Մեր մայրենին. Գորիսի բարբառի մի քանի առանձնահատկությունների մասին
Primary tabs
Ազգի գոյության կարևոր կռվաններից մեկը լեզուն է: Այն հարափոփոխ, զարգացող երևույթ է: Մեզանից հարյուր տարի առաջ Հովհ. Թումանյանը մեր լեզվի մասին ասում էր. «Հայոց գրական լեզվի խնդիրը զանազան շրջաններ անցնելուց հետո վերջնականապես պիտի վճռվի ժողովրդական լեզվի կատարյալ հաղթանակով: Ժողովրդական լեզվի հաղթանակը պիտի պսակվի ազգային ուժեղ գրականությամբ, իսկ ազգային ուժեղ գրականություն՝ կնշանակի ինքնուրույն ու հզոր ժողովուրդ[1]»: Նույն հոդվածում Թումանյանն ավելացնում է, որ «ժողովրդական լեզվի ընտիր բառերը, սեղմ ու սերտ, պատկերավոր ոճերը, պարզ ու շքեղ ձևերը էսօր արդեն ամենաթանկ զարդերն են մեր լեզվի»: Եվ այսօրվա իմ խոսքը հենց այդ «ամենից թանկ զարդերի» մասին է:
Ուզում եմ խոսել մեր մայրենի բարբառների, իսկ ավելի կոնկրետ՝ Գորիսի իմ բարբառի մի քանի առանձնահատկությունների մասին: Ամենավաղ մանկությունից իմ ունկին ախորժելի են եղել հարազատ բարբառիս ծորուն ու հյութեղ բառերն ու արտահայտությունները: Իմ առաջին հեքիաթը՝ «Հենզելն ու Գրետելը», որ պատմում էր լուսահոգի տատս, այդ բարբառով է ինձ հասու դարձել: Եվ իմ հետագա ողջ գիտակից կյանքում՝ ցայսօր, բարբառս ինձ միշտ ուղեկից է եղել, իսկ բանասերի իմ մասնագիտությունը հնարավորություն է տվել շարունակ զուգահեռներ անցկացնելու լեզվական այս կամ այն երևույթի շուրջ բարբառի և գրական լեզվի, բարբառի և գրաբարի միջև: Եվ ամեն անգամ ի՜նչ զմայլանքով ու հրճվանքով եմ նկատել ու վայելել սեփական բարբառիս թովչանքն ու գրավչությունը:
Լեզվական փոխազդեցություններ միշտ են եղել բոլոր լեզուներում, այդ թվում՝ նաև հայերենում: Թե' գրական հայերենը, թե' բարբառները արտաքին ազդեցությունների շնորհիվ բազմաթիվ փոխառություններ են ներառել իրենց մեջ: Դպրոց չէի գնում ու չգիտեի, որ իմ բարբառի «ըշկոլ», «ըստոլ», «ստաքան», «սամավառ», «տապոռ», «ըշփիշկա» և այլ բառեր, որոնք, ռուսերենից անցնելով, այնքան ներդաշնակորեն ներհյուսվել էին մայրենի բարբառիս ոճերին ու կառույցներին, հայերեն չեն: Այսօր Գորիսի բարբառում զգալիորեն նվազել են ռուսերեն փոխառությունները՝ տեղը զիջելով հայերեն բառերին ու արտահայտություններին, բայց իմ հիշողության անդաստանում դեռ զիլ զնգում են «Ըշկոլին տիռանը խաղ ա անում», «Ըշփիշկավը խաղ չեն անիլ» և կամ «Ստաքաննին ըստոլին ղրաղին տինի'լ մի» և բազում այլ արտահայտություններ:
Ի տարբերություն ռուսերեն փոխառությունների՝ Գորիսի բարբառ թափանցած պարսկերեն, թուրքերեն ու արաբերեն փոխառությունները, որոնք ավելի վաղ փոխազդեցությունների արդյունք են, այսօր էլ շարունակում են հաստատուն գործածություն ունենալ բարբառում և յուրատեսակ համ ու հոտ հաղորդել նրան: Ահա այդ բառերից մի քանիսը՝ ճուվարան(կողով), գյաբա (գորգ), ճղուպեր (ընկույզ), դըբընբասմա (կրնկակոխ), ջանավար (1.գայլ, 2.աժդահա), յըբանա (ամայի), մուշտուլուղ (աչքալուսանք), բարաբար (հավասար), ղըռըխմիշ ինիլ (խիստ հուզվել), թախտափուշ (տանիք), միհյաջառ (բազրիք), յա՞ղուզ (ինչո՞ւ), չըրաղվան (լուսավոր), նափաս (շունչ), յավաշ (դանդաղ), քյանդիր (պարան), փալանդուզ (համետագործ), օնջ (ժանգ) և այլն:
Հաջորդ դիտարկումը վերաբերում է գրաբարի կալնուլ բային: Բայի արմատը կալ-ն է, կալնուլ նշանակում է պատել, շրջապատել: Գրաբարի ու լծորդության կամ խոնարհման պատկանող այս բայի կալ արմատն այսօր ժամանակակից հայերենում ինքնուրույն գործածություն չունի: Այն գործածվում է բառաբարդման կամ բառածանցման ժամանակ, ինչպես՝ կալվածք, ուղեկալ, կալանավայր, վարսակալ, որպես բայեր՝ ձերբակալել, ակնկալել և այլն: Կալել բայը, ի տարբերություն ժամանակակից գրական հայերենի, ինքնուրույն գործածվում է Գորիսի բարբառում, ինչպես՝ «Թոխպը կալալ ա երգինքը»: Կալ արմատը կազմում է նաև հարադիր բայեր, ինչպես՝ եր կալ (արարատյան բարբառում՝ վե կալ) բայը: Ավելացնեմ նաև, որ գրաբարի չորս լծորդություններից (ա, ե, ու, ի), ժամանակակից հայերենը պահպանել է ե, ա, իսկ Գորիսի բարբառը՝ ի, ա լծորդությունները:
Հեթանոս հայերս, ինչպես իր «Հացապատում» գրքում նշում է Հայկ Խաչատրյանը, ունեցել ենք հողի, գետնի, դաշտերի աստվածություն՝ Տափ անունով: Դարերի ու հազարամյակների ընթացքում մենք մոռացել ենք մեր Տափ աստծուն, բայց տափ-ը՝ որպես արմատ, պահպանվել է տափաստան, տափան, տափանել, տափակ, տափօղակ, տափարակ, Տափերական, Տանձատափ հատուկ և հասարակ անուններում (Նոր բառգիրք հայկազեան լեզուի, 2-րդ հատոր, 861էջ )։ Տափ արմատն էլ նախորդի նման ժամանակակից հայերենում ինքնուրույն գործածություն չունի, բայց Գորիսի բարբառում այն ինքնուրույն բառ է գետին իմաստով, այսպես՝ տափին նստիլ – գետնին նստել, տափը նամ ա – գետինը թաց է, տափը նի մտնիլ – գետինը մտնել, զինքը տափավ տալ – իրեն գետնով տալ:
Ակնհայտ են տարբերությունները ժամանակակից գրական հայերենի և Գորիսի բարբառի բայական հետևյալ կառույցներում: Այսպես՝ բարբառում հրամայական եղանակի մի արգելական մասնիկը դրվում է բայից հետո և շեշտվում է բայը, ոչ թե մասնիկը՝ «խո'սալ մի, տինի'լ մի, ա'սիլ մի, պիրցա'նալ մի» և այլն: Նույնկերպ և սահմանական եղանակի ժխտական ձևերում չ ժխտական մասնիկը դրվում է օժանդակ բայի վրա և նրա հետ միասին դրվում ոչ թե բայից առաջ, այլ բայից հետո՝ «խուսացալ չեմ, կիրում չեմ, օտում չեմ, կրացալ չեմ, օզում չեմ»:
Լեզվի զարգացման այս կամ այն փուլում լեզվական իմաստակիր նվազագույն միավորը՝ բառը, կարող է փոփոխվել, ընդարձակել կամ նեղացնել իր իմաստային շրջանակը: Հաճախ բազմիմաստ բառն իր արտահայտած բազում իմաստների կողքին բարբառներում կարող է գործածվել այնպիսի իմաստով, որը չկա կամ շատ քիչ գործածություն ունի գրական լեզվում: Այսպես՝ գրական լեզվի ածել, տրաքել, կենալ բայերի իմաստները բոլորիս են հայտնի: Սակայն այս բայերը Գորիսի բարբառում համապատասխանաբար նշանակում են լցնել, խփել և հագնել: Դիմենք օրինակների օգնությանը:
Ճյուրն ածի, ծերքերս պատար լիվանամ, կամ ստաքաննին չայ ածի: (Ջուրը լցրու, ձեռքերս մի քիչ լվանամ, կամ բաժակները թեյ լցրու): Մաշինը տրաքալ ա պատին, ճիլալեխ տյառալ: (Մեքենան խփել է պատին, ջարդուփշուր եղել ): Կոշիկնին կենում ա, քյա ըշկոլը, կամ շյորերդ կեց, ա խոխա: (Կոշիկները հագնում է, դպրոց գնա կամ շորերդ հագիր, ա'յ երեխա):
Եվս մի բառ. մաշված բառը գրական հայերենում նշանակում է խունացած, հնամաշ, Գորիսի բարբառում նշանակում է նիհար: (Խե՞ ես մաշվալ – ինչո՞ւ ես նիհարել):
Այս հոդվածի շրջանակում բավարարվելով վերը ներկայացված մի քանի դիտարկումներով՝ մի անգամ ևս պիտի հաստատեմ մեծն Թումանյանի այն կանխատեսումը, որ ժողովրդական լեզվի պատկերավոր ձևերն են հաղթանակելու մեր գրականության մեջ: Եվ Թումանյանից ընդամենը մի քանի տարի հետո հայ գրականություն պիտի գա հայ արձակի մեծ վարպետը՝ Ակսել Բակունցը, պիտի տեսնի Գորիսի հարազատ բարբառի ողջ գեղեցկությունն ու հմայքը ու բարբառային շատ բառեր, արտահայտություններ բերի մեծ գրականություն: Ահա բառերի և արտահայտությունների մի փոքրիկ փունջ, որ հասցրել եմ առանձնացնել Բակունցի ստեղծագործությունից՝ «թոնթորալ, կեծանալ, ճղներ, հալավ, շույը վեր չարած, բեզարել, խլեզ, կոխ կենալ, տափին փակչել, տապ անել, աշունքվա, ճումեր, պռոշ, լափու տալ, հերու- հերվա, լեղակ, առվի բանդ, լեզվի պտկին, հեյվան, խազ, նամ, լիսեմնը, վեսուտ, նով, ծլոնգ անել, աղլուղ, լառ, լագլագ, հալբաթ, հենց էր զարիբ լիներ, համարք չունի» և այլն:
Հիրավի, հայրենի բնաշխարհի, այդ բնաշխարհի մարդու, նրա հոգեկերտվածքի, մտածողության ու խոսքի մի խորունկ շտեմարան է Գորիսի բարբառը, որի անհատնում գանձերով Բակունց արվեստագետն ամբողջացնում ու կատարյալ է դարձնում իր գեղարվեստական խոսքն ու մեր մայրենին: «Այդքան գեղեցիկ էր Կյորեսի լեզուն: Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով ու վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում: Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները[2]…»:
Դասավանդող՝ Թամար Ղահրամանյան
- Բացվել է 6212 անգամ