Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար
Primary tabs
Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը:
Ներկայումս շուրջ քսան աուտիկ սովորող կրթահամալիրի սան են: Նրանց խնդիրները ախտահարվածության տարբեր աստիճանի են և դրսևորվում են տարբեր կերպ:
Կրթահամալիրում աուտիզմով սովորողներից շատերը ունեն նորմալ մտավոր կարողություններ, սակայն դրա հետ մեկտեղ, ունենալով ուշադրությունը երկարատև կենտրոնացնելու, վարքային, հուզակամային ,մանր մոտորիկայի խնդիրներ, հաճախ դժվար կամ ուշ է ձևավորվում նրանց գրավոր խոսքը` գիրը և ընթերցանությունը: Երկար ժամանակ է պահանջվում նրանցից թղթի վրա կենտրոնանալու, մատիտը կամ գրիչը վերցնելու և որոշակի մեծությամբ տառերով բառեր գրելու, ապա` ընթերցելու համար: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրանց հետ սկսեցի ուսուցումը նոթբուքերով:
Որքան էլ զարմանալի է, դրական արդյունքը երկար սպասել չտվեց: Չնայած որ նրանք հաճախ ունենում են ուշադրությունը երկարատև կենտրոնացնելու խնդիր, այնուամենայնիվ , որպես կանոն, ունեն լավ զարգացած տեսողական հիշողություն: Հաշվի առնելով, որ ոչ բոլոր նոթբուքներն ունեն հայատառ ստեղնաշարեր, ընդամենը մեկ-երկու անգամ ցույց տալուց հետո նրանք անմիջապես ֆիքսեցին ստեղնաշարի համապատասխան տառերի տեղերը: Իհարկե, նոթբուքներին հարմարվելը և դրանք ուսումնական դարձնելը ժամանակատար է, սակայն ընդամենը մի քանի պարապմունք պահանջվեց, որպեսզի սովորողն արդեն կարողանա մուտքագրել բառեր, բառակապակցություններ և ընթերցել դրանք: Նոթբուքով աշխատելու ընթացքում գրեթե խոսք չունեցող սովորողի մոտ սկսեց զարգանալ նաև նրա բանավոր խոսքը` յուրաքանչյուր բառ, արտահայտություն մուտքագրելիս նա ամեն անգամ դրանք վերլուծում և ընթերցում է: Եթե առաջ գրելը նրա համար խոչընդոտ էր հանդիսանում, քանի որ դժվարություն ուներ գրիչով փոքր և համաչափ շարժումներ կատարելու, ապա այժմ, աշխատելով նոթբուքով, խնդիրը հաղթահարված է: Նոթբուքերով աշխատելիս անհամեմատ մեծանում է նաև բառապաշարի հարստացման հնարավորությունը. անխափան համացանցի առկայության դեպքում ցանկացած թեմային առնչվող նկարներ կարելի է արագ ներբեռնել և աշխատել դրանցով կամ գործածելնախապես պատրաստվածը:
Նոթբուքով ուսուցման ժամանակ աուտիզմով սովորողների մոտ միաժամանակ լուծվում են մի քանի խնդիրներ`
- Կարողանում են ավելի երկար կենտրոնացնել ուշադրությունը ուսումնական նյութի վրա:
- Հաճախ ունենալով մանր մոտորիկայի խնդիր` արագ ձեռք են բերում գրելու կարողություն:
- Մուտքագրելով տեքստը՝ սովորում են նաև ընթերցել այն` միաժամանակ հարստացնելով բառապաշարն ու ձևավորելով կապակցված խոսքը:
- Ունենալով սեփական հաջողություններ` դառնում են առավել ինքնուրույն և ինքնավստահ:
- Տիրապետում են համակարգչային հմտություններին:
Նոթբուքով ուսուցումը, նպաստելով աուտիկ սովորողների գրավոր և բանավոր խոսքի հմտությունների ձեռքբերմանը, հիանալի միջոց է նրանց լիարժեք կրթության կազմակերպման համար: