Այլընտրանքային կրթությունը կրթական համակարգի զարգացման գործոն
Primary tabs
«Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020թ.» քննարկում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ում, 2013թ. նոյեմբերի 7։ Մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի ելույթը։
Քանի որ կրթության ոլորտի մասնագետ չեմ, չեմ խոսի բուն կրթական խնդիրներից: Սակայն, որպես մշակութային մարդաբան, կցանկանայի մի քանի խոսք ասել կրթության հանդեպ հասարակական առկա մոտեցումների մասին, որոնք ազդում են հանրակրթական դպրոցների բովանդակության ու ձևի վրա: Եթե խմբավորենք կրթության վերաբերյալ հասարակության մեջ առկա մոտեցումները կրողներին, ապա կարելի է ասել, որ դրանք հիմնականում երեքն են.
- մարդիկ, ովքեր կրթությունը իմաստը համարում են անձի զարգացումը,
- մարդիկ, ովքեր կրթության իմաստը համարում է շուկայում մրցունակ լինելու ու իրացվելու կարողություններն ու հմտությունները,
- մարդիկ, ովքեր կրթությանը չունեն հատուկ մոտեցում և առաջնորդվում են սովորույթի ուժով: Նրանք կրթությանը մոտենում են այն տարածված մտայնությամբ, որ քանի որ տարիքը հասել է, ապա երեխային պետք է ուղարկել դպրոց: Այս խմբի համար կարևոր է կրթության ոչ այնքան բովանդակային, որքան ֆորմալ կողմը՝ երեխան ավարտել է դպրոցը կամ ընդունվել է բուհ, ունի դիպլոմ և այլն: Այս խմբի մարդիկ առանձնապես չեն էլ մտածում, որ կրթությունը կարող է ունենալ այնպիսի իմաստներ, ինչպիսիք են անձի զարգացումը կամ թե շուկայում իրացվելու կարողությունների զարգացումը և այլն:
Առաջին խումբը պայմանականորեն կարելի է նմանեցնել նախորդ ելույթ ունեցողների կողմից հիշատակված հանրակրթության ֆիննական մոդելի կողմնակիցներ, երկրորդը՝ անգլոսաքսոնական: Իսկ երրորդին չէի ցանկանա անվանում տալ:
Առաջին մոտեցումն ունեցողները Հայաստանում շատ չեն: Սակայն նրանց համար կարևոր է երեխայի ստեղծագործական և ինքնուրույն մտածողության զարգացումը, սեփական անձի զարգացման մասին հոգալու ունակության ձևավորումը: Այս տիպի մտածողության անհատները սովորաբար առաջնորդվում են ոչ թե այլոց ձևավորած ճշմարտությունները համակրանքի հիմքի վրա կրկնօրինակելուց կամ հակակրանքի հիմքի վրա մերժելուց, այլ ճշմարտությունը վերապրելու և այդ վերապրման միջոցով այն նորովի բացահայտելու կամ նոր ճշմարտություններ ձևավորելու ունակությամբ: Այս տիպի անհատները սովորաբար ստեղծագործաբար են մոտենում ոչ միայն ճշմարտության վերապրման կամ նոր ճշմարտությունների ձևավորմանը, այլ, ինչը նույնպես շատ կարևոր է, ճշմարտության տանող նոր ուղիների բացահայտմանը:
Երկրորդ մոտեցումը մոտ է ազատական շուկայականին: Դրա համար կարևոր է, որ անհատը զարգացնի իր մեջ շուկայական միջավայրում մրցունակ լինելու և շուկակում գործող պրակտիկաները լավագույնս իրացնելու ունակություններ: Նրանց համար գլխավոր ճշմարտությունը իրենցից դուրս է: Դա շուկայի թելադրած ճշմարտութունն է: Այդ պատճառով էլ այս կրթական համակարգից դուրս եկած անհատների հիմնական մասի համար կարևոր են ոչ այնքան վերապրման ու ստեղծագործական պրակտիկաները, որքան՝ իրացման: Սրանք ավելի քիչ են հակված նոր ճշմարտությունների ձևավորմանը: Սակայն շատ մրցունակ են մասնագիտական տարբեր ոլորտներում արդեն պատրաստի ճշմարտությունների հիմքի վրա արդյունքների ձևավորման դեպքում: Կրթությունից նման պահանջ ունեցողները մեզանում նույնպես շատ չեն: Սակայն, կարծեք թե նկատելի է նման մոտեցում ունեցողների աճի միտում:
Երրորդ՝ պայմանականորեն մեր կողմից ֆորմալ անվանվող մոտեցում ունեցողները մեզանում կազմում են բացարձակ մեծամասնություն: Հասարակական այս մոտեցումը ներկայիս կրթական համակարգի ճգնաժամի հիմնական պատճառներից է: Այս մարդիկ, քանի որ չունեն գիտակցված կրթական նպատակներ, չեն էլ կարող առաջադրել կրթական համակարգը փոխելու պահանջներ: Հայաստանում այս մոտեցման գերակայությունն ունի մի շարք պատճառներ: Նախ, դրան նպաստում է Հայաստանում ձևավորված սոցիալ-տնտեսական դժգույն իրավիճակը, որի հետևանքում մարդիկ չտեսնելով կրթության արդյունքը շուկայում իրացնելու հեռանկար, չեն մոտիվացվում կրթությունը իմաստավորելու ու կարևորելու համար: Երկրորդ, մեր կարծիքով ավելի կարևոր պատճառը մտածողության ստերեոտիպերն են, որոնք ավելի մեծ տեղ են տալիս արտաքին անհրաժեշտություններից դրդվող գործունեությանը, քան՝ ներքին անհրաժեշտությունից: Սա նշանակում է, որ մարդիկ ոչ թե ձգտում են ձևավորել արդյունքներ ու իրացվել իրենց ստեղծագործական մղումներից ելնելով, այլ սպասարկում են սոցիալ-տնտեսական համակարգի և շուկայի առաջադրած պահանջները և պատրաստ են իրացվել շուկայի կողմից առաջադրվող ոլորտներում: Այսինքն, մտածողության այս ստերեոտիպը պատրաստ չէ իր միջավայրը փոխելուն ուղղված գործունեության և միշտ սպասելու է իրենց համար գործունեության ոլորտներ ձևավորողների:
Ստեղծված իրավիճակում կարելի է ասել, որ խնդիրն այն է, թե ինչպես անել, որ մարդիկ կրթական նպատակներ ունենան և ձևավորեն կրթական համակարգը փոփոխելու հասարակական պահանջարկ: Սա շատ գլոբալ խնդիր է և այս պահին համարյա թե անլուծելի: Մյուս հույսը մնում է պետական մոտեցումը: Սակայն, Հայաստանի զարգացման ռազմավարությունը չի ենթադրում կրթության զարգացմանն ուղղված նման գլոբալ պետական քաղաքականության ձևավորում և իրացում:
Այս իրավիճակում Հայաստանի համար ռազմավարական առումով առանցքային դերը մնում է տալ այլընտրանքային կրթական հաստատություններին: Կարելի է ասել, որ սրանք հասարակական առումով միակ առողջ օջախներն են, որոնք կարող են իրենց գործունեությամբ նպաստել հասարակությունում գոյատևման ստերեոտիպային մտածողության աստիճանական հաղթահարմանը և կրթական համակարգի զարգացման հասարակական պահանջի ձևավորմանը:
- Բացվել է 2041 անգամ