Հանթինգթոնի նորմատիվ տեսությունը

«Քաղաքագիտություն» առարկան, որպես հասարակագիտության բաղկացուցիչ մաս, դասավանդվում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Հայերեն գոյություն ունեցող դասագիրքը և ուսումնական գրականությունը հիմնականում ռուսական դասագրքերից արված թարգմանություններ են, որոնք օգտագործվում էին ռուսական բուհերում նախորդ դարի վերջին: Դրանք շատ հաճախ հիմնված են զուտ տեսական գիտելիքների վրա, կտրված է կապը այսօրվա աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից: Եթե որպես սկզբնակետ վերցնենք այն մոտեցումը, որ գիտելիքը նախ և առաջ կիրառելի հմտություն է, ապա պարզ է դառնում, որ «քաղաքագիտություն» առարկայի դասավանդման ընթացքում սովորողն իր ստացած գիտելիքը պետք է կարողանա կիառել կյանքում: Այսինքն՝ գիտելիքը չպետք է կտրված լինի առօրյայից:

Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանցիները հաջորդ կիսամյակից անցնելու են «Քաղաքագիտություն» առարկան: Անհրաժեշտ ենք համարում ստեղծել վերջինիս այլընտրանքային մեդիափաթեթ՝ բոլոր անհրաժեշտ նյութերով և գրականության ցանկով: Այս հոդվածը հրապարակվում է որպես նշված այլընտրանքային մեդիափաթեթի բաղկացուցիչ մի մաս:

Հանթինգթոնի նորմատիվ տեսությունը

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հասարակագետ-քաղաքագետ Հանթինգթոնի «The Soldier and the State» («Զինվորն ու պետությունը») աշխատությունը (1957) համարվում է դասական գլուխգործոց քաղաքացիական իշխանություններ-ուժային կառույցներ հարաբերությունների հիմնախնդրով զբաղվող մասնագետների համար: «Նրա աշխատությունը աննախադեպ դեղատոմս է տալիս այդ հարաբերություններին` որպես քաղաքական երևույթի ուսումնասիրության առանձին և յուրօրինակ կատեգորիա»[1]: Ըստ Լարսոնի` «Զինվորը և պետությունը» աշխատության հիմնական թեմաները մեծ ազդեցություն են գործել այս հարցում փիլիսոփայական և ռազմական դիրքորոշումների և տեսակետերի վրա»[2]: Իսկ քաղաքագետ Քոֆմանի կարծիքով` Հանթինգթոնն այդ աշխատությամբ լեգիտիմացրեց «Միացյալ Նահանգների զինվորական պատմության ակադեմիական մոտեցումը»՝ հիմնավորում դառնալով «ամերիկյան ռազմական ինստիտուտի հոլովույթին», որը տարբերվում է պատերազմների և ղեկավարների ներկայացման համար ընդունված «խրոնիկ մոտեցումներից»[3]:

Հանթինգթոնի նորմատիվ տեսությունն անկյունաքարային է քաղաքացիական իշխանություններ-ուժային կառույցներ (այսուհետև՝ քի-ուկ) հարաբերությունների տեսություններում: Նրա  ինստիտուցիոնալ դիտարկման մոդելն ընդունված է համարել «ամենահավակնոտն ու ամենակարևորը» քի-ուկ հարաբերություններում[4]:

Հանթինգթոնի տեսության հիմնական նպատակը զինվորականների նկատմամբ քաղաքացիական իշխանությունների վերահսկողության  իրականացումն է: Այս տեսությունը նախատեսում է, որ քաղաքացիական ղեկավարները պետք է ղեկավարեն զինվորականների անվտանգության քաղաքականությունը, սակայն չպետք է միջամտեն նրանց անկախությանը այն հարցում, թե «ինչպիսի ռազմական գործողություններ են պետք` ապահովելու այդ քաղաքականության նպատակների իրականացումը»[5]: Նա ապացուցում է, որ «օբյեկտիվ քաղաքացիական վերահսկողության» հաստատմամբ հնարավոր կդառնա հավասարակշռել «քաղաքական իշխանության բաժանումը» քաղաքացիական և զինվորական ոլորտների մեջ[6]: Նա բացատրում է, որ օբյեկտիվ վերահսկողությունը ստեղծում է քի-ուկ այնպիսի համակարգ, որը կմեծացնի զինվորականների գործողությունների անվտանգությունը` «ի գին սոցիալական այլ արժեքների նվազագույն զոհողության»[7]: Օբյեկտիվ քաղաքացիական վերահսկողությունն ապահովում է «ռազմական արհեստավարժության (professialism) ինքնավարության ճանաչումը»[8]: Մի համակարգում, որտեղ օբյեկտիվ քաղաքացիական վերահսկողություն է սահմանվում, զինվորականներն ի վիճակի են լինում հաղթանակով պսակելու պետության շահերի իրականացումը, այն ժամանակ, երբ քաղաքացիականները կմատնանշեն և կընդգծեն այդ նպատակները: Այլ խոսքով` զինվորականները պարտավոր են ենթարկվելու քաղաքացիական իշխանության որոշումներին, սակայն վերջիններս պետք է երաշխավորեն զինվորականների ինքնավարությունը ռազմական հարցերում: Օրինակ՝ քաղաքացիականները զինվորականներին հրահանգներ չեն տալիս, թե ռազմական օպերացիայի ժամանակ ինչքան զինվոր է անհրաժեշտ: Եվ ինչպես արհեստավարժ հրամանատարական կազմը, այնպես էլ զինվորներն ընդունում են իրենց ստորադասությունը քաղաքացիական իշխանությունների նկատմամբ: Այսպիսով՝ ուժային կառույցների սպաները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, և այդ կեցվածքը նրանց պրոֆեսիոնալիզմի մասն է կազմում: Հանթինգթոնի տեսության համաձայն պետության առաջնահերթությունը քաղաքացիների ազատությունների և իրավունքների պաշտպանությունն է, որովհետև հասարակությունը կարիքն ունի նման պաշտպանության` իր նպատակների իրագործման համար:[9]

Հանթինգթոնն իր տեսության հիմնավորման համար օգտագործում է Հոբեսի լիբերալ տեսությունը: Նա վերջինիս նման ենթադրում է քաղաքացիների և պետության միջև սոցիալական պայմանագրի ստորագրումը[10]: Սոցիալական պայմանագիրն ընդգծում է, որ կառավարության նպատակը քաղաքացիների հիմնարար իրավունքների` ապրելու, ազատության և երջանիկ լինելու ապահովումն ու պաշտպանությունն է: 

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Հանթինգթոնի ուսումնասիրության շարժառիթը Ամերիկայի քի-ուկ հարաբերությունների աղմկոտ կոնֆլիկտի արդյունք էր իր «Ֆունկցիոնալ հրամայականի» (արտաքին վտանգի աստիճանը) և իր «սոցիալական հրամայականի» (պետության սահմանադրական կառուցվածքն ու հասարակության գաղափարայնացումը) միջև և պայմանավորված էր Սառը պատերազմով[11]: Ֆունկցիոնալ հրամայականը` Խորհրդային Միության սպառնալիքը, պահանջեց, որ Միացյալ Նահանգները հզոր ռազմական տնտեսություն ունենա: Սակայն, այնուամենայնիվ, սոցիալական հրամայականը (ավանդական լիբերալ, հակառազմական գաղափարախոսությունը) կանխեց ռազմական ուժի թվաքանակի ավելացումը[12]:  Քաղաքագետը համարում է, որ եթե լիբերալ հասարակությունը ժամանակավորապես կասեցնի իր ազատական գաղափարախոսությունը և «զինվորականների նկատմամբ ժամանակավոր վերահսկողություն» իրականացնի, կարող է իրեն պաշտպանել արտաքին երկարաժամկետ սպառնալիքից: Հանթինգթոնը պնդում է, որ «ռազմական անվտանգության պահանջների և ամերիկյան լիբերալիզմի արժեքների միջև լարումը կստեղծվի միայն երկու դեպքում` թուլացնելով անվտանգության սպառնալիքը  կամ թուլացնելով լիբերալիզմը»[13]: Ըստ նրա` լիբերալիզմի ավանդույթը եղել է «Ամերիկայի ռազմական անվտանգության ամենավտանգավոր ներքին սպառնալիքը[14]»: Այդ նպատակով էլ Հանթինգթոնն առաջարկում է փոփոխության ենթարկել գաղափարախոսական շրջանակները` երկար ժամանակի կտրվածքով դիմակայելու Խորհրդային Միության սպառնալիքին[15]:

Վերոնշյալն ավելի պարզաբանելու համար Հանթինգթոնը փաստում է, որ հասարակության ռազմական ինստիտուտները ձևավորվել են երկու գործոնների շնորհիվ՝ «Ֆունկցիոնալ հրամայականի, որն արդյունք է հասարակության անվտանգության սպառնալիքի, և սոցիալական հրամայականի, որն էլ իր հերթին առաջացել է հասարակությունում գերակայող սոցիալական ուժերից, առկա գաղափարախոսություններից և ինստիտուտներից»: Նա ընդգծում է, որ ռազմական կառույցները կարծում են, թե սոցիալական արժեքները գուցե անզոր են արդյունավետորեն իրականացնելու իրենց ռազմական գործառույթները: Այնուամենայնիվ, ըստ նրա, հնարավոր չի լինի հասարակությունում ձևավորել ռազմական կառույցներ` «միմիայն հիմնվելով ֆունկցիոնալ հրամայականների վրա»: Քաղաքագետը համարում է, որ վերոնշյալ երկու գործոնների փոխհարաբերակցությունը կազմում է քաղաքացիական իշխանություններ-ուժային կառույցներ հարաբերության հիմնախնդրի կորիզը:

Հանթինգթոնի տեսությունը փորձում է լուծել քի-ուկ հարաբերությունների այս դիլեման «օբյեկտիվ քաղաքացիական վերահսկողության» քաղաքականության իրագործմամբ : Ըստ Բըրքի` այդ քաղաքականությունը հետ է պահում քաղաքացիական իշխանություններին զուտ զինվորական խնդիրներին միջամտելուց, իսկ զինվորականներին հեռու է պահում քաղաքականությունից[16]:

 

Ամփոփելով միտքը` ասենք, որ Հանթինգթոնի նորմատիվ տեսությունն առաջարկում է զինվորականների գործունեության նկատմամբ այնպիսի վերահսկողություն, որը կլինի նպատակային և օբյեկտիվ, որտեղ այդ «մեխանիզմը» կենթադրի քաղաքացիականների կողմից նպատակների սահմանում, իսկ զինվորականների կողմից` խոհեմություն և զգուշություն այդ նպատակների իրականացման գործում: Եվ թեև Հանթինգթոնը հավատում է, որ ռազմական կառույցի ղեկավարները պետք է լինեն անկախ և քաղաքականապես չեզոք, միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ «հաղթանակի նվաճման» պարտադիր պայմանը պատճառ է դառնում, որ զինվորականներն ուշադրություն չդարձնեն ոչ ռազմական խնդիրներին ու հասարակական նորմերին  և չմտահոգվեն վերջիններով:

Մյուս կողմից, սակայն, Մորիս Ջանովիցը պաշտպանում է «քաղաքականապես դյուրազգաց ռազմական գործը», որը ինտեգրվել է հասարակությանը և սահմանափակ ուժ է գործադրում` զարգացած միջազգային հարաբերություններ կառուցելու համար:




[1] Larson, Arthur D. “Military Professionalism and Civil Control: a Comparative Analysis of Two Interpretations”, “Journal of Political and Military Sociology”, 1974, էջ 60:

[2] Նույն տեղում, էջ 60:

[3] Coffman, Edward M. “The Long Shadow of the Soldier and the State”, “Journal of Military History” 55, 1991, էջ 69:

[4] Feaver, Peter D. “Armed Servants: Agency, Oversight, and Civil-Military Relations”, Cambridge, MA: Harvard   University Press, 2003, էջ 7:

[5] Burk, James. “Theories of Democratic Civil-Military Relations”, “Armed Forces & Society” 29(1), 2002, էջ 10:

[6]  Huntington, Samuel. “The Soldier and the State: Theory and Politics of Civil-Military Relations”, New York: Vintage Books, 1957, էջ 83:

[7] Նույն տեղում, էջ 2:

[8] Huntington, Samuel. “The Soldier and the State:…., էջ 83:

[9] Burk, James. “Theories of Democratic Civil-Military Relations”……., էջ 12:

[10] Նույն տեղում, էջ 16:

[11] Feaver, Peter D. “Armed Servants: Agency, Oversight, and Civil-Military Relations”….., էջ 16-17:

[12] Նույն տեղում, էջ 17:

[13] Huntington,  էջ 456:

[14] Huntington, Samuel. “The Soldier and the State:…., էջ 457:

[15] Նույն տեղում:

[16] Burk, James. “Theories of Democratic Civil-Military Relations”……., էջ 10:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский