Կանաչ Մոնոնգաելայի ափերին

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Մեր մեջ ասած՝ ես ուսուցիչ եմ դարձել  առանց այդ մասին մտածելու:

Մեծացել եմ Մոնոնգաելա կանաչ գետի ափին՝ Փիթսբուրգ քաղաքից քառասուն մղոն հարավ-արևելք:  Եվ այդ մուգ կանաչ ու միշտ խորհրդավոր գետի ափերին սկսել եմ սովորելը: Սկզբի համար ես մերձափնյա ուռենիների վրա բնակվող  կապույտ ճպուռների ու նրանց խորամանկ ոսոխների՝ ծիրածանափայլ մամուկների մասնագետն էի դարձել:   

«Զգուշացիր բզեզներից, Ջեկի»,- ետևիցս կանչում էր Մոսի տատիկս, երբ ամառ թե ձմեռ գնում էի գետի ափը, որը երկու րոպե քայլելու հեռավորության էր Երկրորդ փողոցից, որտեղ ապրում էի (գլխավոր փողոցի տրոլեյբուսի գծերի և դրան զուգահեռ փանսիլվանյան երկաթգծի միջև): Գետ գնալու ճանապարհին դիտում էի, թե ինչպես են կարմիր ու դեղին մամուկները կրծում բաց-կանաչավուն տերևները: Գետի ափին առաջին անգամ ալկոհոլ եմ փորձել ութ տարեկանում, ծխել եղած բոլոր տեսակի սիգարետներից, տեսել, թե ինչպես են վտանգավոր տղամարդիկ ու կանայք օթոցների վրա սիրում իրար. և այս ամենը՝ մինչև իմ տասներկու տարեկան դառնալը: Գետն իմ լաբորատորիան էր. այնտեղ եմ սովորել դիտարկել և եզրահանգումներ անել:

Իսկ ինչպե՞ս գետն ինձ ուսուցիչ դարձրեց: Լսեք: Գետով վեր ու վար էին անում անվավոր շոգենավերը, որոնք իրենց թիակներով սպիտակ ջրափոշու ամպ էին բարձրացնում՝ կանաչ գետին ստիպելով վառ-նարնջագույն ալեկոծվել այնտեղ, որտեղ խառնվում էին ստորջրյա քիմիական հոսանքները. ափից պարզորոշ լսվում էին շեղբերի ուժգին հարվածները ջրին: Ամբողջ քաղաքից տղաները վազելով հավաքվում էին՝ հիացած նայելու այս հրաշքին: Օրական տա՜սն անգամ: Ոչ մեկին, ոչ մի անգամ չի հոգնեցրել շոգենավերին նայելը, որովհետև կարևոր բանը հոգնեցնել չի կարող: Տարբերությունը տեսնում եք, չէ՞. այս լուրջ նավերի և վերջին տասնամյակների տիեզերական շատ տխուր թռչող սարքերի տարբերությունը. դրանց թռիչքի նպատակը տղաներին հասանելի չէ:  Դրանց նկատմամբ հետաքրքրություն ցույց տալը հիմա էլ  դժվար է, երբ վաստակում եմ դասավանդելով, և ուրախ կլինեի ձև թափել նյույորքցի երեխաների համար, որոնք կյանքում անվավոր շոգենավ չեն տեսել:  Հրթիռները տխուր խաղալիքներ են, որ Մանհեթենի երեխաները անմիջապես Ծննդյան տոներից հետո մի կողմ են դնում և այլևս ձեռք չեն տալիս. գետային շոգենավերն իսկական կախարդական էին, որ հստակ բաժանում էին տղաների և տղամարդկանց կյանքը:

Մոնոնգաելա գետի մոտ բոլորն իմ ուսուցիչն էին: Ամեն օր մղոնանոց, ինչպես այն ժամանակ թվում էր տղային, բեռնատար գնացք էր կանգ առնում քաղաքում, որ կա՛մ ջուր, կա՛մ ածուխ լիցքավորի, կամ մի ուրիշ անհայտ պատճառով. մեքենավարն ու ինժեներն իջնում էին մրոտ տղաների մոտ ու երկաթգածային պատմություններ պատմում, մեզ թույլատրում էին բարձրանալ բաց վագոնների վրա ու մտնել դրանց տակ, մագլցել բաքերի վրա, մտնել ածուխ բարձած բեռնատար վագոնները, ինչպես նաև մյուս հատուկ վագոնները, որոնց նշանակությունը նույնքան հեշտ էինք հիշում, ինչքան թշնամական ինքնաթիռների ստվերները: Տարվա ընթացքում գոնե մի անգամ մեզ հրավիրում էին հնացած գարեջրի բուրմունքով ծառայողական վագոն, որտեղ սպիտակ հաց ու երշիկ էին հյուրասիրում: Անծանոթ տղամարդիկ սովորեցնում, լուսավորում ու ոգևորում էին Մոնոնգաելայի տղաներին. դա նրանց համար նույնպիսի աշխատանք էր, ինչպես գնացքը վարելը:

Երբեմն շոգենավը գետի մեջտեղում էր խարիսխ գցում, ամբողջ անձնակազմը նավակով ափ էր գալիս ու նավակը կապում ափամերձ ուռենուց: Այպիսի դեպքն առիթ էր դառնում, որ տասներկու թաղամասանոց քաղաքի ցանկացած խարխուլ նավակ լցվեր երեխաներով, որոնք, վիկինգների նման երբեմն թիակների փոխարեն փայտերով թիավարելով, անմիջապես գրոհում էին «Փիթսբուրգի գեղեցկուհին» կամ «Գետի թագուհին»: Մոնոնգաելայում մի չգրված օրենք կար, որի կանոնները բոլորին հայտնի էին. եթե տղամարդը ժամանակ էր ունենում, նա տղաներին սովորեցնում էր հասունանալ: Մենք չէինք նվնվում, երբ այդ ժամանակը սպառվում էր. տղամարդիկ պետք է աշխատեին. հասկանում էինք ու հեռանում՝ երախտապարտ մեր սեփական ապագայի այն ակնթարթի համար, որը հասցրեցինք տեսնել նրանց շնորհիվ, որքան էլ կարճ եղած լիներ այդ ակնթարթը: 

Մանկության տարիներին Մոնոնգաելայում ինձ երեք անգամ ձերբակալել են, ավելի ճիշտ բռնել ու ուղարկել բանտախուց՝ սպասելու, մինչև հայրս գա ու տանի: Ոչ մի բանի հետ չէի փոխի այդ ձերբակալումները: Առաջին անգամ ինը տարեկան էի, ինձ բռնեցին կայանած մեքենայի տակ՝ պարետային ժամը սկսելուց կես ժամ անց. 1943թ. Մոնոնգաելայի հովտում վարագույրները միշտ փակված էին վախից, որ հիտլերյան ինքնաթիռներն ինչ-որ կերպ կանցնեն Ատլանտյան օվկիանոսը և կհասնեն գետի երկու ափերին փռված մեր պողպատաձուլական գործարաններին: Ակնհայտորեն, նացիստներն սպասում էին, որ պարեկային ժամը սկսելուց հետո անհանգստացած մայրը լապտերիկով գնար իր կորած տղային փնտրելու. ա՛յ, այդ պահին էլ վրա կտար գերմանական ամբողջ ավիացիան: Ոստիկանի անունը Չարլի էր: Նա ինձ տարավ բաժին. ո՛չ մի զանգ մորս, մինչև Չարլին չնկարագրեց այն մահացու վտանգը, որ մեզ համար ներկայացնում էր Գյորինգի ավիացիան: Այո, աշխարհաքաղաքական ի՜նչ դաս էր: Հաջորդ անգամ քաղաքային լճակում նիզակով ոսկե ձկնիկ էի բռնել, և բանտից ինձ ուղեկցեցին գրադարան, որտեղ ինձ դատապարտեցին ամբողջ ամիսը կենդանիների կյանքի մասին կարդալու: Եվ վերջապես, պատերազմի ավարտի օրը, երբ Ճապոնիան հանձնվեց, ես, գրազի համար, պարսատիկով կոտրեցի ոստիկանական ջիփի պատուհանը: Խոստովանեցի արածս և առաջին անգամ ստիպված եղա աշխատել, որպեսզի կոտրածս ապակու համար փոխհատուցեմ. դարձա պապիկիս տպագրատան հավաքարարը և դրա համար շաբաթական հիսուն ցենտ էի ստանում:

Քորնել տեղափոխվելուց հետո Մոնոնգաելան և իր կանաչ գետը մեկ անգամ եմ տեսել, երբ համալսարանի առաջին կուրսից հետո վերադարձել էի, որպեսզի դոնորական արյուն տամ մահացող պապիկիս, որ պառկած էր քաղաքային հիվանդանոցում. նա մահանալիս նույնքան ուժեղ էր, որքան կենդանության օրոք էր:  Տատիկս էլ հարևան հիվանդասենյակում էր մահացել: Երկուսն էլ քսանչորս ժամում են մահացել. և պապս՝ Հարի Թեյլոր Ցիմեր ավագը, հետը գերեզման տարավ իմ արյունը: Ընտանիքս բազմաթիվ անգամներ է տեղափոխվել, բայց հոգով ես երբեք չեմ հեռացել Մոնոնգաելայից, որտեղ քաղաքում բոլորից սովորելով՝ սովորել եմ ուրիշներին սովորեցնել. որտեղ աշխատել եմ սովորել շնորհիվ այն բանի, որ դեռ երեխա ժամանակ ստիպված էի պատասխատվության  իմ բաժինը կրել, որտեղ սովորել եմ արկածներ գտնել ամեն տեղ, որ առօրյայում շրջապատում էր ինձ՝ գետում, ափերին ապրող մարդկանց մեջ:

1964թ. լավ փող էի աշխատում: Այ թե ինչից եմ հրաժարվել, որպեսզի ուսուցիչ դառնամ:  Աշխատում էի գովազդի բնագավառում, ինձ համար շատ հեշտ էր հեռուստատեսային երեսունվայրկյանանոց գովազդային լավ հոլովակ ստեղծելը: Անմիջական աշխատանքը ինձանից ամսական մեկ ամբողջ աշխատանքային օր էր խլում, մնացած ամբողջ ժամանակը ծախսվում էր տոնական նախաճաշերի, Մայքլի պանդոկում երեկոյան մարտինիի, մոտ քսան գովազդային գործակալությունների միջև լարախաղացության վրա, որպեսզի ժամանակին լավ պատվեր ձեռք գցեմ, և անվերջանալի երեկույթների վրա, որոնք բոլորը, չգիտես ինչու, գլխացավով էին վերջանում: 

Ինձ դուր չէր գալիս, որ իմ աշխատանքի հրատապությունը դրսից էր թելադրվում, իսկ ավելի շատ զայրացնում էր այն փաստը, որ իմ աշխատանքն այդքան քիչ նշանակություն ուներ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ինձ վճարում էին: Ամենավատն այն էր, որ այդ աշխատանքի տված գործունեության դաշտն այնքան նեղ էր, որ մասնագիտական անցյալի, ներկայի և ապագայի միջև ոչ մի տարբերություն չկար. քսանիննամյա աշխատակիցը կատարում էր նույն աշխատանքը, ինչ որ երեսունինը տարեկանը կամ քառասունինը (չնայած քառասունիննամյա աշխատակիցների, չգիտես ինչու, այնտեղ չեմ հանդիպել):

- Աշխատանքից ազատվում եմ,- ասացի մի օր իմ ղեկավարին:

- Խելքդ թռցրե՞լ ես, Ջեկ: Այս տարի շահույթի բաշխմանը կմասնակցես: Մենք կարող ենք մրցակիցների բոլոր առաջարկները ջրել: Ո՞ւմ մոտ ես գնում:

- Ոչ մեկի, Դեն: Այսինքն՝ գնում եմ դպրոցում ուսուցիչ աշխատեմ:

- Երբ մյուս անգամ մորդ հանդիպես, իմ անունից փոխանցիր, որ ապուշ է դաստիարակել: Աստվա՜ծ իմ: Դեռ կփոշմանես սրա համար: Նյու-Յորքում դպրոց չկա, այստեղ մոլորված ոչխարների փարախներ են: Ուսուցչությունը բլեֆ է, հասարակական նախագիծ անհաջողակների համար, որ ուրիշ բան չեն կարողանում անել:

Հաջորդ օրերի ընթացքում շփվում էի գովազդային գործի ընկերներիս հետ:  Նրանց արհամարհանքը միայն ամրացրեց իմ վճռականությունը. գետային շոգենավերը և Մոնոնգոելայի գնացքները ինձ հանգիստ չէին տալիս: Ոչ անհեթեթ բանով զբաղվելն ինձ համար ավելի կարևոր էր, քան հերթական երեկույթը կամ բանկային հաշվիս նոր փոխանցումը:

Եվ այդպես, ես ուսուցիչ դարձա, որ բացակայողներին էր փոխարինում միջնակարգ հանրակրթական դպրոցներում, որոնք Լինկոլնի անվան կենտրոնի ու կոլումբիական համալսարանի՝ իմ alma mater[1]-ի, և Հարլեմի ու Հարավային Բրոնքսի միջև ընկած տարածքում էին: Երեք ամսվա մեջ աշխատանքի աղքատ պայմանները, այլանդակ շենքերը, քրքրված դասագրքերը, ղեկավարության մշտական մանրախնդրությունը, զանգերը, ուսուցչական ճաշարանների զզվելի սնունդը, ճմրթված հագուստը, ուսուցիչների միջև երեխաների մասին խոսակցությունների անհասկանալի բացակայությունը (ուսուցչական քսանվեց տարվա աշխատանքից հետո կարող եմ ասել, որ առ այսօր ոչ մի անգամ ոչ մի ուսուցչանոցում, որտեղ ինձ հաջողվել է լինել,  երեխաների կամ մանկավարժության մասին քննարկում չեմ լսել) ինձ գործնականում սպառեցին: 

Ուսուցչությանս առաջին օրը մի տղա հարձակվեց վրաս՝ աթոռը գլխից վեր թափահարելով: Դա պատահեց տխրահռչակ Ուոդլեյի միջնակարգ դպրոցում, որը Հարյուր տասներեքերորդ փողոցում է: Ինձ տարան ութերորդ դասարան՝ մեքենագրության դասի. յոթանասունհինգ աշակերտ ու այդքան էլ տպագրական մեքենա, և մի հրահանգ. «Ոչ մի դեպքում նրանց մեքենագրել չթույլատրեք։ Դուք համապատասխան արտոնագիր չունեք: Հասկանալի՞ է»։ Բեշ անունով մի տղամարդ ինձ հենց այսպես հրահանգավորեց:

Վաթսուն վայրկյան էլ չէր անցել, որ դուռը փակեցի ու ասացի՝ տպագրել չի կարելի, և հարյուր հիսուն ձեռք մտավ մեքենաների ծածկոցների տակ և սկսեց չխկչխկացնել: Իհարկե, ոչ բոլորը միանգամից. դա շատ հասարակ կլիներ: Սկզբում երեք մեքենա չխկչխկաց՝ աջ կողմի վերջից: Դե, արագ, ո՞վ է հրահրողը: Նետվում եմ այդ կողմ «Դադարեցրե´ք» կանչով, բայց անմիջապես թիկունքումս սկսում է չխկչխկալ ուրիշ երեք մեքենա: Պտտվելով բոլոր կողմերը, ինչպես դա երիտասարդը կարող է անել, ինձ հաջողվեց մի փոքրիկ տղայի բռնել հանցանքի մեջ: Այդ ժամանակ, չխկչխկացող գրամեքենաների, պտտվող գլանիկների զանգերի իսկական սիմֆոնիայի ներքո նրան դուրս քաշեցի նստարանից և բարձրաձայն հայտարարեցի, որ ցուցադրաբար կպատժեմ այդ սրիկային:

- Զգույշ,- կանչեց մի աղջիկ, և շրջվեցի նրա ձայնի կողմը ճիշտ ժամանակին, որպեսզի տեսնեմ, որ այդ տղայի մեծ եղբայրն աթոռը ձեռքին սլանում է ինձ վրա: Եղբորը բաց թողնելով՝ ես էլ աթոռ  վերցրի ու բարձրացրի վեր: Դիմակայությո՜ւն: Դասարանի հրճվանքի և ծաղրի ներքո մենք իրար էինք նայում մոտ երեք մետր հեռավորությունից: Ինձ թվաց, որ դա մի ամբողջ հավերժություն ձգվեց: Այդ պահին դուռը բացվեց, և դասարանում հայտնվեց փոխտնօրեն Բեշը՝ այն նույն մարդը, որն արգելել էր մեքենագրել:

- Պարոն Գատո, այս երեխաները մեքենագրե՞լ են:

- Ոչ, պարոն,- ասացի՝ աթոռն իջեցնելով:- Բայց ինձ թվում է, որ նրանք դա ցանկանում են: Դրա փոխարեն ի՞նչ կառաջարկեք, որ զբաղվեն: 

Մի վայրկյան ինձ նայեց՝ փորձելով հանդգնության կամ անհնազանդության նշաններ գտնել, հետո, հավանաբար, իմ պատասխանի համար ինձ նկատողություն տալու միտքը փոխեց, ուղղակի ասաց. «Ինչ-որ բան մտածեք»,- և դուրս եկավ դասարանից:

Երեխաների մեծ մասը ծիծաղեց. նրանք առաջին անգամ չէր, որ այսպիսի ներկայացման էին մասնակցում:

Իրավիճակը հարթվեց, բայց Ուոդլեյը մտքում կնքեցի «Մահվան դպրոց»: Տան ճանապարհին մտա գրասենյակ և խնդրեցի, որ հաջորդ անգամ, երբ փոխարինողի կարիք ունենան, ինձ չանհանգստացնեն:

Հենց հաջորդ առավոտյան հեռախոսս զնգաց յոթն անց կեսին:

- Այսօր կարո՞ղ եք փոխարինել, պարոն Գատո,- հարցրեց գործնական ձայնը:

 - Ո՞վ է զանգում,- հարցրի կասկածանքով: (Այդ ժամանակ ես տասը դպրոցում փոխարինել էի ուսուցիչների)։

- Պարոն Գատո, օրենքում հստակ ասված է, որ պարտավոր չենք ներկայանալ, մինչև չասեք, որ պատրաստ եք փոխարինել:

- Կարևոր չէ,- գոռացի:- Միայն մի դպրոց է ընդունակ այսպիսի խորամանկության: Իմ պատասխանն է՝ ոչ: Երբեք չեմ մտնի ձեր խոզանոցը:

Եվ լսափողը շպրտեցի:

Ճիշտն ասած, ուրիշ ուսուցիչներին փոխարինելը զվարճալի ժամանցի նման չէր բոլորովին. դպրոցները փոխարինող ուսուցիչներին շահագործելու վատ սովորություն ունեին, առանց նրան որևէ օգնություն ցույց տալու: Հավանաբար, կվերադառնայի գովազդային աշխատանքի, եթե անտանելի վիճակից ելք գտնելու հուսահատ փորձեր անող մի աղջնակ չներքաշեր ինձ իր անձնական դպրոցական մղձավանջը և ցույց չտար ինձ, թե ինչպես կարող եմ իմաստ տալ ուսուցչական իմ գործունեությանը, ինչպես իմ մանկության գետի շոգենավերի և գնացքների ուժեղ տղամարդիկ էին գտնում ինքնահարգանքի համար անհրաժեշտ այդ իմաստը: 

Այսպես պատահեց: Երբեմն ինձ հրավիրում էին պարապելու կրտսեր դպրոցում: Այդ անգամ պետք է պարապեի Հարյուրյոթերորդ փողոցի դպրոցի երրորդ դասարանում:  Դպրոցի սովորողների 99%-ը Լատինական Ամերիկայից էր, ընդ որում դպրոցի դասավանդողների 99%-ը Լատինական Ամերիկայի հետ ոչ մի առնչություն չուներ:

Շատ հուսահատ ուսուցիչների նման օրվա մեծ մասը սպանեցի՝ լսելով, թե ինչպես են երեխաները մեկը մյուսից հետո կարդում, իսկ էներգիայի մեծ մասը վատնեցի դասարանը լռեցնելու վրա: Դասարանը շատ թույլ էր, և ոչ մեկը չէր կարողանում առանց սխալվելու երեք-չորս բառից ավելի կարդալ: Հանկարծ Միլագրոս անունով մի աղջնակ արագ կարդաց տեքստի հատվածը՝ առանց սխալի: Դասից հետո կանչեցի սեղանիս մոտ և հարցրեցի, թե ինչու է այս դասարանում սովորում: Նա պատասխանեց, որ «նրանք» (ղեկավարությունը) իրեն ուրիշ դասարան չեն տեղափոխում, որովհետև, ինչպես մորը բացատրել են, ինքը իրականում վատ է կարդում, միայն երևակայում է, թե լավ է կարդում:

- Բայց, պարոն Գատո, եղբայրս վեցերորդ դասարանում է սովորում, իսկ ես նրա անգլերենի գիրքը իրենից լավ եմ կարդում:

Ինձ հետաքրքրեց, բայց, ճիշտն ասած, ոչ շատ: Հավանաբար ղեկավարությունը գիտեր՝ ինչ է անում: Բայց աղջնակն այնքան վշտացած էր, որ խնդրեցի հանգստանալ և վեցերորդ դասարանի դասագրքից որևէ բան կարդալ: Բացատրեցի, որ եթե առաջադրանքը լավ կատարի, դպրոցի տնօրենի առջև նրան ուրիշ դասարան տեղափոխելու հարց կբարձրացնեմ: Ընդ որում, ոչ մի հույս չունեի:

Սակայն, Միլագրոսը արդարության հույս ուներ: Սկսելով «Սատանան և Դենիել Վեբստերը»՝ առանց սխալվելու առաջին երկու էջը կարդաց: Աստված իմ, մտածեցի, նա հիանալի է կարդում: Ի՞նչ է անում այստեղ: Միգուցե թյուրիմացությո՞ւն է, որ կարելի է հեշտությամբ ուղղել: Նրան տուն ուղարկեցի՝ խոստանալով, որ կխոսեմ ղեկավարության հետ: Չէի էլ պատկերացնում, թե Միլգարոսին ավելի ուժեղ դասարան տեղափոխելու իմ խնդրանքով մեղվի ինչ փեթակ եմ խառնում:

- Ձեզ վրա շատ բան եք վերցնում, պարոն Գատո: Չեմ հիշում, որ երբևէ փոխարինող ուսուցիչն ինձ խորհուրդ տար, թե դպրոցն ինչպես ղեկավարեմ: Դուք ընթեցանություն դասավանդելու հատուկ դասընթա՞ց եք անցել:

- Ոչ:

- Այդ դեպքում այդ հարցերը մասնագետներին թողեք:

- Բայց այդ երեխան կարդալ կարողանում է:

- Եվ ի՞նչ եք առաջարկում:

- Առաջարկում եմ, որ նրան թեստավորեք, և եթե ապուշի մեկը չէ, տեղափոխեք այդ դասարանից, որտեղ հիմա սովորում է, ուրիշ, ավելի ուժեղ դասարան:

- Ինձ Ձեր տոնը դուր չի գալիս, պարոն Գատո: Մեր երեխաների մեջ ապուշներ չկան: Իսկ Միլագրոսի նման աղջիկները շատ հնարքներ ունեն ձեզ նման ոչ մասնագետներին շփոթության մատնելու համար: Ուղղակի խոսքը երեխայի մասին է, ով մի տեքստ է բերանացի արել: Եթե ամբողջ ժամանակս ծախսեի ձեր նման մարդկանց հետ բանավիճելու վրա, դպրոցը ղեկավարելու ժամանակ չէի ունենա:

Բայց ինչքան էլ տարօրինակ է, ես ստանձնեցի աղջկա պաշտպանի դերը, չնայած հասկանում էի, որ նրան գուցե այլևս չտեսնեմ: Ես պնդեցի, և տնօրինուհին վերջապես համաձայնեց հաջորդ չորեքշաբթի անձամբ թեստավորել Միլագրոսին: Մյուս օրն այդ մասին հայտնեցի աղջկան: Արդեն ես էլ էի սկսել մտածել, որ տնօրենը հավանաբար ճիշտ է՝ աղջիկն անգիր է արել տեքստը, բայց պարտքս համարեցի նրան զգուշացնել, որ  պետք է տիրապետի դասագրքի բառապաշարին և առանց սխալվելու կարդա տնօրենի մատնանշած ցանկացած տեքստ: Պարտքս կատարած էի համարում:

Հաջորդ չորեքշաբթի դասերից հետո սպասում էի Միլագրոսի փորձությունների ավարտին: Ժամը 15:30 նա ամոթխած բացեց դասարանիս դուռը:

- Դե, ի՞նչ եղավ,- հարցրի:

- Չգիտեմ,- ասաց նա,- բայց ոչ մի անգամ չեմ սխալվել: Տիկին Հոֆերմանը շատ զայրացած էր:

Տիկին Հոֆերմանին, դպրոցի տնօրենին, հանդիպեցի մյուս առավոտյան՝ դասերից առաջ:  - Կարծես սխալվել ենք Միլագրոսի հարցում,- չոր ասաց նա: - Նրան ուրիշ դասարան կտեղափոխեն, պարոն Գատո: Նրա մորն արդեն տեղեկացրել ենք: 

Մի քանի շաբաթ հետո, երբ նորից այդ դպրոցում էի աշխատում, Միլագրոսը իմ դասարան եկավ և հայտնեց, որ իրեն տեղափոխել են ուժեղ դասարան, և ինքն այնտեղ լավ է սովորում: Նա ինձ փակ ծրարով բացիկ տվեց: Երեկոյան, տուն վերադառնալով, պիջակիս գրպանում նկատեցի դեռ փակ ծրարը: Բացեցի և հանեցի կապույտ ծաղիկներով ճոխ բացիկը: Բացիկի վրա գրված էր. «Պետք է Ձեզ նման ուսուցիչներ փնտրել: Ձեր աշակերտ՝ Միլագրոս»:

Այս պարզ արտահայտությունն ինձ ուսուցիչ դարձրեց մնացած ամբողջ կյանքում։ Ամբողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում սա առաջին գովեստն էր, որ ինչ-որ իմաստ ուներ: Դա չեմ մոռացել, չնայած Միլագրոսին այլևս չեմ հանդիպել, բայց նրա մասին լսել եմ 1988թ.՝ քսանչորս տարի հետո:

Մի անգամ թերթում կարդացի.

«Մասնագիտական պարգև մանկավարժության բնագավառում։

Կրթության պետական բաժինը Միլագրոս Մալդոնադոյին՝ ուսուցիչների Միացյալ ֆեդերացիայի անդամին, պարգևատրել է մանկավարժության բնագավառում ձեռք բերած հաջողությունների և օրինակելի մասնագիտական գործունեության համար: 1985թ. օրիորդ Մալդոնադոն, նյույորքյան Նորման Թոմասի անվան միջնակարգ դպրոցի աշխատանքի ուսուցիչը, որի շրջանավարտն է եղել, եղել է Մանհեթենի տարվա ուսուցիչը, իսկ մեկ տարի հետո արժանացել է  կանանց Ազգային խորհրդի սահմանած «Պատվո տիկին» մրցանակին»։

Էհ, Միլագրոս, հնարավոր է, որ քո Մոնոնգաելան էլ ես դարձա: Չնայած, դա կարևոր չէ, քեզ պես ուսուցիչներին պետք է փնտրել...

Թարգմանություն ռուսերենից


[1] մայր բուհ

Լուսանկարը՝ mskh.am-ից

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский