Ընթերցողի անօտարելի իրավունքը
Primary tabs
Հատված «Որպես վեպ» էսսեից
3. Մինչև վերջ չկարդալու իրավունք
Երեսունվեց հազար լրիվ հիմնավոր պատճառ կա, որպեսզի անավարտ թողնես վեպը` արդեն վերջացրած լինելու զգացողությունը, չգրավող սյուժեն, հեղինակի տհաճ մտքերը, որոնք նյարդայնացնում են կամ ընդհակառակը՝ հեղինակային ոճի իսպառ բացակայությունը, որն անհնար է դարձնում ընթերցանությունը: Ավելորդ է թվարկել մնացած 35995 պատճառները, որոնց շարքում կարելի է հիշել ատամնացավը, ղեկավարության կողմից տրված նկատողությունը:
Գիրքն ընկնո՞ւմ է ձեռքիցդ:
Է, թող ընկնի:
Վերջապես, ինչ էլ որ ասի Մոնտեսքյոն, չի կարելի մխիթարվել գրքի՝ հրահանգով ընթերցանությամբ:
Բայց չկարդալու պատճառների շարքում կա մեկը, որն արժանի է քննարկման. դա պարտվելու աղոտ զգացողությունն է: Ահա բացում եմ գիրքը, կարդում և հանկարծ զգում, որ հանդիպել եմ մի երևույթի, որն ինձնից ուժեղ է: Կույտի եմ վերածում նեյրոններս և սկսում պայքարել տեքստի հետ, բայց անօգուտ: Կարող եմ զգալ ու ընդունել, որ տվյալ նյութն արժանի է ընթեցված լինելու, բայց որքան էլ ջանում եմ, չեմ հասկանում, ինչ-որ օտար բան եմ զգում՝ մի բան, որ չի տրվում ինձ:
Դադարում եմ կարդալուց:
Ավելի ճիշտ՝ հետաձգում եմ: Գիրքը դնում եմ գրադարակում` մի օր դրան անդրադառնալու աղոտ ցանկությումբ: Անդրեյ Բելիի «Պետերբուրգը», Ջոյսն իր «Ուլիսիս»-ով, Մալքոլմ Լաուրիnն «Հրաբխի ստորոտին» ստեղծագործությամբ, սպասում են արդեն ոչ մեկ տարի: Կան այնպիսիք, որոնք մինչ օրս սպասում են, իսկ դրանից շատերը, հնարավոր է, երբեք էլ չբացվեն: Ողբերգություն չէ. պարզապես այդպես է ստացվել: Ընթերցանության մեջ հասունություն ասվածը տարօրինակ բան է: Մինչև որոշակի տարիք ինչ-որ գրքեր մեր ատամների բանը չեն: Սակայն, ի տարբերություն լավ գինու, լավ գրքերը չեն հնանում: Նրանք սպասում են մեզ գրադարակներում, իսկ մենք ծերանում ենք: Երբ թվում է, թե «հասունացել ենք» դրանց համար, նորից ենք ձեռքներս վերցնում այդ գրքերն ու հերթական պարտությունը կրում: Հնարավոր է՝ նոր փորձեր անենք, հնարավոր է՝ ոչ, բայց հաստատ Թոմաս Մանը մեղավոր չէ, որ դեռ չեմ հասել իր «Կախարդական լեռան» գագաթին:
Հզոր վեպը, որն ընդդիմանում է մեզ, պարտադիր չէ, որ ավելի բարդ լինի, քան որևէ այլ գիրք, պարզապես այդ գրքից, որքան էլ որ այն հզոր է, և որքան էլ մենք փորձում ենք հասկանալ, մեր մեջ ինչ-որ կարևոր քիմիական ռեակցիա այդպես էլ տեղի չի ունենում: Մի հիանալի օր բռնում ենք Բորխեսի այն վեպի ռիթմը, որը մինչ այդ թույլ չէր տվել մոտենալ իրեն, բայց Մուզիլի վեպն այդպես էլ օտար է մնում... Այդ ժամանակ ընտրությունը մերն է. կարող ենք մտածել, որ ինքներս ենք մեղավոր, որ ինչ-ինչ մտավոր կարողություններ բավարար չեն, որ ինչ-որ անհասկանալի բթություն ունենք, կարող ենք նաև պատճառը փնտրել ճաշակի՝ շատ կասկածելի ոլորտում և փորձել հստակեցնել սեփական ճաշակի տիրույթը:
Առավել խելամիտ է երեխաներին երկրորդ տարբերակը խորհուրդ տալը:
Առավել ևս, որ այն կարող է անասելի հաճույք պատճառել` վերանայելու, նորից կարդալու, վերջապես հասկանալու, թե գիրքն ինչու դուր չի գալիս: Եվս մեկ հաճույք` հանգիստ լսելու գրականության ոլորտում կարծրացած մարդու պահեստային տնքոցները.
- Ինչպե՞ս կարելի է Ստենդալ չսիրել:
Կարելի է:
4. Վերընթերցելու իրավունք
Վերընթերցել այն, ինչ առաջին անգամ վանել է մեզ, վերընթերցել՝ ոչինչ բաց չթողնելով, վերընթերցել՝ այլ տեսանկյունից դիտարկելով, ստուգելով սեփական տպավորությունները... Այո, այս ամենը համարում ենք մեր իրավունքը:
Բայց, մեծ մասամբ, վերընթերցում ենք հենց այնպես, որպեսզի կրկնենք հաճույքը, ուրախանանք ծանոթի հետ հանդիպմամբ, ստուգենք՝ պահպանվել է արդյոք նախկին հարազատությունը:
«Նորից կարդա Մատնաչափիկի մասին»,- ասում էր երեխան, որ ինչ-որ ժամանակ մենք էինք...
Հասուն տարիքում էլ վերընթերցում ենք այդ նույն` հարատևությունը վայելելու և ամեն անգամ դրա մեջ նոր հմայք գտելու ցանկությունից:
Թարգմանություն ռուսերենից
- Բացվել է 1864 անգամ