Հանրակրթության զարգացման միտումներն ու խոչընդոտները

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Համառոտագիրը մշակվել է 2013թ. նոյեմբերի 7-ին կայացած` «Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020 թվականին» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին կրթության ոլորտի աշխատակիցներ, անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանրակրթության սիզիփոսյան առասպելը

Գրեթե երկու տասնամյակ հանրակրթության համակարգը Հայաստանում փորձում է հասնել որակի «լեռան» գագաթին՝ կայացնել հանրակրթական այնպիսի համակարգ, որը թույլ կտա երկրում ունենալ բարձրակարգ և քննադատական մտածողության տեր, գրագետ, մաթեմատիկական տրամաբանությամբ, աշխարհայացքային, մասնագիտական կողմնորոշման ունակ, պարզ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ հմտությունների, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի տեր, հայրենասեր, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության որոշակի սկզբունքներով ապրող, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվող անհատներ:

Սակայն մեր հասարակության ընկալումներում ներկա համակարգն արագ գլորվում է ստորոտից էլ անդին՝ «Առաջ լավ էր. սովորում էիր դպրոցում, իսկ հետո կարող էիր էդ սովորածովդ աշխատել կամ շարունակել սովորել՝ ավելի լավ աշխատանքի ակնկալիքով: Մարդուն էլ ի՞նչ է պետք»: Ու թեև ընկալումները կարող են և սուբյեկտիվ և խաբուսիկ լինել, վիճակագրությունն ապահովում է անհրաժեշտ օբյեկտիվություն. 2007թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության զարգացման ինդեքսով Հայաստանն աշխարհում 29-րդ երկիրն էր, 2012թ.՝ 52-րդը: Մաթեմատիկայի և բնագիտության գիտելիքների TIMSS միջազգային ստուգատեսում հայաստանցի դպրոցականների 2011թ. ցուցանիշները նկատելիորեն զիջում են 2003թ. և 2007թ. ցուցանիշներին։

Թվում է, թե կրթական համակարգի ծանրությունը ոչ մի կերպ չի թեթևանում քսանամյա սիզոփոսյան ջանքերի արդյունքում: Քսան տարի շարունակ դպրոցները «բարեփոխվում» են անգլո-սաքսոնական կրթական մոդելով, որի ազատական էական սկզբունքներից հաջողությամբ կարողացանք փոխառել օրինակ՝ էլիտիզմը, մինչդեռ որակի ապահվման գործում կարևորագույն մեկ այլ սկզբունք՝ մրցակցությունը մնաց արհամարված: Փոխառեցինք էլիտիզմի սնափառությունը ու մերժեցինք ինդիվիդուալիզմի քննադատական ու ռացիոնալ, գիտելիքահեն մտածողությունը: Արդյունքում, ունենք մայրաքաղաքային «տռզած հնդկահավեր» ու նվաղած ու հոգեվար սահմանամերձ դպրոցներ մի երկրում, ուր բնակչության զգալի հատվածը աղքատության շեմին է:

Մշակեցինք երեխայակենտրոն, միջազգային բոլոր ստանդարտներով՝ փայլուն օրենսդրական փաստաթղթեր ու կրթական չափանիշներ, բայց բազմաքանակ դպրոցներում մոռացանք հանել  նստարանների մեխերը, կրթել ու վերապատրաստել ուսուցչին՝ 21-րդ դարի երեխա կրթողին, մոռացանք ինչպես հարկն է օգնել տնօրեններին և խորհուրդներին ինքնուրույն կառավարել: Ակտիվ գործողությունների, միջոցառումների հորձանքում մոռացանք, թե ինչու ենք այդ ամենն անում: Մոռացանք կրթության մեր տեսլականը: Մոռացանք անկախության սկզբնավորման հիանալի պտուղներից մեկը՝ երկխոսելու հմտությունը: Ամեն մեկս մեր տեղում «բարեփոխում ու բարեփոխվում» էինք, բայց մոռանում էինք իրար հետ խոսել, թե ինչ ենք անում ու ինչու:

Պատասխանների ժամանակը

Այսօր նորից հայտնվել ենք լեռան ստորոտում, բայց, իր տարբերություն 90-ականների, այսօր հստակորեն առանձնանում է հանրակրթության պահանջատերերի երեք խումբ. առաջինը կարևորում է անհատի զարգացումը, երկրորդը ցանկանում է շուկայում մրցունակ անհատ ձևավորել, և երրորդն ու ամենամեծը, որ գերադասում է կրթվել իներցիայի ուժով, կրթությունը ընկալելով ոչ թե ինքնաառաջադրած «ինչուին» պատասխանելու միջոց, այլ լուռ համաձայնությամբ ընդունված մի դեղատոմս: Դեղատոմս, որի նպատակը վաղուց մոռացվել է, իսկ հիշելու ցանկություն էլ՝ չկա:

Այս խմբերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի բավարարել կրթվելու իր կարիքը, սակայն հանրակրթության որակը մնում է անբավարար: Հատկանշական է, որ ամենադժգոհը, թերևս, հենց իներցիոն մեծամասնությունն է: Սակայն այս դժգոհությունը դեռևս այն աստիճան չի նյութականցվել, որ կրթական գործընթացում ակտիվ տարբեր դերակատարները փոխադարձ մեղադրանքի արատավոր շրջանից դուրս գան դեպի հանրային դիսկուրսի մակարդակ, որտեղ կսկսվի մտքերի, և ոչ թե անհատների բախում:

Իսկ մտքի պակաս Հայաստանում չկա: Քսան տարին պատասխաններ հասցնելու համար բավարար ժամանակահատված էր: Նման մի շարք պատասխաններ արդեն իսկ շրջանառվում են մասնագիտական համայնքում, այսպես՝

  • հանրակրթության նպատակների և ուղիների ձևավորման ու հանրայնացման գործընթացում խթանել ու խրախուսել կրթության կազմակերպման և մատուցման այլընտրանքային մոտեցումները, որոնց կրողները կփորձեն թմբիրից հանել թե՛ կրթական փորձագիտական համայնքը, թե՛ կրթության պահանջատեր իներցիոն խումբը.
  • աջակցել Հայաստանում առկա բարեփոխման ներուժին՝ մասնավորապես, մասնագիտական միությունում համախմբելով այն ուսուցիչներին, որոնց արդեն հաջողվել է տեղայնացնել հանրակրթության ոլորտում միջազգային դրական փորձը և որակյալ ուսումնական գործընթաց սկսել իրենց դպրոցներում.
  • արմատապես փոխել ուսուցիչների կրթության և մասնագիտական կատարելագործման ներկա պրակտիկան՝ դեպի մանկավարժական մասնագիտություն հրապուրելով դիմորդներից լավագույններին (ուսումնասիրելով հանրակրթության ցուցանիշներով համաշխարհային առաջատարների՝ Ֆինլանդիայի և Հյուսիսային Եվրոպայի այլ երկրների փորձը) [1].
  • կրթության կառավարման մասնագետներ կրթել, քանի որ ներկայում այն մարդկային ռեսուրսը, որն ունի համապատասխան կարողություններ, երկրից դուրս է:

Փոփոխության շղթայի պակասող օղակը

Լուծումներ կարծես կան: Կան նաև մարդիկ, ովքեր պատրաստ են իրականացնել դրանք: Բայց պակասում են նրանք, ովքեր կորոշեն, որ այս կամ այլ լուծումները պետք է իրականացնել, որոնք տեր կկանգնեն այդ որոշմանը խիստ դիմադրողունակ և վերարատադրվող համակարգում: Գրեթե բոլորը համաձայն են, որ իրավիճակը վատ է: Մի մասն այդ իրավիճակը փոխելու լուծումներ ունի, սակայն չգիտե, թե ով է այն առաջնորդը, ում պետք է հետևեն կարող և ունակ հետևորդները: Ֆորմալ կառույցներ կան, որոնք նախորդ քսան տարիներին փորձում էին «ժայռը» վեր հանել՝ Կրթության և գիտության նախարարությունը, Կրթության ազգային ինստիտուտը, և այլ կառույցներ: Բայց չկար և չկա առաջնորդ, որը կկարողանա հաղորդակցվել այս փոփոխություններն անմիջականորեն իրականացնողների հետ՝ փորձելով նրանց դարձնել վստահելի ու հավատարիմ հետևորդներ, որոնք նույն արժեքներն ու տեսլականն ունեն, թեև՝ դրանց հասնելու տարբեր միջոցներ: Չկար և չկա պատշաճ երկխոսություն: Միգուցե ամենաէական փաստը, որն անտեսում ենք. կրթական բարեփոխումների արդյունքները երևում են երկարաժամկետ ապագայում, իսկ այս արագ փոփոխվող դարում ոչ ոք այդ տեսլականը հավատարմորեն կրելու ներուժն ու պարտաստակամությունը Հայաստանում չի ստանձնել: Ոչ ոք հաշվետու չի եղել և չի ցանկանում լինել:

Իսկ մտքերն անէանում են, եթե իրենց բաժին օրերում չեն նյութականացվում, թեկուզ սխալներով, սակայն պատրաստակամությամբ՝ այդ սխաների համար պատասխանատվություն կրելու, դրանցից սովորելու, ուղղելու և առաջ շարժվելու:    


[1] Նման մոտեցման արդյունքում թերևս հնարավոր կլինի ապահովել հավասար հնարավորություններ գրեթե բոլոր երեխաների համար, քանի որ կրթելու պատասխանատությունն ու բեռը ամբողջովին վերցնում են դպրոցն ու արհեստավարժ ուսուցիչը, թեթևացնելով ծնողի բեռը, և նոր հնարավորություններ ստեղծելով այն երեխաների համար, ովքեր ուսումնական գործընթացում չեն կարող հենվել ընտանիքի աջակցության վրա: Իսկ հայաստանյան իրականությունում ընտանիքի սոցիալական և կրթական ցենզը կանխորոշում է երեխայի հաջողությունը դպրոցում: Սա թերևս կարևորագույն ձեռքբերում կլինի մի երկրի համար, որտեղ աղքատության և գործազրկության մակարդակը բավականին բարձր է, ուր սոցիալական անարդարությունն աստիճանաբար դառնում է էմիգրացիայի հիմնական գործոն, հատկապես՝ հմուտ աշխատուժի համար։

Աղբյուրը՝ http://www.ichd.org

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский