է մտավոր և ֆունկցիոնալ ունակությունները զարգացնող լուրջ աշխատանք, որը հետագայում ապահովում է շրջակա աշխարհի հետ կապը և ընկալումը: Պետական մանկապարտեզներում կրթությունը թուրքերենով է, իսկ մասնավորներում ուսուցումը կարող է լինել օտար լեզուներով, բայց նախադպրոցական կրթության  նպատակը մեկն է՝ դպրոցի նախապատրաստում և թուրքերենի լավ իմացություն:

Կրտսեր և  միջնակարգ դպրոցները տարանջատված չեն, այստեղ  սովորելը պարտադիր է, ընդունվում են 6 տարեկանից և սովորում 8 տարի (4+4): Այստեղ տղաներն ու աղջիկները միասին են սովորում: Առաջինից մինչև ութերորդ դասարան նույն ուսուցիչն է երեխաների հետ: Դասերը երկհերթ են, յուրաքանչյուր դասարանում՝ 20-40 սովորող: Ամեն դպրոց ունի իր համազգեստը՝ հիմնականում կապույտ կամ սև:

Բարձրագույն դպրոց (քոլեջ, լիցեյ)

Կրթական համակարգում գործում են տարբեր դպրոցներ՝  պետական անատոլիական (Anadolu lisesi ),  որտեղ ավելի շատ ժամեր են տրվում օտար լեզուներին՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն (իհարկե, ընտրությամբ),  Ֆ. Գյուլենի հիմնած դպրոցները (F. Gulen school),  մուսուլմանական  (imam-Hatip high scools), որտեղ ստանում են կրոնական կրթություն, մասնագիտական միջնակարգ դպրոցներ (տուրիստական գործ, արդյունաբերական, տեխնիկական մասնագիտություններ) և մասնավոր դպրոցներ: Ըստ 2007թվականի  հաշվառումների տվյալների՝ երկրում գործում է 7934 պետական անվճար դպրոց: Կրթությունը թուրքերենով և որևէ օտար լեզվով է:

Ամեն երկուշաբթի առավոտյան երկրի բոլոր բարձրագույն դպրոցներում օրն սկսվում է դրոշը բարձրացնելով: Դասերն սկսվելուց առաջ բոլոր երեխաներն ու սովորողները հավաքվում են ներքին բակերում, սպորտային հրապարակներում, դահլիճներում և քար լռությանմեջ հետևում դանդաղորեն վեր բարձրացող կտորին՝ կիսալուսնով և աստղով:

Ամեն առավոտ կրտսեր դպրոցների սովորողները խմբով երդվում են լինել ազնիվ, արդար, լավ սովորել, օգնել փոքրերին և հարգել մեծերին, սիրել իրենց երկիրն ավելի, քան իրենք իրենց:

«Մենք սիրում ենք քեզ, Թո՛ւրքիա, մենք պատրաստ ենք քեզ տալ մեր բոլոր ուժերն ու եռանդը»,- ուսանողական հիմնի այս բառերով են սկսվում պարապմունքները երկրի բուհերում:

Բարձրագույն կրթություն

Պետական ավարտական քննություններից հետո կարելի է սովորել երկրի հիսունից ավելի պետական համալսարաններում (1971թվականին բոլոր մասնավոր բուհերը դարձել են պետական), ակադեմիայում: Ուսուցումն անվճար է, տևողությունը՝ 4-6 տարի: Ուսանողների մի մասը ստանում է կրթաթոշակ՝ պայմանով, որ ավարտելուց հետո պետք է անցնի պետական աշխատանքի:




[1] Որքա՜ն մեծ էր մեզ հյուընկալողների զարմանքը, երբ տեղեկատվական թերթիկներում կրթահամալիրի, մեր գործերի մասին կարդում էին իրենց մայրենի լեզվով, երբ լսում էին մեր սովորողների աշխույժ-անկաշկանդ խոսքն անգլերեն, տեսնում էին՝ ինչ վարժ են կողմնորոշվում լաբորատորիաներում, էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ  նյութեր ներկայացնում, առանց բարդույթների մտնում դասասենյակները, խոսում սովորողների հետ:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский