Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը
Primary tabs
Գրիգոր Նարեկացու «Մատյանը» մեր եկեղեցու կողմից ճանաչվել է Աստվածաշունչ և դիտվել օգտակար «վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարություն խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը՝ ամրացած բոլոր բարի գործերի համար»: «Նարեկը» ստեղծվել է որպես «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» և դարեր շարունակ ճանաչվել որպես հոգևոր կյանքի եկեղեցածիսական մատյան, քանի որ մարդիկ իրենց մարմնի եւ հոգու ախտերից բժշկվելու նպատակով մեծ հավատքով բժշկարան «Նարեկին» են դիմել՝ ապավինելով գրքի բուժիչ զորությանը:
«Նարեկը» թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, լրջորեն ուսումնասիրվել է հայ և օտարազգի հայտնի գիտնականների կողմից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ լեզուն չհասկանալու դեպքում էլ «Նարեկի» ազդեցությունը նույնն է: Անկախ ազգությունից, տողերը իրենց բուժիչ և հանգստացուցիչ ներգործությունն են ունենում հիվանդների վրա: «Նարեկի» ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայ, այլև այլազգի հիվանդների վրա, ովքեր Նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Այսինքն, կարևորը ոչ այնքան Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, որքան բառերում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով: Այդ տատանումների հանճարեղ հեղինակները, տվյալ դեպքում` Նարեկացին, ստեղծագործական ներշնչանքի պահին տեղեկույթը ստացել են տիեզերքից, հանձնել թղթին, հետո՝ ընթերցողին:
Ստորև կփորձենք «Նարեկը» դիտարկել ժամանակակից գիտության՝ ունիվերսալ դաշտի տեսության և ֆունդամենտալ դաշտի տեսության դիտանկյունից, որպես գիտական մեթոդներ ընտրվել են բիբլիոթերապիան ու հերմենևտիկան:
Գրքաբուժությունը (բիբլոթերապիան) հոգեբուժության եղանակ է, որը հիմնված է մանկավարժական դիդակտիկ սկզբունքների վրա: Իրականացվում է առաջին հերթին գեղարվեստական գրքերի միջոցով: Գրքաբուժությունը հիվանդի անհատականության բուժական դաստիարակությունն է գրողի գեղարվեստական, հուզական և հոգեբանական վարպետության ազդեցությամբ, որը ցույց է տալիս հիվանդին յուրահատուկ բախումնային, նյարդածին իրավիճակներից դուրս գալու ուղիները: Մշակված է հոգեծին ռեակցիաների գծապատկերը, որին համապատասխան կազմված են գրքերի ցուցակները: Գրքերն ընտրելիս հաշվի են առնում գրքում նկարագրվածի և հիվանդի վիճակի առավելագույն նմանությունը, հիվանդի համար այդ գրքի մատչելիության աստիճանը:
Մանուկ Աբեղյանի կարծիքով՝ «Նարեկը» աշխարհի ամենահին հոգեբուժության գիրքն է, իսկ Նարեկացին՝ ամենահին հոգեբույժը: «Նարեկը»՝ իբրև հիվանդին առողջացնելու միջոց, առ այսօր համազոր այլընտրանք չունի: Նարեկաբուժությունն արդեն կիրառվում է հոգեթերապիայի մեջ՝ որպես բիբլիոթերապիայի միջոց: Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը փաստում է, որ մարդկանց մոտ փոփոխությունը կատարվում է բավական արագ, ի տարբերություն հոգեվերլուծության, որը երկարատև գործընթաց է և հաճախ՝ անարդյունավետ: Մարդը ինքնուրույնաբար ինքնագիտակցման և զղջանքի ճանապարհով կարող է ազատվել իրեն ճնշող մտքերից, հույզերից, աֆեկտներից: Արդյունավետությունը կախված է խոսքի բուժման հանդեպ մարդու հավատից: Խոսք, որը հոգու սնունդն է, բալասանը, առանց որի չի կարող հոգին գոյատևել և որին չի կարող փոխարինել ոչ մի դեղամիջոց և վիրահատական գործողություն: Այն խաղաղեցնում է մարդու ներաշխարհը, կարգավորում հույզերը, աֆեկտները, տրամադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, հարթում է ներանձնային և միջանձնային փոխհարաբերությունները: «Նարեկը» ցուցված է բոլոր հիվանդությունների համար՝ անկախ ախտորոշումից (ուռուցքներ, շաքարային դիաբետ, սրտի ինֆարկտ, արյան բարձր ճնշում, հոգեկան, մաշկային հիվանդություններ և այլն), քանի որ այն ուղղված է հոգու և մտքի խանգարումների դեմ, խանգարումներ, որոնք երևում են մարմնի տարբեր օրգանների ցավերի, բորբոքումների և ֆունկցիոնալ խանգարումների ձևով: Ցավոք սրտի, հոգու և մտքի խանգարումները, որպես հիվանդությունների սկզբնապատճառ, լրջորեն չեն գիտակցվում և չեն բուժվում՝ այդպիսով հիմք դառնալով անբուժելի կոչվող խրոնիկական հիվանդությունների համար: Այնուամենայնիվ, այսօր ժամանակակից բժշկությունը կամաց-կամաց հանգում է այն համոզմանը, որ շատ հիվանդությունների (տուբերկուլյոզ, գլաուկոմա, չարորակ ուռուցքներ և այլն) առաջացման հիմքերը պետք է փնտրել մարդու հոգեկան աշխարհի մեջ: Այդ հիվանդությունները որակվում են որպես հոգեմարմնական հիվանդություններ: (Ի դեպ, ամերիկացի բժիշկները ևս կիրառում են Նարեկաբուժությունը):
«Նարեկի» ուսումնասիրության և ժամանակակից բժշկության չափանիշներով նրա բացահայտման համար որպես հետազոտման երկրորդ մեթոդ ընտրվել է հերմենևտիկան: Հերմենևտիկ հետազոտության նյութ կարող են դառնալ նշանները, սիմվոլները, լեզուն` որպես նշանային սիստեմ, խոսքը, վարքը: Հերմենևտիկ վերլուծության նպատակն է բացահայտել, տեքստի, սիմվոլի արտահայտության էությունը և դինամիկ փոփոխությունները: Հերմենևտիկան ընդհանուր իմաստով նշանակում է մեկնության, հասկացման արվեստի տեսություն, մեկնարվեստ կամ այլ կերպ ասած` մեկնագիտություն: Հերմենևտիկան փիլիսոփայական գիտակարգ է` տեքստի կամ տեքստամշակութային իրողությունների հասկացման և մեկնաբանության: Հերմենևտիկայի ուսումնասիրության ոլորտը միտքն է, խոսքը, գործերը, և նկատի ունենալով, որ այս բոլորն արտահայտված են տեքստերում և ողջ մշակույթում` ամենաընդհանուր և լայն իմաստով պետք է ասել, որ նրա խնդրո առարկան տեքստերն են և ողջ մշակույթը: Այս բոլորը մարդու, նրա ինքնության, կյանքի ու մշակույթի կազմակերպման համար ունեն կարևոր ասելիք:
Ըստ ունիվերսալ քերականության տեսության, տարբեր սեմիոտիկ կառուցվածքներ կարող են հանդես գալ հերմենևտիկայի մեջ (բնածին ունիվերսալ քերականություն), որի հիմքի վրա կարող է կոդավորվել և փոխանցվել օրգանիզմի սոմատիկ, գիտակցական և ենթագիտակցական վիճակները նորմայում և ախտաբանության մեջ: Ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը Ավրամ Նոամ Չոմսկին է: Նա համարվում է «Ժամանակակից լեզվաբանության հայրը» և վերլուծական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը: Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են համակարգչային գիտությունը, մաթեմատիկան, հոգեբանությունը: (Համաձայն 1992 թվականի Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքսի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի գիտնականը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը):
Նարեկացու խոսքը գիտականորեն հիմնավորել է պրոֆեսոր Հովհաննես Դավթյանը «Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը» և «Հիմնարար դաշտի տեսություն» աշխատություններում: «Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է տեղեկատվական ազդանշանների համաձևույթ, այսինքն` աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների համանմանեցում` ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այքանով, որքանով, տվյալ դեպքում, ճառագայթային էներգիան տեղեկատվություն է կրում: Այսպիսով՝ էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ազդանշանները՝ որպես տեղեկատվություն, կարևոր են ոչ թե նյութական կամ էներգետիկ բնույթով, այլ իմաստաբանական նշանակությամբ: Տեղեկատվության ընկալումը, կուտակումը և պահպանումը բոլոր կիբերնետիկ համակարգերի ամենակարևոր և անհրաժեշտ հատկություններն են: Ավելին` մետագալակտիկաների, ինչպես նաև Տիեզեքի, գեոնոյին համակարգերը ոչ միայն ընդունում, կուտակում և պահպանում են տեղեկատվություն, այլև, ամենայն հավանականությամբ, նրանք ունեն բնության մեջ կատարվող բոլոր երևույթները ճանաչելու հատկություն` իրենցում հիշողության ձևով պահպանվող և ընդունվող տեղեկատվության համահարաբերակցության շնորհիվ»:
«Մատյան ողբերգության»-ը գրվել է «հարց միանձանց և բազմաց անապատականաց» խնդրանքով: Դարեր շարունակ «Նարեկը» բուժել է հիվանդին, մաքրել՝ հոգիները: Գիրքը «Նարեկ» է անվանել ժողովուրդը՝ համարելով «դեղ կենաց»: «Նարեկը» ստեղծվել է որպես «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ», և մենք, իմ խորին համոզմամբ, այն պիտի ընկալենք որպես աղոթամատյան՝ յուրօրինակ բժշկարան: Սա, բնականաբար, ամենևին չի նսեմացնում «Մատյան ողբերգության» ո՛չ գեղարվեստական, ո՛չ էլ տաղաչափական բարձրաժեքությունը: Նարեկացու հանճարեղ գործը դիտարկել միայն որպես գեղարվեստական երկ, նույն է, թե Աստվածաշունչը ընդունել որպես գեղարվեստական ստեղծագործություն:
Մի կողմ թողնելով գիտական լեզուն՝ բիբլիոթերապիան ու հերմենևտիկան, ունիվերսալ դաշտի տեսությունն ու ֆունդամենտալ դաշտի տեսությունը, ուղղակի ուզում եմ ասել. բացահայտեք Նարեկացուն՝ բացահայտելով ինքներդ ձեզ ու ձեր էությունը, մարդկանց ու տիեզերքը…
- Բացվել է 5005 անգամ