Դասարան առանց պատերի

Վաղուց արդեն արդիական չէ դասարան համարել այն տարածքը, որն ունի չորս պատ, մեկ դուռ և մի քանի պատուհան: Մի՞թե սովորելու համար անհրաժեշտ են պատեր. ամենևին էլ՝ ոչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է ապացուցել, որ դասապրոցես կարելի է կազմակերպել ամենուր՝ բակում, պարտեզում, դպրոցի միջանցքներում, թանգարաններում, ամենուրեք, որտեղ կարող են տեղավորվել մի երկու տասնյակ սովորող և ուսուցիչ: Արդեն իրականություն է այն, որ արվեստի պատմության դասերը սովորողները դասավանդողի հետ անցկացնում են թանգարաններում, ցուցահանդեսներում, ուսումնական ճամփորդություններում: Հիմնականում նման դասերը բավականին ժամանակ են պահանջում և դրա համար էլ հիմնականում անցկացվում են շաբաթ օրերին: Նման ճամփորդությունների ժամանակ, բացի տեսարժան վայրեր այցելությունները, սովորողները դասավանդողի հետ զբոսնում են քաղաքով, միմյանց հետ ժամանակ անցկացնում, ինչը թույլ է տալիս ոչ ֆորմալ իրավիճակում ավելի լավ ճանաչել միմյանց: Ի դեպ, դասերի նման կազմակերպումը արդեն մի քանի տարի է, ինչ ամրագրված է նաև կրթահամալիրի ուսումնական պլաններում: Նման շփման հնարավորություն են տալիս նաև ուսումնա-հասարակական աշխատանքները: Դրանք հիմնականում իրականացվում են դպրոցի պարտեզներում, ներքին և արտաքին բակերում, որտեղ սովորողները դասավանդողի ղեկավարությամբ փորում են հողը, ծառեր և ծաղիկներ տնկում, խնամում դրանք, հետևում մաքրությանը: Նման խնամք են իրականացնում նաև դպրոցի ներսի տարածքում գտնվող թաղարներով բույսերի հանդեպ: Այս ամենը սովորեցնում է ավելի զգայուն և նրբանկատ լինել շրջակա միջավայրի և առհասարակ բնության հանդեպ: Նման աշխատանքները հաճախ վերածվում են նախագծերի: 

Նման նախագծերի արդյունքում կրթահամալիրը ունեցավ վարդերի պուրակ, գաճաճ թփերի ծառուղի և այլն: 
Ահա այս ամենն է ընկած առանց պատերի դասարանի գաղափարի հիմքում, որը դեռևս ամառվանից սկսեց իրագործել Միջին դպրոցը: Քարե միջնապատերը փոխարինվեցին ապակիներով, ընդլայնվեցին դասարանները, ամեն տեղ պարզ, թափանցիկ և լուսավոր դարձավ: Իհարկե, սկզբում փոքր-ինչ անսովոր էր թե՛ սովորողների և թե՛դասավանդողների համար: Թվում էր՝ դասերը միմյանց խանգարելու են, սովորողները շեղվելու են, աղմուկը շատ է լինելու: Եվ իսկապես, առաջին ամիսը դեռ ընտելանալու,սովորելու, հաշտվելու ամիս էր: Դժվար էր հատկապես նորեկ սովորողների համար. նրանք ոչ միայն թափանցիկ դասարաններ չէին պատկերացնում, այլև կրթահամալիրի ողջ նիստուկացը: Սակայն, ժամանակը, ձեռք բերած փորձն ու հմտությունները ամեն բան կարգավորեցին: Դասարաններն իրենց նոր կազմակերպման ձևով վերածվեցին դասարան-լաբորատորիաների, իսկ ակումբ-ընթերցասրահը դարձավ ուսուցիչների և սովորողների սիրած հավաքատեղին: Այստեղ են անցնում քննարկումները, բաց դասերն ու սեմինարները: Առանց պատերի միջավայրը դարձավ այս տարվա կրթահամալիրային բացահայտումը, որը, որպես նորություն, ներկայացվեց աշնանային բաց հավաքին, Արցախից ժամանած հյուրերին, ՀՀ վարչապետին: 
Ուսուցման նման կազմակերպումը ավելի դյուրին դարձրեց նաև կազմակերպիչների աշխատանքը՝ թույլ տալով միաժամանակ հետևել հինգ-վեց դասարանում իրականացվող գործունեությանը, տեսնել, թե ինչով են նրանք զբաղվում դասին, արդյոք ճիշտ են օգտագործում ուսումնական գործիքը, ով է ներգրավված դասին, ով ՝ պասիվ:  Կարծում եմ՝ փորձը հաջողված է, և երկրորդ կիսամյակն սկսում ենք ավելի վստահ, աշխատանքային ծրագրով և անխոչընդոտ-անպատ միջավայրով՝ հստակ պատկերացնելով անելիքներն ու խնդիրները:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский